Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կրթիր դեռահասիդ, որ ծառայի Եհովային

Կրթիր դեռահասիդ, որ ծառայի Եհովային

«Հիսուսը մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը» (ՂՈՒԿ. 2։52

ԵՐԳ 41, 89

1, 2. ա) Ի՞նչ մտահոգություններ են ունենում որոշ ծնողներ, երբ իրենց երեխաները հասնում են դեռահասության։ բ) Ինչպե՞ս կարող են քրիստոնյա պատանիները ճիշտ օգտագործել պատանեկության շրջանը։

ՔՐԻՍՏՈՆՅԱ ծնողներին ոչինչ այնքան մեծ ուրախություն չի պատճառում, որքան իրենց երեխայի մկրտությունը տեսնելը։ «Դա շատ հուզիչ պահ էր մեզ համար։ Ինչ խոսք, մենք անչափ ուրախ էինք, որ մեր երեխաները Եհովային ծառայելու ցանկություն հայտնեցին»,— ասում է Բերենիսը, որի չորս երեխաները մկրտվել են նախքան 14 տարեկան դառնալը։ Նա ավելացնում է. «Բայց մենք նաև գիտեինք, որ մեր երեխաները դեռահասության շրջանում բազմաթիվ դժվարությունների էին բախվելու»։ Դու կհասկանաս Բերենիսին, եթե քո երեխան նույնպես պատանի է կամ մոտենում է պատանեկության շրջանին։

2 Ընդունելով այն, որ դեռահասության շրջանը կարող է դժվարություններ ստեղծել ինչպես ծնողների, այնպես էլ դեռահասների համար՝ երեխայի զարգացման գծով մի մասնագետ նշում է. «Դեռահասությունը «խենթ» կամ «ոչ հասուն» լինելու շրջան չէ։ Այն էմոցիաների ուժգնացման, հասարակական կյանք ներգրավվելու և ստեղծագործական ունակություններին զարկ տալու կարևոր ժամանակաշրջան է»։ Պատանեկության շրջանում քո երեխաները կարող են ավելի մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ, ծառայության մեջ նպատակներ դնել և հասնել դրանց, ինչպես նաև անձամբ նախաձեռնություն վերցնել Եհովային նվիրվելու և այդ նվիրման համաձայն ապրելու համար։ Դեռահասության տարիքը կարող է հիանալի ժամանակաշրջան լինել հոգևորապես աճելու համար, ինչպես որ պատանի Հիսուսի դեպքում էր (կարդա՛  Ղուկաս 2։52)։ Իսկ որպես ծնող՝ ի՞նչ դեր կարող ես դու ունենալ այս վճռորոշ տարիների ընթացքում։ Քննենք, թե ինչպես Հիսուսը չափահաս դառնալուց հետո սեր, խոնարհություն և հասկացողություն դրսևորեց։ Ինչպե՞ս կարող են այս հատկությունները օգնել քեզ այնպես կրթելու դեռահաս երեխայիդ, որ ծառայի Եհովային։

ՍԻՐԻՐ ԴԵՌԱՀԱՍԻԴ

3. Ինչո՞ւ Հիսուսը կարող էր իր առաքյալներին ընկերներ կոչել։

3 Հիսուսը սիրող և նվիրված ընկեր էր (կարդա՛  Հովհաննես 15։15)։ Աստվածաշնչյան ժամանակներում տերը սովորաբար իր մտքերի և զգացմունքների մասին չէր խոսում ծառաների հետ։ Բայց Հիսուսը իր հավատարիմ առաքյալների համար և՛ տեր էր, և՛ ընկեր։ Նա ժամանակ էր անցկացնում նրանց հետ, արտահայտում էր իր զգացմունքները նրանց ներկայությամբ և ուշադրությամբ լսում էր, երբ վերջիններս իրենց սիրտը բացում էին իր առաջ (Մարկ. 6։30–32)։ Այսպիսի սիրառատ հաղորդակցության շնորհիվ Հիսուսի և իր առաքյալների միջև ջերմ կապվածություն ստեղծվեց, ինչպես նաև նրանք պատրաստվեցին ստանձնելու այն պատասխանատվությունները, որ հետագայում պետք է ունենային ծառայության մեջ։

