Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ի՞նչն է մղում շատերին մտածելու, որ գոյություն ունի Արարիչ

Կյանքն իսկապես հրաշք է

Մոտ 3000 տարի առաջ մի բանաստեղծ գրեց. «Զարմանալի կերպով եմ ստեղծված» (Սաղմոս 139։14)։ Երբ մտածում եք այն մասին, թե ինչպես է մի բջջից երեխա ձևավորվում, մի՞թե դա ակնածանք չի ներշնչում ձեզ։ Շատերը համոզված են, որ Աստված է ստեղծել բոլոր կենդանի էակներին (կարդա՛  Սաղմոս 139։13–17; Եբրայեցիներ 3։4)։

Նա, ով արարել է տիեզերքը և երկրի վրա բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, սկիզբ է տվել նաև կյանքին (Սաղմոս 36։9)։ Այդ անձնավորությունը մարդկությանը հայտնել է իր մասին (կարդա՛  Եսայիա 45։18)։

Մենք կենդանիների՞ց ենք առաջացել

Մեր և կենդանիների մարմնի կառուցվածքի միջև շատ նմանություններ կան։ Պատճառն այն է, որ Արարիչը թե՛ մարդկանց և թե՛ կենդանիներին այնպես է ստեղծել, որ նրանք կարողանան ապրել երկրի վրա։ Բայց Աստված առաջին մարդուն ստեղծել է ոչ թե կենդանուց, այլ հողից (կարդա՛  Ծննդոց 1։24; 2։7)։

Մարդիկ կենդանիներից տարբերվում են երկու հիմնական կերպերով։ Առաջին՝ մարդիկ ունակ են ճանաչելու, սիրելու Արարչին և հարգանք տածելու նրա հանդեպ։ Եվ երկրորդ՝ կենդանիները այնպես չեն ստեղծված, որ հավիտյան ապրեն, մինչդեռ մարդիկ կարող են հավիտյան ապրել։ Սակայն քանի որ առաջին մարդը չհնազանդվեց Ստեղծչի տված առաջնորդությանը, բոլոր մարդկանց ժառանգաբար մահ փոխանցվեց (կարդա՛  Ծննդոց 1։27; 2։15–17)։