Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Հիմա Աստծու ժողովուրդն եք»

«Հիմա Աստծու ժողովուրդն եք»

«Մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք» (1 ՊԵՏ. 2։10

1, 2. Ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ 33թ. Պենտեկոստեին, և ովքե՞ր դարձան Եհովայի նոր ժողովրդի անդամներ (տե՛ս 23-րդ էջի նկարը)։

33 ԹՎԱԿԱՆԻ Պենտեկոստեն կարևոր նշանակություն ունեցավ Եհովայի ժողովրդի պատմության մեջ։ Այդ օրը արմատական փոփոխություն տեղի ունեցավ. Եհովան իր ոգու միջոցով առաջ բերեց մի նոր ազգ՝ հոգևոր Իսրայելը՝ «Աստծու Իսրայելը» (Գաղ. 6։16)։ Աբրահամի օրերից սկսած՝ առաջին անգամ էր, որ Աստծու ժողովուրդն այլևս չէր ճանաչվելու մարմնի թլփատությամբ։ Փոխարենը, ինչպես գրեց Պողոսը, այս նոր ազգի անդամների «թլփատությունը սրտի թլփատությունն է» (Հռոմ. 2։29

2 Աստծու նոր ժողովրդի առաջին անդամները առաքյալներն էին և Քրիստոսի՝ հարյուրից ավելի աշակերտները, որոնք հավաքվել էին Երուսաղեմի վերնասենյակներից մեկում (Գործ. 1։12–15)։ Այդ օրը սուրբ ոգին թափվեց նրանց վրա, և նրանք դարձան Աստծու՝ ոգուց ծնված զավակներ (Հռոմ. 8։15, 16; 2 Կորնթ. 1։21)։ Սա վկայում էր, որ նոր ուխտը, որի միջնորդը Քրիստոսն է, և որը վավերացվեց նրա արյամբ, ուժի մեջ է մտել (Ղուկ. 22։20; կարդա՛  Եբրայեցիներ 9։15)։ Սուրբ ոգով օծված այս աշակերտները դարձան Եհովայի նոր ազգի՝ նրա նոր ժողովրդի անդամներ։ Սուրբ ոգին օժտեց նրանց տարբեր լեզուներով խոսելու ունակությամբ, որպեսզի նրանք քարոզեին այն հրեաներին և պրոզելիտներին, որոնք եկել էին Հռոմեական կայսրության տարբեր մասերից՝ տոնելու Շաբաթների տոնը, կամ՝ Պենտեկոստեն։ Նրանք իրենց մայրենի լեզվով լսում էին, թե ինչպես են ոգուց ծնված քրիստոնյաները քարոզում «Աստծու մեծամեծ բաների մասին», և հասկանում էին նրանց (Գործ. 2։1–11

ԱՍՏԾՈՒ ՆՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

3–5. ա) Ի՞նչ ասաց Պետրոսը հրեաներին Պենտեկոստեի օրը։ բ) Նոր ազգն ինչպե՞ս սկսեց մեծանալ իր կազմավորման առաջին տարիներին։

3 Եհովան Պետրոս առաքյալի միջոցով հրեաներին և պրոզելիտներին հրավիրեց դառնալու իր նորաստեղծ ազգի՝ քրիստոնեական ժողովի անդամներ։ Պենտեկոստեի օրը Պետրոսը հրեաներին համարձակորեն ասաց, որ նրանք պետք է ընդունեն Հիսուսին, նրան, ում իրենք «ցցին էին գամել», քանի որ «Աստված նրան և՛ Տեր, և՛ Քրիստոս արեց»։ Երբ հավաքված մարդիկ Պետրոսին հարցրին, թե ինչ պետք է անեն, նա պատասխանեց. «Զղջացեք, և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի ներման համար, և դուք սուրբ ոգու ձրի պարգևը կստանաք» (Գործ. 2։22, 23, 36–38)։ Այդ օրը մոտ 3000 հոգի միացավ հոգևոր Իսրայելին (Գործ. 2։41)։ Առաքյալները շարունակեցին եռանդորեն քարոզել, և նրանց ծառայությունը ավելի շատ պտուղ բերեց (Գործ. 6։7)։ Նոր ազգը մեծանում էր։

4 Հետագայում բարի լուրը մեծ հաջողությամբ քարոզվեց Սամարիայում։ Շատերին մկրտեց Փիլիպոս ավետարանիչը, բայց նրանք այդ ժամանակ սուրբ ոգին չստացան։ Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմինը Պետրոս և Հովհաննես առաքյալներին ուղարկեց այս նորահավատ սամարացիների մոտ, և այդ առաքյալները «իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա, և նրանք սուրբ ոգի ստացան» (Գործ. 8։5, 6, 14–17)։ Այսպիսով՝ սամարացիները նույնպես դարձան հոգևոր Իսրայելի օծյալ անդամներ։

