Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա»

«Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա»

«Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա.... և հավատարմությամբ գործիր» (ՍԱՂ. 37։3

ԵՐԳ 133, 63

1. Եհովան ի՞նչ առանձնահատուկ ունակություններով է ստեղծել մարդկանց։

ԵՀՈՎԱՆ մարդկանց առանձնահատուկ ունակություններով է ստեղծել։ Նա օժտել է մեզ խորհելու ունակությամբ, որ կարողանանք խնդիրներ լուծել և ապագայի համար ծրագրեր կազմել (Առակ. 2։11)։ Եհովան տվել է մեզ ուժ, որ կարողանանք իրականացնել մեր ծրագրերը և հասնել մեր նպատակներին (Փիլիպ. 2։13)։ Նաև շնորհել է մեզ խիղճ՝ ճիշտն ու սխալը զանազանելու բնածին ունակություն, որը կարող է օգնել մեզ խուսափելու մեղքից և ուղղելու մեր սխալները (Հռոմ. 2։15

2. Ի՞նչ է ակնկալում Եհովան մեզնից։

2 Եհովան ակնկալում է, որ մեր ունակությունները ճիշտ ձևով օգտագործենք։ Ինչո՞ւ։ Քանի որ սիրում է մեզ և գիտի, որ բավարարվածություն կստանանք, եթե գործի դնենք այդ պարգևները։ Իր Խոսքի միջոցով Եհովան շարունակ հորդորում է մեզ գործի դնել մեր ունակությունները բարիք անելու համար։ Օրինակ՝ Եբրայերեն Գրություններում կարդում ենք. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն»։ Մեկ այլ համարում գրված է. «Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա» (Առակ. 21։5; Ժող. 9։10)։ Հունարեն Գրություններում մեզ հորդոր է տրվում. «Քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար, եկեք բարին անենք բոլորի հանդեպ»։ Նաև ասվում է. «Ինչ չափով որ ամեն մեկը պարգև է ստացել, այդ չափով էլ օգտագործեք այն՝ իրար ծառայելով» (Գաղ. 6։10; 1 Պետ. 4։10)։ Հստակ երևում է, որ Եհովան ուզում է՝ մեր հնարավորության սահմաններում անենք ամեն ինչ՝ հօգուտ մեզ և մյուսներին։

3. Ի՞նչ սահմանափակ կարողություններ ունեն մարդիկ։

3 Եհովան նաև գիտի, որ մարդկանց կարողությունները սահմանափակ են։ Մենք ինքներս չենք կարող վերացնել անկատարությունը, մեղքը և մահը, ոչ էլ կարող ենք ստիպել ուրիշներին այս կամ այն կերպ վարվել, քանի որ բոլորը ազատ կամք ունեն (1 Թագ. 8։46)։ Որքան էլ որ գիտելիքներ ու փորձ ձեռք բերենք, Եհովայի հետ համեմատած՝ մենք միշտ երեխաների նման կլինենք (Ես. 55։9

Երբ դժվարությունների ենք բախվում, «Եհովային ապավինենք և բարիք անենք»

4. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

4 Բոլոր իրավիճակներում մենք պետք է վստահենք Եհովայի առաջնորդությանը, համոզված լինենք, որ նա կաջակցի և մեզ համար կանի այն, ինչ չենք կարող ինքներս անել։ Սակայն միևնույն ժամանակ մենք պետք է ամեն ինչ անենք՝ ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր՝ խնդիրները լուծելու և ուրիշներին օգնելու համար (կարդա Սաղմոս 37։3)։ Փաստորեն՝ մենք պետք է և՛ «Եհովային ապավինենք», և՛ «բարիք անենք»։ Նաև հարկավոր է «հավատարմությամբ գործել»։ Եկեք քննենք, թե ինչ կարող ենք սովորել Նոյից, Դավթից և Աստծու մյուս հավատարիմ ծառաներից, որոնք ապավինեցին Եհովային և կենտրոնացան ոչ թե այն բաների վրա, ինչը չէին կարող անել, այլ այն բաների, ինչը կարող էին։

