Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Սովորեցի հարգել կանանց և ինքս ինձ

Սովորեցի հարգել կանանց և ինքս ինձ
  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1960

  • ԵՐԿԻՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԿԱՆԱՆՑ ՉՀԱՐԳՈՂ, ԹՄՐԱՄՈԼ ԵՎ ՎԱՅՐԱԳ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ես ծնվել եմ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Մյուլուզ քաղաքում՝ բանվորական մի արվարձանում, որը հայտնի էր բռնությամբ։ Մանկության տարիներին հաճախ եմ ականատես եղել այդ տարածքում ապրող տարբեր ընտանիքների և գերդաստանների միջև տեղի ունեցող կատաղի վեճերին։ Մեր գերդաստանում տղամարդիկ արհամարհում էին կանանց ու հազվադեպ էին խորհրդակցում նրանց հետ։ Ինձ սովորեցրել էին, որ կանանց տեղը խոհանոցն է, և որ նրանք պետք է հոգ տանեն տղամարդկանց ու երեխաների մասին։

Մանկությունս լի էր դժվարություններով։ Երբ տասը տարեկան էի, հայրս մահացավ ալկոհոլիզմի պատճառով։ Հինգ տարի անց ավագ եղբայրներիցս մեկը ինքնասպանություն գործեց։ Այդ նույն տարի միջընտանեկան մի ընդհարման ժամանակ ականատես եղա սպանության։ Դա ինձ խորապես ցնցեց։ Ընտանիքիս անդամները ինձ սովորեցրին դանակ և ատրճանակ գործածել ու կռվել, երբ դա անհրաժեշտ էր։ Պատանեկան տարիքում շատ բարդ հոգեվիճակ ունեի, և շուտով սկսեցի մարմնիս վրա դաջվածքներ անել ու խմել։

Տասնվեց տարեկանում արդեն օրական 10–15 շիշ գարեջուր էի խմում, իսկ որոշ ժամանակ անց սկսեցի նաև թմրանյութ օգտագործել։ Որպեսզի կարողանայի գումար հայթայթել իմ արատավոր սովորությունների համար, մետաղի ջարդոն էի վաճառում և գողություն էի անում։ Տասնյոթ տարեկանում արդեն դատապարտվել էի ազատազրկման։ Ընդհանուր հաշվով 18 դատվածություն եմ ունեցել գողության և բռնության համար։

Քսան տարեկանում իմ վիճակն ավելի վատացավ։ Օրական 20 գլանակ մարիխուանա էի ծխում, նաև հերոին ու այլ թմրանյութեր էի ընդունում։ Մի քանի անգամ քիչ էր մնում մահանայի մեծ չափաքանակ ընդունելու պատճառով։ Սկսեցի նաև թմրանյութերի վաճառքով զբաղվել, ուստի միշտ զինված էի ատրճանակներով ու դանակներով։ Մի անգամ կրակեցի մի մարդու վրա, բայց բարեբախտաբար փամփուշտը դիպավ նրա գոտու ճարմանդին։ Երբ 24 տարեկան էի, մայրս մահացավ։ Դրանից հետո ավելի կատաղի անձնավորություն դարձա։ Անցորդները ինձ տեսնելիս վախով էին համակվում ու փողոցի մյուս կողմն էին անցնում։ Ես հաճախ էի ներքաշվում կռիվների մեջ, ինչի պատճառով շաբաթ-կիրակի օրերս կա՛մ ոստիկանական բաժանմունքում էի անցկացնում, կա՛մ հիվանդանոցում, որտեղ վերքերիս վրա կարեր էին դնում։

Քսանութ տարեկանում ամուսնացա։ Ինչպեսև սպասելի էր ինձ նման անձնավորությունից, ես կնոջս հարգանքով չէի վերաբերվում, նրան վիրավորում ու ծեծում էի։ Ամուսիններով միասին ոչինչ չէինք անում։ Ես մտածում էի, որ միանգամայն բավական է այն, որ նրան առատորեն թանկարժեք զարդեր էի տալիս, որոնք գողացված էին։ Հետագայում եղավ մի բան, որ ամենևին չէի սպասում։ Կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Իր առաջին ուսումնասիրությունից հետո նա թողեց ծխելը և այլևս գողացված փող չէր ընդունում ինձանից։ Բացի այդ, նա ինձ վերադարձրեց իմ նվիրած բոլոր թանկարժեք զարդերը։ Ես ահավոր զայրացել էի։ Ամեն ինչ անում էի, որ նա չուսումնասիրի։ Ծխախոտի ծուխը փչում էի նրա երեսին ու ծաղրում էի նրան ողջ հարևանության առջև։

