Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Արշալույսը՝ ծագող արևի երկրում

Արշալույսը՝ ծագող արևի երկրում

Հանրային ելույթի հրավիրատոմսեր տարածվեցին Տոկիոյում, իսկ Օսակայում դրանք տարածվեցին նաև ինքնաթիռների միջոցով

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ մի պիլիգրիմ (շրջագայող վերակացու), որը ծնվել էր Ճապոնիայում, 1926թ. սեպտեմբերի 6-ին վերադարձավ հայրենիք՝ միսիոներ ծառայելու նպատակով։ Նրան դիմավորեց «Դիտարան» պարբերագրի միակ բաժանորդը, որը Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ էր կազմավորել Կոբեում։ 1927թ. հունվարի 2-ին այս քաղաքում անցկացվեց առաջին համաժողովը։ Համաժողովին ներկա եղավ 36 մարդ, և 8 հոգի մկրտվեց։ Սկիզբը խոստումնալից էր, բայց ինչպե՞ս էր այս փոքր խումբը Աստվածաշնչի ճշմարտության լույսը հասցնելու Ճապոնիայի 60 միլիոնանոց բնակչությանը։

1927-ի մայիսին ժրաջան Աստվածաշունչ ուսումնասիրողները քարոզարշավ անցկացրին, որպեսզի հանրությանը տեղեկացնեն աստվածաշնչային ելույթների շարքի մասին։ Առաջին ելույթը, որ կոչվում էր «Աստծու Թագավորությունը մոտ է», ներկայացվելու էր Օսակայում։ Եղբայրները ամբողջ քաղաքում փողոցների մայթերին ցուցանակներ և մեծ վահանակներ տեղադրեցին։ Նրանք 3000 հրավիրատոմս ուղարկեցին պաշտոնյաներին։ Տարածեցին 150000 տեղեկատու թերթիկ, նաև ելույթի մասին հայտարարություն հրապարակեցին Օսակայի առաջատար թերթերում և գնացքի 400000 տոմսերի վրա։ Ելույթի օրը երկու ինքնաթիռներ, անցնելով քաղաքի վրայով, ցրեցին 100000 տեղեկատու թերթիկ։ Ելույթը լսելու համար Օսակայի «Ասահի» դահլիճում հավաքվեց մոտ 2300 մարդ, իսկ մոտ 1000 հոգի ստիպված եղավ հետ դառնալ տեղ չլինելու պատճառով։ Ելույթից հետո 600-ից ավելի մարդ մնաց դահլիճում՝ հարց ու պատասխանով քննարկման մասնակցելու համար։ Հաջորդ ամիսներին Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ հնչեցին Կիոտոյում, ինչպես նաև Ճապոնիայի արևմտյան մասի այլ քաղաքներում։

1927-ի հոկտեմբերին Աստվածաշունչ ուսումնասիրողները ելույթներ կազմակերպեցին մայրաքաղաք Տոկիոյում։ Դարձյալ հրավիրատոմսեր ուղարկվեցին պաշտոնյաներին, որոնց թվում էին վարչապետը, խորհրդարանի անդամներ, ինչպես նաև կրոնական ու ռազմական ղեկավարներ։ Ելույթի մասին ազդարարելու համար օգտագործվեցին պաստառներ, հայտարարություններ տրվեցին թերթերում և 710000 տեղեկատու թերթիկ տարածվեց։ Տոկիոյում ներկայացվեց երեք ելույթ, որոնք ընդհանուր հաշվով լսեց 4800 մարդ։

ԳՐՔԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ

Կացուո և Հագինո Միուրաներ

Գրքեր տարածողները (ռահվիրաները) շատ կարևոր դեր ունեցան Թագավորության լուրը մարդկանց հայտնելու գործում։ Մացուե Իշին, որն առաջին գրքեր տարածողներից էր Ճապոնիայում, և նրա ամուսինը՝ Ջիզոն, երկրի ողջ տարածքի երեք քառորդն անցան՝ հեռավոր հյուսիսից՝ Սապպորոյից մինչև Սենդայ, Տոկիո, Յոկոհամա, Նագոյա, Օսակա, Կիոտո, Օկայամա և Տոկուսիմա։ Քույր Իշին և տարեց մի քույր՝ Սակիկո Թանական, կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներին այցելելիս կրում էին ազգային տարազ՝ կիմոնո։ Պաշտոնյաներից մեկը խնդրեց «Աստծու քնարը» և «Ազատագրում» գրքերի 300 օրինակ՝ բանտերի գրադարաններում դնելու համար։

