Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անակնկալ նվեր Ճապոնիայի համար

Անակնկալ նվեր Ճապոնիայի համար

2013 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 28-ին Նագոյայում (Ճապոնիա) տեղի ունեցած մի հատուկ հանդիպման ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը մի հայտարարությամբ անակնկալի բերեց ունկնդիրներին. նա հայտարարեց, որ ճապոներենով լույս է տեսել մի նոր հրատարակություն՝ «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի»։ 210000 ունկնդիրներ՝ ներկաները և ինտերնետային հեռարձակմամբ լսողները, բուռն ծափահարություններով ողջունեցին այն։

Մատթեոսի Ավետարանի այս տարբերակը (128 էջ), որը վերատպվել է ճապոներեն «Նոր աշխարհ» թարգմանությունից, յուրօրինակ է։ Եղբայր Մորիսը բացատրեց, որ այն նախատեսված է ճապոնացիների հոգևոր կարիքները բավարարելու համար։ Իսկ ի՞նչ առանձնահատկություններ ունի Աստվածաշնչի այս գիրքը։ Ինչո՞ւ այն հրատարակվեց և ինչպե՞ս ընդունվեց։

Ի՞ՆՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

Ճապոնական հիերոգլիֆները կարելի է շարել ուղղահայաց կամ հորիզոնական։ Հորիզոնական շարվածք ունեն շատ քիչ տպագրված նյութեր, այդ թվում մեր վերջին հրատարակությունները։ Այս նոր հրատարակության տեքստը ուղղահայաց է, ինչը անակնկալ էր ունկնդիրների համար։ Ի դեպ, գրքի ձևաչափը նման է ճապոնական բազմաթիվ թերթերի և գրական ստեղծագործությունների շարվածքին։ Շատ ճապոնացիների համար շարվածքի այս տեսակը դյուրընթեռնելի է։ Հարկ է նշել նաև, որ տեքստում էջախորագրերը դրված են որպես ենթավերնագրեր, ինչի շնորհիվ ընթերցողները հեշտությամբ տեսնում են գլխավոր մտքերը։

Ճապոնիայի մեր եղբայրներն ու քույրերը անմիջապես սկսեցին կարդալ այս գիրքը։ 80-ամյա մի քույր ասաց. «Նախկինում շատ եմ կարդացել Մատթեոսի Ավետարանը, բայց ուղղահայաց տեքստի, ինչպես նաև ենթավերնագրերի շնորհիվ ավելի լավ հասկացա Լեռան քարոզը»։ Իսկ մի երիտասարդ քույր գրեց. «Մի շնչով կարդացի Ավետարանը։ Ես սովոր եմ հորիզոնական շարվածքին, բայց բազմաթիվ ճապոնացիներ նախընտրում են ուղղահայաց տարբերակը»։

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչո՞ւ է Աստվածաշնչի այս գիրքը հատկապես օգտակար ճապոնացիների հոգևոր կարիքները բավարարելու համար։ Թեև ճապոնացիներից շատերը ծանոթ չեն Աստվածաշնչին, նրանք այն կարդալու ցանկություն ունեն։ Այն մարդիկ, ովքեր Աստվածաշունչ երբեք չեն տեսել, այժմ հնարավորություն ունեն իրենց ձեռքերում ունենալու դրա մի մասը և կարդալու այն։

Իսկ ինչո՞ւ ընտրվեց հենց Մատթեոսի Ավետարանը։ «Աստվածաշունչ» բառը ճապոնացիների մեծ մասին հիշեցնում է Հիսուս Քրիստոսին։ Ուստի ընտրվեց այս գիրքը, քանի որ այն պարունակում է Հիսուսի տոհմաբանությունը, ծնունդը, Լեռան քարոզը և վերջին օրերի մասին նրա ասած մարգարեությունները. թեմաներ, որոնք հետաքրքրում են բազմաթիվ ճապոնացիների։

Ճապոնիայում Թագավորության քարոզիչները սկսեցին եռանդորեն տարածել այս նոր հրատարակությունը տնետան ժամանակ և վերայցելություններ անելիս։ Մի քույր գրեց. «Այժմ ես ավելի շատ հնարավորություններ ունեմ Աստծու Խոսքը մեր տարածքի մարդկանց հայտնելու։ Այդ հատուկ հանդիպման օրը՝ կեսօրին, ես արդեն Մատթեոսի Ավետարանի մեկ օրինակ տարածել էի»։

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆԴՈՒՆՎԵՑ

Իսկ ինչպե՞ս են քարոզիչները այս հրատարակությունը առաջարկում մարդկանց։ Բազմաթիվ ճապոնացիների ծանոթ են հետևյալ արտահայտությունները՝ «նեղ դուռ», «մարգարիտներ՝ խոզերի առաջ», «երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին» (Մատթ. 6։34; 7։6, 13)։ Նրանք զարմանում են, երբ իմանում են, որ դրանք Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ Շատերը, տեսնելով այս խոսքերը Մատթեոսի Ավետարանում, ասում են. «Ես միշտ ցանկացել եմ գոնե մեկ անգամ կարդալ Աստվածաշունչը»։

Երբ քարոզիչները վերայցելություններ են անում, Մատթեոսի Ավետարանը վերցրած մարդիկ հաճախ ասում են, որ իրենք անմիջապես ընթերցել են այն. ոմանք՝ որոշ հատվածներ, ոմանք՝ ամբողջությամբ։ 60-ամյա մի տղամարդ քարոզիչներից մեկին ասաց. «Ես բազմաթիվ անգամներ կարդացել եմ այն և մխիթարվել։ Խնդրում եմ, ինձ ավելի շատ բան սովորեցրեք Աստվածաշնչի մասին»։

Այս նոր հրատարակությունը առաջարկվում է նաև հրապարակային վկայության ժամանակ։ Մի քույր ծառայության ընթացքում իր էլեկտրոնային հասցեն տվեց մի երիտասարդ կնոջ, որը վերցրել էր Մատթեոսի Ավետարանը։ Մի ժամ հետո այդ կինը նամակ գրեց՝ հայտնելով, որ կարդացել է գրքի մի մասը և ցանկանում է ավելին իմանալ։ Մեկ շաբաթ հետո նրա հետ արդեն Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացվում, և կարճ ժամանակ անց նա սկսեց հաճախել հանդիպումներին։

«Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի ավելի քան 1600000 օրինակ ուղարկվել է Ճապոնիայի ժողովներին, և ամեն ամիս Վկաները տասնյակ հազարավոր օրինակներ են տարածում։ Գրքի նախաբանում հրատարակիչները հետևյալն են գրել. «Հուսով ենք՝ այս հրատարակությունը կմեծացնի Աստվածաշնչի հանդեպ ձեր հետաքրքրությունը»։