Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ նկատի ուներ Երեմիան, երբ ասաց, որ Ռաքելը լաց է լինում իր որդիների վրա։

Երեմիա 31։15-ում կարդում ենք. «Այսպես է ասում Եհովան. «Մի ձայն է լսվում Ռամայում՝ ողբի և դառնագին լացի ձայն. Ռաքելը լաց է լինում իր որդիների վրա։ Նա չի ուզում մխիթարվել, որովհետև իր որդիներն այլևս չկան»»։

Ռաքելի երկու որդիները նրանից շուտ չեն մահացել։ Ուստի այն, ինչ Երեմիան գրել է Ռաքելի մահից մոտ 1000 տարի հետո, գուցե սխալ թվա մեզ։

Ռաքելի առաջին որդին Հովսեփն էր (Ծննդ. 30։22–24)։ Հետագայում նա մի որդի էլ ունեցավ, որի անունը Բենիամին դրեց։ Բենիամինի ծնվելու ժամանակ Ռաքելը մահացավ։ Ուստի հարց է առաջանում. «Ինչո՞ւ է Երեմիա 31։15-ում ասվում, որ «Ռաքելը լաց է լինում իր որդիների վրա.... որովհետև իր որդիներն այլևս չկան»»։

Հովսեփը երկու որդի ունեցավ՝ Մանասեն ու Եփրեմը (Ծննդ. 41։50–52; 48։13–20)։ Ժամանակի ընթացքում Եփրեմը դարձավ Իսրայելի հյուսիսային թագավորության ամենանշանավոր և ամենաազդեցիկ ցեղը։ Այն ներկայացնում էր հյուսիսային թագավորության բոլոր տասը ցեղերին։ Ռաքելի երկրորդ որդի Բենիամինից առաջ եկավ մի ցեղ, որը դարձավ հարավային թագավորության մի մասը։ Ուստի կարելի է ասել, որ Ռաքելը խորհրդանշում էր Իսրայելի բոլոր մայրերին՝ թե՛ հյուսիսային, թե՛ հարավային թագավորության։

Երբ գրվում էր «Երեմիա» գիրքը, Իսրայելի տասցեղ թագավորությունն արդեն նվաճվել էր Ասորեստանի կողմից, ու ժողովրդի մեծ մասը գերեվարվել էր։ Սակայն Եփրեմի ցեղից մի որոշ մաս փախել էր Հուդա։ 607թ.-ին բաբելոնացիները նվաճեցին հարավային երկցեղ թագավորությունը և գերիներ վերցրին։ Այս գերեվարվածներից շատերը տարվեցին Ռամա, որը Երուսաղեմից մոտ 8 կիլոմետր դեպի հյուսիս էր գտնվում (Երեմ. 40։1)։ Հավանաբար ոմանց սպանեցին այնտեղ՝ Բենիամինի տարածքում, որտեղ թաղված էր Ռաքելը (1 Սամ. 10։2)։ Ուստի Ռաքելի լաց լինելը կարող է վերաբերել այն ողբին, որ արվեց առհասարակ բոլոր Բենիամինյանների համար, կամ նրանց համար, ովքեր սպանվեցին Ռամայում։ Հնարավոր է նաև՝ Երեմիայի խոսքերը վերաբերել են Իսրայելի բոլոր մայրերին, ովքեր լաց էին լինում Աստծու ժողովրդի մահվան և գերեվարման համար։

Ամեն դեպքում, Ռաքելի լաց լինելու մասին Երեմիայի խոսքերը մարգարեական նշանակություն ունեին։ Դրանք կատարվեցին դարեր անց, երբ մանուկ Հիսուսի կյանքը վտանգի տակ էր։ Հերովդես թագավորը հրամայել էր Բեթլեհեմում (գտնվում էր Երուսաղեմի հարավային մասում) սպանել մինչև 2 տարեկան բոլոր տղա երեխաներին։ Պատկերացրու մայրերի աղեկտուր ողբի ձայնը. նրանց տղա երեխաներն «այլևս չկային», նրանք մեռած էին։ Ողբի այդ ձայնը ասես լսվում էր մինչև Ռամա, որը Երուսաղեմի հյուսիսային մասում էր (Մատթ. 2։16–18

Հետևաբար, թե՛ Երեմիայի, թե՛ Հիսուսի օրերում Ռաքելի լացը խորհրդանշում էր հրեա մայրերի սուգը իրենց երեխաների կոտորածի համար։ Ինչ խոսք, նրանք, ովքեր մահացան և գնացին «թշնամու երկիր», հարության ժամանակ կվերադառնան (Երեմ. 31։16; 1 Կորնթ. 15։26