Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ինչպե՞ս է կատարվում երեցների ու ծառայող օգնականների նշանակումը։

Առաջին դարում Պողոս առաքյալը Եփեսոսի ժողովի երեցներին գրեց. «Ուշադիր եղեք ձեր անձերին և ամբողջ հոտին, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց Աստծու ժողովը հովվելու համար, որը նա գնեց իր Որդու արյունով» (Գործ. 20։28)։ Ի՞նչ դեր ունի սուրբ ոգին այսօր երեցներ և ծառայող օգնականներ նշանակելու գործում։

Առաջին՝ սուրբ ոգին մղել է Աստվածաշունչ գրողներին գրի առնելու այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն երեցներն ու ծառայող օգնականները։ 1 Տիմոթեոս 3։1–7-ում նշված են 16 պահանջներ երեցների համար։ Ուրիշ պահանջներ գրված են Տիտոս 1։5–9 և Հակոբոս 3։17, 18 համարներում, իսկ ծառայող օգնականների համար՝ 1 Տիմոթեոս 3։8–10, 12, 13 համարներում։ Երկրորդ՝ նրանք, ովքեր երաշխավորում են եղբորը, կամ նրանք, ովքեր տալիս են նշանակումը, հատուկ աղոթում են, որ Եհովայի ոգին առաջնորդի իրենց և օգնի որոշելու, թե արդյոք եղբայրը բավականաչափ համապատասխանում է սուրբգրային պահանջներին։ Երրորդ՝ եղբայրը պետք է իր կյանքում դրսևորի Աստծու սուրբ ոգու պտուղը (Գաղ. 5։22, 23)։ Այսպիսով՝ Աստծու ոգին կարևոր դեր ունի նշանակման ողջ գործընթացում։

Իսկ կոնկրետ ո՞վ է ժողովում երեցներ ու ծառայող օգնականներ նշանակում։ Նախկինում երեցների և ծառայող օգնականների երաշխավորագրերը ուղարկվում էին տեղի մասնաճյուղ։ Կառավարիչ մարմնի կողմից նշանակված եղբայրները քննում էին դրանք և անում համապատասխան նշանակումներ։ Հետո մասնաճյուղը այդ մասին տեղեկացնում էր երեցների խորհրդին։ Երեցներն էլ իրենց հերթին նշանակման մասին տեղեկացնում էին տվյալ եղբորը և հարցնում նրան, թե արդյոք որևէ բան խանգարում է նրան ընդունելու նշանակումը, և արդյոք նա ցանկանում է ընդունել այն։ Եթե ոչ մի խանգարող բան չկար, և եթե եղբայրը ուզում էր ընդունել նշանակումը, նրա նշանակման մասին հայտարարվում էր ժողովում։

Առաջին դարում առաքյալները երբեմն հատուկ նշանակումներ էին անում։ Օրինակ՝ նրանք յոթ եղբայրների նշանակեցին մթերքի ամենօրյա բաշխման գործի վրա (Գործ. 6։1–6)։ Սակայն այդ յոթ եղբայրները նախքան այս նշանակումը ստանալը, հավանաբար, արդեն երեց էին ծառայում։ Իսկ ինչպե՞ս էր արվում երեցների ու ծառայող օգնականների նշանակումը այն ժամանակ։

Ճիշտ է, Սուրբ Գրքում մանրամասնորեն չի նշվում, թե այն ժամանակ ինչպես էր կատարվում յուրաքանչյուր նշանակում, բայց մենք որոշ դրվագներից դա կարող ենք հասկանալ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Պողոսն ու Բառնաբասը իրենց առաջին միսիոներական ճանապարհորդությունից վերադառնալիս «յուրաքանչյուր ժողովում երեցներ նշանակեցին և աղոթք անելուց ու ծոմ պահելուց հետո նրանց հանձնեցին Եհովային, որին նրանք հավատացել էին» (Գործ. 14։23)։ Տարիներ անց Պողոսը իր ուղեկից Տիտոսին գրեց. «Քեզ թողեցի Կրետեում այն բանի համար, որ թերությունները շտկես և ամեն քաղաքում երեցներ նշանակես, ինչպես որ պատվիրեցի» (Տիտոս 1։5)։ Տիմոթեոսին, որը շատ էր ճանապարհորդում Պողոսի հետ, ինչպես երևում է, նույնպես նման լիազորություն էր տրվել (1 Տիմոթ. 5։22)։ Հստակ է, որ այն ժամանակ երեցներ ու ծառայող օգնականներ նշանակում էին շրջագայող վերակացուները, ոչ թե Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։