4. Ինչպե՞ս կարող ես լինել երեխայիդ ընկերը՝ միևնույն ժամանակ պահպանելով քո հեղինակությունը որպես ծնող (տե՛ս 8-րդ էջի նկարը)։

4 Մայքլը, որը երկու երեխա ունի, ասում է. «Թեև մենք՝ ծնողներս, չենք կարող լինել մեր երեխաների հասակակիցները, բայց կարող ենք լինել նրանց ընկերները»։ Իսկ ընկերները միասին ժամանակ են անցկացնում։ Հետևաբար, աղոթիր և լրջորեն մտածիր այն մասին, թե ինչպես կարող ես պլանավորել աշխատանքդ կամ այլ գործեր, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնես երեխաներիդ հետ։ Ընկերները նաև ընդհանուր հետաքրքրություններ են ունենում։ Ուստի ջանք թափիր, որպեսզի սիրես այն բաները, որ դեռահաս երեխադ է սիրում, օրինակ՝ երաժշտությունը, ֆիլմերը կամ սպորտաձևերը։ Իլարիան, որն ապրում է Իտալիայում, ասում է. «Ծնողներս հետաքրքրվում էին իմ սիրած երաժշտությամբ։ Արդյունքում հայրս դարձավ լավագույն ընկերս, և ես անկաշկանդ զրուցում էի նրա հետ նույնիսկ նուրբ հարցերի մասին»։ Երբ պատանի երեխաներիդ ընկերն ես դառնում, որպեսզի օգնես նրանց վայելելու «Եհովայի հետ մտերմությունը», չես հեղինակազրկվում որպես ծնող (Սաղ. 25։14)։ Ընդհակառակը՝ ցույց ես տալիս, որ սիրում և հարգում ես երեխաներիդ ու ավելի մատչելի ես դառնում նրանց համար։ Երեխաներդ էլ ավելի հակված են լինում պատմելու քեզ իրենց մտահոգությունների մասին։

5. Ինչպե՞ս Հիսուսն օգնեց իր աշակերտներին վայելելու այն ուրախությունը, որը գալիս է ծառայության մեջ զբաղված լինելուց։

5 Հիսուսն ուզում էր, որ իր աշակերտները և ընկերները վայելեին այն ուրախությունը, որը գալիս է Եհովային մատուցվող ծառայության մեջ զբաղված լինելուց։ Դրա համար նա ցանկանում էր, որ նրանք եռանդորեն մասնակցեին հոգևոր գործունեությանը։ Այո՛, Հիսուսն ուզում էր, որ նրանք ջանասեր աշակերտ պատրաստողներ լինեին։ Եվ նա վստահեցրեց իր աշակերտներին, որ կօգնի նրանց հաջողության հասնելու (Մատթ. 28։19, 20

6, 7. Ինչո՞ւ է ծնողների կողմից սիրո դրսևորում իրենց երեխաների համար հոգևոր գրաֆիկ սահմանելը և դրան հետևելը։

