Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երախտապարտ լինենք Աստծու անզուգական բարության համար

Երախտապարտ լինենք Աստծու անզուգական բարության համար

«Բոլորիս հանդեպ նա առատորեն անզուգական բարություն դրսևորեց» (ՀՈՎՀ. 1։16

ԵՐԳ 95, 13

1, 2. ա) Համառոտ պատմիր խաղողի այգու տիրոջ մասին Հիսուսի առակը։ բ) Ինչպե՞ս է առակը ընդգծում տիրոջ առատաձեռնությունն ու անզուգական բարությունը։

ԽԱՂՈՂԻ այգու տերը վաղ առավոտյան գնաց հրապարակ՝ աշխատողներ վարձելու։ Այնտեղ կանգնած մարդիկ համաձայնվեցին աշխատել նրա առաջարկած գումարով և գործի անցան։ Սակայն այգու տիրոջը ավելի շատ աշխատողներ էին պետք, ուստի օրվա ընթացքում նա մի քանի անգամ գնաց հրապարակ նոր աշխատողներ վարձելու, և բոլորին խոստացավ, որ ինչ որ արժան է, կվճարի։ Երեկոյան նա հավաքեց բոլոր աշխատողներին, որ տա նրանց վարձը, և բոլորին հավասարաչափ գումար տվեց, անկախ նրանից, թե քանի ժամ էին աշխատել։ Սա տեսնելով՝ օրվա սկզբում վարձվածները տրտնջացին։ Այգու տերը պատասխանեց. «Չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր.... Մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածի հետ ուզածիս պես վարվելու։ Թե՞ աչքդ չար է, որ ես բարի եմ» (Մատթ. 20։1–15

2 Հիսուսի այս առակը ընդգծում է Եհովայի հատկություններից մեկը, որի մասին հաճախ է խոսվում Աստվածաշնչում՝ նրա «անզուգական բարության» [1] (կարդա 2 Կորնթացիներ 6։1)։ Մեկ ժամ աշխատողները թերևս արժանի չէին ամբողջ օրվա աշխատավարձը ստանալու, բայց այգու տերը նրանց հանդեպ անզուգական բարություն դրսևորեց։ «Անզուգական բարություն» թարգմանված բնագիր բառի մասին, որը Աստվածաշնչի շատ հրատարակություններում թարգմանված է «շնորհ», մի աստվածաշնչագետ գրել է. «Այդ բառը հիմնականում նշանակում է ձրի պարգև, մի այնպիսի բան, որը տրվում է մարդուն, ով սակայն դա չի վաստակել կամ ստանալու համար արժանի չէ»։

ԵՀՈՎԱՅԻ ԱՆԳԻՆ ՊԱՐԳԵՎԸ

3, 4. Ինչո՞ւ և ինչպե՞ս է Եհովան անզուգական բարություն դրսևորել ամբողջ մարդկության հանդեպ։

3 Աստվածաշունչը խոսում է «Աստծու անզուգական բարության ձրի պարգևի» մասին (Եփես. 3։7)։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է Եհովան այս «ձրի պարգևը» տվել։ Եթե մենք կատարելապես պահեինք Աստծու բոլոր պատվերները, ապա արժանի կլինեինք նրա բարությանը։ Բայց ավա՜ղ, դա ոչ մեկիս չի հաջողվել։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի» (Ժող. 7։20)։ Պողոս առաքյալը նույնպես գրեց, որ «բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին», և որ «մեղքի տված վարձը մահն է» (Հռոմ. 3։23; 6։23ա)։ Ահա թե ինչին ենք մենք արժանի։

4 Սակայն Եհովան անզուգական բարություն դրսևորելով՝ իր սերը ցույց տվեց մեղավոր մարդկության հանդեպ։ Նա ամենամեծ նվերը տվեց՝ երկիր ուղարկեց «իր միածին Որդուն», որ մահանա մեզ համար (Հովհ. 3։16)։ Պողոսը Հիսուսի մասին գրեց, որ նա այժմ «փառքով ու պատվով է պսակված, քանի որ մահը հանձն առավ, որպեսզի Աստծու անզուգական բարությամբ մահ ճաշակի ամեն մարդու համար» (Եբր. 2։9)։ Այո՛, «Աստծու տված պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ. 6։23բ

5, 6. Ինչպե՞ս է անդրադառնում մեզ վրա ա) մեղքի իշխանությունը, բ) անզուգական բարության իշխանությունը։