Ի մտի ունենալով սուրբգրային այս նախադեպը՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը փոփոխություն է մտցրել երեցներ և ծառայող օգնականներ նշանակելու կարգի մեջ։ 2014թ. սեպտեմբերի 1-ից սկսած՝ նշանակումները կատարվում են հետևյալ կերպ. յուրաքանչյուր շրջանային վերակացու ուշադիր քննում է իր շրջանում երեց կամ ծառայող օգնական առաջադրված եղբոր թեկնածությունը։ Այցելության ժամանակ նա փորձում է լավ ճանաչել երաշխավորված եղբորը՝ հնարավորության դեպքում ծառայելով նրա հետ։ Ժողովի երեցների խորհրդի հետ թեկնածությունները քննարկելուց հետո շրջանային վերակացուն անում է համապատասխան նշանակումներ։ Երեցներ ու ծառայող օգնականներ նշանակելու այս կարգը ավելի մոտ է առաջին դարում ընդունված կարգին։

Երեցները շրջանային վերակացուի հետ քննարկում են, թե արդյոք եղբայրը համապատասխանում է սուրբգրային պահանջներին

Ովքե՞ր են ներգրավված այս գործընթացի մեջ։ Ինչպես գիտենք, «հավատարիմ և իմաստուն ծառան» ունի տան անդամներին կերակրելու պատասխանատվություն (Մատթ. 24։45–47)։ Դրա մեջ մտնում է այն, որ նա սուրբ ոգու օգնությամբ ուսումնասիրում է Աստվածաշունչը, որպեսզի առաջնորդություն տա, թե ինչպես գործնականում կիրառել աստվածաշնչյան այն սկզբունքները, որոնք առնչվում են համաշխարհային ժողովի գործունեությանը։ Բացի այդ, հավատարիմ ծառան նշանակում է բոլոր շրջանային վերակացուներին և մասնաճյուղի կոմիտեի անդամներին։ Յուրաքանչյուր մասնաճյուղ իր հերթին գործնական օգնություն է տրամադրում ժողովների երեցների խորհուրդներին՝ Կառավարիչ մարմնի տված առաջնորդությանը հետևելու համար։ Երեցների խորհուրդը լուրջ պատասխանատվություն ունի ուշադիր քննելու, թե արդյոք այն եղբայրները, որոնց իրենք երաշխավորում են, համապատասխանում են Աստծու ժողովում նշանակում ստանալու սուրբգրային չափանիշներին։ Շրջանային վերակացուն պետք է ուշադրությամբ և աղոթքով քննի երեցների ներկայացրած թեկնածությունները և հետո չափանիշներին համապատասխանող եղբայրներին նշանակումներ տա։

Երբ իմանում ենք, թե ինչպես են նշանակումներ արվում, ավելի լավ ենք հասկանում սուրբ ոգու դերը այս հարցում։ Արդյունքում ավելի մեծ վստահությամբ և հարգանքով ենք լցվում ժողովի պատասխանատու եղբայրների հանդեպ (Եբր. 13։7, 17

Ովքե՞ր են Հայտնություն 11-րդ գլխում հիշատակված երկու վկաները։

Հայտնություն 11։3-ում խոսվում է երկու վկաների մասին, որոնք մարգարեանալու էին 1260 օր։ Հետո ասվում է, որ գազանը «կպատերազմի նրանց դեմ, կհաղթի ու կսպանի նրանց»։ Բայց «երեքուկես օր հետո» երկու վկաները, ի զարմանս բոլոր նրանց տեսնողների, կենդանանալու էին (Հայտն. 11։7, 11