6 Ինչ խոսք, դու ցանկանում ես, որ երեխաներդ հոգևորապես առողջ լինեն։ Եհովան էլ ուզում է, որ նրանց դաստիարակես իր «խրատով և [իր] մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Ուստի գործի դնելով Աստծուց ստացած քո իշխանությունը՝ հոգևոր գրաֆիկ սահմանիր և ամեն բան արա, որ ընտանիքդ հետևի դրան։ Մտածիր հետևյալի մասին. դու պահանջում ես, որ երեխաներդ դպրոց գնան, քանի որ գիտես, որ կրթությունը կարևոր է, և ցանկանում ես նրանց մեջ սովորելու հանդեպ սեր սերմանել։ Այդպես էլ որպես սիրող ծնող՝ կպահանջես, որ երեխաներդ օգուտ քաղեն «Եհովայի խրատից», որը տրվում է ժողովի հանդիպումների ժամանակ և հոգևոր այլ ծրագրերի միջոցով։ Քանի որ աստվածային կրթությունը կենսական է, փորձիր այնպես անել, որ նրանք սիրեն հոգևոր բաները և գնահատեն իմաստությունը (Առակ. 24։14)։ Ինչպես Հիսուսն օգնեց իր աշակերտներին, այնպես էլ դու ձգտիր օգնել դեռահաս երեխաներիդ հաջողության հասնելու ծառայության մեջ։ Դրա համար նրանց մեջ սեր զարգացրու Աստծու Խոսքը ուսուցանելու հանդեպ և օգնիր, որ քարոզչական ծառայության լավ գրաֆիկ ունենան ու հետևեն դրան։

7 Ինչպե՞ս կարող է հոգևոր կայուն գրաֆիկը օգնել դեռահասներին։ Էրինը, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, նշում է. «Մենք՝ երեխաներս, հաճախ նվնվում և դժգոհում էինք Աստվածաշնչի ուսումնասիրություն անելու, ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը մասնակցելու հետ կապված։ Երբեմն գիտակցաբար խափանում էինք ընտանեկան ուսումնասիրությունը, որպեսզի չմասնակցեինք դրան։ Բայց մեր ծնողները չէին հանձնվում»։ Քույրն ավելացնում է. «Այդ կրթությունն օգնեց ինձ զարգացնելու հաստատակամություն։ Այժմ երբ հոգևոր գրաֆիկս խախտվում է, ուժեղ ցանկություն եմ ունենում հնարավորինս արագ վերականգնելու այն։ Չեմ կարծում, որ նման ձգտում կզարգանար իմ մեջ, եթե ծնողներս հաստատակամ չլինեին մեր հոգևոր գրաֆիկին հետևելու հարցում։ Եթե նրանք հանձնվեին, վստահ եմ, որ այսօր հեշտությամբ բաց կթողնեի հանդիպումները և կանտեսեի հոգևոր այլ գործեր»։

ՁԵՐ ՕՐԻՆԱԿՈՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՐԵՔ

8. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ խոնարհ է։ բ) Հիսուսի խոնարհությունն ինչպե՞ս անդրադարձավ նրա աշակերտների վրա։

8 Թեև Հիսուսը կատարյալ մարդ էր, բայց խոնարհաբար ընդունեց, որ իր հնարավորությունները սահմանափակ են, և ինքը Եհովայի օգնության կարիքն ունի (կարդա՛  Հովհաննես 5։19)։ Արդյո՞ք Հիսուսի խոնարհությունը տեսնելով՝ աշակերտները սկսեցին ավելի քիչ հարգել նրան։ Ամենևի՛ն։ Իրականում, որքան շատ էր նա ապավինում Եհովային, այնքան ավելի էր արժանանում իր աշակերտների վստահությանը։ Հետագայում նրանք ընդօրինակեցին Հիսուսի խոնարհությունը (Գործ. 3։12, 13, 16

9. Եթե ներողություն խնդրես և ընդունես, որ սահմանափակ հնարավորություններ ունես, ինչպե՞ս դա կանդրադառնա դեռահաս երեխաներիդ վրա։