5 Ինչպե՞ս է մարդկությունը ենթակա դարձել մեղքին ու մահվան։ Աստվածաշունչը բացատրում է. «Մեկ մարդու [Ադամի] հանցանքով մահը թագավորեց» նրա բոլոր սերունդների վրա (Հռոմ. 5։12, 14, 17)։ Սակայն ուրախալի է, որ մենք կարող ենք այլևս չլինել մեղքի իշխանության տակ։ Հավատ ընծայելով Քրիստոսի քավիչ զոհին՝ մենք մտնում ենք Եհովայի անզուգական բարության իշխանության տակ։ Ինչպե՞ս։ Աստվածաշունչն ասում է. «Այնտեղ, որտեղ մեղքը շատացավ, անզուգական բարությունն է՛լ ավելի առատացավ։ Ի՞նչ նպատակով։ Որպեսզի ինչպես մեղքը մահվան հետ միասին թագավորեց, այդպես էլ Աստծու անզուգական բարությունը արդարությամբ թագավորի հավիտենական կյանք բերելու նպատակով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 5։20, 21

6 Թեպետ մենք դեռևս մեղավորներ ենք, չպետք է թույլ տանք, որ մեղքը ղեկավարի մեր կյանքը։ Իսկ եթե մեղք ենք գործում, Եհովայից ներում ենք խնդրում։ Պողոսը զգուշացրեց քրիստոնյաներին. «Մեղքը չպետք է տիրի ձեզ, քանի որ դուք ոչ թե օրենքի տակ եք, այլ անզուգական բարության» (Հռոմ. 6։14)։ Ինչպե՞ս է անզուգական բարության իշխանության տակ լինելը անդրադառնում մեզ վրա։ Պողոսն ասում է, որ «Աստծու անզուգական բարությունը.... սովորեցնում է մեզ մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ» (Տիտոս 2։11, 12

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՆԱԶԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

7, 8. Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովայի անզուգական բարությունը «զանազան կերպերով է դրսևորվում» (տես հոդվածի սկզբի նկարները)։

7 Պետրոս առաքյալը գրեց. «Ինչ չափով որ ամեն մեկը պարգև է ստացել, այդ չափով էլ օգտագործեք այն՝ իրար ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անզուգական բարության, որ զանազան կերպերով է դրսևորվում» (1 Պետ. 4։10)։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչ տեսակ փորձությունների էլ որ կյանքում բախվենք, Եհովան կարող է օգնել մեզ հաղթահարել դրանք (1 Պետ. 1։6)։ Յուրաքանչյուր փորձության ժամանակ Աստված իր բարությունը համապատասխան կերպով կդրսևորի։

8 Հովհաննես առաքյալը գրեց. «Բոլորիս հանդեպ նա առատորեն անզուգական բարություն դրսևորեց, քանի որ նա լի է անզուգական բարությամբ» (Հովհ. 1։16)։ Եհովայի բարության զանազան դրսևորումների շնորհիվ մենք ստանում ենք բազմաթիվ օրհնություններ։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։

9. Ի՞նչ օրհնություն ենք ստանում Եհովայի անզուգական բարության շնորհիվ և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը։

9 Մեղքերի ներում։ Եհովայի անզուգական բարության շնորհիվ մեր մեղքերը ներվում են, եթե զղջում ենք և շարունակում ենք պայքարել մեղավոր հակումների դեմ (կարդա 1 Հովհաննես 1։8, 9)։ Աստծու ողորմությունը պետք է մեր սրտերը լցնի երախտագիտությամբ և մղի մեզ փառաբանելու նրան։ Պողոսը օծյալ քրիստոնյաներին գրեց. «[Եհովան] ազատեց մեզ խավարի իշխանությունից և տեղափոխեց մեզ իր սիրելի Որդու թագավորություն, ում միջոցով փրկանքի շնորհիվ մենք ստացանք մեր ազատությունը, այսինքն՝ մեր մեղքերի ներումը» (Կող. 1։13, 14)։ Մեղքերի ներում ստանալով՝ մենք հնարավորություն ենք ունենում այլ հիանալի օրհնություններ վայելելու։

