Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լսեք և հասկացեք իմաստը

Լսեք և հասկացեք իմաստը

«Ինձ լսեք բոլորդ և հասկացեք իմ ասածների իմաստը» (ՄԱՐԿ. 7։14

1, 2. Ինչո՞ւ շատերը, ովքեր լսեցին Հիսուսին, չհասկացան նրա խոսքերի իմաստը։

ԵՐԲ ինչ-որ մեկը խոսում է քեզ հետ, դու լսում ես նրա ձայնը և նույնիսկ զգում ես ձայնի տոնը, բայց ի՞նչ օգուտ, եթե չհասկանաս նրա խոսքերի իմաստը (1 Կորնթ. 14։9)։ Հազարավոր մարդիկ լսեցին Հիսուսին, որը խոսում էր նրանց հասկանալի լեզվով, բայց ոչ բոլորը հասկացան նրա խոսքերի իմաստը։ Դրա համար Հիսուսն ասաց. «Ինձ լսեք բոլորդ և հասկացեք իմ ասածների իմաստը» (Մարկ. 7։14

2 Ինչո՞ւ շատերը չհասկացան Հիսուսի խոսքերի իմաստը։ Նրանցից ոմանք կանխակալ կարծիք և սխալ մղումներ ունեին։ Հիսուսը նման մարդկանց ասաց. «Լա՛վ եք արհամարհում Աստծու պատվիրանը, որպեսզի ձեր ավանդույթը պահեք» (Մարկ. 7։9)։ Այս մարդիկ իրականում չէին փորձում հասկանալ նրա ասածների իմաստը, նրանք չէին ուզում փոխել իրենց ապրելակերպն ու մտածելակերպը։ Նրանց ականջները գուցեև բաց էին, բայց սրտերը ամուր փակված էին (կարդա՛  Մատթեոս 13։13–15)։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր սրտերը բաց են, որպեսզի օգուտներ քաղենք Հիսուսի սովորեցրածից։

ԻՆՉՊԵՍ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՎՈՐԵՑՐԱԾԻՑ

3. Ինչո՞ւ էին Հիսուսի աշակերտները կարողանում հասկանալ նրա խոսքերը։

3 Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Երանելի են ձեր աչքերը,  քանի որ տեսնում են, և երանելի են ձեր ականջները, քանի որ լսում են» (Մատթ. 13։16)։ Ինչո՞ւ էին աշակերտները հասկանում Հիսուսի ասածները, իսկ մյուսները՝ ոչ։ Առաջին՝ նրանք հարցեր էին տալիս և փորձում էին հասկանալ Հիսուսի խոսքերի իմաստը (Մատթ. 13։36; Մարկ. 7։17)։ Երկրորդ՝ չսահմանափակվելով իրենց իմացածով՝ ուզում էին ավելացնել գիտելիքները (կարդա՛  Մատթեոս 13։11, 12)։ Երրորդ՝ ուզում էին ոչ միայն լսածն ու հասկացածը կիրառել կյանքում, այլև իրենց ստացած գիտելիքներով օգնել ուրիշներին (Մատթ. 13։51, 52

4. Հիսուսի առակները հասկանալու համար ի՞նչ երեք բան պետք է անենք։

4 Եթե ուզում ենք հասկանալ Հիսուսի առակները, պետք է հետևենք նրա հավատարիմ ու խոնարհ աշակերտների օրինակին՝ անելով երեք բան։ Առաջին՝ պետք է ժամանակ տրամադրենք, որ ուսումնասիրենք Հիսուսի խոսքերը, խորհրդածենք դրանց շուրջ, անհրաժեշտության դեպքում փնտրտուքներ անենք և համապատասխան հարցեր տանք։ Սա կօգնի մեզ գիտելիքներ ստանալու (Առակ. 2։4, 5)։ Երկրորդ՝ պետք է տեսնենք, թե ինչ կապ կա այդ նոր տեղեկության և մեր իմացածի միջև և ինչպես կարող ենք անհատապես օգուտներ քաղել դրանից։ Արդյունքում կավելանա մեր հասկացողությունը (Առակ. 2։2, 3)։ Եվ երրորդ՝ մենք պետք է մեր սովորածը կիրառենք կյանքում։ Իսկ դա իր հերթին ցույց կտա, որ իմաստությամբ ենք վարվում (Առակ. 2։6, 7