Մի գիշեր հարբած վիճակում պատահմամբ հրդեհեցի մեր բնակարանը։ Կինս հրդեհից փրկեց ինձ և մեր հինգ տարեկան աղջկան։ Երբ արդեն սթափվել էի, ինձ տանջում էր մեղավորության զգացումը։ Հոգուս խորքում մտածում էի, որ Աստված երբեք չի ների ինձ։ Հիշում էի, որ մի անգամ մի քահանա ասաց, որ չար մարդիկ դժոխք են գնում։ Նույնիսկ իմ հոգեբույժը ինձ ասաց. «Քեզնից այլևս հույս չկա։ Դու անուղղելի ես»։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Մեր բնակարանում տեղի ունեցած հրդեհից հետո տեղափոխվեցինք կնոջս ծնողների տուն։ Երբ Վկաները եկան կնոջս այցելելու, ես հարցրի նրանց. «Աստված կների՞ ինձ իմ բոլոր մեղքերի համար»։ Նրանք Աստվածաշնչից ինձ ցույց տվեցին 1 Կորնթացիներ 6։9–11 համարները։ Այդ համարներում խոսվում է Աստծու աչքին դատապարտելի տարբեր արարքների մասին, բայց նաև ասվում է. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին»։ Այդ խոսքերը ինձ վստահեցրին, որ հնարավոր է փոխվել։ Հետո Վկաները ցույց տվեցին 1 Հովհաննես 4։8 համարը և օգնեցին հասկանալու, որ Աստված սիրում է ինձ։ Այդ ամենից անչափ քաջալերվեցի ու խնդրեցի նրանց, որ ինձ հետ շաբաթը երկու անգամ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Նաև սկսեցի հաճախել նրանց քրիստոնեական հանդիպումներին։ Բացի այդ, միշտ աղոթում էի Եհովային։

Մեկ ամիս անց որոշեցի հրաժարվել թմրանյութերից և ալկոհոլից։ Սակայն շուտով զգացի, որ օրգանիզմիս մեջ պայքար է սկսվել։ Ես տառապում էի սարսափելի մղձավանջներից, գլխացավից, ցնցումային նոպաներից և թմրանյութային քաղցի այլ ախտանշաններից։ Բայց միևնույն ժամանակ զգում էի, որ Եհովան ամուր բռնել է ձեռքս ու զորացնում է ինձ։ Ես ունեի նույն զգացումները, ինչ ուներ Պողոս առաքյալը։ Աստծու ցուցաբերած օգնության մասին Պողոսը գրել է. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Ժամանակի ընթացքում կարողացա նաև թողնել ծխելը (2 Կորնթացիներ 7։1

Աստվածաշունչն օգնեց, որ ոչ միայն կարգավորեմ կյանքս, այլև բարելավեմ իմ ընտանեկան փոխհարաբերությունները։ Փոխվեց կնոջս հանդեպ իմ վերաբերմունքը։ Ես սկսեցի հարգանքով վերաբերվել նրան և օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են «խնդրում եմ», «շնորհակալություն»։ Նաև դարձա ավելի լավ հայր մեր դստեր համար։ Մեկ տարի Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո կյանքս նվիրեցի Եհովային և մկրտվեցի՝ հետևելով կնոջս օրինակին։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Ես կարող եմ համոզվածությամբ ասել, որ աստվածաշնչյան սկզբունքները փրկել են իմ կյանքը։ Նույնիսկ մեր ընտանիքի ոչ Վկա անդամներն են ընդունում, որ ես ամենայն հավանականությամբ կմահանայի թմրանյութերի չարաշահումից կամ կսպանվեի որևիցե վայրագ կռվի ժամանակ։

Իմ ընտանեկան կյանքն արմատապես փոխվեց շնորհիվ աստվածաշնչյան սկզբունքների, որոնք օգնեցին ինձ հասկանալու, թե ինչ պատասխանատվություններ ունեմ որպես ամուսին և հայր (Եփեսացիներ 5։25; 6։4)։ Մենք սկսեցինք շատ բաներ միասին անել՝ որպես իսկական ընտանիք։ Այլևս չեմ մտածում, թե կնոջս տեղը խոհանոցն է, և սիրով աջակցում եմ նրան, որ լիաժամ մասնակցի քարոզչական ծառայությանը։ Նա էլ սիրով աջակցում է ինձ, որ կատարեմ իմ պատասխանատվությունները որպես ժողովի երեց։

Այո՛, կյանքս լիովին փոխվել է Եհովա Աստծու ցուցաբերած սիրո և ողորմության շնորհիվ։ Եվ ես շատ եմ ցանկանում նրա հիանալի հատկությունների մասին պատմել բոլոր նրանց, ում համարում են անուղղելի, քանի որ շատերը ինձ էլ էին այդպիսին համարում։ Այժմ ես գիտեմ, որ Աստվածաշունչը ի զորու է փոխել ցանկացած մարդու, և օգնել նրան ապրելու մաքուր և իմաստալից կյանքով։ Աստվածաշունչը ոչ միայն սովորեցրել է ինձ սիրել ու հարգել բոլոր մարդկանց՝ լինեն տղամարդ, թե կին, այլև օգնել է, որ հարգեմ ինքս ինձ։