Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս II

Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս II

«Ձեր Հայրը.... գիտի, թե ձեզ ինչ է պետք» (ՄԱՏԹ. 6։8)

1–3. Ինչո՞ւ էր մի քույր վստահ, որ Եհովան գիտի, թե մենք ինչի կարիք ունենք։

ԼԱՆԱՆ երբեք չի մոռանա, թե ինչ պատահեց մի օր Գերմանիայում 2012թ. ամռանը։ Նա զգաց, թե ինչպես պատասխանվեցին իր երկու կոնկրետ աղոթքները։ Քույրը առաջին աղոթքն արեց, երբ գնացքով ուղևորվում էր օդանավակայան։ Նա խնդրեց Եհովային, որ վկայություն տալու առիթ ստեղծի։ Երկրորդ աղոթքն արեց, երբ օդանավակայանում իմացավ, որ թռիչքը հետաձգել են մինչև հաջորդ օրը։ Լանան օգնություն խնդրեց Եհովայից, քանի որ ծախսել էր իր մոտ եղած գումարի մեծ մասը և մնալու տեղ չուներ։

2 Երկրորդ աղոթքն ավարտելուց անմիջապես հետո քույրը լսեց, որ ինչ-որ մեկը կանչում է. «Ողջո՛ւյն, Լա՛նա, ի՞նչ ես անում այստեղ»։ Երիտասարդը նրա նախկին դասընկերն էր։ Նա իր մոր և տատիկի հետ էր, որոնք եկել էին նրան ճանապարհ դնելու Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Իմանալով, թե ինչ իրավիճակում է հայտնվել Լանան՝ Էլկեն՝ այդ երիտասարդի մայրը, սիրով հրավիրեց նրան մնալու իրենց տանը։ Էլկեն ու իր մայրը հյուրընկալեցին քրոջը, հարցեր տվեցին նրա հավատալիքների և ռահվիրայական ծառայության մասին, քանի որ նա ռահվիրա է։

3 Հաջորդ առավոտ լավ նախաճաշից հետո նրանք Աստվածաշնչից ավելի շատ հարցեր տվեցին Լանային, և նա պատասխանեց դրանց ու վերցրեց նրանց կոնտակտային տվյալները, որպեսզի որևէ մեկը հանդիպի նրանց հետ՝ ցուցաբերված հետաքրքրությունը զարգացնելու համար։ Լանան ապահով տուն վերադարձավ և շարունակեց ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Նա զգաց, թե «աղոթքներ Լսողը» ինչպես առաջնորդեց դեպքերի ընթացքը (Սաղ. 65։2

4. Ի՞նչ ենք քննելու։

4 Երբ անսպասելիորեն խնդրի ենք բախվում, չենք դժվարանում աղոթել օգնության համար, և Եհովային հաճելի է լսել իր նվիրված ծառաների այսպիսի խնդրանքները (Սաղ. 34։15; Առակ. 15։8)։ Սակայն երբ խորհրդածում ենք տիպար աղոթքի շուրջ, նկատում ենք, որ կան ուրիշ, ավելի կարևոր կարիքներ, որոնք գուցե անտեսում ենք։ Օրինակ՝ քննենք, թե ինչպես են մեր հոգևոր կարիքները երևան գալիս տիպար աղոթքի վերջին երեք խնդրանքներում։ Իսկ կարո՞ղ ենք ավելի շատ բան անել, որ ապրենք չորրորդ՝ մեր օրվա հացի մասին խնդրանքին ներդաշնակ (կարդա՛  Մատթեոս 6։11–13

«ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՕՐՎԱ ՀԱՑԸ»

5, 6. Ինչո՞ւ է մեր օրվա հացի մասին խնդրանքը կարևոր, եթե անգամ բավարար նյութական միջոցներ ունենք։

