Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Բրիտանիայի քարոզիչնե՛ր, արթնացե՛ք»

«Բրիտանիայի քարոզիչնե՛ր, արթնացե՛ք»

«ՏԵՂԵԿԱՏՈՒ» * թերթիկում հստակ կոչ էր ուղղված. «Բրիտանիայի քարոզիչնե՛ր, արթնացե՛ք» (1937 թ., դեկտեմբեր, Լոնդոնի հրատարակություն)։ Սթափեցնող ենթավերնագիրն ասում էր. «Վերջին տասը տարիների ընթացքում նկատելի աճ չի եղել»։ Առաջին էջում տպագրված 1928–1937 թթ. ծառայության հաշվետվությունը հենց դա էր փաստում։

ՇԱՏ ՌԱՀՎԻՐԱՆԵՐ

Ինչո՞ւ էր Բրիտանիայում քարոզչական ծառայությունը դանդաղել։ Ժողովները, ակներևաբար, տարիների ընթացքում կորցրել էին իրենց եռանդը, և աճ տեղի չէր ունենում։ Բացի այդ, մասնաճյուղը որոշել էր, որ քարոզչական տարածքները բավարար էին միայն 200 ռահվիրաների համար, որոնք քարոզում էին առանձին տարածքներում և ոչ թե ժողովների հետ։ Ուստի նրանց, ովքեր ցանկացել էին ռահվիրա ծառայել, մասնաճյուղը ասել էր, որ համապատասխան քանակությամբ տարածքներ չկան, և հորդորել էր նրանց ծառայել եվրոպական այլ երկրներում։ Ուստի մեծ թվով ռահվիրաներ Բրիտանիայից մեկնել էին Ֆրանսիա և այլ երկրներ, չնայած որ տվյալ տարածքի լեզվին քիչ էին տիրապետում կամ էլ ընդհանրապես չգիտեին։

ԳՈՐԾԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿՈՉ

1937 թ. «Տեղեկատու» թերթիկում ներկայացվեց հետևյալ մեծ նպատակը. 1938 թ.-ին քարոզչությանը տրամադրել մեկ միլիոն ժամ։ Այդ նպատակին կարելի էր հեշտությամբ հասնել, եթե յուրաքանչյուր քարոզիչ ամեն ամիս ծառայությանը տրամադրեր 15 ժամ, իսկ ռահվիրաները՝ 110 ժամ։ Առաջարկվում էր, օրինակ, կազմավորել քարոզչական ծառայության խմբեր, որոնք շաբաթվա մի քանի օրեր կծառայեին օրական հինգ ժամ, իսկ աշխատանքային օրերի երեկոներին հիմնականում կկենտրոնանային վերայցելություններ կատարելու վրա։

Եռանդուն ռահվիրաները ոգևորությամբ կենտրոնացան քարոզչության վրա

Շատերը ոգևորվեցին, երբ կազմակերպությունը անդրադարձավ այս հարցին։ Հիլդա Փադջեթը * պատմել է. «Դա գլխավոր վարչության կողմից արված՝ գործի անցնելու կոչ էր, որին շատերս անհամբերությամբ սպասում էինք, և որը շուտով հրաշալի արդյունքներ բերեց»։ Քույր Ուոլիսը ասել է. «Օրական հինգ ժամ ծառայելու առաջարկը ուղղակի հրաշալի էր։ Ամբողջ օրը Տիրոջ ծառայության մեջ անցկացնելուց ավելի մեծ ուրախություն չկա։ Չնայած հոգնում էինք, բայց շատ ուրախ էինք»։ Երիտասարդ Ստիվեն Միլերը նրանցից մեկն էր, ով հասկացավ այս կոչի կարևորությունը և արձագանքեց դրան։ Նա ուզում էր առիթից օգտվել, քանի դեռ ուներ հնարավորություն։ Ստիվենը հիշում է, որ ամբողջ օրը խմբով ծառայում էին հեծանիվներով, իսկ ամռան երեկոներին հնչեցնում էին ձայնագրված ելույթներ։ Նրանք եռանդորեն մասնակցում էին ինֆորմացիոն երթերին՝ օգտագործելով ազդագրեր, իսկ փողոցի վկայության ժամանակ ամսագրեր էին առաջարկում։