10. Ուրիշ ի՞նչ օրհնություն ենք վայելում շնորհիվ Աստծու անզուգական բարության։

10 Խաղաղ փոխհարաբերություններ Աստծու հետ։ Մեր մեղավոր վիճակի պատճառով մենք ի ծնե Աստծու թշնամիներն ենք։ Պողոսը ընդունեց դա՝ ասելով, որ երբ «թշնամիներ էինք, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահով» (Հռոմ. 5։10)։ Այս հաշտության շնորհիվ կարող ենք խաղաղ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Պողոսը ցույց տվեց, թե այս հաշտությունը ինչպես է առնչվում Եհովայի անզուգական բարությանը՝ ասելով. «Ուրեմն հիմա, որ [մենք՝ Քրիստոսի օծյալ եղբայրներս] արդար ենք հայտարարվել հավատի շնորհիվ, եկեք խաղաղություն վայելենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որի միջոցով մենք նաև հավատով արտոնություն ունենք մոտենալու Աստծուն՝ ստանալու անզուգական բարությունը, որն այժմ վայելում ենք։ Ուստի եկեք ցնծանք Աստծու փառքի հույսով» (Հռոմ. 5։1, 2)։ Ինչպիսի՜ օրհնություն։

Աստծու անզուգական բարության դրսևորումները։ Մարդիկ լսում են բարի լուրը (տես պարբերություն 11)

11. Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները «ուրիշ ոչխարներին» «արդարության բերում»։

11 Արդարության բերվել։ Դանիել մարգարեն կանխագուշակեց, որ վերջի ժամանակում «հասկացողություն ունեցողները»՝ օծյալ մնացորդը, «շատերին արդարության կբերեն» (կարդա Դանիել 12։3)։ Քարոզչական և կրթական գործունեության միջոցով նրանք միլիոնավոր «ուրիշ ոչխարների» «արդարության են բերել»՝ օգնելով, որ արդար համարվեն Եհովայի առաջ (Հովհ. 10։16)։ Պողոսը բացատրում է, թե ինչի շնորհիվ է դա հնարավոր եղել. «Ձրի պարգև է այն, որ նրա անզուգական բարության շնորհիվ նրանք արդար են հայտարարվում այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով» (Հռոմ. 3։23, 24

Աղոթքի պարգևը (տես պարբերություն 12)

12. Ինչպե՞ս է աղոթքը առնչվում Աստծու անզուգական բարությանը։

12 Աղոթքի միջոցով Աստծու գահին մոտենալ։ Եհովան իր անզուգական բարությամբ հնարավորություն է տվել մեզ աղոթքի միջոցով մոտենալու իր երկնային գահին։ Պողոսը նրա գահը անվանում է «անզուգական բարության գահ» և մեզ հորդորում է «խոսելու ազատությամբ» մոտենալ դրան (Եբր. 4։16աԵհովան այս առանձնաշնորհումը տվել է մեզ իր Որդու միջոցով։ Աստվածաշունչը ասում է. «Նրա միջոցով է, որ ունենք խոսելու այս ազատությունը, և նրա հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ է, որ կարող ենք վստահությամբ մոտենալ Աստծուն» (Եփես. 3։12)։ Սա, ինչ խոսք, անզուգական բարության դրսևորման հրաշալի կերպերից մեկն է։

Օգնություն՝ ճիշտ ժամանակին (տես պարբերություն 13)

13. Ինչպե՞ս ենք անզուգական բարության շնորհիվ օգնություն ստանում ճիշտ ժամանակին։

13 Օգնություն՝ ճիշտ ժամանակին։ Պողոսը հորդորում է մեզ, որ «երբ մենք օգնության կարիք ունենանք», աղոթքով ազատորեն մոտենանք Եհովային, որպեսզի նա «ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի» (Եբր. 4։16բ)։ Ցանկացած ժամանակ, երբ էլ որ փորձության կամ նեղության մեջ լինենք, կարող ենք Աստծուն օգնության կանչել։ Թեև Եհովան պարտավորված չէ, բայց պատասխանում է մեր աղոթքներին և հաճախ դա անում է մեր հավատակիցների միջոցով։ Ուստի կարող ենք քաջությամբ լցվել ու ասել. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։6

14. Ինչպե՞ս է Եհովայի անզուգական բարությունը մխիթարում մեր սրտերը։

14 Մխիթարություն մեր սրտերին։ Սա այն մեծ օրհնություններից մեկն է, որ ստանում ենք Եհովայի անզուգական բարության շնորհիվ (Սաղ. 51։17)։ Թեսաղոնիկեի քրիստոնյաներին, ովքեր հալածանքներ էին կրում, Պողոսը գրեց. «Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս տվեց մեզ, մխիթարեն ձեր սրտերը ու հաստատեն ձեզ» (2 Թեսաղ. 2։16, 17)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան բարի է, սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։

