Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Անցյալում մեր հրատարակությունների մեջ հաճախ էին բերվում նախապատկերների և պատկերների օրինակներ, բայց վերջին տարիներին հազվադեպ է նման բան արվում։ Ինչո՞ւ։

«Դիտարանի» 1950թ. սեպտեմբերի 15-ի համարում «նախապատկեր» և «պատկեր» բառերը սահմանվում են հետևյալ կերպ. «նախապատկերը ինչ-որ բանի նախօրինակն է, որը պետք է կատարվի ապագայի ինչ-որ ժամանակահատվածում։ Պատկերը իրողությունն է այն բանի, ինչ ներկայացնում է նախապատկերը։ Ուստի նախապատկերը կարելի է անվանել նախաշուք, իսկ պատկերը՝ իրողություն»։

Երկար տարիներ առաջ մեր հրատարակություններում նշվում էր, որ այնպիսի հավատարիմ կանայք ու տղամարդիկ, ինչպիսիք էին Դեբորան, Եղիուսը, Հեփթայեն, Հոբը, Ռախաբը, Ռեբեկան և շատ ուրիշներ իրականում եղել են օծյալների և «մեծ բազմության» նախապատկերը, կամ՝ նախաշուքը (Հայտն. 7։9)։ Օրինակ՝ մենք կարծում էինք, որ Հեփթայեն, Հոբը և Ռեբեկան ներկայացնում են օծյալներին, իսկ Դեբորան և Ռախաբը՝ մեծ բազմությանը։ Սակայն վերջին տարիներին նման համեմատություններ այլևս չենք անում։ Ինչո՞ւ։

ՆԱԽԱՊԱՏԿԵՐ

Հին Իսրայելում զոհաբերված Պասեքի գառը նախապատկեր էր (Թվեր 9։2)

ՊԱՏԿԵՐ

Պողոսն ասաց, որ Քրիստոսը «մեր Պասեքի գառն» է (1 Կորնթ. 5։7)

Աստվածաշունչը նշում է, որ որոշ մարդիկ նախապատկերել են ապագայի հետ կապված ինչ-որ ավելի մեծ բան։ Գաղատացիներ 4։21–31 համարներում Պողոս առաքյալը «խորհրդանշական իմաստ» ունեցող մի պատմություն է պատմում երկու կանանց մասին։ Հագարը՝ Աբրահամի աղախինը, խորհրդանշում է մարմնավոր Իսրայելին, որը Եհովայի հետ կապված էր Մովսիսական օրենքով։ Իսկ Սառան՝ «ազատ կինը», խորհրդանշում է Աստծու կնոջը՝ նրա կազմակերպության երկնային մասին։ Եբրայեցիներին գրած իր նամակում Պողոսը համեմատական է տանում թագավոր-քահանա Մելքիսեդեկի և Հիսուսի միջև՝ նշելով կոնկրետ նմանություններ, որ նրանք ունեին (Եբր. 6։20; 7։1–3)։ Բացի այդ, առաքյալը Եսայիային և նրա որդիներին համեմատում է Հիսուսի և նրա օծյալ հետևորդների հետ (Եբր. 2։13, 14)։ Պողոսը Աստծու ներշնչմամբ է գրել այս ամենը, ուստի կարող ենք վստահ լինել, որ նրա բերած համեմատությունները ճշգրիտ են։

Բայց նույնիսկ երբ Աստվածաշնչում նշվում է, որ ինչ-որ մեկը նախապատկերում է որևէ մեկին, մենք չպետք է եզրակացնենք, որ այդ անհատի կյանքում տեղի ունեցած ամեն մի մանրամասնություն կամ դեպք նույնպես ինչ-որ մեծ բանի նախապատկեր է։ Օրինակ՝ թեև Պողոսը նշում է, որ Մելքիսեդեկը նախապատկերում է Հիսուսին, նա ոչինչ չի ասում այն մասին, որ Մելքիսեդեկը հաց ու գինի բերեց Աբրահամին, երբ վերջինս հաղթել էր չորս թագավորների։ Ուստի սուրբգրային հիմք չկա այս միջադեպի հետևում թաքնված իմաստ փնտրելու (Ծննդ. 14։1, 18

Քրիստոսի մահվանը հաջորդող դարերում որոշ գրողներ ծուղակն էին ընկել. նրանք ամեն ինչում նախապատկերներ էին տեսնում։ Օրիգենեսի, Ամբրոսիոսի, Հերոնիմոսի ուսմունքների վերաբերյալ «Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանում» ասվում է. «Նրանք նախապատկերներ էին փնտրում և իհարկե գտնում էին դրանք Սուրբ Գրքում արձանագրված յուրաքանչյուր միջադեպի և դեպքի մեջ, որոնք սակայն այդքան էլ էական չէին։ Նույնիսկ կարծում էին, որ ամենապարզ և ամենասովորական իրավիճակներում թաքնված է ամենախորիմաստ ճշմարտությունը.... Ոմանք անգամ փորձում էին հասկանալ 153 ձկների թվի նշանակությունը, որ աշակերտները բռնել էին այն գիշեր, երբ նրանց հայտնվեց Փրկիչը»։

