Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընկերակցությունից զրկելը սիրո դրսևորում է

Ընկերակցությունից զրկելը սիրո դրսևորում է

«ԵՐԲ հայտարարեցին, որ որդիս զրկվել է ընկերակցությունից, ինձ թվաց՝ աշխարհը գլխիս փուլ եկավ,— պատմում է Խուլիանը։— Նա իմ առաջին զավակն է, և մենք շատ մտերիմ էինք, միասին շատ բաներ էինք արել։ Նա օրինակելի տղա էր, բայց հանկարծ սկսեց իրեն ոչ ճիշտ ձևով պահել։ Կինս շարունակ լաց էր լինում, և ես չգիտեի՝ ինչպես մխիթարել նրան։ Անընդհատ հարցնում էինք մեզ. «Մի՞թե որպես ծնող թերացել ենք ինչ-որ հարցում»։

Քրիստոնյային ընկերակցությունից զրկելը ինչպե՞ս կարող է սիրո դրսևորում լինել, եթե դա այդքան շատ ցավ է պատճառում։ Աստվածաշունչն ի՞նչ հիմքեր է տալիս նման խիստ միջոցների դիմելու։ Ո՞ր գործոնների առկայության դեպքում է անհատը զրկվում ընկերակցությունից։

ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ

Երկու միաժամանակ առկա գործոնների դեպքում է միայն, որ Եհովայի վկան զրկվում է ընկերակցությունից։ Առաջին՝ լուրջ մեղք գործելը, երկրորդ՝ չզղջալը։

Եհովան մեզնից կատարելություն չի պահանջում, սակայն ունի սրբության չափանիշներ, որոնք ուզում է՝ պահենք։ Օրինակ՝ նա պահանջում է, որ չգործենք այնպիսի լուրջ մեղքեր, ինչպիսիք են անբարոյությունը, կռապաշտությունը, գողությունը, շորթելը, մարդասպանությունը և ոգեհարցությունը (1 Կորնթ. 6։9, 10; Հայտն. 21։8

Մի՞թե համամիտ չես, որ մաքրության վերաբերյալ Եհովայի չափանիշները ողջամիտ են և պաշտպանում են մեզ։ Ո՞վ չի ցանկանա ապրել խաղաղասեր, պարկեշտ և վստահելի մարդկանց շրջապատում։ Մեր հոգևոր եղբայրների ու քույրերի շրջապատում նման մթնոլորտ է տիրում, քանի որ նրանք Աստծուն նվիրվելիս խոստացել են ապրել այն առաջնորդության համաձայն, որ գրված է նրա Խոսքում։

Բայց ի՞նչ է լինում, երբ քրիստոնյան մարդկային թուլության պատճառով լուրջ մեղք է գործում։ Անցյալում Եհովայի հավատարիմ ծառաները նման լուրջ սխալներ արել են, բայց նա մեկընդմիշտ չի մերժել նրանց։ Դավիթ թագավորը վառ օրինակ է։ Նա անբարոյություն գործեց և մարդ սպանեց, բայց Նաթան մարգարեն նրան ասաց. «Եհովան ներում է քո մեղքը» (2 Սամ. 12։13

Աստված ներեց Դավթին, քանի որ վերջինս անկեղծորեն զղջաց (Սաղ. 32։1–5)։ Ուստի այսօր Եհովայի ծառան ընկերակցությունից կզրկվի միայն այն դեպքում, եթե չզղջա կամ շարունակի իր սխալ ընթացքը (Գործ. 3։19; 26։20)։ Եթե ակնհայտ չէ, որ անհատն անկեղծորեն զղջում է, իրավական կոմիտեի երեցները պետք է ընկերակցությունից զրկեն նրան։

Սկզբում մեզ գուցե թվա, թե մեղք գործողին ընկերակցությունից զրկելու որոշումը խիստ է և նույնիսկ դաժան, հատկապես եթե մտերիմ ենք նրա հետ։ Այնուհանդերձ, Եհովայի Խոսքը հիմնավոր պատճառներ է տալիս համոզված լինելու, որ այդ որոշումը սիրո դրսևորում է։

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Հիսուսն ասաց, որ «իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթ. 11։19)։ Չզղջացող մեղավորին ընկերակցությունից զրկելու իմաստուն որոշումը արդարացվում է իր գործերով, այսինքն՝ դրական արդյունքներ է բերում։ Քննենք դրանցից երեքը։