ԵՐԲ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԵՆՔ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ

5. Ինչպիսի՞ն էր աշխարհը Նոյի օրերում։

5 Նոյի ժամանակներում աշխարհը անբարոյությամբ և «բռնությամբ էր լցված» (Ծննդ. 6։4, 9–13)։ Նոյը գիտեր, որ Եհովան մի օր վերջ է դնելու այդ չար աշխարհին։ Սակայն, նա անկասկած ցավ էր զգում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Այդ իրավիճակում Նոյը հասկանում էր՝ կային բաներ, որ ինքը չէր կարող անել, բայց կային բաներ, որ կարող էր անել։

Հակառակություն քարոզչական գործում (տես պարբերություն 6–9)

6, 7. ա) Ի՞նչ չէր կարող անել Նոյը։ բ) Ինչո՞վ է մեր իրավիճակը նման Նոյի իրավիճակին։

6 Ինչ չէր կարող անել Նոյը։ Նոյը հավատարմորեն քարոզում էր Եհովայի նախազգուշացումների մասին, սակայն նա չէր կարող ստիպել չար մարդկանց ընդունել իր ասածները, ոչ էլ կարող էր այնպես անել, որ ջրհեղեղը ժամանակից շուտ լիներ։ Նոյը պետք է վստահեր Եհովային, որ նա չարությունը վերացնելու իր խոստումը կկատարի և որ դա կանի ճիշտ ժամանակին (Ծննդ. 6։17

7 Մենք էլ ենք ապրում չարությամբ լցված աշխարհում և գիտենք, որ Եհովան խոստացել է կործանել այն (1 Հովհ. 2։17)։ Սակայն չենք կարող ստիպել մարդկանց ընդունել «Թագավորության բարի լուրը»։ Նաև ոչինչ չենք կարող անել, որ «մեծ նեղությունը» ժամանակից շուտ սկսվի (Մատթ. 24։14, 21)։ Ինչպես Նոյը, մենք էլ պետք է ամուր հավատ ունենանք և համոզված լինենք, որ Աստված շուտով կմիջամտի (Սաղ. 37։10, 11)։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան թույլ չի տա, որ այս ապականված աշխարհը իր որոշած ժամանակից գեթ մեկ օր ավել գոյություն ունենա (Ամբ. 2։3

8. Ինչպե՞ս Նոյը կենտրոնացավ այն բաների վրա, ինչը կարող էր անել (տես հոդվածի սկզբի նկարը)։

8 Ինչ կարող էր անել Նոյը։ Նոյը չկենտրոնացավ այն բաների վրա, ինչը չէր կարող փոխել, և չհանձնվեց։ Նա կենտրոնացավ այն բաների վրա, ինչը կարող էր անել։ Որպես «արդարության քարոզիչ»՝ Նոյը հավատարմորեն հռչակեց Եհովայի նախազգուշացումները (2 Պետ. 2։5)։ Անկասկած, դա օգնեց նրան ամուր պահելու իր հավատը։ Բացի քարոզելուց, նա նաև գործի դրեց իր ֆիզիկական ուժը և մտային ունակությունները, որ կատարի Աստծու տված հանձնարարությունը՝ կառուցի տապանը (կարդա Եբրայեցիներ 11։7

9. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նոյին։

9 Նոյի նման՝ մենք էլ ձգտում ենք «զբաղված լինել Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։ Այդ գործը կարող է ներառել համաժողովների բաժիններից մեկում կամավոր ծառայելը, երկրպագության վայրեր կառուցելը կամ դրանք սպասարկելը, Բեթելում կամ թարգմանչական գրասենյակում ծառայելը։ Իսկ ամենակարևորը, մենք զբաղված ենք քարոզչական գործով, քանի որ հասկանում ենք, որ դա զորացնում է ապագայի մեր հույսը։ Մի քույր այսպես արտահայտվեց. «Երբ մարդկանց հետ խոսում ես Աստծու Թագավորության օրհնությունների մասին, տեսնում ես, որ նրանք որևէ հույս չունեն և մտածում են, որ իրենց խնդիրները չեն լուծվի»։ Իրոք, քարոզչական գործը ամրապնդում է մեր հույսը և լցնում է մեզ կյանքի մրցավազքում չհանձնվելու վճռականությամբ (1 Կորնթ. 9։24

