Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀԻՍՈՒՍԸ ՓՐԿՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ. ԻՆՉԻ՞Ց

Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար

Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար

«Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես» (Գործեր 16։31

Այս խոսքերը ասել են Պողոս առաքյալն ու Շիղան Մակեդոնիայի Փիլիպպե քաղաքի մի բանտապետի։ Իսկ ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Որպեսզի հասկանանք, թե Հիսուսի հանդեպ հավատը ինչպես է կապված մահից ազատվելու հետ, նախ պետք է իմանաք, թե ինչու ենք մահանում։ Տեսնենք՝ ինչ է ասում Աստվածաշունչը։

Մարդիկ չպետք է մահանային

«Եհովա Աստված վերցրեց մարդուն ու նրան բնակեցրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա մշակի այն ու հոգ տանի նրան։ Նաև Եհովա Աստված մարդուն այս պատվերը տվեց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»» (Ծննդոց 2։15–17

Աստված առաջին մարդուն՝ Ադամին, բնակեցրեց Եդեմի պարտեզում՝ հարուստ կենդանական աշխարհ և գեղեցիկ բուսականություն ունեցող երկրային դրախտում։ Այնտեղ բազմաթիվ պտղատու ծառեր կային, որոնցից Ադամը կարող էր ազատորեն օգտվել։ Սակայն կոնկրետ մի ծառի վերաբերյալ Եհովա Աստված Ադամին հստակ ասաց, որ դրա պտղից չուտի, նաև զգուշացրեց, որ եթե ուտի, կմեռնի։

Անշուշտ, Ադամը հասկանում էր Աստծու տված պատվերը. նա գիտեր՝ ինչ է մահը, քանի որ տեսել էր, թե ինչպես են կենդանիները մահանում։ Եթե Ադամը ի սկզբանե այնպես էր ստեղծվել, որ պետք է մահանար, ապա Աստծու տված նախազգուշացումը իմաստ չէր ունենա։ Սակայն Ադամը հասկանում էր, որ եթե հնազանդվեր Աստծուն և չուտեր այդ ծառի պտղից, չէր մահանա, այլ կապրեր հավիտյան։

Ոմանք մտածում են, որ ծառը խորհրդանշում էր սեռական հարաբերությունները, բայց այդ տեսակետը ճիշտ չէ։ Ինչո՞ւ։ Եհովան ցանկանում էր, որ Ադամն ու իր կինը՝ Եվան, «բազմանան, շատանան, լցնեն երկիրը և տիրեն նրան» (Ծննդոց 1։28)։ Աստծու դրած արգելքը իրականում վերաբերում էր բառացի ծառի։ Եհովա Աստված այն անվանեց «բարին ու չարը գիտենալու ծառ», քանի որ այն խորհրդանշում էր ճիշտը ու սխալը որոշելու իր իրավունքը։ Չուտելով այդ ծառի պտղից՝ Ադամը ցույց կտար ոչ միայն իր հնազանդությունը, այլև իր երախտագիտությունը Աստծու հանդեպ, ով ստեղծել էր իրեն և առատորեն օրհնել։

Ադամը մահացավ, քանի որ չհնազանդվեց Աստծուն

«[Աստված] Ադամին ասաց. «Քանի որ.... կերար այն ծառից, որի մասին պատվիրել էի.... երեսիդ քրտինքով պիտի հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս»» (Ծննդոց 3։17, 19

Ադամը կերավ արգելված ծառից։ Այդ անհնազանդ քայլն անելով՝ նա լուրջ սխալ գործեց։ Այդպես նա ըմբոստացավ Եհովա Աստծու դեմ և ակնհայտորեն ցույց տվեց, որ չի գնահատում այն բոլոր լավ բաները, որ Աստված արել էր իր համար։ Ուտելով այդ պտղից՝ Ադամը մերժեց Եհովային և ընտրեց անկախության ուղի, որն աղետալի հետևանքներ էր բերելու։

Ճիշտ ինչպես Եհովան ասել էր, Ադամը մահացավ։ Աստված Ադամին ստեղծել էր «հողի փոշուց» և ասել էր, որ մահանալով՝ նա «դեպի հողը պիտի դառնա»։ Մահից հետո Ադամը չշարունակեց ապրել մեկ այլ ոլորտում կամ մեկ այլ մարմնով։ Նա դարձավ նույնքան անկենդան, որքան հողը, որից ստեղծվել էր (Ծննդոց 2։7; Ժողովող 9։5, 10

Մենք մահանում ենք, քանի որ Ադամից ենք սերել

«Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12

Ադամի անհնազանդությունը՝ մեղքը, լուրջ հետևանքներ ունեցավ։ Մեղք գործելով՝ նա կորցրեց ոչ թե պարզապես 70 կամ 80 տարվա կյանք, այլ հավիտենական կյանք։ Ավելին, նա կորցրեց իր կատարելությունը։ Այդուհետ, նա իր սերունդներին կարող էր փոխանցել միայն անկատարություն։

Բոլորս էլ Ադամից ենք սերել։ Ուստի անկախ մեր կամքից՝ նրանից ժառանգել ենք անկատարություն, մեղք գործելու հակում և մահ։ Այս իրավիճակը շատ լավ նկարագրեց Պողոս առաքյալը, որն ասաց. «Ես մարմնավոր եմ՝ մեղքին ծախված։ Ի՜նչ թշվառ մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ մահվան ենթակա այս մարմնից»։ Այս հարցի պատասխանը երևում է Պողոսի հաջորդ խոսքերից. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 7։14, 24, 25

