Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիմք նախապատրաստվեց, որ ազգերը «սովորեն Եհովայի մասին»

Հիմք նախապատրաստվեց, որ ազգերը «սովորեն Եհովայի մասին»

«Պրոկոնսուլը հավատացյալ դարձավ, քանի որ հիացած էր այն ամենով, ինչ սովորել էր Եհովայի մասին» (ԳՈՐԾ. 13։12)։

1–3. Ինչո՞ւ Հիսուսի աշակերտների համար հեշտ չէր բարի լուրը քարոզել «բոլոր ազգերին»։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ իր հետևորդներին մեծ գործ հանձնարարեց՝ պատվիրելով. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք»։ Այս գործն անելով՝ նրանք Թագավորության բարի լուրը ի վերջո քարոզելու էին «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14; 28։19

2 Աշակերտները սիրում էին Հիսուսին և բարի լուրը։ Բայց հավանաբար անհանգստանում էին, թե կկարողանան արդյոք կատարել իրենց հանձնարարությունը։ Նրանք թվով քիչ էին։ Հիսուսը, ում մասին նրանք քարոզում էին, որ Աստծու Որդին է, սպանվել էր։ Իսկ նրա աշակերտներին «անուսում և հասարակ մարդիկ» էին համարում (Գործ. 4։13)։ Բացի այդ, նրանք պետք է հայտնեին մի լուր, որը հակառակ էր այն ուսմունքներին, որ սովորեցնում էին ազդեցիկ կրոնական առաջնորդները, որոնք կրթվել էին հնուց եկած ավանդույթներով։ Իրենց հայրենի երկրում՝ Երուսաղեմում, Հիսուսի աշակերտները հարգանք չէին վայելում, ուստի գուցե մտածեին՝ կլինե՞ր որևէ մեկը, ով կլսեր իրենց հզոր Հռոմեական կայսրությունում։

3 Հիսուսն իր աշակերտներին նախազգուշացրել էր, որ մարդիկ նրանց ատելու էին, հալածելու էին, ոմանց էլ սպանելու էին (Ղուկ. 21։16, 17)։ Նրանք պայքարելու էին դավաճանության և սուտ մարգարեների դեմ, քարոզելու էին անօրենությամբ ողողված տարածքներում (Մատթ. 24։10–12)։ Եթե անգամ աշակերտների հայտնած լուրը ամենուր ընդունեին, ինչպե՞ս էին նրանք այն հասցնելու «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Նման դժվարությունները գուցե վհատեցնեին նրանց։

4. Ի՞նչ հաջողություններ ունեցան առաջին դարի աշակերտները քարոզչական գործում։

4 Ինչ մտահոգություններ էլ, որ աշակերտներն ունենային, նրանք բարի լուրը քարոզեցին ոչ միայն Երուսաղեմում և Սամարիայում, այլև այն ժամանակ հայտնի ողջ աշխարհում։ Չնայած դժվարություններին՝ բարի լուրը 30 տարվա ընթացքում «քարոզվեց երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին», և «ամբողջ աշխարհում այն պտուղ բերեց» (Կող. 1։6, 23)։ Օրինակ՝ երբ Պողոս առաքյալը քարոզեց Կիպրոս կղզում, «պրոկոնսուլ Սերգիոս Պողոսը.... հավատացյալ դարձավ, քանի որ հիացած էր այն ամենով, ինչ սովորել էր Եհովայի մասին» (կարդա՛  Գործեր 13։6–12

5. ա) Ինչո՞ւմ հավաստիացրեց Հիսուսը իր աշակերտներին։ բ) Ի՞նչ է ասվում մի գրքում առաջին դարի վերաբերյալ։

5 Հիսուսի աշակերտները գիտեին, որ իրենք չեն կարող իրենց ուժերով կատարել քարոզչական գործը։ Հիսուսն ասել էր, որ ինքը նրանց հետ կլինի, և որ սուրբ ոգին կաջակցի նրանց (Մատթ. 28։20)։ Ինչ-որ առումով այն ժամանակվա աշխարհում տիրող հանգամանքները նույնպես նպաստեցին Թագավորության քարոզչությանը։ Մի գրքում ասվում է. «Աշխարհի պատմության մեջ թերևս չի եղել ավելի հարմար ժամանակաշրջան նորաստեղծ Եկեղեցին ընդունելու, քան առաջին դարը.... Արդեն երկրորդ դարում քրիստոնյաները.... սկսեցին պնդել, թե աստվածային նախախնամությունն էր պատրաստել աշխարհը քրիստոնեության հայտնվելուն» (Evangelism in the Early Church)։