«Տեղեկատու» թերթիկը նաև հետևյալ կոչն էր անում. «Մեզ 1000 հոգուց բաղկացած ռահվիրաների բանակ է պետք»։ Քարոզչական տարածքների հետ կապված նոր առաջնորդության համաձայն՝ ռահվիրաները այլևս չեին քարոզելու ժողովներից առանձին, այլ աջակցելու և կերտելու էին իրենց ժողովի քարոզիչներին՝ ծառայելով նրանց հետ։ Քույր Ջոյս Էլիսը հիշում է. «Եղբայրներից շատերը հասկացան ռահվիրայական ծառայության կարևորությունը։ Չնայած այդ ժամանակ ես ընդամենը 13 տարեկան էի, բայց մեծ ցանկություն ունեի ռահվիրա ծառայելու»։ Նա հասավ իր նպատակին 1940 թ. հուլիսին, երբ 15 տարեկան էր։ Պիտերը, ով հետագայում ամուսնացավ Ջոյսի հետ, նույնպես արձագանքեց «արթնանալու» կոչին և սկսեց ռահվիրություն անել։ 1940 թ. հունիսին, երբ 17 տարեկան էր, հեծանիվով մեկնեց դեպի Սքարբորո՝ անցնելով 105 կմ (65 մղոն), որպեսզի սկսի իր նոր նշանակումը որպես ռահվիրա։

Սիրիլ ու Քիտի Ջոնսոնները անձնազոհ ոգի ունեցող ռահվիրաներ էին։ Նրանք որոշեցին վաճառել իրենց տունը և ունեցվածքը, որպեսզի լիաժամ ծառայեն։ Սիրիլը իր աշխատանքը թողեց, և մեկ ամիս հետո նրանք պատրաստ էին ռահվիրայություն սկսելու։ Նա հիշում է. «Մենք համոզված էինք, որ ճիշտ որոշում էինք կայացրել, և դա արել էինք ուրախությամբ և կամովի»։

ՌԱՀՎԻՐԱՅԱԿԱՆ ՏՆԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ

Ռահվիրաների թիվը արագ մեծանում էր, ուստի պատասխանատու եղբայրները փնտրում էին գործնական միջոցներ՝ այդ մեծ բանակին աջակցելու համար։ Ջիմ Քարրը, որը 1938 թ.-ին զոնալ ծառայող էր (այժմ՝ շրջանային վերակացու), հետևեց տրված առաջնորդությանը՝ քաղաքներում ռահվիրայական տներ բացելով։ Ռահվիրաներին քաջալերվում էր ապրել ու ծառայել միասին, որպեսզի ծախսերը նվազեցնեն։ Շեֆիլդում վարձեցին մի մեծ տուն, և հասուն եղբայրներից մեկը նշանակվեց դրա պատասխանատուն։ Իսկ տեղի ժողովը հոգաց կահույքի և ֆինանսական միջոցների մասին։ Ջիմը հիշում է. «Բոլորի ջանքերի շնորհիվ գործը առաջ էր գնում»։ Այդ տանը ապրում էին տասը եռանդուն ռահվիրաներ։ Նրանք պահում էին իրենց հոգևոր լավ գրաֆիկը։ Ամեն օր նախաճաշին ռահվիրաները քննարկում էին օրվա խոսքը, իսկ հետո գնում էին իրենց տարածքներ, որոնք գտնվում էին քաղաքի տարբեր մասերում։

Շատերը Բրիտանիայում սկսեցին ծառայել ռահվիրա

Ռահվիրաների և մյուս բոլոր քարոզիչների արձագանքը այնքան մեծ էր, որ 1938 թ.-ին հասան նպատակին՝ ծառայությանը տրամադրելով մեկ միլիոն ժամ։ Հաշվետվությունները ցույց են տալիս, որ քարոզչական գործի բոլոր բնագավառներում աճ էր տեղի ունեցել։ Հինգ տարիների ընթացքում Բրիտանիայի քարոզիչների թիվը եռապատկվեց։ Քարոզչական ծառայությանը նոր թափ հաղորդելը զորացրեց Եհովայի ժողովրդին, ինչն օգնեց դիմակայելու գալիք պատերազմի դժվար տարիները։

Այսօր՝ մինչ Աստծու պատերազմը՝ Արմագեդոնը մոտենում է, Բրիտանիայում ռահվիրաների թիվը գնալով աճում է։ 2015 թ. հոկտեմբերին գրանցվեց վերջին տասը տարիների ռահվիրաների բարձրագույն թիվը՝ 13 224։ Այս ռահվիրաները արթուն են և հասկանում են, որ լիաժամ ծառայությունը կյանքի ամենալավ ուղին է։

^ պարբ. 3 Հետագայում կոչվեց «Մեր թագավորական ծառայությունը»։

^ պարբ. 8 Քույր Փադջեթի կենսագրությունը կարող եք գտնել «Դիտարանի» 1995 թ. հոկտեմբեր 1-ի համարում, էջ 19–24 (անգլ., ռուս.)։