ԵՐԲ ՄԵՂՔ ԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ

10. Ի՞նչ իրավիճակում հայտնվեց Դավիթը։

10 Եհովան Դավթին համարում էր իր «սրտին հաճելի մարդ» (Գործ. 13։22)։ Դավիթը հավատարիմ անհատ էր, չնայած եղան դեպքեր, երբ նա լուրջ մեղքեր գործեց։ Նա Բերսաբեի հետ շնություն արեց։ Դեռ ավելին, փորձեց թաքցնել իր մեղքը՝ ծրագրելով Բերսաբեի ամուսնու՝ Ուրիայի մահը մարտի դաշտում։ Դավիթը նույնիսկ Ուրիայի ձեռքով ուղարկեց նրա իսկ «մահվան դատավճիռը» (2 Սամ. 11։1–21)։ Դավթի ծանր մեղքերը վերջիվերջո ջրի երես դուրս եկան (Մարկ. 4։22)։ Ինչպե՞ս արձագանքեց Դավիթը այս իրավիճակում։

Անցյալում գործած մեղքեր (տես պարբերություն 11–14)

11, 12. ա) Մեղք գործելուց հետո ի՞նչ չէր կարող անել Դավիթը։ բ) Եթե անկեղծորեն զղջում ենք մեր գործած լուրջ մեղքերի համար, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

11 Ինչ չէր կարող անել Դավիթը։ Դավիթը չէր կարող փոխել այն, ինչ արդեն արել էր։ Նա նաև չէր կարող խուսափել իր սխալ արարքների հետևանքներից։ Այդ հետևանքներից մի քանիսը Դավիթը կրեց մինչև իր կյանքի վերջը (2 Սամ. 12։10–12, 14)։ Ուստի նա հավատի կարիք ուներ։ Նա պետք է վստահ լիներ, որ եթե սրտանց զղջա, Եհովան կների իրեն և կօգնի դիմանալ իր արարքների հետևանքով առաջացած դժվարություններին։

12 Քանի որ անկատար ենք, բոլորս էլ մեղք ենք գործում։ Որոշ սխալներ ավելի ծանր են, քան մյուսները։ Հաճախ չենք կարող շտկել այն, ինչ արդեն արել ենք։ Պարզապես պետք է համակերպվենք մեր արարքների հետևանքներին (Գաղ. 6։7)։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ եթե զղջանք, Եհովան կաջակցի մեզ դժվարությունների ժամանակ, նույնիսկ եթե դրանց պատճառը մենք ենք եղել (կարդա Եսայիա 1։18, 19; Գործեր 3։19

13. Ի՞նչն օգնեց Դավթին հոգևորապես ապաքինվելու։

13 Ինչ կարող էր անել Դավիթը։ Դավիթն ընդունեց Եհովայի օգնությունը և հոգևորապես ապաքինվեց։ Օրինակ՝ երբ Եհովայի ներկայացուցիչը՝ Նաթան մարգարեն, եկավ Դավթին ասելու նրա մեղքի մասին, նա ընդունեց իր սխալը (2 Սամ. 12։13)։ Դավիթը նաև աղոթեց Եհովային, խոստովանեց իր մեղքը և արտահայտեց սրտի ցանկությունը՝ նորից ունենալ Եհովայի հավանությունը (Սաղ. 51։1–17)։ Դավիթը չընկճվեց մեղավորության զգացումի պատճառով, այլ դասեր քաղեց իր սխալներից և այլևս նույն լուրջ մեղքերը չգործեց։ Նա մինչև մահ հավատարիմ մնաց, և Եհովան նրան հիշում է որպես անարատ մարդ (Եբր. 11։32–34