6. Ի՞նչ ենք քննելու ա) այս հոդվածում, բ) հաջորդ հոդվածում։

6 Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այն մասին, թե որքանով է Աստված միջամըտել իրադարձությունների զարգացմանը, որպեսզի առաջին դարում քարոզչական գործը ընդլայնվի։ Բայց մի բան պարզ է. Եհովան ուզում էր, որ բարի լուրը քարոզվեր, իսկ Սատանան՝ ոչ։ Այս հոդվածում կքննենք, թե ինչ գործոններ թերևս նըպաստեցին, որ քարոզչական գործը ավելի հեշտությամբ կատարվի առաջին դարում, քան որևէ այլ ժամանակաշրջանում։ Իսկ հաջորդ հոդվածում կքննենք որոշ գործոններ, որոնք օգնում են մեր օրերում հռչակելու բարի լուրը մինչև երկրի ծայրերը։

«ՊԱՔՍ ՌՈՄԱՆԱ»

7. Ի՞նչ է «Պաքս ռոմանա»-ն, և ինչո՞ւ է այն նշանակալից ժամանակաշրջան։

7 Որոշ առումներով առաջին դարի հռոմեական աշխարհը նպաստավոր էր քրիստոնյաների համար։ Օրինակ՝ Հռոմում խաղաղության ժամանակներ էին, կամ՝ «Պաքս ռոմանա»։ Իր հսկայական կայսրության տարածքում Հռոմը հարաբերական խաղաղություն էր հաստատել։ Ճիշտ է, «պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր» լսվում էին, ինչպես մարգարեացել էր Հիսուսը (Մատթ. 24։6)։ Օրինակ՝ հռոմեական զորքը 70թ.-ին կործանեց Երուսաղեմը, կայսրության սահմանամերձ տարածքներում զինված բախումներ եղան։ Բայց Միջերկրական ծովի շրջակա երկրներում իրավիճակը համեմատաբար խաղաղ էր։ Այս խաղաղ ժամանակաշրջանը, Հիսուսի ժամանակներից սկսած, տևեց մոտ 200 տարի։ Այս առնչությամբ մի գրքում ասվում է. «Մարդկության պատմության ընթացքում խաղաղությունը երբեք այդքան երկար չի տևել, ու էլ երբեք այն այդքան հաստատուն չէր լինելու այսքան շատ ժողովուրդների միջև»։

8. Ինչպե՞ս վաղ քրիստոնյաներն օգտվեցին համեմատաբար հանգիստ իրավիճակից։

8 Այս խաղաղ ժամանակաշրջանի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելով՝ երրորդ դարի աստվածաբան Օրիգենեսը գրեց. «Եթե շատ թագավորություններ լինեին, դա կխանգարեր Հիսուսի ուսմունքի տարածմանը ողջ աշխարհում.... քանի որ տղամարդկանց ամենուր կպարտադրեին զինվորական ծառայության գնալ և կռվել հանուն իրենց երկրի պաշտպանության.... Ինչպե՞ս կարող էր այս ուսմունքը, որը սովորեցնում է լինել խաղաղարար և նույնիսկ թույլ չի տալիս, որ մարդիկ վրեժ առնեն թշնամիներից, որևէ հաջողության հասնել, եթե միջազգային իրավիճակը ամենուր փոխված չլիներ և.... [չտիրեր այդ ժամանակների] խաղաղ մթնոլորտը»։ Թագավորության քարոզիչները հալածվում էին Հռոմեական կայսրությունում, բայց նրանք խաղաղարար էին և ակնհայտորեն օգտվեցին այդ ժամանակաշրջանի համեմատաբար հանգիստ իրավիճակից (կարդա՛  Հռոմեացիներ 12։18–21

ՀԵՇՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

9, 10. Ինչո՞ւ էր Հիսուսի աշակերտների համար հեշտ ճանապարհորդել Հռոմեական կայսրությունում։

9 Քրիստոնյաները նաև օգտվեցին հռոմեական ճանապարհաշինարարական համակարգից։ Իր ժողովորդին պաշտպանելու և վերահսկելու համար Հռոմը հզոր և լավ պատրաստված բանակ ուներ։ Որպեսզի զորքը կարողանար արագ տեղաշարժվել, լավ ճանապարհներ էին հարկավոր, իսկ հռոմեացիները այդ գործում հմուտ էին։ Հռոմեացի ինժեներները կառուցել էին ավելի քան 80000 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհների ցանց, որն իրար էր կապում գրեթե բոլոր պրովինցիաները։ Այդ ճանապարհները ձգվում էին անտառների միջով, հատում էին անապատները և անցնում լեռների վրայով։

10 Բացի ճանապարհային ցանցից, հռոմեացիները նաև ունեին նավարկելի գետեր ու ջրանցքներ, որոնց երկարությունը մոտ 27000 կիլոմետր էր։ Հռոմի նավերը նավարկում էին մոտ 900 ծովային ուղիներով, որոնք միացնում էին հարյուրավոր նավահանգիստներ։ Հետևաբար, քրիստոնյաները կարող էին ճանապարհորդել կայսրության ողջ տարածքով։ Դժվարություններ լինում էին, բայց Պողոս առաքյալը և ուրիշներ ճանապարհորդում էին առանց անձնագրերի և վիզաների, ուստի չկային նաև սահմանային և մաքսային անցակետեր։ Ավազակները վախենում էին Հռոմի պատժամիջոցներից, այդ պատճառով ճանապարհները համեմատաբար անվտանգ էին։ Ծովով ճանապարհորդելը նույնպես ապահով էր, քանի որ Հռոմի ռազմածովային նավատորմը պաշտպանում էր ճանապարհները ծովահեններից։ Թեև Պողոսը մի քանի անգամ նավաբեկության ենթարկվեց, և ծովում վտանգավոր իրավիճակներ եղան, Սուրբ Գիրքը չի ասում, որ նրա ճանապարհորդությունների ժամանակ ծովահենների հարձակումներ են եղել (2 Կորնթ. 11։25, 26

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ

Ձեռագիր մատյանի օգնությամբ շատ ավելի հեշտ էր գտնել որևէ սուրբգրային համար (տե՛ս պարբերություն 12)

11. Ինչո՞ւ աշակերտներն օգտագործեցին հունարենը։

11 Համահունական լեզուն, կամ՝ կոյնեն, նպաստեց քրիստոնեական ժողովների լավ հաղորդակցությանն ու միասնությանը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավների շնորհիվ հունարենը տարածված լեզու դարձավ։ Ուստի Աստծու ծառաները կարող էին հաղորդակցվել բոլոր տեսակի մարդկանց հետ։ Դա նպաստեց բարի լուրի տարածմանը։ Ավելին, Եգիպտոսում ապրող հրեաները Եբրայերեն Գրությունները թարգմանեցին հունարեն։ Մարդիկ ծանոթ էին «Յոթանասնից» կոչվող այս թարգմանությանը, և Քրիստոսի վաղ հետևորդները ազատորեն մեջբերումներ էին անում դրանից։ Բացի այդ, քրիստոնյաները հունարենով գրեցին գրքեր, որոնք հետագայում դարձան Աստվածաշնչի մի մասը։ Այս լեզուն շատ ընդարձակ բառապաշար ուներ և հարուստ էր այնպիսի բառերով, որոնցով հեշտ էր բացատրել հոգևոր բաները։

12. ա) Ի՞նչ է ձեռագիր մատյանը, և ի՞նչ առավելություններ ուներ այն։ բ) Ե՞րբ քրիստոնյաները սկսեցին լայնորեն օգտագործել ձեռագիր մատյանը։