5 Նկատի առնենք, որ սա անձնական աղոթք է, որում չենք խնդրում բացառապես «իմ» օրվա հացի մասին, այլ «մեր» օրվա հացի համար ենք աղոթում։ Վիկտորը, որը Աֆրիկայում ծառայում է որպես շրջանային վերակացու, բացատրում է. «Ես հաճախ եմ սրտանց շնորհակալություն հայտնում Եհովային, որ ես ու կինս շատ չենք անհանգստանում, թե որտեղ ենք հաջորդ անգամ ճաշելու, ոչ էլ մտահոգվում ենք, թե ով է վճարելու վարձը։ Մեր եղբայրները ամեն օր սիրով հոգ են տանում մեր մասին։ Բայց նաև աղոթում եմ մեզ օգնող մարդկանց համար, որ կարողանան հաղթահարել տնտեսական դժվարությունները»։

6 Եթե մենք բավարար սնունդ ունենք, կարող ենք մտածել այն եղբայրների մասին, ովքեր աղքատության մեջ են ապրում կամ տուժել են աղետներից։ Մենք պետք է ոչ միայն աղոթենք նրանց համար, այլև գործենք մեր աղոթքներին ներդաշնակ։ Օրինակ՝ մեր ունեցածից բաժին հանենք կարիքի մեջ եղող հավատակիցներին։ Կարող ենք նաև կանոնավորաբար նվիրաբերություններ անել համաշխարհային գործին՝ իմանալով, որ այսպիսի ֆոնդերը իմաստուն կերպով են օգտագործվում (1 Հովհ. 3։17

7. Ի՞նչ օրինակով Հիսուսը խորհուրդ տվեց, որ չպետք է «մտահոգվենք վաղվա օրվա մասին»։

7 Խոսելով մեր օրվա հացի մասին՝ Հիսուսը հավանաբար նկատի ուներ մեր հիմնական կարիքները։ Ուստի նա ցույց տվեց, թե ինչպես է Աստված հագցնում դաշտի ծաղիկներին, և հետո ասաց. «Մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ։ Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե.... «ի՞նչ պիտի հագնենք»»։ Նա ավարտեց իր խոսքը՝ կրկնելով այս կարևոր խորհուրդը. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին» (Մատթ. 6։30–34)։ Սա ցույց է տալիս, որ նյութապաշտ դառնալու փոխարեն՝ պետք է մեր հիմնական կարիքները բավարարենք։ Դրանց մեջ կարող են մտնել հարմար կացարանը և մեր ընտանիքի հիմնական կարիքները հոգալու համար աշխատանքը։ Մեզ նաև իմաստություն է հարկավոր առողջական խնդիրների ժամանակ ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Բայց եթե աղոթում ենք միայն ֆիզիկական կարիքների համար, ապա մի՞թե դա հավասարակշռված մոտեցում է։ Մենք հոգևոր կարիքներ ունենք, որոնք շատ ավելի կարևոր են։

8. Ի՞նչ կարևոր բան պետք է հիշեցնի մեզ այն, որ Հիսուսն անդրադարձավ օրվա հացին (տե՛ս 25-րդ էջի նկարը)։

8 Այն, որ Հիսուսն անդրադարձավ մեր օրվա հացին, պետք է մեզ հիշեցնի մեր հոգևոր կարիքների մասին։ Մեր Տերն ասաց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթ. 4։4)։ Ուստի պետք է անդադար աղոթենք, որ Եհովան շարունակի ժամանակին հոգևոր սնունդ տալ մեզ։

«ՆԵՐԻՐ ՄԵԶ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ»

9. Ի՞նչ իմաստով են մեր մեղքերը «պարտքեր» համարվում։

9 Ինչո՞ւ Հիսուսն օգտագործեց «պարտքեր» բառը, եթե ավելի ուշ նա խոսեց «մեղքերի» մասին (Մատթ. 6։12; Ղուկ. 11։4)։ Մոտ 60 տարի առաջ այս ամսագիրը բացատրեց. «Աստծու օրենքի խախտումների մեղքի պատճառով մենք պարտք ենք մնում նրան.... մեր մեղքերի դիմաց Աստված կարող է պատասխանատվության կանչել մեզ և պահանջել, որ կյանքով հատուցենք.... նա կարող է հետ վերցնել մեզնից իր խաղաղությունը՝ խզելով իր հետ ունեցած խաղաղ հարաբերությունները.... նա արժանի է մեր սիրուն, որը դրսևորում ենք մեր հնազանդությամբ, և երբ մեղք ենք գործում, թերանում ենք վճարել սիրո պարտքը, քանի որ մեղքը Աստծու հանդեպ սիրո դրսևորում չէ» (1 Հովհ. 5։3