5. Օրինակով ցույց տուր գիտելիքի, հասկացողության և իմաստության միջև եղած տարբերությունը։

5 Ի՞նչ տարբերություն կա գիտելիքի, հասկացողության և իմաստության միջև։ Դա կարելի է տեսնել հետևյալ օրինակից։ Պատկերացրու՝ կանգնած ես ճանապարհի մեջտեղում։ Հանկարծ տեսնում ես՝ մի ավտոբուս գալիս է դեպի քեզ։ Դու հասկանում ես, որ դա ավտոբուս է, այսինքն՝ գիտելիք ունես։ Հետո գիտակցում ես, որ եթե կանգնած մնաս, այն կհարվածի քեզ։ Փաստորեն՝ հասկացողություն ես դրսևորում։ Ուստի անմիջապես ճանապարհից մի կողմ ես նետվում։ Այդպիսով դու իմաստությամբ ես վարվում։ Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը նշում է «իմաստությունը պահպանելու» կարևորության մասին. չէ՞ որ այն կարող է փրկել մեր կյանքը (Առակ. 3։21, 22; 1 Տիմոթ. 4։16

6. Ի՞նչ չորս հարց ենք քննելու Հիսուսի առակներից յոթը ուսումնասիրելիս (տե՛ս  8-րդ էջի շրջանակը

6 Այս և հաջորդ հոդվածներում կուսումնասիրենք Հիսուսի առակներից յոթը։ Կքննենք հետևյալ հարցերը։ Ի՞նչ է նշանակում տվյալ առակը (սա օգնում է մեզ գիտելիք ձեռք բերելու)։ Ինչո՞ւ Հիսուսը պատմեց այդ առակը (սա խորացնում է մեր հասկացողությունը)։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այդ տեղեկությունը՝ մեզ և ուրիշներին օգնելու համար (սա իմաստություն է)։ Վերջում կարող ենք մտածել՝ ի՞նչ է այդ առակը մեզ սովորեցնում Եհովայի ու Հիսուսի մասին։

ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԸ

7. Ո՞րն է մանանեխի հատիկի մասին առակի իմաստը։

7 Կարդա՛ Մատթեոս 13։31, 32։ Ո՞րն է մանանեխի հատիկի մասին առակի իմաստը։ Մանանեխի հատիկը ներկայացնում է Թագավորության լուրը և այդ լուրը քարոզելու արդյունքը՝ քրիստոնեական ժողովը։ Ինչպես նշեց Հիսուսը, մանանեխի հատիկը «բոլոր սերմերի մեջ ամենափոքրն է»։ Նմանապես, քրիստոնեական ժողովը 33թ.-ին համեստ սկիզբ ունեցավ։ Սակայն մի քանի տասնամյակների ընթացքում ժողովն այնքան արագ մեծացավ, որ գերազանցեց բոլոր սպասելիքները (Կող. 1։23)։ Եվ «երկնքի թռչունները» եկան ու կարողացան «բնակվելու տեղ գտնել նրա ճյուղերի մեջ»։ Այս խորհրդանշական թռչունները՝ ազնվասիրտ մարդիկ, հոգևոր սնունդ, ապաստան և թարմություն են գտնում քրիստոնեական ժողովում (համեմատի՛ր Եզեկիել 17։23

8. Ինչո՞ւ Հիսուսը պատմեց մանանեխի հատիկի մասին առակը։

 8 Ինչո՞ւ Հիսուսը պատմեց այս առակը։ Նա, մանանեխի հատիկի ապշեցուցիչ աճը նկարագրելով, ցույց տվեց, թե ինչպես է Աստծու Թագավորությունը ընդլայնվում, պաշտպանում իր հպատակներին և հաղթահարում բոլոր խոչընդոտները։ 1914թ.-ից սկսած՝ Աստծու կազմակերպության տեսանելի մասը ապշեցուցիչ ձևով աճում է (Ես. 60։22)։ Այս կազմակերպության մաս կազմողները ունեն հոգևոր հիանալի պաշտպանություն (Առակ. 2։7; Ես. 32։1, 2)։ Թագավորության շահերը ավելի ու ավելի առաջ են գնում՝ հաղթահարելով ամեն տեսակի հակառակություն, և այդ ընթացքը հնարավոր չէ կանգնեցնել (Ես. 54։17