12 Ինչպե՞ս էին քրիստոնյաները քարոզելիս օգտագործում Սուրբ Գրքերը։ Գլանաձև ձեռագրերից հեշտ չէր օգտվել կամ դրանք ինչ-որ տեղ տանել։ Ամեն անգամ պետք էր բացել և նորից փաթաթել։ Բացի այդ, սովորաբար գրված էր լինում փաթույթի մի կողմի վրա։ Միայն Մատթեոսի Ավետարանը մի ամբողջ փաթույթ էր։ Բայց հետագայում ի հայտ եկավ ձեռագիր մատյանը՝ գրքի նախատիպը։ Դա իրար միացված թերթերի հավաքածու էր։ Ընթերցողը կարող էր բացել այն և հեշտությամբ գտնել իր ուզած հատվածը։ Թեև ստույգ հայտնի չէ, թե երբ քրիստոնյաները սկսեցին օգտագործել ձեռագիր մատյանը, մի աշխատություն նշում է. «Երկրորդ դարում այնքան շատ էին քրիստոնյաներն օգտագործում ձեռագիր մատյանը, որ կարելի է ասել՝ դրան ծանոթ էին դեռ 100թ.-ից առաջ»։

ՀՌՈՄԵԱԿԱՆ ՕՐԵՆՔ

13, 14. ա) Ինչպե՞ս Պողոսն օգտվեց Հռոմի քաղաքացի լինելու հանգամանքից։ բ) Ինչպե՞ս հռոմեական օրենքն օգնեց քրիստոնյաներին։

13 Հռոմեական օրենքը գործում էր ամբողջ կայսրությունում, իսկ Հռոմի քաղաքացի լինելը անհատին իրավունքներ և անձեռնմխելիություն էր տալիս։ Պողոսը մի քանի անգամ օգտվեց Հռոմի քաղաքացի լինելու հանգամանքից։ Երբ առաքյալին ուզում էին Երուսաղեմում մտրակել, նա հարյուրապետին հարցրեց. «Օրենքով թույլատրելի՞ է արդյոք, որ խարազանեք մի մարդու, որը հռոմեացի է և դատապարտված չէ»։ Նման բան չէր թույլատրվում։ Երբ առաքյալն ասաց, որ ինքը ծնունդով հռոմեացի է, «մարդիկ, ովքեր պատրաստվում էին նրան չարչարելով հարցաքննելու, անմիջապես հեռացան նրանից, իսկ զորապետը վախեցավ, երբ պարզեց, որ [Պողոսը] հռոմեացի է և որ ինքը կապել է նրան» (Գործ. 22։25–29

14 Հռոմի քաղաքացի լինելն ազդեց այն բանի վրա, թե ինչպես Պողոսի հետ վարվեցին Փիլիպպեում (Գործ. 16։35–40)։ Եփեսոսում քաղաքի գրագիրը զայրացած ամբոխին հանգստացնելուց հետո նախազգուշացրեց, որ խախտվում է Հռոմի օրենքը (Գործ. 19։35–41)։ Ավելի ուշ Կեսարիայում Պողոսը, օգտվելով հռոմեական օրենքից, մի պահանջ ներկայացրեց, որը նրան հնարավորություն տվեց պաշտպանելու իր հավատը կայսրի առաջ (Գործ. 25։8–12)։ Փաստորեն, հռոմեական օրենքը հնարավոր դարձրեց, որ «բարի լուրը պաշտպանվի և օրինականապես հաստատվի» (Փիլիպ. 1։7

ՀՐԵԱՆԵՐԻ ՑՐՎԵԼԸ

15. Որտե՞ղ հրեական համայնքներ կային առաջին դարում։

15 Ինչ-որ առումով քրիստոնյաների համար քարոզչական գործը ավելի հեշտ էր կատարել նաև այն պատճառով, որ հրեական համայնքները ցրված էին ամբողջ հռոմեական աշխարհով։ Դարեր առաջ ասորեստանցիները, իսկ հետագայում բաբելոնացիները արտաքսեցին հրեաներին նրանց հայրենի երկրից։ Արդեն մ.թ.ա. հինգերորդ դարում Պարսկական կայսրության գավառներում 127 հրեական համայնք կար (Եսթ. 9։30)։ Իսկ երբ Հիսուսը երկրի վրա էր, հրեական համայնքներ կային Եգիպտոսում և Հյուսիսային Աֆրիկայի այլ մասերում, ինչպես նաև Հունաստանում, Փոքր Ասիայում և Միջագետքում։ Ըստ հաշվարկների՝ Հռոմեական կայսրությունում ապրում էր 60000000 մարդ, որոնցից ամեն տասնչորսերորդը հրեա էր։ Ուր էլ որ հրեաները գնում էին, իրենց հետ տանում էին իրենց կրոնը (Մատթ. 23։15