10. Ինչի՞ հիման վրա է Եհովան ներում մեր մեղքերը, և ի՞նչ զգացումներ ունես այս առնչությամբ։

10 Մենք ամեն օր ներման կարիք ունենք, և միակ օրինական հիմքը, որի հիման վրա Աստված կարող է ներել մեր մեղքերը, Հիսուսի քավիչ զոհն է։ Թեև փրկանքը վճարվեց 2000 տարի առաջ, մենք պետք է թանկ գնահատենք այն, ասես դա պարգև է՝ տրված այսօր։ Մեզ համար տրված «փրկանքը» «թանկագին» է. մեզանից ոչ ոք երբեք չէր կարող փրկանք վճարել, որն անհրաժեշտ է մեղքից ու մահից մեզ ազատելու համար (կարդա՛  Սաղմոս 49։7–9; 1 Պետրոս 1։18, 19)։ Այո՛, մենք չպետք է դադարենք այս մեծ պարգևի համար Եհովային շնորհակալություն հայտնելուց։ Բացի այդ, Հիսուսն աղոթքում ասաց ոչ թե «իմ մեղքերը», այլ «մեր մեղքերը», ինչը պետք է հիշեցնի մեզ, որ մեր հավատակիցներից բոլորը կարիք ունեն, որ իրենց հանդեպ ողորմություն դրսևորվի։ Հստակ է՝ Եհովան ուզում է, որ կենտրոնանանք ոչ միայն մեր, այլև ուրիշների հոգեվոր բարօրության վրա, այդ թվում նրանց, ովքեր մեղք են գործել մեր դեմ։ Սովորաբար դրանք փոքր մեղքեր են և մեզ հնարավորություն են տալիս ցույց տալու, որ իսկապես սիրում ենք մեր եղբայրներին և պատրաստ ենք ներելու, ինչպես Աստված է ողորմածաբար ներում (Կող. 3։13

Եթե ուզում ես, որ Աստված քեզ ների, ներողամիտ եղիր ուրիշների հանդեպ (տե՛ս պարբերություն 11)

11. Ինչո՞ւ է կարևոր ներողամտություն դրսևորել։

11 Ցավոք, լինելով անկատար՝ մենք գուցե երբեմն ոխ պահենք իրար դեմ (Ղևտ. 19։18)։ Եթե ուրիշների հետ խոսենք կատարվածի մասին, նրանք գուցե մեր կողմը բռնեն, ինչի արդյունքում ժողովում բաժանումներ կլինեն։ Եթե թույլ տանք, որ այդ իրավիճակը շարունակվի, դա ցույց կտա, որ չենք գնահատում Աստծու ողորմությունը և փրկանքը։ Եթե չներելու հակում ունենք, մեր Հայրը կդադարի իր Որդու զոհը մեր նկատմամբ կիրառելուց (Մատթ. 18։35)։ Հիսուսը այս միտքը զարգացրեց տիպար աղոթքը տալուց անմիջապես հետո (կարդա՛  Մատթեոս 6։14, 15)։ Ի վերջո, Աստծու ներողամտությունից օգուտներ քաղելու համար պետք է սովորություն չդարձնենք լուրջ մեղք գործելը։ Մեր ցանկությունն է ընդհանրապես մեղք չգործել, և հենց այդ մասին է տիպար աղոթքի հաջորդ խնդրանքը (1 Հովհ. 3։4, 6

«ՄԻ՛ ՏԱՐ ՄԵԶ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ»

12, 13. ա) Ի՞նչ պատահեց Հիսուսի հետ իր մկրտությունից կարճ ժամանակ անց։ բ) Ինչո՞ւ չպետք է ուրիշներին մեղադրենք, եթե տրվենք գայթակղությանը։ գ) Ի՞նչ ապացուցեց Հիսուսը՝ մինչև մահ հավատարիմ մնալով։