9. ա) Ի՞նչ ենք սովորում մանանեխի հատիկի մասին առակից։ բ) Ի՞նչ է այն մեզ սովորեցնում Եհովայի և Հիսուսի մասին։

9 Ի՞նչ ենք սովորում մանանեխի հատիկի մասին առակից։ Գուցե ապրում ենք այնպիսի տարածքում, որտեղ քիչ Վկաներ կան, կամ մեր քարոզչական գործի արդյունքներն անմիջապես չեն երևում։ Եթե հիշենք, որ Թագավորությունը կարող է հաղթահարել բոլոր խոչընդոտները, ուժ կստանանք տոկալու։ Օրինակ՝ երբ եղբայր Էդվին Սքիները 1926թ.-ին տեղափոխվեց Հնդկաստան, այնտեղ ընդամենը մի քանի Վկա կար։ Սկզբում աճը դանդաղ էր ընթանում, և նույնիսկ ասում էին, որ քարոզչական գործը առաջ չի գնում։ Սակայն եղբայրը շարունակեց քարոզել ու տեսավ, թե ինչպես Թագավորության լուրը հաղթահարեց մեծ խոչընդոտներ։ Այսօր Հնդկաստանում ավելի քան 37000 Վկաներ կան, իսկ անցած տարի Հիշատակի երեկոյին ներկա եղավ ավելի քան 108000 հոգի։ Նույն թվականին Զամբիայում Թագավորության լուրը նոր էր սկսել քարոզվել։ Բայց այսօր ավելի քան 170000 քարոզիչներ քարոզում են այնտեղ, իսկ 2013թ. Հիշատակի երեկոյին ներկա էր 763915 մարդ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 18 հոգուց մեկը ներկա է եղել այդ միջոցառմանը։ Ինչպիսի՜ աճ։

ԹԹԽՄՈՐԸ

10. Ո՞րն է թթխմորի մասին առակի իմաստը։

10 Կարդա՛ Մատթեոս 13։33։ Ո՞րն է թթխմորի մասին առակի իմաստը։ Այս առակը նույնպես վերաբերում է Թագավորության  լուրին, ինչպես նաև այն բանին, թե ինչպես է այդ լուրը փոխում մարդկանց կյանքերը։ Խմորի «ամբողջ զանգվածը» ներկայացնում է բոլոր ազգերին, իսկ խմորման պրոցեսը՝ քարոզչության միջոցով Թագավորության լուրի տարածումը։ Ի տարբերություն մանանեխի հատիկի, որի աճը հստակ տեսանելի է, խմորման պրոցեսը սկզբում չի երևում, սակայն մի որոշ ժամանակ հետո դրա արդյունքը ակնհայտ է դառնում։

11. Ինչո՞ւ Հիսուսը պատմեց թթխմորի մասին առակը։

11 Ինչո՞ւ Հիսուսը պատմեց այս առակը։ Այս առակի միջոցով նա ցույց տվեց, որ Թագավորության լուրը ամենուր ներթափանցելու զորություն ունի։ Այն հասել է «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Այնուամենայնիվ, այն փոփոխությունները, որ անում է այդ լուրը, միշտ չէ, որ ակնհայտ են։ Որոշ փոփոխություններ սկզբում գուցե ընդհանրապես չնկատվեն։ Բայց փաստ է, որ դրանք լինում են, և ոչ միայն մարդկանց թվի մեջ, այլ հենց մարդկանց մեջ (Հռոմ. 12։2; Եփես. 4։22, 23

