Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու պատվերին հետևելը խելամի՞տ է

«Միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու պատվերին հետևելը խելամի՞տ է

«Ես չեմ կարողանում կողակից գտնել ժողովում, վախենում եմ, որ մենակ կմնամ ու այդպես էլ կծերանամ»։

«Աշխարհիկ տղամարդկանց մեջ կան բարեհամբույր, սիրալիր և մտածող տղաներ։ Նրանք դեմ չեն իմ կրոնին և ավելի հետաքրքիր են թվում, քան մեր եղբայրներից ոմանք»։

Աստծու ծառաներից ոմանք նույն կերպ են արտահայտվում կողակից ընտրելու առնչությամբ։ Մինչդեռ նրանք քաջ ծանոթ են Պողոս առաքյալի հորդորին՝ ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ», խորհուրդ, որով պետք է առաջնորդվեն բոլոր քրիստոնյաները (1 Կորնթ. 7։39)։ Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք այդպիսի արտահայտություններ անում։

ԻՆՉՈՒ ԵՆ ՈՄԱՆՔ ԵՐԿՄՏՈՒՄ

Այս քրիստոնյաները գուցե մտածում են, որ ավելի շատ ամուրի քույրեր կան, քան եղբայրներ։ Շատ երկրներում դա, ինչ խոսք, այդպես է։ Ահա երկու օրինակ։ Կորեայում միջին հաշվով 100 ամուրի Վկայից 57-ը քույրեր են, 43-ը՝ եղբայրներ։ Ըստ Կոլումբիայի տվյալների՝ Վկաների 66 տոկոսը քույրեր են, 34-ը՝ եղբայրներ։

Որոշ երկրներում ոչ Վկա ծնողները մեծ հարսնագին են պահանջում, իսկ համեստ միջոցներ ունեցող եղբայրների համար դա բարդ խնդիր է։ Այս խոչընդոտները հաշվի առնելով՝ քույրը գուցե մտածի, որ «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու հավանականությունը փոքրանում է։ Ուստի նա կարող է հարցնել. «Խելամի՞տ է մտածել, որ կարող եմ համապատասխան կողակից գտնել հավատակիցներիս մեջ» *։

ԿԱՐԵՎՈՐ Է ՎՍՏԱՀԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

Եթե երբևէ նման մտքեր ես ունեցել, վստահ եղիր, որ Եհովան տեղյակ է քո իրավիճակից։ Նա գիտի, թե ինչ զգացումներ ունես այս հարցի հետ կապված (2 Տար. 6։29, 30

Այնուհանդերձ, Եհովան իր Խոսքում պատվեր է տալիս ամուսնանալ միայն Տիրոջ հետևորդի հետ։ Ինչո՞ւ։ Քանի որ նա գիտի, թե ինչն է լավ իր ժողովրդի համար։ Նա ոչ միայն ցանկանում է պաշտպանել իր ծառաներին անմիտ ընթացքի ցավալի հետևանքներից, այլև ուզում է, որ նրանք երջանիկ լինեն։ Նեեմիայի օրերում, երբ շատ հրեաներ ամուսնացել էին այլազգի կանանց հետ, որոնք Եհովայի երկրպագուներ չէին, Նեեմիան անդրադարձավ Սողոմոնի վատ օրինակին։ Թեև Սողոմոնի «Աստվածը սիրում էր նրան.... բայց օտար կանայք նույնիսկ նրան մեղքի մեջ գցեցին» (Նեեմ. 13։23–26)։ Ուստի հանուն իր ծառաների բարօրության Աստված պատվիրում է ամուսնանալ միայն ճշմարիտ երկրպագուների հետ (Սաղ. 19։7–10; Ես. 48։17, 18)։ Ճշմարիտ քրիստոնյաները երախտապարտ են Աստծու սիրառատ հոգատարության համար և ապավինում են նրա առաջնորդությանը։ Երբ հնազանդվում ենք Եհովային որպես մեր Ղեկավարի, մենք ընդունում ենք, որ նա իրավունք ունի ասելու, թե ինչպես վարվենք (Առակ. 1։5

Անշուշտ, դու չես ցանկանում «անհավասար լծակից» լինել մեկի հետ, որը կարող է հեռացնել քեզ Աստծուց (2 Կորնթ. 6։14)։ Բազմաթիվ քրիստոնյաներ հնազանդվել են Աստծու՝ ժամանակի փորձությունն անցած պատվերին և հասկանում են, որ ճիշտ են վարվել։ Բայց ոմանք այլ որոշում են կայացրել։