Իսկ այն արձանագրության մասին, որում պատմվում է, թե ինչպես Հիսուսը հինգ գարեհացով և երկու ձկով կերակրեց մոտ 5000 տղամարդու, Հիպպոյի եպիսկոպոս Օգոստինոսը ասաց, որ դա խորհրդանշական իմաստ ունի։ Քանի որ գարին ավելի ցածրակարգ է, քան ցորենը, նա եզրակացրեց, որ հինգ գարեհացը պետք է որ խորհրդանշեր Մովսեսի գրած հինգ գրքերը (ցածրակարգ գարին ներկայացնում էր «Հին կտակարանի» կարծեցյալ ստորադասությունը)։ Իսկ ի՞նչ ասաց երկու ձկների մասին։ Նա դրանք նմանեցրեց թագավորի և քահանայի։ Մեկ այլ աստվածաշնչագետ, որը սիրում էր նախապատկերներ և պատկերներ փնտրել, պնդում էր, թե այն, որ Հակոբը գնեց Եսավի առաջնեկությունը մի աման կարմրագույն ապուրի դիմաց, ներկայացնում է այն, որ Հիսուսը իր կարմիր արյամբ մարդկության համար գնեց երկնային կյանքի ժառանգությունը։

Նման մեկնաբանությունները գուցե հորինվածք թվան, և կարելի է հասկանալ, թե ինչու։ Պատճառն այն է, որ մարդիկ չեն կարող իմանալ, թե աստվածաշնչյան որ արձանագրություններն են գալիք բաների նախաշուքը, և որոնք՝ ոչ։ Ուստի ճիշտ կլինի հետևյալ մոտեցումն ունենալ. եթե Աստվածաշունչն ասում է, որ ինչ-որ մարդ, իրադարձություն կամ առարկա որևէ բանի նախապատկերն է, այդպես էլ ընդունենք դա։ Եվ խորհրդանշական իմաստ չվերագրենք աստվածաշնչյան որևէ արձանագրության, եթե սուրբգրային հիմք չկա դրա համար։

Ուրեմն ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Աստվածաշնչում արձանագրված իրադարձություններից և օրինակներից։ Հռոմեացիներ 15։4-ում կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք»։ Պողոսն ասում էր, որ առաջին դարում ապրած իր օծյալ եղբայրները կարող են ազդեցիկ դասեր քաղել այն իրադարձություններից, որոնք գրված են Սուրբ Գրքում։ Սակայն Աստծու ծառաները բոլոր սերունդներում, անկախ այն բանից՝ օծյալներ են, թե «ուրիշ ոչխարներ», ապրում են «վերջին օրերում», թե դրանից առաջ են ապրել, օգուտ քաղել և քաղում են այն դասերից, որ սովորել են «նախապես գրված» բաներից (Հովհ. 10։16; 2 Տիմոթ. 3։1

Հետևաբար, չպետք է կարծենք, թե աստվածաշնչյան արձանագրությունների մեծ մասը կիրառելի են միայն օծյալների, մեծ բազմության կամ պատմության միայն մի ժամանակահատվածում ապրած Աստծու ժողովրդի համար։ Եհովայի բոլոր ծառաները՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայիս, բազմաթիվ օգուտներ են քաղել աստվածաշնչյան արձանագրությունների մեծ մասից։ Օրինակ՝ չենք կարող ասել, որ «Հոբ» գիրքը միայն վերաբերում է այն օծյալներին, որոնք տառապել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Աստծու բազմաթիվ ծառաներ՝ տղամարդիկ ու կանայք, օծյալներ և մեծ բազմության անդամներ, Հոբի պես տառապել են, և «տեսել են, որ Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակ. 5։11

Մտածիր. մեր ժողովներում չկա՞ն Դեբորայի պես հավատարիմ կանայք, երիտասարդ երեցներ, որոնք Եղիուսի նման իմաստուն են, Հեփթայեի պես եռանդուն ռահվիրաներ և հավատարիմ տղամարդիկ ու կանայք, որոնք, ինչպես Հոբը, համբերատար են։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ ունենք «ամեն ինչ, որ նախապես գրվել է», որպեսզի «Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք»։

Այս պատճառներից ելնելով՝ մենք չենք փորձում աստվածաշնչյան արձանագրությունների մեջ գտնել նախապատկերներ և պատկերներ։ Փոխարենը՝ մեր հրատարակություններում կենտրոնանում ենք այն դասերի վրա, որ կարող ենք սովորել այդ արձանագրություններից։