12, 13. Բեր օրինակներ, թե ինչպես է քարոզչական գործը թթխմորի պես տարածվել։

12 Քարոզչական գործի արդյունքը հաճախ տեսանելի է դառնում տարիներ անց։ Օրինակ՝ 1982թ.-ին ամուսիններ Ֆրանցը և Մարգիտը, որ ծառայում էին Բրազիլիայի մասնաճյուղում (այժմ նրանք ծառայում են մեկ ուրիշ մասնաճյուղում), վկայություն տվեցին մի փոքրիկ գյուղաքաղաքում։ Նրանք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսեցին։ Ուսումնասիրողների թվում էր մի կին իր չորս երեխաների հետ։ Նրա մեծ տղան, որն այդ ժամանակ 12 տարեկան էր, չափազանց ամաչկոտ էր և հաճախ ուսումնասիրությունից առաջ թաքնվում էր։ Սակայն այս զույգի նշանակումը փոխվեց, և նրանք չկարողացան շարունակել ուսումնասիրությունը։ Բայց 25 տարի անց առիթ ունեցան նորից այցելելու այդ քաղաք։ Ի՞նչ էր փոխվել այս ընթացքում։ Հաստատվել էր ժողով, որտեղ կային 69 քարոզիչներ, որոնցից 13-ը ընդհանուր ռահվիրա էին։ Կառուցվել էր նաև Թագավորության սրահ։ Իսկ այն ամաչկոտ տղան այժմ ծառայում է որպես երեցների խորհրդի կոորդինատոր։ Թագավորության լուրը թթխմորի պես տարածվել էր և փոխել շատերի կյանքը։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ մեծ ուրախություն ապրեց այս ամուսնական զույգը։

13 Թագավորության լուրի՝ մարդկանց փոխելու անտեսանելի զորությունը երևում է նաև այն երկրներում, որտեղ քարոզչական գործն արգելված է։ Դժվար է իմանալ, թե բարի լուրը ինչ չափով է տարածվում նման երկրներում, բայց հաճախ արդյունքներն ուղղակի ապշեցնում են։ Նկատի առնենք Կուբայի օրինակը։ Բարի լուրն այս երկրում սկսեց քարոզվել 1910թ.-ին։ 1913թ.-ին եղբայր Ռասելը այցելեց Կուբա։ Սկզբում աճը դանդաղ էր ընթանում։ Իսկ ի՞նչ ենք այժմ տեսնում Կուբայում։ Ավելի քան 96000 քարոզիչներ քարոզում են բարի լուրը, իսկ 2013թ.-ին Հիշատակի երեկոյին ներկա էր 229726 հոգի, այսինքն՝ կղզու յուրաքանչյուր 48 բնակչից մեկը։ Անգամ այն երկրներում, որտեղ քարոզչությունն արգելքի տակ չէ, Թագավորության լուրը հասնում է այնպիսի վայրեր, որտեղ տեղի Վկաների կարծիքով՝ չի քարոզվում * (Ժող. 8։7; 11։5

14, 15. ա) Ի՞նչ ենք սովորում թթխմորի մասին առակից։ բ) Ի՞նչ է այն սովորեցնում մեզ Եհովայի և Հիսուսի մասին։

14 Ի՞նչ ենք սովորում թթխմորի մասին առակից։ Երբ խորհրդածում ենք Հիսուսի այս առակի շուրջ, հասկանում ենք, որ կարիք չկա չափազանց անհանգստանալու, թե ինչպես է բարի լուրը հասնելու  միլիոնավոր մարդկանց, ովքեր դեռ չեն լսել այն։ Եհովան ամեն բան վերահսկում է։ Իսկ մե՞նք ինչ պետք է անենք։ Աստծու Խոսքն ասում է. «Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր, որովհետև չգիտես, թե որտեղ այն կհաջողվի, այստե՞ղ, թե՞ այնտեղ, կամ գուցե երկուսն էլ լավ կլինեն» (Ժող. 11։6)։ Միևնույն ժամանակ չպետք է մոռանանք աղոթել, որ քարոզչական գործը հաջողություն ունենա, հատկապես այն երկրներում, որտեղ քարոզչությունն արգելված է (Եփես. 6։18–20

15 Բացի այդ, պետք չէ վհատվել, եթե մեր գործի արդյունքները սկզբում չեն երևում։ Մենք երբեք չպետք է «արհամարհենք փոքր ձեռնարկումների օրը» (Զաք. 4։10)։ Արդյունքներն, ի վերջո, մեր սպասածից ավելի մեծ և հրաշալի կարող են լինել (Սաղ. 40։5; Զաք. 4։7

