Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ո՞վ էր Հովսեփի հայրը

Ատաղձագործ Հովսեփը, որն ապրում էր Նազարեթում, Հիսուսի հայրն էր (ոչ հարազատ)։ Իսկ ո՞վ էր Հովսեփի հայրը։ Մատթեոսի Ավետարանում հիշատակված Հիսուսի տոհմաբանության մեջ նշվում է, որ Հովսեփի հայրը Հակոբ անունով մի մարդ էր, մինչդեռ Ղուկասի արձանագրած տոհմաբանության մեջ նշվում է, որ Հովսեփը «[որդին էր] Հեղիի»։ Ինչո՞ւ այսպիսի հակասություն կա (Ղուկաս 3։23; Մատթեոս 1։16

Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Հակոբը ունեցավ Հովսեփին»։ Այստեղ օգտագործված հունարեն բառը հստակ ցույց է տալիս, որ Հակոբը Հովսեփի իսկական, այսինքն՝ կենսաբանական հայրն էր։ Մատթեոսը արձանագրել է Հովսեփի իսկական տոհմաբանությունը՝ ցույց տալով, որ Հովսեփը սերում է Դավթի թագավորական շառավղից, որի միջոցով գահի օրինական իրավունքը ժառանգաբար փոխանցվում էր Հովսեփի որդեգրյալ որդուն՝ Հիսուսին։

Սակայն Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ Հովսեփը «[որդին էր] Հեղիի»։ Այս արտահայտությունը՝ «որդին էր», կարող էր վերաբերել փեսային (աղջկա ամուսնուն)։ Օրինակ՝ Ղուկաս 3։27-ում նշվում է, որ Սաղաթիելը «[որդին էր] Ներիի», այնինչ իրականում նրա հայրը Հեքոնիան էր (1 Տարեգրություն 3։17; Մատթեոս 1։12)։ Սաղաթիելը, հավանաբար, ամուսնացել էր Ներիի դստեր հետ, որի անունը նշված չէ Աստվածաշնչում, և այդպիսով դարձել էր Ներիի, այսպես ասած, որդին՝ նրա փեսան։ Նույն իմաստով էլ Հովսեփն էր Հեղիի «որդին», քանի որ ամուսնացել էր նրա դստեր՝ Մարիամի հետ։ Այսպիսով՝ Ղուկասն իր ավետարանում արձանագրել է Հիսուսի տոհմաբանությունը «մարմնի կողմանէ»՝ մոր գծով (Հռոմեացիներ 1։3, «Արարատ» թարգմանություն)։ Փաստորեն, Աստվածաշնչում արձանագրված են երկու տարբեր տոհմաբանական շառավիղներ, որոնք օգտակար տեղեկություններ են հայտնում Հիսուսի մասին։

Ի՞նչ գործվածքներ և ներկեր կային աստվածաշնչյան ժամանակներում

Ներկված բրդյա գործվածք, որը հայտնաբերվել է մեռյալ ծովի մոտ գտնվող քարանձավներից մեկում (թվագրված մ.թ. 135 թ.-ից առաջ)

Հին ժամանակներում Մերձավոր Արևելքում գործվածքեղենի պատրաստման համար լայնորեն օգտագործում էին ոչխարի բուրդ, ինչպես նաև այծի և ուղտի մազ։ Ամենատարածվածը բրդյա գործվածքներն էին։ Աստվածաշնչում հաճախ է հիշատակվում ոչխարների, ոչխարներին խուզելու և բրդյա հագուստների մասին (1 Սամուել 25։2; 2 Թագավորներ 3։4; Հոբ 31։20)։ Վուշը, որից կտավ էին պատրաստում, աճում էր Եգիպտոսում և Իսրայելում (Ծննդոց 41։42; Հեսու 2։6)։ Աստվածաշնչյան ժամանակներում իսրայելացիները, ակներևաբար, բամբակ չէին աճեցնում, սակայն Աստվածաշնչում հիշատակվում է, որ բամբակյա գործվածքներ օգտագործվում էին Պարսկաստանում (Եսթեր 1։6)։ Մետաքսյա գործվածքները թանկ էին ու ճոխ, և ճամփորդող առևտրականները դրանք, հավանաբար, բերում էին Հեռավոր Արևելքից (Հայտնություն 18։11, 12

Մի գրքում նշվում է. «Չներկված բուրդն ուներ տարբեր երանգներ՝ սպիտակից մինչև մուգ շագանակագույն» (Jesus and His World)։ Բուրդը հաճախ նաև ներկում էին։ Թանկարժեք ծիրանի (մուգ կարմիր) ներկը ստանում էին որոշ կակղամորթներից։ Իսկ այլ գույնի ներկեր, օրինակ՝ կարմիր, դեղին, կապույտ և սև, ստանում էին տարբեր բույսերից, արմատներից, տերևներից և միջատներից։