ԽԵԼԱՄԻՏ Է

Մեգի * անունով մի քույր, որն ապրում է Ավստրալիայում, պատմում է, թե ինչ տեղի ունեցավ, երբ սկսեց հանդիպել մի տղայի հետ, որը մեր հավատակիցը չէր. «Նրա հետ հանդիպելու համար ես բաց էի թողնում ժողովները։ Իմ հոգևոր վիճակը կտրուկ վատացավ»։ Ռաթնան, որը Հնդկաստանից է, սիրահարվեց իր դասընկերոջը, որը սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ տղան այդ քայլին գնացել էր նրա հետ հանդիպելու համար։ Ռաթնան այդ տղայի հետ ամուսնանալու համար հեռացավ ճշմարտությունից և նոր կրոն ընդունեց։

Իսկ Նդենկան, որը Կամերունից է, ամուսնացավ 19 տարեկանում։ Փեսացուն խոստացել էր, որ Նդենկան ազատորեն կդավանի իր կրոնը։ Բայց հարսանիքից երկու շաբաթ անց արգելեց հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Նդենկան ասում է. «Ես միայնակ էի ու անընդհատ լաց էի լինում։ Գիտակցում էի, որ այլևս չեմ կարող վերահսկել կյանքս։ Խիղճս անընդհատ տանջում էր»։

Ինչ խոսք, գուցե լինեն ոչ Վկա կողակիցներ, որոնք բարի և սիրալիր են։ Եթե անգամ կողակիցդ այդպիսին է, մտածիր, թե ինչպե՞ս է քո կատարած քայլն անդրադարձել սիրառատ երկնային Հորդ հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա։ Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ չես հնազանդվել այն խորհրդին, որը նա տվել է հանուն քո բարօրության։ Եվ, որ ամենակարևորն է, ի՞նչ է Եհովան զգում քո կայացրած որոշման առնչությամբ (Առակ. 1։33

Ողջ աշխարհի եղբայրներն ու քույրերը կարող են փաստել, որ լավագույն որոշումը «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալն է։ Նրանք, ովքեր ամուրի են, վճռել են ուրախացնել Աստծու սիրտը՝ պատրաստ լինելով ամուսնանալու միայն նրա երկրպագուներից մեկի հետ, որը համապատասխան կողակից կլինի։ Միչիկոն, որը Ճապոնիայից է, ամուրի քույր է, ում հարազատները փորձում էին համոզել ամուսնանալ ոչ Վկա երիտասարդի հետ։ Բացի այդ ճնշումից, նա տեսնում էր, թե ինչպես են իր ընկերներն ու ծանոթները կողակից գտնում ժողովում։ Նա ասում է. «Ես ինձ շարունակ ասում էի, որ քանի որ Եհովան երջանիկ Աստված է, մեր երջանկությունը կախված չէ այն բանից՝ ամուսնացած ենք, թե ոչ։ Ես նաև հավատում եմ, որ նա կտա մեզ մեր սրտի ուզածը։ Եվ եթե չենք կարողանում կողակից գտնել, անգամ երբ ցանկանում ենք ամուսնանալ, լավ է մի որոշ ժամանակ ամուրի մնալ» (1 Տիմոթ. 1։11)։ Ի վերջո, Միչիկոն ամուսնացավ մի լավ եղբոր հետ, և նա ուրախ է, որ սպասել է։

Որոշ եղբայրներ նույնպես սպասել են, որ համապատասխան կողակից գտնեն։ Բիլը, որն Ավստրալիայից է, նրանցից մեկն է։ Նա խոստովանում է, որ երբեմն իրեն դուր են եկել ոչ Վկա աղջիկներ։ Բայց նա զգուշացել է նրանց հետ չափից շատ ընկերական լինելուց։ Ինչո՞ւ։ Բիլը չէր ցանկանում առաջին քայլն անել դեպի այն ուղին, որը կտաներ անհավատի հետ «անհավասար լծակից» լինելուն։ Տարիների ընթացքում նա հետաքրքրվել էր մի քանի քույրերով, բայց համակրանքը փոխադարձ չէր եղել։ Բիլը սպասեց 30 տարի, մինչև որ հանդիպեց մի քրոջ, որը համապատասխան էր իրեն։ Նա ասում է. «Բոլորովին չեմ ափսոսում։ Ես օրհնվեցի, քանի որ հիմա միասին ծառայում ենք, միասին ուսումնասիրում ենք և միասին երկրպագում Եհովային։ Ուրախ եմ, որ ծանոթացել եմ կնոջս ընկերների հետ և շփվում եմ նրանց հետ, քանի որ բոլորն էլ Եհովայի հավատարիմ ծառաներն են։ Մենք բարելավում ենք մեր ամուսնությունը՝ աստվածաշնչյան սկզբունքներին հետևելով»։