Մեղք գործողներին ընկերակցությունից զրկելը պատիվ է բերում Եհովայի անվանը։ Քանի որ մենք կրում ենք Եհովայի անունը, մեր պահվածքը անխուսափելիորեն անդրադառնում է նրա անվան վրա (Ես. 43։10)։ Երեխայի վարքը կարող է կա՛մ պատիվ, կա՛մ անարգանք բերել ծնողներին։ Այդպես էլ այն, թե մարդիկ ինչ կարծիք կկազմեն Եհովայի մասին, մասամբ կախված է նրա անունը կրող ժողովրդի լավ կամ վատ արարքներից։ Աստծու բարի անունը բարձր է պահվում, երբ այդ անունը կրող ժողովուրդը առաջնորդվում է նրա բարոյական չափանիշներով։ Այս իրավիճակը ինչ-որ առումով նման է Եզեկիելի ժամանակներում տիրող իրավիճակին, երբ ազգերը Եհովայի անունը անմիջականորեն կապում էին հրեաների հետ (Եզեկ. 36։19–23

Մենք անարգանք կբերենք Եհովայի անվանը, եթե անբարոյություն գործենք։ Պետրոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Որպես հնազանդ զավակներ՝ այլևս մի՛ վարվեք այն ցանկություններով, որոնք նախկինում ունեիք, երբ չէիք ճանաչում Աստծուն, այլ ձեզ կանչող Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ամեն ինչում, որովհետև գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»» (1 Պետ. 1։14–16)։ Մաքուր, սուրբ վարքը պատիվ է բերում Աստծու անվանը։

Եթե Եհովայի վկաներից մեկը սխալ բան անի, ակներևաբար, նրա ընկերներն ու ծանոթները կիմանան այդ մասին։ Ընկերակցությունից զրկելը մի քայլ է, որը ցույց է տալիս, որ Եհովան մաքուր ժողովուրդ ունի, որը հետևում է աստվածաշնչյան առաջնորդությանը, որպեսզի պահպանի այդ սրբությունը։ Մի անգամ Շվեյցարիայում մի անծանոթ եկավ Թագավորության սրահ և ասաց, որ ուզում է ժողովի անդամ դառնալ։ Պարզվեց, որ նրա քույրը զրկվել էր ընկերակցությունից անբարոյություն գործելու պատճառով։ Այդ մարդն ասաց, որ ուզում է միանալ մի կազմակերպության, որը «չի հանդուրժում սխալ վարքը»։

Ընկերակցությունից զրկելը պաշտպանում է մաքուր քրիստոնեական ժողովը։ Պողոս առաքյալը կորնթացիներին նախազգուշացրեց այն մասին, որ վտանգավոր է թույլ տալ միտումնավոր մեղք գործողներին մնալ նրանց մեջ։ Նա համեմատեց այդ մարդկանց վատ ազդեցությունը թթխմորի հետ, որը կարող է խմորել ողջ զանգվածը. «Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը»։ Հետո առաքյալը նրանց պատվիրեց. «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից» (1 Կորնթ. 5։6, 11–13

Ըստ երևույթին, Պողոսի նշած «չար մարդը» բացահայտ կերպով անբարոյություն էր գործել։ Եվ ժողովի մյուս անդամները նույնիսկ սկսել էին արդարացնել նրա վարքը (1 Կորնթ. 5։1, 2)։ Եթե նման մեծ մեղքը արդարացվեր, մյուս քրիստոնյաները գուցե հակված լինեին ընդօրինակելու այն ապականված քաղաքի անբարո սովորույթները, որում ապրում էին։ Միտումնավոր կերպով գործած մեղքին մատների արանքով նայելը Աստծու չափանիշների հանդեպ անլուրջ վերաբերմունք է խրախուսում (Ժող. 8։11)։ Բացի այդ, չզղջացող մեղավորները կարող են «ստորջրյա խութեր» դառնալ և խորտակել ժողովի մյուս անդամների հավատը (Հուդա 4, 12

Ընկերակցությունից զրկելը կարող է խելքի բերել մեղք գործողին։ Մի անգամ Հիսուսը պատմեց մի երիտասարդի մասին, որը թողեց հոր տունը և իր ունեցվածքը վատնեց՝ ցոփ ու շվայտ կյանք վարելով։ Այս անառակ որդին դառը փորձով համոզվեց, որ հայրական տնից դուրս կյանքը դատարկ ու դաժան է։ Վերջիվերջո նա խելքի եկավ, զղջաց և վերադարձավ տուն (Ղուկ. 15։11–24)։ Հիսուսը նկարագրեց սիրող հոր զգացումները, որն ուրախացավ՝ տեսնելով, որ որդու սրտի վիճակը փոխվել է։ Դա օգնում է մեզ պատկերացնելու, թե ինչ է զգում Եհովան։ «Ինձ ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհից ու ապրի» (Եզեկ. 33։11

Այդպես էլ ընկերակցությունից զրկված անհատը, որն այլևս քրիստոնեական ժողովի՝ իր հոգևոր ընտանիքի անդամ չէ, գուցե սկսի հասկանալ, թե ինչ է կորցրել։ Մեղավոր ընթացքի դառը պտուղները և երջանիկ օրերի լավ հիշողությունները, երբ մտերիմ փոխհարաբերություններ էր վայելում Եհովայի և նրա ժողովրդի հետ, կարող են խելքի բերել նրան։