9 Մեր հնարավորությունները բազմաթիվ հարցերում սահմանափակ են, և ի տարբերություն Հիսուսի՝ մենք անկատար ենք ու սխալներ ենք անում։ Խոնարհաբար ընդունիր, որ սահմանափակ հնարավորություններ ունես, նաև ընդունիր քո սխալները (1 Հովհ. 1։8)։ Վերջիվերջո, ո՞ւմ ես ավելի շատ հարգում. այն գործատիրոջը, ով ընդունո՞ւմ է իր սխալը, թե՞ նրան, ով ներողություն չի խնդրում։ Երբ դեռահաս երեխադ տեսնի, որ ներողություն ես խնդրում սխալներիդ համար, հավանաբար ավելի շատ կհարգի քեզ։ Նա նաև կսովորի ընդունել ի՛ր սխալները։ Ռոզմարին, որը երեք չափահաս երեխաների մայր է, ասում է. «Մենք ընդունում էինք մեր սխալները, և դա մղում էր երեխաներին իրենց սիրտը բացելու մեր առաջ, երբ խնդիր էին ունենում։ Մենք գիտակցում էինք, որ սահմանափակ հնարավորություններ ունենք, ուստի սովորեցրինք մեր երեխաներին, թե որտեղ կարող են գտնել իրենց խնդիրների լավագույն լուծումները։ Երբ նրանք օգնության կարիք էին ունենում, մենք միշտ նրանց ուշադրությունը հրավիրում էինք Աստվածաշնչի վրա հիմնված մեր գրականության վրա և աղոթում էինք միասին»։

10. Ինչպե՞ս Հիսուսը խոնարհություն դրսևորեց իր հետևորդներին պատվերներ տալիս։

10 Հիսուսը իր հետևորդներին պատվերներ տալու իշխանություն ուներ, բայց հաճախ խոնարհաբար հայտնում էր նրանց տվյալ պատվերը տալու պատճառները։ Օրինակ՝ նա իր հետևորդներին պարզապես չասաց, որ նախ փնտրեն Թագավորությունը և Աստծու արդարությունը, այլ նշեց. «Եվ այդ բոլոր բաները կտրվեն ձեզ»։ Իսկ «մի՛ դատեք» ասելուց հետո Հիսուսը բացատրեց, թե ինչու. «Որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք» (Մատթ. 6։31–7։2

11. Ինչո՞ւ է իմաստուն, որ, երբ տեղին է, դեռահաս երեխայիդ բացատրես քո սահմանած կանոնի կամ կայացրած որոշման պատճառները։

11 Երբ տեղին է, բացատրիր քո սահմանած կանոնի կամ կայացրած որոշման պատճառները։ Եթե դեռահաս երեխադ հասկանա, թե ինչ ես մտածում տվյալ հարցի հետ կապված, ամենայն հավանականությամբ պատրաստակամորեն կհնազանդվի քեզ։ Բերին, որը չորս երեխա է մեծացրել, ասում է. «Պատճառները նշելը օգնում է պատանիներին վստահելու քեզ, քանի որ նրանք տեսնում են, որ քո որոշումները քմահաճույքի կամ կամակորության դրսևորումներ չեն»։ Բացի այդ, հիշիր, որ դեռահասդ այլևս փոքր երեխա չէ, նա չափահաս դառնալու ճանապարհին է և ցանկանում է ի՛ր «բանականությունը» գործի դնել (Հռոմ. 12։1)։ Բերին բացատրում է. «Դեռահասները պետք է սովորեն ողջամիտ որոշումներ կայացնել, որոնք հիմնված են ոչ թե զգացմունքների, այլ բանականության վրա» (Սաղ. 119։34)։ Եթե խոնարհաբար հայտնես երեխայիդ քո կայացրած որոշումների պատճառները, նա կզգա, որ ընդունում ես այն փաստը, որ ինքը հասունանում է, և կսովորի ինքնուրույն որոշումներ կայացնել՝ գործի դնելով իր «բանականությունը»։

ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԴԵՌԱՀԱՍԻԴ ՀԱՆԴԵՊ

12. Հասկացողություն ունենալու շնորհիվ ինչպե՞ս Հիսուսը օգնեց Պետրոսին։

12 Հիսուսը հասկացողություն էր դրսևորում և իմանում էր, թե աշակերտները որ հարցում օգնության կարիք ունեին։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը, լավ մղումներից ելնելով, Հիսուսին հորդորեց բարի լինել իր հանդեպ, որպեսզի չսպանվի։ Սակայն Հիսուսը գիտեր, որ Պետրոսը սխալ մտածելակերպ ունենալու պատճառով նման բան ասաց։ Նրան և մյուս աշակերտներին օգնելու համար Հիսուսը հստակ խորհուրդ տվեց՝ նշելով սեփական անձը խնայելու հետևանքների մասին և ընդգծելով անձնազոհ ոգի ունենալու օրհնությունները (Մատթ. 16։21–27)։ Պետրոսը սովորեց դասը (1 Պետ. 2։20, 21