Ովքե՞ր են այս երկու վկաները։ Արձանագրության մեջ նշված մանրամասները օգնում են մեզ պարզելու դա։ Առաջին՝ գրված է, որ «նրանց են խորհրդանշում երկու ձիթենիներն ու երկու ճրագակալները» (Հայտն. 11։4)։ Սա մեզ հիշեցնում է Զաքարիայի մարգարեությունում նշված ճրագակալը և երկու ձիթենիները։ Ձիթենիները, ինչպես գրված է այս մարգարեությունում, խորհրդանշում են «երկու օծյալներին», այսինքն՝ կառավարիչ Զորաբաբելին և քահանայապետ Հեսուին, որոնք «կանգնած են ամբողջ երկրի Տիրոջ կողքին» (Զաք. 4։1–3, 14)։ Երկրորդ՝ երկու վկաները անում են այնպիսի հրաշքներ, որոնք նման են Մովսեսի և Եղիայի արած հրաշքներին (համեմատի՛ր Հայտնություն 11։5, 6-ը Թվեր 16։1–7, 28–35-ի և 1 Թագավորներ 17։1; 18։41–45-ի հետ)։

Ի՞նչ ընդհանրություն ունեն «Հայտնություն» և «Զաքարիա» գրքերի վերոհիշյալ հատվածները։ Յուրաքանչյուր հատվածում հղում է արվում Աստծու այն օծյալներին, որոնք առաջնորդություն են վերցնում փորձության ծանր պահին։ Ուստի, ի կատարում Հայտնություն 11-րդ գլխի, այն օծյալ եղբայրները, որոնք առաջնորդություն վերցրին այն ժամանակ, երբ երկնքում հաստատվեց Աստծու Թագավորությունը, այսինքն՝ 1914-ին, երեքուկես տարի «քուրձ հագած» քարոզեցին։

«Քուրձ հագած» քարոզելուց հետո այս օծյալները այլաբանորեն սպանվում են. նրանց բանտարկում են համեմատաբար կարճ ժամանակով՝ երեքուկես օրով։ Աստծու ժողովրդի թշնամիների տեսանկյունից՝ նրանց գործը, այսպես ասած, սպանվեց, ինչը մեծ ուրախություն պատճառեց այս հակառակորդներին (Հայտն. 11։8–10

Սակայն, ի կատարում մարգարեության, երեքուկես օրվա վերջում Աստված երկու վկաներին կյանքի վերադարձրեց։ Այս օծյալները ազատվեցին բանտից, և նրանք, ովքեր հավատարիմ մնացին, Աստծուց հատուկ նշանակում ստացան իրենց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ 1919-ին նրանք այն օծյալների թվում էին, որոնք նշանակվեցին «հավատարիմ և իմաստուն ծառա», որպեսզի վերջին օրերում հոգ տանեն Աստծու ժողովրդի հոգևոր կարիքների մասին (Մատթ. 24։45–47; Հայտն. 11։11, 12

Հետաքրքիր է, որ Հայտնություն 11։1, 2-ը այս դեպքերը կապում է մի ժամանակի հետ, երբ հոգևոր տաճարը չափվում է։ Մաղաքիա 3-րդ գլխում խոսվում է հոգևոր տաճարի՝ նույնանման ստուգման մասին, որին հաջորդեց մաքրման ժամանակահատվածը (Մաղ. 3։1–4)։ Որքա՞ն տևեց ստուգման ու մաքրման գործը։ Այն սկսվեց 1914թ.-ին և ավարտվեց 1919թ. առաջին կեսին։ Այս ժամանակահատվածը ներառում է Հայտնություն 11-րդ գլխում նշված 1260 օրը (42 ամիս) և այլաբանական երեքուկես օրը։

Որքա՜ն ուրախ ենք, որ Եհովան ձեռնարկեց այդ հոգևոր մաքրումը, որպեսզի ունենա մի սեփական ժողովուրդ՝ բարի գործերի համար (Տիտոս 2։14)։ Բացի այդ, մենք թանկ ենք գնահատում հավատարիմ այն օծյալներին, որոնք այդ ստուգման ժամանակահատվածում առաջնորդություն են վերցրել՝ այդպիսով հանդես գալով որպես այլաբանական երկու վկաներ *։

^ պարբ. 18 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարան», 2013, հուլիսի 15, էջ 22, պարբերություն 12։