Պետրոսը քարոզեց Կոռնելիոսին և նրա ազգականներին ու ընկերներին (տե՛ս պարբերություն 5)

5 36թ.-ին Աստված հրավիրեց ոչ հրեաներին դառնալու իր նոր ազգի անդամներ և դա արեց կրկին Պետրոսի միջոցով։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Պետրոսը քարոզեց հռոմեացի հարյուրապետ Կոռնելիոսին, նրա ազգականներին ու ընկերներին (Գործ. 10։22, 24, 34, 35)։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մինչ Պետրոսը խոսում էր.... սուրբ ոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր լսում էին այս խոսքը։ Եվ թլփատվածներից այն հավատարիմները, որ եկել էին Պետրոսի հետ, ապշեցին, քանի որ սուրբ ոգու ձրի պարգևը թափվում էր նաև այլազգի մարդկանց վրա» (Գործ. 10։44, 45)։ Այսպիսով՝ հոգևոր Իսրայելի անդամներ կարող էին դառնալ նաև անթլփատ ոչ իսրայելացիները։

«ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ.... ԻՐ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ»

6, 7. Ի՞նչ գործ էին անում նոր ազգի անդամները՝ որպես «մի ժողովուրդ.... [Եհովայի] անվան համար», և ի՞նչ մասշտաբով։

6 49թ.-ին կառավարիչ մարմնի հանդիպումներից մեկի ժամանակ Հակոբոս աշակերտն ասաց. «Շմավոնը [Պետրոսը] մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործ. 15։14)։ Եհովայի անունը կրող այս նոր ժողովուրդը կազմված էր լինելու հրեա և ոչ հրեա հավատացյալներից (Հռոմ. 11։25, 26ա)։ Հետագայում Պետրոսը գրեց. «Մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք»։ Պետրոսը նշեց այս նոր ազգի առաքելությունը՝ ասելով. «Դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները» նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ» (1 Պետ. 2։9, 10)։ Նրանք պետք է գովաբանեին նրան, ում ներկայացնում էին, և հրապարակորեն փառաբանեին նրա անունը։ Նրանք պետք է լինեին Եհովայի՝ Գերիշխանի քաջ վկաները։

7 Ինչպես որ Իսրայել ազգին, այնպես էլ հոգևոր Իսրայելին Եհովան կարող էր անվանել «մի ժողովուրդ, որին ստեղծել [է իր] համար, որ [այդ ժողովուրդը] պատմի գովաբանության արժանի [իր] գործերը» (Ես. 43։21)։ Վաղ քրիստոնյաները համարձակորեն հռչակում էին, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստված, և որ իրենց ժամանակների բոլոր աստվածները կեղծ են (1 Թեսաղ. 1։9)։ Նրանք վկայում էին Եհովայի և Հիսուսի մասին «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8; Կող. 1։23

8. Ի՞նչ նախազգուշացում տվեց Պողոս առաքյալը Աստծու ժողովրդին։

8 Եհովայի ժողովրդի քաջ անդամներից մեկը Պողոս առաքյալն էր։ Նա հեթանոս փիլիսոփաների առաջ անվախորեն պաշտպանեց Եհովայի գերիշխանությունը, այն Աստծու, որը «երկնքի և երկրի Տերը լինելով»՝ «ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան» (Գործ. 17։18, 23–25)։ Իր երրորդ միսիոներական ճանապարհորդության վերջում Պողոսը Աստծու անունը կրող ժողովրդի անդամներին նախազգուշացրեց՝ ասելով. «Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո գիշատիչ գայլեր կմտնեն ձեր մեջ և հոտի հետ քնքշությամբ չեն վարվի։ Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործ. 20։29, 30)։ Մարգարեացված հավատուրացությունը հստակ երևաց առաջին դարի վերջում (1 Հովհ. 2։18, 19

9. Ի՞նչ եղավ Աստծու ժողովրդի հետ առաքյալների մահից հետո։

9 Առաքյալների մահից հետո հավատուրացությունը ծաղկեց, և առաջ եկան քրիստոնեական աշխարհի եկեղեցիները։ Հավատուրաց քրիստոնյաները չեն կարող կոչվել «Եհովայի անվան համար [ժողովուրդ]». նրանք Աստվածաշնչի իրենց շատ թարգմանություններից հանել են Աստծու անունը։ Նրանք որդեգրել են հեթանոսական ծեսեր և անպատվություն են բերել Աստծուն իրենց ոչ սուրբգրային ուսմունքներով, «սրբազան պատերազմներով» և անբարո վարքով։ Դարեր շարունակ Եհովան երկրի վրա ունեցել է միայն փոքր թվով հավատարիմ երկրպագուներ, սակայն կազմակերպված «ժողովուրդ իր անվան համար» չի ունեցել։

ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

10, 11. ա) Ի՞նչ մարգարեացավ Հիսուսը ցորենի և որոմների մասին առակում։ բ) Ինչպե՞ս կատարվեց Հիսուսի առակը 1914թ.-ից հետո։

10 Ցորենի և որոմների մասին առակում Հիսուսը մարգարեացավ հոգևոր խավարի ժամանակների մասին, որոնք լինելու էին հավատուրացության պատճառով։ Նա ասաց, որ «մինչ մարդիկ քնած էին» լինելու, Սատանան որոմ էր ցանելու այնտեղ, որտեղ մարդու Որդին ցորենի սերմեր էր ցանել։ Երկուսն էլ միաժամանակ աճելու էին մինչև «աշխարհի վախճանը»։ Հիսուսն ասաց, որ «լավ սերմը» «թագավորության որդիներն» են, իսկ «որոմները»՝ «Չարի որդիները»։ Վերջի ժամանակներում մարդու Որդին ուղարկելու էր իր «հնձվորներին»՝ հրեշտակներին, որպեսզի նրանք առանձնացնեին այլաբանական ցորենը որոմից։ Հավաքվելու էին Թագավորության որդիները (Մատթ. 13։24–30, 36–43)։ Ինչպե՞ս է այս ամենը տեղի ունեցել, և դա ինչպե՞ս է նպաստել այն բանին, որ Եհովան երկրի վրա դարձյալ ժողովուրդ ունենա։

11 «Աշխարհի վախճանը» սկսվեց 1914 թվականին։ Այդ տարի սկսվեց մի պատերազմ, որի ընթացքում Մեծ Բաբելոնը «թագավորության որդիներին»՝ մի քանի հազար օծյալ քրիստոնյաների, շարունակում էր հոգևոր ստրկության մեջ պահել։ 1919-ին Եհովան ազատեց նրանց՝ հստակ դարձնելով նրանց և «որոմների»՝ կեղծ քրիստոնյաների միջև եղած տարբերությունը։ Նա հավաքեց «թագավորության որդիներին» և նրանց դարձրեց կազմակերպված ժողովուրդ, ինչպես որ մարգարեացել էր Եսայիան. «Մի՞թե մեկ օրում երկունքի ցավերով երկիր առաջ կգա։ Կամ մի՞թե միանգամից մի ազգ կծնվի։ Բայց Սիոնի երկունքի ցավերը բռնեցին, ու նա որդիներ ծնեց» (Ես. 66։8)։ Սիոնը՝ Եհովայի՝ ոգեղեն էակներից բաղկացած կազմակերպությունը, ծնունդ տվեց ոգով օծված որդիներին և նրանցից ազգ կազմավորեց։

12. Ինչպե՞ս են օծյալները փաստել, որ իրենք «մի ժողովուրդ.... [են Եհովայի] անվան համար»։

12 «Թագավորության [օծյալ] որդիները» Եհովայի վկաներ են, ինչպես որ վաղ քրիստոնյաներն էին (կարդա՛  Եսայիա 43։1, 10, 11)։ Նրանք տարբերվում են մյուս մարդկանցից իրենց վարքով և այն բանով, որ քարոզում են «Թագավորության.... բարի լուրը.... բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14; Փիլիպ. 2։15)։ Իրենց վարքով և քարոզչությամբ նրանք միլիոնավոր մարդկանց «արդարության [են բերել]», այսինքն՝ օգնել են նրանց մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ (կարդա՛  Դանիել 12։3

«ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ»

13, 14. Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր հոգևոր Իսրայելի մաս չեն կազմում, որպեսզի Եհովան ընդունի իրենց երկրպագությունը, և դրա հետ կապված ի՞նչ մարգարեություններ կան Աստվածաշնչում։

13 Նախորդ հոդվածից տեսանք, որ հին Իսրայելում Եհովան ընդունում էր օտարականների երկրպագությունը, եթե նրանք մատուցում էին այն նրա ընտրյալ ժողովրդի հետ (1 Թագ. 8։41–43)։ Նմանապես այսօր նրանք, ովքեր հոգևոր Իսրայելի մաս չեն կազմում, և ուզում են, որ Եհովան ընդունի իրենց երկրպագությունը, պետք է նրան երկրպագություն մատուցեն «թագավորության որդիների»՝ նրա օծյալ Վկաների հետ։