12 Քննելով, թե ինչ պատահեց Հիսուսի հետ իր մկրտությունից կարճ ժամանակ անց՝ կարող ենք հասկանալ «մի՛ տար մեզ փորձության» խնդրանքի անհրաժեշտությունը։ Հիսուսը Աստծու ոգու կողմից տարվեց անապատ։ Ինչո՞ւ։ «Որ փորձուի սատանայիցը» (Մատթ. 4։1, «Արարատ» թարգմանություն; 6։13)։ Պե՞տք է սա զարմացնի մեզ։ Ո՛չ, չի զարմացնի, եթե հասկանանք, թե ինչու Աստված ուղարկեց իր Որդուն երկիր։ Նա դա արեց, որպեսզի լուծի այն հարցը, որն առաջ եկավ, երբ Ադամն ու Եվան մերժեցին Եհովայի իշխանությունը։ Նրանց ըմբոստությունը հարցեր առաջ բերեց, որոնց պատասխան տալու համար ժամանակ էր պետք։ Դրանցից են, օրինակ, Աստված մարդուն արարելիս ինչ-որ հարցում թերացե՞լ էր։ Հնարավո՞ր էր, որ կատարյալ մարդը թիկունք կանգներ Աստծու գերիշխանությանը՝ չնայած «Չարի» ճնշումներին։ Մարդկության համար ավելի լավ կլինե՞ր ապրել Աստծու ղեկավարությունից անկախ, ինչն ակնարկեց Սատանան (Ծննդ. 3։4, 5)։ Ճիշտ է, այս հարցերին պատասխան տալու համար ժամանակ էր հարկավոր, բայց դա ցույց էր տալու բոլոր բանական էակներին, որ Եհովան իր գերիշխանությունը գործի է դնում հանուն ստեղծագործության բարօրության։

13 Եհովան սուրբ է, հետևաբար չի դրդում ոչ մեկի չար բաներ անելու։ Հակառակը՝ Բանսարկուն է «Փորձիչը» (Մատթ. 4։3)։ Նա կարող է գայթակղիչ իրավիճակներ ստեղծել։ Բայց յուրաքանչյուր մարդուց է կախված՝ կմերժի գայթակղությունը, թե ոչ (կարդա՛  Հակոբոս 1։13–15)։ Հիսուսը անմիջապես մերժեց գայթակղությունները՝ Աստծու Խոսքից տեղին մեջբերումներ անելով։ Այդպիսով Հիսուսը թիկունք կանգնեց Աստծու օրինական գերիշխանությանը։ Բայց Սատանան չհանձնվեց։ Նա սպասեց «մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ» (Ղուկ. 4։13)։ Հիսուսը շարունակեց դիմադրել իր անարատությունը կոտրելու Սատանայի բոլոր ջանքերին։ Քրիստոսը թիկունք կանգնեց Եհովայի գերիշխանությանը և ապացուցեց, որ կատարյալ մարդը կարող է հավատարիմ մնալ՝ չնայած ամենածանր փորձությանը։ Այնուհանդերձ, Սատանան փորձում է ծուղակը գցել Հիսուսի հետևորդներին, այդ թվում՝ քեզ։

14. Ի՞նչ պետք է անենք, որ չտրվենք գայթակղությանը։

14 Քանի որ Եհովայի գերիշխանության հարցը դեռ լուծված չէ, նա թույլ է տվել Փորձչին օգտագործել այս աշխարհը՝ մեզ փորձելու համար։ Աստված մեզ չի տանում փորձության։ Հակառակը՝ նա վստահում է մեզ և ուզում է օգնել։ Հաշվի առնելով մեր ազատ կամքի պարգևը՝ Եհովան մեխանիկորեն մեզ հետ չի պահում գայթակղությանը տրվելուց։ Մենք պետք է երկու բան անենք՝ հոգևորապես արթուն մնանք և աղոթքում հարատևենք։ Իսկ ինչպե՞ս է Եհովան պատասխանում մեր աղոթքներին։

Պահպանիր քո հոգևոր վիճակը և եռանդը ծառայության հանդեպ (տե՛ս պարբերություն 15)

