Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Շատ կարևոր ժամանակաշրջան»

«Շատ կարևոր ժամանակաշրջան»

1870 ԹՎԱԿԱՆԻՆ մի փոքր խումբ Պիտսբուրգում (Ալեգեյնի) (Փենսիլվանիա նահանգ, ԱՄՆ) սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Չարլզ Թեյզ Ռասելի գլխավորությամբ՝ նրանք ուսումնասիրեցին փրկանքի թեման և շուտով հասկացան, որ այն կարևոր դեր ունի Եհովայի նպատակի իրագործման մեջ։ Նրանք անչափ տպավորվեցին՝ իմանալով, որ փրկանքը մարդկանց փրկության հնարավորություն է տալիս, նույնիսկ նրանց, ովքեր դեռ չեն լսել Հիսուսի մասին։ Երախտագիտությունից մղված՝ նրանք սկսեցին ամեն տարի նշել Հիսուսի մահը՝ նրան հիշելու համար (1 Կորնթ. 11։23–26

Եղբայր Ռասելը սկսեց տպագրել «Սիոնի Դիտարանը», որը պաշտպանում էր փրկանքի ուսմունքը՝ փրկանքը համարելով Աստծու սիրո մեծագույն դրսևորում։ «Դիտարան» ամսագիրը Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանը անվանեց «շատ կարևոր ժամանակաշրջան» և ընթերցողներին հորդորեց առանձին խմբերով նշել այն թե՛ Պիտսբուրգում, թե՛ այլ վայրերում։ «Նույնիսկ եթե երկու կամ երեք հոգի նույն պատվական հավատից լինեն», անգամ եթե միայն մեկը լինի, նրանք «սրտով միասնության մեջ կլինեն Տիրոջ հետ»։

Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ էին գալիս Պիտսբուրգ՝ Հիշատակի երեկոյին մասնակցելու։ Հրավիրատոմսում գրված էր. «Ջերմ սիրտ ունեցող մարդիկ ձեզ գրկաբաց կընդունեն»։ Իսկապես, տեղի Աստվածաշունչ ուսումնասիրողները պատրաստակամորեն հյուրընկալեցին իրենց հոգևոր եղբայրներին ու քույրերին՝ ապահովելով նրանց ծածկով և սննդով։ 1886թ.-ին Հիշատակի երեկոյից հետո կայացավ «Ընդհանուր հանդիպում», որը տևեց մի քանի օր։ «Դիտարանը» կոչ արեց. «Եկե՛ք՝ ձեր սրտերը Տիրոջ, նրա եղբայրների ու նրա ճշմարտության հանդեպ սիրով լցված»։

«Լոնդոնյան խորանում» Հիշատակի երեկոյի խորհրդանիշները փոխանցելու գծագիր

Տարիներ շարունակ Աստվածաշունչ ուսումնասիրողները Պիտսբուրգում համաժողովներ էին կազմակերպում նրանց համար, ովքեր հավատում էին փրկանքին և այնտեղ էին գալիս Հիշատակի երեկոյին մասնակցելու նպատակով։ Մինչ Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվն աճում էր, ամբողջ աշխարհում Հիշատակի երեկոն ավելի մեծ ու ավելի շատ խմբերով էր անցկացվում։ Ռեյ Բոպը Չիկագո էկլեսիայից (ժողովից) ասաց, որ 1910-ականներին ժամեր էր տևում մինչև հարյուրավոր ներկաներ փոխանցում էին խորհրդանիշները, քանի որ գրեթե բոլորը օգտվում էին դրանցից։

Իսկ ի՞նչ խորհրդանիշներ էին օգտագործվում։ Ճիշտ է, «Դիտարանում» նշվում էր, որ Հիսուսը Տիրոջ ընթրիքի ժամանակ գինի է օգտագործել, բայց մի որոշ ժամանակ այն առաջարկում էր գինու փոխարեն օգտագործել խաղողների կամ եփած չամիչների հյութը՝ «մարմնում տկարներին» չգայթակղելու համար։ Այնուամենայնիվ, ովքեր կարծում էին, որ «հարկավոր է գինի օգտագործել», նրանց գինի էին տալիս։ Աստվածաշունչ ուսումնասիրողները հետագայում հասկացան, որ Հիսուսի արյան համապատասխան խորհրդանիշը անաղարտ կարմիր գինին է։

Նիկարագուայի բանտերից մեկում այս թուղթն ու մատիտը փոխանցվում էր մի բանտախցից մյուսը՝ Հիշատակի երեկոյի ներկաների թիվը գրանցելու համար

Հիսուսի մահը նշելը լրջորեն խորհրդածելու հնարավորություն տվեց։ Որոշ ժողովներում, սակայն, տխուր մթնոլորտ էր տիրում, և երբ ծրագիրն ավարտվում էր, բոլորը հեռանում էին՝ առանց որևէ խոսք ասելու։ 1934թ.-ին «Եհովա» գրքում ասվեց, որ Հիշատակի երեկոն պետք է անցկացվի ոչ թե «տխրելով» Հիսուսի տանջալից մահվան համար, այլ «ուրախանալով», որ 1914թ.-ից սկսած՝ նա Թագավոր է դարձել։

Մորդովիայի (Ռուսաստան) ուղղիչ աշխատանքային ճամբարում եղբայրները հավաքվել են, որպեսզի նշեն Հիշատակի երեկոն, 1957թ.