Սեր և հաստատակամություն է հարկավոր ցանկալի արդյունքին հասնելու համար։ Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Եթե արդարն ինձ հարվածի, դա սիրառատ բարություն կլինի, եթե հանդիմանի, գլխիս լցված յուղ կլինի» (Սաղ. 141։5)։ Պարզաբանենք օրինակով։ Ճանապարհորդը ձմռան մի ցուրտ օր ուժասպառ է լինում։ Նրա մարմնի ջերմաստիճանը իջնում է, և նա սկսում է նիրհել։ Եթե ձյան տակ քնի, կմեռնի։ Փրկարարներին սպասելիս նրա ուղեկիցը ժամանակ առ ժամանակ ապտակում է նրան, որ արթուն մնա։ Թեև ապտակը ցավեցնում է, բայց կարող է փրկել նրա կյանքը։ Դավիթ թագավորը հասկանում էր՝ եթե կարիք լինի, որ արդար մարդը իրեն ուղղի, ինչը գուցե ցավոտ լինի, դա իր իսկ օգտին կծառայի։

Շատ դեպքերում ընկերակցությունից զրկելը այն խրատն է, որի կարիքն ունի մեղք գործողը։ Հոդվածի սկզբում հիշատակված Խուլիանի որդին մոտ տասը տարի հետո փոխեց իր կյանքը և վերադարձավ ժողով։ Այժմ նա երեց է ծառայում։ «Ընկերակցությունից զրկվելը պատճառ դարձավ, որ կրեմ ապրելակերպիս բերած վատ հետևանքները,— խոստովանում է նա,— ես այդպիսի խրատի կարիք ունեի» (Եբր. 12։7–11

ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Թեև ընկերակցությունից զրկվելը հոգևոր դժբախտություն է, բայց չպետք է այն վերածել կործանարար աղետի։ Բոլորս էլ մեր դերն ունենք այն հարցում, որ ընկերակցությունից զրկելը ծառայի իր նպատակին։

Ջանքեր են թափվում օգնելու զղջացող մեղավորներին վերադառնալու դեպի Եհովան

Երեցները անհատին հայտնում են ընկերակցությունից զրկելու որոշման մասին։ Այս ոչ հաճելի պատասխանատվությունն անելիս նրանք պետք է ձգտեն արտացոլել Եհովայի սերը։ Իրենց որոշման մասին հայտնելիս նրանք բարյացակամորեն և հստակ կերպով բացատրում են անհատին այն քայլերը, որ նա պետք է անի վերականգնվելու համար։ Երեցները ժամանակ առ ժամանակ այցելում են ընկերակցությունից զրկված այն անհատներին, ովքեր ինչ-որ չափով ցույց են տալիս, որ ուզում են փոխել իրենց ընթացքը, որպեսզի հիշեցնեն նրանց, թե ինչպես վերադառնալ դեպի Եհովան։ *

Ընտանիքի անդամները կարող են սեր դրսևորել ժողովի և մեղք գործածի հանդեպ՝ հարգելով ընկերակցությունից զրկելու որոշումը։ «Նա շարունակում էր իմ որդին լինել,— ասում է Խուլիանը,— բայց նրա ապրելակերպը պատ էր շարել մեր միջև»։

Ժողովի բոլոր անդամները կարող են սկզբունքային սեր դրսևորել՝ խուսափելով ընկերակցությունից զրկվածի հետ շփվելուց և խոսելուց (1 Կորնթ. 5։11; 2 Հովհ. 10, 11)։ Այդպիսով նրանք կուժգնացնեն այն խրատը, որ Եհովան տվել է երեցների միջոցով։ Բացի այդ, նրանք կարող են մեծ սեր և աջակցություն ցույց տալ նրա ընտանիքի անդամներին, որոնք շատ են տառապում, որպեսզի վերջիններս իրենց նույնպես զրկված չզգան հավատակիցների ընկերակցությունից (Հռոմ. 12։13, 15

Խուլիանը եզրափակում է իր խոսքն՝ ասելով. «Ընկերակցությունից զրկելը մի բան է, ինչի կարիքը կա. այն օգնում է մեզ ապրելու Եհովայի չափանիշների համաձայն։ Վերջիվերջո, չնայած ցավին՝ այն լավ արդյունքներ է բերում։ Եթե ես հանդուրժեի որդուս սխալ վարքը, նա երբեք չէր վերականգնվի»։

^ պարբ. 24 Տե՛ս «Դիտարանի» 1991թ. ապրիլի 15-ի համարը, էջ 21–23 (անգլ., ռուս.)։