ՃԱՄՓՈՐԴՈՂ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ ԵՎ ԹԱՔՑՐԱԾ ԳԱՆՁԸ

16. Ո՞րն է ճամփորդող վաճառականի և թաքցրած գանձի մասին առակների իմաստը։

16 Կարդա՛ Մատթեոս 13։44–46։ Ո՞րն է ճամփորդող վաճառականի և թաքցրած գանձի մասին առակների իմաստը։ Հիսուսի օրերում որոշ վաճառականներ ճանապարհորդում էին շատ հեռու, անգամ մինչև Հնդկական օվկիանոս, որպեսզի ձեռք բերեին լավագույն մարգարիտները։ Այս առակում վաճառականը ներկայացնում է ազնվասիրտ մարդկանց, որոնք մեծ ջանքեր են թափում, որպեսզի բավարարեն իրենց հոգևոր կարիքները։ «Թանկարժեք մարգարիտը» ներկայացնում է Թագավորության անգին ճշմարտությունը։ Հասկանալով այդ մարգարտի արժեքը՝ վաճառականը պատրաստ էր «իսկույն» վաճառելու իր ողջ ունեցվածքը, որպեսզի կարողանար գնել այն։ Հիսուսը խոսեց նաև արտում աշխատող մի մարդու մասին, ով «թաքցրած» գանձ է գտնում։ Ի տարբերություն վաճառականի՝ այս մարդը գանձ չէր փնտրում։ Սակայն վաճառականի նման՝ նա պատրաստ էր վաճառելու «իր ողջ ունեցվածքը»՝ այն ձեռք բերելու համար։

17. Ինչո՞ւ Հիսուսը պատմեց ճամփորդող վաճառականի և թաքցրած գանձի մասին առակները։

17 Ինչո՞ւ Հիսուսը պատմեց այս երկու առակները։ Նա ցույց տվեց, որ մարդիկ ճշմարտությունը տարբեր ձևերով են գտնում։ Ոմանք որոնում և «երկար ճանապարհներ են անցնում», որպեսզի գտնեն այն։ Մյուսներն էլ չեն փնտրում ճշմարտությունը, բայց գտնում են՝ թերևս լսելով բարի լուրը ինչ-որ մեկից։ Անկախ նրանից, թե ինչպես են իմացել ճշմարտությունը, այս մարդիկ հասկանում են իրենց գտածի արժեքը և հսկայական զոհողություններ են անում, որպեսզի ձեռք բերեն այդ գանձը։

18. ա) Ի՞նչ ենք սովորում այս երկու առակներից։ բ) Ի՞նչ են դրանք սովորեցնում մեզ Եհովայի և Հիսուսի մասին։

18 Ի՞նչ ենք սովորում այս երկու առակներից (Մատթ. 6։19–21)։ Ինքդ քեզ հարցրու. «Ունե՞մ այնպիսի տրամադրվածություն, ինչպիսին որ առակում նշված մարդիկ ունեին։ Թա՞նկ եմ գնահատում ճշմարտությունը։ Պատրա՞ստ եմ զոհողություններ անելու այն «ձեռք բերելու» համար, թե՞ թույլ եմ տալիս որ ուրիշ բաներ, օրինակ՝ առօրյա հոգսերը, շեղեն ինձ» (Մատթ. 6։22–24, 33; Ղուկ. 5։27, 28; Փիլիպ. 3։8)։ Որքան մեծ լինի մեր ուրախությունը ճշմարտությունը գտնելու համար, այնքան ավելի ամուր կլինի մեր վճռականությունը այն մեր կյանքում առաջին տեղում դնելու։

19. Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ հոդվածում։

19 Թող որ ցույց տանք, որ լսել ու իսկապես հասկացել ենք Թագավորության մասին այս առակների իմաստը։ Հիշի՛ր, դու ցույց կտաս, որ հասկացել ես դրանց նշանակությունը, եթե ոչ միայն իմանաս դրանք, այլև կիրառես այն, ինչ սովորել ես։ Հաջորդ հոդվածում կուսումնասիրենք ևս երեք առակ և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել դրանցից։

^ պարբ. 13 Նման դեպքեր տեղի են ունեցել Արգենտինայում («Տարեգիրք», 2001թ., 186-րդ էջի շրջանակ, անգլ., ռուս.), Արևելյան Գերմանիայում («Տարեգիրք», 1999թ., էջ 83, անգլ., ռուս.), Պապուա Նոր Գվինեայում («Տարեգիրք», 2005թ., էջ 63, անգլ., ռուս.) և Ռոբինզոն Կրուզո կղզում («Դիտարան», 2000թ., հունիսի 15, էջ 9