Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ էր բորոտների հանդեպ Հիսուսի վերաբերմունքը արտասովոր

Աստվածաշնչյան ժամանակներում տարածված էր բորոտության մի տեսակ, որից հրեաները շատ էին վախենում։ Այդ սարսափելի հիվանդությունը կարող էր ախտահարել նյարդային վերջույթները, ինչի հետևանքով հիվանդի մարմինը անդառնալիորեն վնասվում և այլանդակվում էր։ Այն ժամանակ բորոտությունը չէր բուժվում, ուստի բորոտներին մեկուսացնում էին։ Բացի այդ, նրանք պետք է մյուսներին զգուշացնեին իրենց հիվանդության մասին (Ղևտական 13։45, 46

Հրեա կրոնական առաջնորդները բորոտության վերաբերյալ սահմանում էին կանոններ, որոնք չկային Աստծու տված Օրենքում, և այդպիսով անտեղի բարդացնում էին բորոտությամբ տառապողների կյանքը։ Օրինակ՝ ռաբունական կանոնների համաձայն՝ ոչ ոք 4 կանգունից, կամ՝ մոտ 2 մետրից ավելի չպետք է մոտենար բորոտին։ Իսկ քամոտ եղանակին հարկավոր էր բորոտից առնվազն 100 կանգուն, կամ՝ մոտ 45 մետր հեռու մնալ։ Որոշ թալմուդականներ «ճամբարից դուրս» ապրելու վերաբերյալ սուրբգրային պահանջը այլ կերպ էին մեկնաբանում՝ պնդելով, որ բորոտներին պետք է վտարել պարսպավոր քաղաքներից։ Դա էր պատճառը, որ ռաբբիները քաղաքում բորոտ տեսնելիս քարեր էին նետում նրա վրա և ասում. «Հեռացի՛ր այստեղից և մի՛ պղծիր մյուս մարդկանց»։

Որքա՜ն էր տարբերվում Հիսուսի վերաբերմունքը. նա ոչ թե վռնդում էր բորոտներին, այլ դիպչում էր նրանց և անգամ բուժում (Մատթեոս 8։3

Ի՞նչ հիմքերով էին հրեա կրոնական առաջնորդները թույլատրում ամուսնալուծությունը

Բաժանման վկայական՝ թվագրված մ.թ. 71/72

Ամուսնալուծության հարցը բանավեճերի թեմա էր առաջին դարի կրոնական առաջնորդների շրջանում։ Այդ պատճառով որոշ փարիսեցիներ Հիսուսին փորձելու համար հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է, որ մարդը ցանկացած պատճառով բաժանվի իր կնոջից» (Մատթեոս 19։3

Մովսիսական օրենքը ամուսնուն թույլ էր տալիս բաժանվել կնոջից, եթե որևէ «անվայել բան էր նկատել նրա վարքում» (2 Օրենք 24։1)։ Հիսուսի ժամանակներում ռաբունական երկու ուղղություն կար, որոնք միմյանց հակասող կարծիքներ ունեին այս օրենքի վերաբերյալ։ Դրանցից մեկը, որը հայտնի է Շամայի դպրոց անունով, առավել պահպանողական էր և ասում էր, որ ամուսնալուծության միակ հիմնավոր պատճառը «անհավատարմությունն» է, այսինքն՝ անբարոյությունը։ Մյուսը Հիլելի դպրոցն էր, ըստ որի՝ տղամարդու համար ամուսնալուծության հիմք կարող էր լինել ցանկացած ամուսնական տարաձայնություն՝ անկախ նրանից, թե որքան փոքր հարց էր դա։ Ըստ այդ դպրոցի՝ տղամարդը կարող էր բաժանվել կնոջից նույնիսկ չնչին պատճառներով, օրինակ՝ եթե կինը լավ չէր պատրաստել ուտելիքը, կամ եթե ինքը ավելի գեղեցիկ կնոջ էր հանդիպել։

Իսկ ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց փարիսեցիների հարցին։ Նա շատ հստակ ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթեոս 19։6, 9