ՄԻՆՉ ՍՊԱՍՈՒՄ ԵՍ ԵՀՈՎԱՅԻՆ

Իսկ ի՞նչ կարող ես անել ամեն բան քո հոգատար Հորը հանձնելուց հետո։ Առաջին հերթին մտածիր, թե ինչու ամուսնացած չես։ Եթե կարծում ես, որ գլխավոր պատճառը Աստվածաշնչի՝ ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» պատվերն է, արժանի ես գովասանքի այդ պատվերը հարգելու համար։ Վստահ եղիր, որ Եհովան հավանություն է տալիս իր Խոսքին հնազանդվելու քո հաստատակամ որոշմանը (1 Սամ. 15։22; Առակ. 27։11)։ Դու կարող ես շարունակել աղոթքի միջոցով Աստծու առաջ «դատարկել [քո] սիրտը» (Սաղ. 62։8)։ Քո անկեղծ և անընդմեջ խնդրանքները ավելի իմաստալից կդարձնեն աղոթքներդ։ Չնայած, որ պայքարում ես ներքին և արտաքին ճնշումների դեմ, հաստատուն մնալով՝ օրեցօր կամրացնես Աստծու հետ ունեցած քո հարաբերությունները։ Վստահ եղիր, որ Բարձրյալը հետաքրքրված է իր բոլոր հավատարիմ ծառաներով, և դու թանկ ես նրա համար։ Նա գիտի քո կարիքներն ու ցանկությունները։ Աստված ոչ մեկին կողակից չի խոստանում, բայց եթե իսկապես կողակցի կարիք ունես, նա գիտի քո պատշաճ ցանկությունը բավարարելու լավագույն ձևը (Սաղ. 145։16; Մատթ. 6։32

Երբեմն գուցե ունենաս սաղմոսերգու Դավթի զգացումները, որն ասաց. «Շտապի՛ր, պատասխանի՛ր ինձ, ո՛վ Եհովա։ Ոգիս արդեն մարում է։ Մի՛ ծածկիր երեսդ ինձանից» (Սաղ. 143։5–7, 10)։ Նման դեպքերում ժամանակ տուր քո երկնային Հորը ցույց տալու, թե որն է իր կամքը քո առնչությամբ։ Դու կարող ես դա անել՝ ժամանակ հատկացնելով իր Խոսքն ընթերցելու և կարդացածիդ շուրջ խորհելու համար։ Դու ավելի լավ կհասկանաս Աստծու պատվիրանները և կտեսնես, թե ինչպես է նա վարվել իր ժողովրդի հետ անցյալում։ Եհովային լսելով՝ ևս մեկ անգամ կհամոզվես, թե որքան իմաստուն է նրան հնազանդվելը։

Ամուրիները շատ թանկ են ժողովի համար. հաճախ նրանք աջակցում են ընտանիքներին և փոքրերին

Ուրիշ ի՞նչը կարող է երջանկացնել քեզ, քանի դեռ ամուրի ես։ Դու կարող ես օգտագործել այդ տարիները Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ ամրացնելու, նրան նվիրված մնալու և լավ անուն ձեռք բերելու համար։ Կարող ես նաև սովորել լինել առատաձեռն, աշխատասեր, այնպիսի մարդ, որի հետ հեշտ է շփվել։ Այս հատկությունները անհրաժեշտ են երջանիկ ամուսնություն ունենալու համար (Ծննդ. 24։16–21; Հռութ 1։16, 17; 2։6, 7, 11; Առակ. 31։10–27)։ Նախ փնտրիր Թագավորությունը՝ լիովին մասնակցելով քարոզչական գործին և այլ քրիստոնեական միջոցառումների, ինչը քեզ համար պաշտպանություն կլինի։ Բիլը, որի մասին խոսեցինք, ասում է, թե ինչն է օգնել նրան այն տարիներին, երբ ուզում էր ամուսնանալ. «Դրանք այնքա՜ն արագ անցան. ժամանակս տրամադրում էի Եհովային լիաժամ ծառայելուն»։

Այո՛, «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու պատվերը խելամիտ է։ Այս պատվերին հնազանդվելը կարող է օգնել քեզ պատվելու Եհովային և միշտ բավարարվածության զգացում ունենալու։ Աստվածաշունչն ասում է. «Երջանիկ է այն մարդը, ով վախենում է Եհովայից և մեծ ուրախություն է գտնում նրա պատվիրանների մեջ։ Թանկարժեք բաներ և հարստություն կա նրա տանը. նրա արդարությունը մնում է հավիտյան» (Սաղ. 112։1, 3)։ Ուստի վճռիր պահել այս պատվիրանը՝ ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ»։

^ պարբ. 7 Այս հոդվածում հարցը քննվում է քույրերի տեսանկյունից, սակայն նույն սկզբունքները կիրառելի են նաև եղբայրների առնչությամբ։

^ պարբ. 13 Որոշ անուններ փոխված են։