Հիսուսը տվեց իր կյանքը, որ մենք հավիտյան ապրենք

«Հայրը իր Որդուն ուղարկեց՝ որպես աշխարհի Փրկչի» (1 Հովհաննես 4։14

Եհովա Աստված քայլեր ձեռնարկեց, որ ունենանք մեղքից և մահվան դատապարտությունից ազատվելու միջոց։ Նա իր սիրելի որդուն երկնքից ուղարկեց երկիր, որ վերջինս ծնվի որպես կատարյալ մարդ, ինչպիսին որ Ադամն էր։ Սակայն ի տարբերություն Ադամի՝ Հիսուսը «ոչ մի մեղք չգործեց» (1 Պետրոս 2։22)։ Քանի որ Հիսուսը կատարյալ էր, չէր գտնվում մահվան դատապարտության տակ և կարող էր ապրել հավիտյան։

Սակայն Եհովան թույլ տվեց, որ Հիսուսի հակառակորդները սպանեն նրան։ Երեք օր հետո Եհովան նրան հարություն տվեց, բայց որպես ոգեղեն անձնավորության, որպեսզի նա երկինք վերադառնա։ Այնտեղ Հիսուսը Աստծուն ներկայացրեց իր կատարյալ մարդկային կյանքի արժեքը, որ փոխհատուցի այն, ինչը կորցրել էր Ադամը։ Եհովան ընդունեց Հիսուսի տված զոհը և հավիտենական կյանք ստանալու հնարավորություն տվեց բոլոր նրանց, ովքեր կհավատան Հիսուսին (Հռոմեացիներ 3։23, 24; 1 Հովհաննես 2։2

Փաստորեն, Հիսուսը հետ բերեց այն, ինչը կորցրել էր Ադամը։ Հիսուսը մահացավ, որ մենք կարողանանք հավիտյան ապրել։ Աստվածաշունչն ասում է. «Հիսուսը.... մահը հանձն առավ, որպեսզի Աստծու անզուգական բարությամբ մահ ճաշակի ամեն մարդու համար» (Եբրայեցիներ 2։9

Եհովայի տված փրկության այս միջոցը շատ բան է հայտնում մեզ նրա մասին։ Աստծու արդարության չափանիշները շատ բարձր են, ուստի անկատար մարդիկ չէին կարող իրենք իրենց փրկագնել։ Սակայն սերն ու ողորմածությունը մղեցին Եհովային, որ իր միածին որդուն տա որպես փրկանք։ Այդպես նա պահեց իր բարձր չափանիշները, թեև դրա համար մեծ զոհողություն արեց (Հռոմեացիներ 5։6–8

Հիսուսը հարություն առավ, հարություն կառնեն նաև ուրիշները

«Քրիստոսը հարություն է առել՝ ննջեցյալների մեջ առաջին պտուղը։ Ինչպես որ մահն է մարդու միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն է մարդու միջոցով, որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթացիներ 15։20–22

Կասկած չկա, որ Հիսուսը ապրել է երկրի վրա և հետո մահացել։ Սակայն ի՞նչ փաստեր կան, որ նա հարություն է առել։ Ամենահամոզիչ ապացույցն այն է, որ հարություն առած Հիսուսը հայտնվել է բազմաթիվ մարդկանց տարբեր իրավիճակներում և տարբեր վայրերում։ Օրինակ՝ մի անգամ նա հայտնվեց ավելի քան 500 մարդկանց։ Պողոս առաքյալը գրեց այդ մասին կորնթացիներին ուղղած իր նամակում՝ նշելով, որ այդ ականատեսներից ոմանք դեռ ողջ են և կարող են վկայել այն մասին, ինչ տեսել ու լսել են (1 Կորնթացիներ 15։3–8

Երբ Պողոսը գրեց, որ Քրիստոսը ննջեցյալների մեջ «առաջին պտուղն է», դրանով ցույց տվեց, որ հետագայում ուրիշները նույնպես հարություն կառնեն։ Հիսուսը ինքն ասաց, որ կգա ժամանակ, «երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29

Հավիտենական կյանք ստանալու համար պետք է հավատ դրսևորենք Հիսուսի հանդեպ

«Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

Աստվածաշնչի առաջին էջերում խոսվում է այն մասին, թե ինչպես մարդիկ ընկան մահվան դատապարտության տակ և վտարվեցին Դրախտից։ Իսկ վերջին էջերում խոսվում է այն ժամանակների մասին, երբ մահը կոչնչանա, և Աստված երկրի վրա նորից կվերականգնի դրախտային պայմաններ։ Այդ ժամանակ մարդիկ հավիտյան կապրեն երջանիկ և իմաստալից կյանքով։ Հայտնություն 21։4-ում գրված է. «Մահ այլևս չի լինի»։ Այդ նույն գլխի 5-րդ համարը ցույց է տալիս, որ այս խոստումը վստահարժան է։ Այնտեղ ասվում է. «Այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։ Այո՛, Եհովան ի զորու է կատարելու իր բոլոր խոստումները։

Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ այս խոսքերը «հավատարիմ են ու ճշմարիտ»։ Դուք կարող եք ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի մասին և հավատ դրսևորել նրա հանդեպ։ Եթե այդպես վարվեք, կունենաք Եհովա Աստծու հավանությունը։ Նաև առատ օրհնություններ կվայելեք և հույս ձեռք կբերեք ապրելու դրախտ-երկրի վրա, որտեղ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չի լինի»։