15. Աստծու անզուգական բարության շնորհիվ ի՞նչ հույս ունենք։

15 Հավիտենական կյանքի հեռանկար։ Լինելով մեղավորներ՝ մենք առանց Եհովայի այս հույսը չէինք ունենա (կարդա Սաղմոս 49։7, 8)։ Հիսուսը խոստացավ իր հետևորդներին. «Սա է իմ Հոր կամքը, որ ամեն ոք, ով տեսնում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 6։40)։ Այո՛, հավիտենական կյանքի հույսը պարգև է՝ Աստծու անզուգական բարության հրաշալի դրսևորումներից մեկը։ Պողոսը, երախտագիտությամբ լցված, գրեց. «Աստծու անզուգական բարությունը... փրկություն է բերում ամեն տեսակ մարդկանց» (Տիտոս 2։11

ՄԻ՛ ՉԱՐԱՇԱՀԻՐ ԱՍՏԾՈՒ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ

16. Ինչպե՞ս են որոշ քրիստոնյաներ չարաշահել Աստծու անզուգական բարությունը։

16 Եհովայի անզուգական բարության շնորհիվ մենք շատ օրհնություններ ունենք։ Սակայն պետք է զգույշ լինենք, որ չչարաշահենք նրա բարությունը՝ մտածելով, թե նա կհանդուրժի ամեն տեսակի վարմունք։ Առաջին դարի քրիստոնյաների մեջ կային ոմանք, ովքեր փորձում էին «իրենց անառակ վարքը արդարացնել մեր Աստծու անզուգական բարությամբ» (Հուդա 4)։ Այս անհավատարիմ քրիստոնյաները ակներևաբար մտածում էին, որ ինչ մեղք էլ որ գործեին, Եհովան կներեր իրենց։ Իսկ ամենավատն այն էր, որ նրանք փորձում էին մյուսներին էլ ներքաշել իրենց հանդուգն արարքների մեջ։ Այսօր էլ, եթե որևէ մեկը փորձում է այդպես վարվել, «վիրավորում է անզուգական բարության ոգուն» (Եբր. 10։29

17. Ի՞նչ զգուշացում տվեց Պետրոսը։

17 Այսօր Սատանան մոլորեցրել է որոշ քրիստոնյաների, որ մտածեն, թե կարող են մեղքեր գործել ու մնալ անպատիժ, քանի որ Աստված ողորմած է։ Սակայն պետք է հիշել, որ թեև Եհովան պատրաստ է ներել զղջացող մեղավորներին, սակայն ակնկալում է, որ նրանք կպայքարեն իրենց մեղավոր հակումների դեմ։ Նրա ներշնչմամբ Պետրոսը գրեց. «Դուք, սիրելինե՛ր, նախապես այս բաներն իմանալով, զգույշ եղեք, որ նրանց հետ միասին չմոլորվեք օրենքն արհամարհող մարդկանց մոլորությամբ և չկորցնեք ձեր հաստատակամությունը։ Այլ շարունակեք աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարության և նրա մասին գիտելիքների մեջ» (2 Պետ. 3։17, 18

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ

18. Եհովայի անզուգական բարությունը ի՞նչ անելու է պարտավորեցնում մեզ։

18 Մենք երախտապարտ ենք Եհովային իր բարության համար և դա մղում է մեզ մեր ստացած պարգևները օգտագործել Աստծուն փառք բերելու և ուրիշներին օգնելու համար։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Պողոսը պատասխանում է. «Մենք զանազան պարգևներ ունենք՝ ըստ մեզ տրված անզուգական բարության.... եթե ծառայությունն է, թող շարունակենք կատարել այդ ծառայությունը, իսկ ով սովորեցնում է, թող շարունակի սովորեցնել, ով հորդորում է, թող շարունակի հորդորել.... ով ողորմություն է ցուցաբերում, թող դա ուրախությամբ անի» (Հռոմ. 12։6–8)։ Մեր հանդեպ դրսևորված անզուգական բարությունը պարտավորեցնում է մեզ, որ զբաղված լինենք ծառայությամբ, Աստվածաշունչ ուսուցանենք ուրիշներին, քաջալերենք հավատակիցներին և ներենք մեզ վիրավորողներին։

19. Ո՞ր պարտականության մասին կքննենք հաջորդ հոդվածում։

19 Գնահատելով մեր հանդեպ Եհովայի դրսևորած սերը՝ մենք պետք է մեր լավագույնն անենք, որ «հիմնովին վկայություն տանք Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։ Մեր այս պարտականության մասին մանրամասնորեն կքննենք հաջորդ հոդվածում։

^ [1] (պարբերություն 2) «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» Բառարանում տես անզուգական բարության բացատրությունը։