13, 14. ա) Ի՞նչը կարող է ցույց տալ, որ երեխայիդ հավատը սասանվում է։ բ) Ինչպե՞ս կարող ես հասկացողություն դրսևորել, որպեսզի հասկանաս և իսկապես օգնես տղայիդ կամ աղջկադ։

13 Աղոթիր Եհովային, որ քեզ հասկացողություն տա, որպեսզի կարողանաս հասկանալ, թե որ հարցում դեռահաս երեխադ օգնության կարիք ունի (Սաղ. 32։8)։ Օրինակ՝ ինչի՞ց կարող ես իմանալ, որ երեխայիդ հավատը սասանվում է։ Թերևս նա կորցրել է ուրախությունը, քննադատաբար է խոսում հավատակիցների մասին կամ ինքնամփոփ է դարձել։ Մի՛ շտապիր եզրակացնել, որ սրանք երկակի կյանք վարելու և լուրջ մեղք գործելու նշաններ են։ * Բայց մյուս կողմից մի՛ անտեսիր նման նշանները կամ մի՛ կարծիր, որ նա ինքնաբերաբար դուրս կգա մեկուսացած վիճակից։

Առիթներ ստեղծիր, որ երեխաներդ ընկերներ ձեռք բերեն քրիստոնեական ժողովում (տե՛ս պարբերություն 14

14 Հիսուսի պես՝ բարությամբ և հարգալից կերպով հարցեր տուր։ Եթե ջրհորից դույլով ջուրը շատ արագ հանես, ջրի մի մասը կթափվի։ Նմանապես, եթե դեռահասիդ հարցեր տալիս անհամբեր լինես և ստիպես, որ խոսի, գուցե կորցնես նրա մտքերն ու մտադրությունները իմանալու լավ հնարավորությունը (կարդա՛  Առակներ 20։5)։ Իլարիան, որի մասին նշվեց վերևում, ասում է. «Դեռահասության շրջանում ես երկընտրանքի առաջ էի կանգնած՝ քայլե՞լ ճշմարտության մեջ, թե՞ ավելի շատ ժամանակ անցկացնել համադասարանցիներիս հետ։ Այս ներքին պայքարը անդրադարձել էր տրամադրությանս վրա և ծնողներս նկատել էին դա։ Մի երեկո նրանք պարզապես ասացին, որ նկատել են՝ անտրամադիր եմ, և հարցրին, թե ինչ է եղել։ Ես չկարողացա զսպել արցունքներս ու լաց եղա, բացատրեցի իրավիճակը և օգնություն խնդրեցի։ Նրանք գրկեցին ինձ ու ասացին, որ հասկանում են ինձ, և խոստացան օգնել»։ Իլարիայի ծնողները անմիջապես սկսեցին օգնել նրան, որ վերջինս ժողովում նոր և ավելի լավ ընկերներ ձեռք բերի։

15. Բե՛ր օրինակ, թե ինչպես էր Հիսուսը հասկացողություն դրսևորում մարդկանց հետ շփվելիս։

15 Հիսուսը հասկացողություն դրսևորեց նաև՝ նկատելով, թե իր աշակերտները որ ոլորտներում օգնության կարիք ունեին և որ բնագավառներում էին աչքի ընկնում։ Օրինակ՝ երբ Նաթանայել անունով մի մարդ լսեց, որ Հիսուսը Նազարեթից է, ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա» (Հովհ. 1։46)։ Նաթանայելի այս խոսքերը լսելուց հետո ի՞նչ կարծիք կկազմեիր նրա մասին. քննադատո՞ղ է, կանխակալ վերաբերմո՞ւնք ունի կամ գուցե թերահավա՞տ է։ Հիսուսը հասկացողություն դրսևորեց և Նաթանայելի մեջ լավը տեսավ։ Նա նրան կոչեց «իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1։47)։ Հիսուսը կարողանում էր կարդալ մարդկանց սրտերը, և օգտագործեց այդ ունակությունը, որպեսզի նրանց մեջ լավը փնտրի։