Կացուո և Հագինո Միուրաները գրքեր վերցրին քույր Իշիից և անմիջապես ընդունեցին ճշմարտությունը։ Նրանք մկրտվեցին 1931-ին և դարձան գրքեր տարածողներ։ Իսկ Հարուիչի և Թանե Յամադաները և նրանց ազգականներից շատերը ընդունեցին ճշմարտությունը նախքան 1930 թվականը։ Յամադաները դարձան գրքեր տարածողներ, իսկ նրանց աղջիկը՝ Յուկիկոն, սկսեց ծառայել Տոկիոյի Բեթելում։

ՄԵԾ ԵՎ ՓՈՔՐ «ՀԵՈՒՆԵՐ»

«Մեծ Հեուի» մեջ կարող էր տեղավորվել վեց հոգի

Այն ժամանակներում ավտոմեքենաները շատ թանկ էին, իսկ ճանապարհները՝ վատ։ Ուստի Կազումի Մինոուրան և գրքեր տարածող այլ երիտասարդներ օգտագործում էին առանց շարժիչի տնակ-մեքենաներ։ Նրանք այդ տնակ-մեքենաներն անվանեցին «Հեուներ»՝ նկատի ունենալով Հեուին, որը եռանդուն էր կառք վարելու մեջ, և որը դարձավ Իսրայելի թագավոր (2 Թագ. 10։15, 16)։ Երեք «Մեծ Հեուներում», որոնց երկարությունը 2,2 մետր էր, իսկ լայնությունն ու բարձրությունը՝ 1,9 մետր, կարող էին տեղավորվել մինչև վեց հոգի։ Դրանցից բացի, մասնաճյուղում եղբայրները հավաքեցին երկտեղանոց 11 «Ճուտիկ Հեուներ», որոնք տեղաշարժում էին հեծանվով։ Կիիչի Իվասակին, որը մասնակցել էր «Հեուների» ստեղծմանը, հիշում էր. «Ամեն մի «Հեու» ուներ վրանածածկ, ինչպես նաև ավտոմեքենայի մարտկոց, ինչի շնորհիվ գրքեր տարածողները լույս էին ունենում»։ Այդպես գրքեր տարածողները ճշմարտության լույսը տարածում էին ողջ Ճապոնիայում՝ քաշելով կամ հրելով «Հեուները» սարերի ու ձորերի միջով՝ անցնելով հյուսիսում գտնվող Հոկայդո կղզուց մինչև հարավում գտնվող Կյուսյու կղզին։

«Ճուտիկ Հեուի» մեջ տեղավորվում էր երկու հոգի

Գրքեր տարածող Իկումացու Օտան պատմում էր. «Երբ ինչ-որ քաղաք էինք մտնում, մեր «Հեուն» կանգնեցնում էինք գետի ափին կամ դաշտում։ Առաջին հերթին այցելում էինք քաղաքի պաշտոնյաներին և դրանից հետո՝ բնակիչներին և առաջարկում էինք մեր գրականությունը։ Տարածքը «մշակելուց» հետո տեղափոխվում էինք հաջորդ քաղաք»։

«Փոքր ձեռնարկումների օր» կարելի է անվանել այն օրը, երբ Կոբեի Աստվածաշունչ ուսումնասիրողները, որ թվով 36 հոգի էին, անցկացրին իրենց առաջին համաժողովը (Զաք. 4։10)։ Ընդամենը հինգ տարի անց՝ 1932թ.-ին, ծառայության վերաբերյալ հաշվետվություն հանձնեցին 103 քարոզիչներ և գրքեր տարածողներ։ Նրանք տարածել էին 14000-ից ավելի գիրք։ Մեր օրերում Ճապոնիայի մեծ քաղաքներում քարոզիչները կազմակերպված ձևով մասնակցում են հրապարակային վկայությանը, և մոտ 220000 քարոզիչներ իրենց լույսը շողացնում են «ծագող արևի երկրի» բոլոր անկյուններում։ (Ճապոնիայի՝ մեր արխիվից)

«Հեուների» էսքիզներ՝ արված Կիիչի Իվասակիի կողմից