1935թ.-ին շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ, ինչը անդրադարձավ Հիշատակի երեկոյի անցկացման ձևի վրա. վերաճշտվեց Հայտնություն 7։9-ում նշված «մեծ բազմության» վերաբերյալ հասկացողությունը։ Մինչ այդ Եհովայի ծառաները կարծում էին, որ այս խումբը բաղկացած է նվիրված քրիստոնյաներից, որոնք պակաս եռանդուն են։ Իսկ այժմ այս բազմության անդամները բնորոշվեցին որպես հավատարիմ երկրպագուներ, որոնք հույս ունեն ապրելու դրախտային երկրի վրա։ Այս վերաճշտմանը հետևելով՝ Ռասել Փոգենսին խոր ինքնաքննություն արեց և եկավ հետևյալ եզրակացության. «Եհովան իմ մեջ սուրբ ոգու միջոցով երկնային հույս չի արթնացրել»։ Եղբայր Փոգենսին և նրա նման բազմաթիվ այլ հավատարիմներ դադարեցին խորհրդանիշներից օգտվելուց, բայց շարունակեցին ներկա գտնվել Հիշատակի երեկոյին։

Այս «շատ կարևոր ժամանակաշրջանում» հատուկ քարոզարշավները բոլորին լավ հնարավորություն տվեցին ցույց տալու իրենց երախտագիտությունը փրկանքի համար։ 1932թ. «Տեղեկագիր» թերթիկում քրիստոնյաներին հորդոր տրվեց չլինել «Հիշատակի երեկոյի սրբեր», այսինքն՝ այնպիսի քրիստոնյաներ, որոնք օգտվում էին խորհրդանիշներից, բայց «իսկական աշխատողներ» չէին, այսինքն՝ չէին մասնակցում բարի լուրի քարոզչությանը։ Իսկ 1934թ. «Տեղեկագիր» թերթիկում ասվում էր, որ «ենթառահվիրաների» կարիք կա։ Դրանում տրվում էր հետևյալ հարցը. «1000 հոգի կցուցակագրվի՞ Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանում»։ Իսկ օծյալների հետ կապված «Տեղեկատու» * թերթիկում ասվում էր. «Նրանց ուրախությունը լիակատար կլինի միայն այն դեպքում, եթե նրանք մասնակցեն Թագավորության մասին վկայելու գործին»։ Հետագայում նույնը ճշմարիտ էր լինելու նաև երկրային հույս ունեցողների պարագայում։

Հարոլդ Քինգը, երբ մենախցում էր, Հիշատակի երեկոյի վերաբերյալ բանաստեղծություններ և երգեր գրեց

Բոլոր Եհովայի վկաների համար Հիշատակի երեկոն ամենասուրբ երեկոն է տարվա մեջ։ Նրանք նշում են այն նույնիսկ դժվարին հանգամանքներում։ Օրինակ՝ 1930թ.-ին Փերլ Ինգլիշը և նրա քույրը՝ Օրան, քայլեցին մոտ 80 կիլոմետր, որպեսզի ներկա լինեն Հիշատակի երեկոյին։ Իսկ միսիոներ Հարոլդ Քինգը, երբ Չինաստանի բանտերից մեկի մենախցում էր, Հիշատակի երեկոյի վերաբերյալ գրեց բանաստեղծություններ և երգեր։ Նա սև հաղարջից և բրնձից Երեկոյի խորհրդանիշներ պատրաստեց։ Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ամերիկայում և Աֆրիկայում քաջ քրիստոնյաները, չնայած պատերազմական իրավիճակներին և արգելքներին, համարձակորեն նշել են Հիսուսի մահը։ Անկախ մեր գտնվելու վայրից և հանգամանքներից՝ մենք հավաքվում ենք, որպեսզի փառաբանենք Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին Հիշատակի երեկոյի կարևոր ժամանակաշրջանում։

^ պարբ. 10 «Տեղեկագիր» թերթիկը հետագայում կոչվեց «Տեղեկատու», այժմ՝ «Մեր թագավորական ծառայությունը»։