16. Ինչպե՞ս կարող ես օգնել դեռահասիդ լավ հատկություններ զարգացնելու։

16 Ճիշտ է, դու չես կարող սրտեր կարդալ, բայց Աստծու օգնությամբ կարող ես հասկացողություն դրսևորել։ Կօգտագործե՞ս այդ ունակությունը, որպեսզի լավը փնտրես դեռահաս երեխայիդ մեջ։ Ոչ ոք չի ուզում, որ իրեն «խռովարարի» պիտակ կպցնեն։ Երբեք մի՛ ասա, որ որդիդ կամ աղջիկդ «ըմբոստ» կամ «բարդ երեխա» է։ Նույնիսկ մի՛ մտածիր այդպես։ Անգամ երբ նա քեզ հիասթափեցնում է, ասա նրան, որ տեսնում ես իր պոտենցիալը և ճիշտն անելու իր անկեղծ ցանկությունը։ Նկատիր առաջընթացի ցանկացած դրսևորում և գովիր դրա համար։ Օգնիր երեխայիդ զարգացնելու լավ հատկություններ՝ հնարավորության դեպքում ավելի մեծ պատասխանատվություններ վստահելով նրան։ Հիսուսը այդպես վարվեց իր աշակերտների հետ։ Նաթանայելին (նաև՝ Բարթողոմեոս) հանդիպելուց մոտ մեկուկես տարի հետո Հիսուսը նրան որպես առաքյալ ընտրեց, և նա եռանդուն քրիստոնյա դարձավ (Ղուկ. 6։13, 14; Գործ. 1։13, 14)։ Քո գովեստի ու քաջալերական խոսքերի շնորհիվ երեխադ չի կարծի, թե ինքը երբեք չի կարող արդարացնել քո ու Եհովայի ակնկալիքները, այլ կմտածի, որ կարող է լինել լավ քրիստոնյա և իր ընդունակություններն օգտագործել Աստծուն ծառայելու համար։

ԵՐԵԽԱՅԻԴ ԿՐԹԵԼԸ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԻ ՔԵԶ

17, 18. Դեռահաս երեխայիդ ջանադրաբար կրթելը ի՞նչ արդյունքներ կարող է բերել։

17 Երեխայիդ մեծացնելու ընթացքում գուցե երբեմն ունենաս այն նույն զգացումները, որ ուներ Պողոս առաքյալը, որը շատերի հոգևոր հայրն էր դարձել։ Նրա «սիրտը մեծ վշտով ու նեղությամբ էր լցված», քանի որ «շատ էր սիրում» Կորնթոսի իր հոգևոր զավակներին (2 Կորնթ. 2։4; 1 Կորնթ. 4։15)։ Վիկտորը, որը երկու տղա և մեկ աղջիկ է մեծացրել, ասում է. «Ճիշտ է, դեռահասության շրջանը հեշտ չէր, բայց լավ ժամանակները գերազանցում էին այն դժվարությունները, որոնց բախվում էինք։ Եհովայի օգնությամբ մենք ու մեր երեխաները մտերիմ ընկերներ դարձանք»։

18 Շարունակեք ջանադրաբար կրթել ձեր երեխաներին, որ ծառայեն Եհովային։ Այդպիսով ցույց կտաք, թե որքան շատ եք սիրում նրանց։ Միայն պատկերացրեք, թե ինչ մեծ ուրախություն կապրեք, երբ ձեր երեխաները որոշեն ծառայել Աստծուն և լինեն այն երեխաների թվում, ովքեր «շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհ. 4