16, 17. ա) Ինչպե՞ս հրեաների ցրված լինելն օգտակար եղավ ոչ հրեաների համար։ բ) Ի՞նչ առումով աշակերտները ընդօրինակեցին հրեաներին։

16 Քանի որ հրեաները ցրված էին տարբեր երկրներում, շատ ոչ հրեաներ ծանոթացան Եբրայերեն Գրություններին։ Նրանք իմացան, որ կա միայն մեկ ճշմարիտ Աստված, և որ այն մարդիկ, ովքեր ծառայում են նրան, ունեն էթիկական և բարոյական բարձր չափանիշներ։ Իմացան նաև, որ Եբրայերեն Գրություններում շատ մարգարեություններ կան Մեսիայի վերաբերյալ (Ղուկ. 24։44)։ Ուստի երբ քրիստոնյաները սկսեցին քարոզել բարի լուրը, թե՛ հրեաները, թե՛ ոչ հրեաները արդեն ծանոթ էին նրանց սովորեցրած որոշ ուսմունքների։ Դրա շնորհիվ Պողոսը կարողացավ ընդհանուր եզրեր գտնել նրանց հետ, ում սրտերը ճիշտ էին տրամադրված արդարության հանդեպ։ Առաքյալը սովորություն ուներ հրեաների ժողովարաններ մտնելու և Սուրբ Գրքի օգնությամբ նրանց հետ տրամաբանելու (կարդա՛  Գործեր 17։1, 2

17 Հրեաները երկրպագության ձև էին հաստատել. նրանք կանոնավորաբար հավաքվում էին ժողովարաններում կամ բացօթյա հավաքատեղիներում։ Երգեր էին երգում, աղոթում էին և քննարկում էին Սուրբ Գրքերը։ Քրիստոսի աշակերտները հետևեցին նրանց օրինակին, և մերօրյա քրիստոնեական ժողովը նույնպես հետևում է երկրպագության այս ձևին։

ԵՀՈՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐ Է

18, 19. ա) Ինչի՞ն նպաստեցին առաջին դարի հանգամանքները։ բ) Այս նյութն ուսումնասիրելուց հետո ի՞նչ զգացումներ ունես Եհովայի հանդեպ։

18 «Պաքս ռոմանա»-ն, հեշտ ճանապարհորդելու հնարավորությունը, համընդհանուր լեզուն, հռոմեական օրենքը և հրեաների ցրված լինելը օգնեցին Հիսուսի աշակերտներին կատարելու իրենց աստվածատուր գործը։ Այո՛, հանգամանքների այս շղթան զարմանալի կերպով նպաստեց, որ բարի լուրը հաջողությամբ քարոզվի։

19 Հիսուսի՝ երկիր գալուց չորս դար առաջ հույն փիլիսոփա Պլատոնը իր գրական կերպարներից մեկի միջոցով հետևյալն ասաց. «Դժվար կլինի բացահայտել այս տիեզերքի արարչին և հորը։ Եթե անգամ գտնենք նրան, անհնար կլինի նրա մասին պատմել յուրաքանչյուր մարդու»։ Իսկ Հիսուսն ասաց. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է» (Ղուկ. 18։27)։ Տիեզերքի Արարիչն ուզում է, որ մարդիկ փնտրեն ու գտնեն իրեն։ Դեռ ավելին, նրա Որդին պատվիրեց իր հետևորդներին. «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։19)։ Եհովա Աստծու օգնությամբ հնարավոր է կատարել այդ հանձնարարությունը։ Հաջորդ հոդվածից կտեսնենք, թե ինչպես է կատարվում այդ գործը մեր օրերում։