14 Հնում ապրած երկու մարգարեներ կանխագուշակել էին, որ այս վերջին ժամանակներում բազմաթիվ մարդիկ հավաքվելու էին, որպեսզի Եհովայի ժողովրդի հետ երկրպագություն մատուցեն նրան։ Եսայիան մարգարեացավ. «Շատ ժողովուրդներ կգնան ու կասեն. «Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը՝ Հակոբի Աստծու տունը։ Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա ուղիներով»։ Չէ՞ որ Սիոնից օրենք է դուրս գալու, և Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը» (Ես. 2։2, 3)։ Իսկ Զաքարիան մարգարեացավ, որ «շատ ժողովուրդներ ու հզոր ազգեր պիտի գան Երուսաղեմ, որպեսզի Զորքերի Տեր Եհովային փնտրեն ու Եհովայի բարեհաճությունը աղերսեն»։ Նա մարդկանց այս խմբին նկարագրում է որպես «բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ» և ասում է, որ նրանք, փոխաբերական իմաստով, բռնելու են հոգևոր Իսրայելի քղանցքը և ասելու են. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է» (Զաք. 8։20–23

15. Ի՞նչ է նշանակում այն, որ «ուրիշ ոչխարները», այսպես ասած, գնում են հոգևոր Իսրայելի հետ։

15 «Ուրիշ ոչխարները», այսպես ասած, գնում են հոգևոր Իսրայելի հետ, երբ քարոզում են Թագավորության բարի լուրը (Մարկ. 13։10)։ Նրանք դառնում են Աստծու ժողովրդի մի մասը և օծյալների հետ կազմում են «մեկ հոտ»՝ գտնվելով «բարի հովվի»՝ Քրիստոս Հիսուսի հոգածության տակ (կարդա՛  Հովհաննես 10։14–16

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՏԻՐ՝ ԼԻՆԵԼՈՎ ԵՀՈՎԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

16. Ինչպե՞ս է Եհովան «մեծ նեղությունը» հասցնելու վերջնական փուլին։

16 Մեծ Բաբելոնի կործանումից հետո ուժգին հարձակում է լինելու Եհովայի ժողովրդի վրա։ Այդ ժամանակ մենք Եհովայի պաշտպանության կարիքն ենք ունենալու։ Այդ հարձակումով կսկսվի «մեծ նեղության» վերջին փուլը՝ Արմագեդոնը։ Եհովան հող կնախապատրաստի այս վերջնական ճակատամարտի համար և անձամբ կորոշի դրա ժամանակը (Մատթ. 24։21; Եզեկ. 38։2–4)։ «Ազգերից հավաքված ժողովրդի»՝ Եհովայի ժողովրդի վրա հարձակումը կլինի Գոգի կողմից (Եզեկ. 38։10–12)։ Երբ այն տեղի ունենա, Եհովան անմիջապես դատաստան կտեսնի Գոգի և նրա զորքի դեմ։ Նա ամբողջովին կարդարացնի իր գերիշխանությունը և կսրբացնի իր անունը։ Նա ասում է. «Ես.... կճանաչվեմ շատ ազգերի աչքի առաջ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ» (Եզեկ. 38։18–23

«Մեծ նեղության» ժամանակ մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր ժողովի հետ (տե՛ս պարբերություն 16–18)

17, 18. ա) Երբ Գոգը հարձակվի Եհովայի ժողովրդի վրա, ի՞նչ հրահանգներ կտա Եհովան։ բ) Եթե ուզում ենք ունենալ Եհովայի պաշտպանությունը, ի՞նչ պետք է անենք։

17 Երբ Գոգը սկսի իր հարձակումը, Եհովան իր ծառաներին կասի. «Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո ներքին սենյակները և քո հետևից փակիր դռները։ Թաքնվիր մի ակնթարթ, մինչև բարկությունն անցնի» (Ես. 26։20)։ Այդ վճռական ժամանակներում Եհովան մեզ փրկության համար անհրաժեշտ հրահանգներ կտա։ «Ներքին սենյակները», ուր պետք է «մտնի» Եհովայի ժողովուրդը, հնարավոր է՝ ինչ-որ առնչություն ունենան տեղի ժողովների հետ։

18 Եթե ուզում ենք պաշտպանված լինել մեծ նեղության ժամանակ, պետք է ընդունենք այն փաստը, որ Եհովան երկրի վրա ժողովուրդ ունի, որին նա հավաքում է ժողովներում։ Մենք պետք է շարունակենք Աստծու ժողովրդի կողմը բռնել և սերտորեն համագործակցել մեր ժողովի հետ։ Սաղմոսերգուի պես՝ եկեք սրտանց հռչակենք. «Եհովայի՛նն է փրկությունը։ Քո օրհնությունը քո ժողովրդի վրա է» (Սաղ. 3։8