15, 16. ա) Ո՞ր գայթակղությունները պետք է դիմադրենք։ բ) Ո՞վ է մեղավոր, երբ մենք ընկնում ենք փորձության մեջ։

15 Եհովան տալիս է իր հզոր սուրբ ոգին, որը կարող է զորացնել մեզ և օգնել, որ մերժենք գայթակղությունը։ Աստված իր Խոսքի և ժողովի միջոցով նաև նախազգուշացնում է մեզ, թե որ իրավիճակներից պետք է խուսափենք, օրինակ՝ ոչ անհրաժեշտ նյութական բաների վրա չափից շատ ժամանակ, գումար և էներգիա ծախսելուց։ Էսպեն և Յանը ապրում են եվրոպական մի հարուստ երկրում։ Տարիներ շարունակ նրանք ծառայել են որպես ընդհանուր ռահվիրաներ երկրի այն մասում, որտեղ մեծ կարիք կար։ Երբ ծնվեց նրանց առաջնեկը, նրանք դադարեցրին ռահվիրայությունը, իսկ այժմ երկրորդ երեխան ունեն։ «Մենք հաճախ աղոթում ենք Եհովային,— ասում է Էսպեն,— որ չընկնենք փորձության մեջ հիմա, երբ ի վիճակի չենք շատ ժամանակ տրամադրելու աստվածապետական գործունեությանը, ինչպես նախկինում։ Մենք խնդրում ենք Եհովային, որ օգնի մեզ պահպանելու մեր հոգևոր վիճակը և ծառայության հանդեպ եռանդը»։

16 Մեկ այլ փորձություն, որը մեր օրերում մեծ տարածում է գտել, պոռնկագրություն դիտելն է։ Եթե այսպիսի փորձության մեջ ընկնենք, չենք կարող մեղադրել Սատանային։ Ինչո՞ւ։ Քանի որ Սատանան և իր աշխարհը չեն կարող ստիպել մեզ որևէ բան անել հակառակ մեր կամքին։ Ոմանք ընկել են այս փորձության մեջ՝ թույլ տալով, որ իրենց միտքը կենտրոնանա վատ բաների վրա։ Բայց մենք կարող ենք դիմադրել գայթակղությանը, ինչպես մեր հազարավոր եղբայրներն են արել (1 Կորնթ. 10։12, 13

«ԱԶԱՏԻՐ ՉԱՐԻՑ»

17. ա) Ինչպե՞ս կարող ենք ապրել Չարից ազատվելու մասին խնդրանքին ներդաշնակ։ բ) Շուտով ի՞նչ թեթևացում է լինելու։

17 «Ազատիր Չարից» խնդրանքին ներդաշնակ ապրելու համար մենք չպետք է լինենք «[Սատանայի] աշխարհի մի մասը»։ Մենք չպետք է «սիրենք [Սատանայի] աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է» (Հովհ. 15։19; 1 Հովհ. 2։15–17)։ Այդպես վարվելը շարունակական պայքար է։ Ի՜նչ թեթևացում կլինի, երբ Եհովան պատասխանի այս խնդրանքին՝ վերացնելով Սատանային և կործանելով նրա չար աշխարհը։ Մենք պետք է հիշենք, սակայն, որ երբ Սատանան ցած գցվեց երկնքից, նա գիտեր, որ իրեն կարճ ժամանակ է մնացել։ Գազազած՝ նա ամեն բան անում է, որ դրդի մեզ չպահելու մեր անարատությունը։ Ուստի մենք պետք է շարունակենք աղոթել նրանից ազատվելու մասին (Հայտն. 12։12, 17

18. Սատանայի աշխարհից վերապրելու համար ի՞նչ պետք է շարունակենք անել։

18 Ուզո՞ւմ ես տեսնել այս հրաշալի ապագան։ Ուրեմն շարունակիր աղոթել, որ Թագավորությունը սրբացնի Աստծու անունը, և նրա կամքը կատարվի երկրի վրա։ Ապավինիր Եհովային, որ հոգա քո հոգևոր և ֆիզիկական կարիքների մասին։ Այո՛, վճռիր ապրել տիպար աղոթքին ներդաշնակ։