Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼ

Ազնվությունը այսօր գնահատվո՞ւմ է

Ազնվությունը այսօր գնահատվո՞ւմ է

Ճապոնիայում ապրող մի մարդ՝ Հիտոշին, աշխատում էր աշխատանքի տեղավորման մի գործակալության հաշվապահական գրասենյակում։ Ֆինանսական մի հաշվետվություն ստուգելիս Հիտոշիի վերադասն ասաց նրան, որ նա պետք է հաշվետվության մեջ որոշ տվյալներ կեղծի։ Հիտոշին բացատրեց, որ իր խիղճը թույլ չի տալիս, որ ինքը անազնվությամբ վարվի։ Վերադասը նրան սպառնաց, որ կհեռացնի աշխատանքից, և ի վերջո հենց այդպես էլ արեց։

Հաջորդ ամիսների ընթացքում Հիտոշին աշխատանք էր փնտրում։ Նա հույսը կորցրել էր, թե որևէ գործ կգտնի։ Աշխատանքի ընդունման մի հարցազրույցի ժամանակ, երբ նա նշեց, որ չի կարող անազնիվ բաներ անել, հարցազրույց անցկացնողը նրան ասաց. «Դուք շատ տարօրինակ մտածելակերպ ունեք»։ Հիտոշիի ընտանիքի անդամներն ու ընկերները նրան հորդորում էին, որ հաստատակամ մնա ազնիվ լինելու հարցում։ Սակայն Հիտոշին որոշ կասկածներ ուներ։ Նա ասում է. «Ես սկսեցի մտածել, թե արդյոք խելամիտ է, որ ազնիվ լինեմ ու հավատարիմ մնամ իմ սկզբունքներին»։

Հիտոշիի օրինակը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են գնահատում ազնվությունը։ Ավելին, ոմանք գուցե նույնիսկ խոչընդոտ համարեն դա, հատկապես աշխատանքի բնագավառում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող մի կին ասում է. «Աշխատավայրում ես շրջապատված եմ անազնիվ մարդկանցով։ Եվ երբեմն շատ դժվար է լինում չվարվել նրանց նման»։

Անազնվության դրսևորումներից մեկը, որ հատկապես տարածված է այսօր, ստելն է։ Մի քանի տարի առաջ հոգեբան Ռոբերտ Ֆելդմանը, որն աշխատում է Ամհերստ քաղաքի Մասաչուսեթսի համալսարանում, կատարեց մի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ չափահաս մարդկանց 60 տոկոսը տասը րոպեի ընթացքում առնվազն մեկ անգամ ստում է։ Ֆելդմանը ասում է. «Այդ ցուցանիշը շատ զարմացրեց մեզ։ Չէինք պատկերացնում, որ ստելն այդքան տարածված երևույթ է առօրյա կյանքում»։ Իսկապես տարօրինակ է, որ թեև մարդկանց մեծ մասը տանել չի կարողանում, երբ իրենց ստում են, բայց սուտն այսօր լայնորեն տարածված է։

Ի՞նչն է պատճառը, որ ստելը, գողանալը և անազնվության այլ ձևեր այդքան տարածված են այսօր։ Ինչպե՞ս է անազնվությունն անդրադառնում ողջ հասարակության վրա։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել անազնիվ գործելակերպից։