14. Ի՞նչ կարող ենք սովորել Դավթի օրինակից։

14 Ի՞նչ կարող ենք սովորել Դավթի օրինակից։ Եթե լուրջ մեղք գործենք, պետք է անկեղծորեն զղջանք և Եհովայից ներում խնդրենք։ Մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը (1 Հովհ. 1։9)։ Հարկավոր է նաև դիմել երեցներին, ովքեր կարող են օգնել մեզ հոգևորապես ապաքինվելու (կարդա Հակոբոս 5։14–16)։ Եհովայի տված օգնությունը ընդունելով՝ ցույց կտանք, որ վստահում ենք նրա խոստմանը, որ նա կբուժի և կների մեզ։ Այնուհետև լավ կանենք, եթե դաս քաղենք մեր իսկ սխալներից և առաջ նայելով՝ շարունակենք ակտիվորեն ծառայել Եհովային (Եբր. 12։12, 13

ԱՅԼ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Առողջական խնդիրներ (տես պարբերություն 15)

15. Ի՞նչ ենք սովորում Աննայի օրինակից։

15 Հավանաբար կհիշես հնում ապրած այլ հավատարիմ ծառաների, ովքեր վստահել են Եհովային և դժվար իրավիճակում արել են այն, ինչ կարող էին։ Օրինակ՝ Աննան ամուլ էր և չէր կարող փոխել իր իրավիճակը։ Բայց նա վստահ էր, որ Եհովան կարող է մխիթարել իրեն, ուստի շարունակեց երկրպագել նրան խորանում և աղոթքով իր սիրտը բացեց նրա առաջ (1 Սամ. 1։9–11)։ Մի՞թե նա լավ օրինակ չէ մեզ համար։ Երբ բախվում ենք առողջական խնդիրների կամ այնպիսի իրավիճակների, որոնք չենք կարող փոխել, մեր հոգսը Եհովայի վրա ենք գցում՝ վստահ լինելով, որ նա հոգ կտանի մեր մասին (1 Պետ. 5։6, 7)։ Նաև մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ անում ենք, որ օգուտներ քաղենք ժողովի հանդիպումներից և այլ հոգևոր միջոցառումներից (Եբր. 10։24, 25

Երեխաներ, որոնք թողել են ճշմարտությունը (տես պարբերություն 16)

16. Ի՞նչ կարող են ծնողները սովորել տարեց Սամուելից։

16 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ծնողների մասին, որոնց երեխաները թողել են ճշմարտությունը։ Նկատի առնենք տարեց Սամուելի օրինակը։ Նա չէր կարող ստիպել իր չափահաս որդիներին նվիրված մնալ Եհովայի արդար չափանիշներին, որոնք սովորեցրել էր նրանց (1 Սամ. 8։1–3)։ Նա պետք է այդ խնդիրը Եհովայի ձեռքը հանձներ։ Բայց մյուս կողմից՝ նա կարող էր պահել իր անարատությունը և հաճեցնել իր երկնային Հորը՝ Եհովային (Առակ. 27։11)։ Այսօր որոշ քրիստոնյա ծնողներ նման իրավիճակում են գտնվում։ Նրանք վստահ են, որ անառակ որդու առակի հոր նման՝ Եհովան անձկությամբ սպասում է, որ զղջացող մեղավորը հետ գա (Ղուկ. 15։20)։ Միևնույն ժամանակ այդ ծնողները ջանում են նվիրված մնալ Եհովային՝ հույս ունենալով, որ իրենց լավ օրինակը կմղի երեխաներին վերադառնալու ժողով։

Ֆինանսական խնդիրներ (տես պարբերություն 17)

17. Ինչո՞ւ է կարիքավոր այրու օրինակը քաջալերական մեզ համար։

17 Նկատի առնենք նաև Հիսուսի օրերում ապրած կարիքավոր այրու օրինակը (կարդա Ղուկաս 21։1–4)։ Նա չէր կարող փոխել տաճարում տիրող ապականությունը (Մատթ. 21։12, 13)։ Նաև չէր կարող փոխել այն հանգամանքը, որ ինքը աղքատ է։ Սակայն նա պատրաստակամորեն նվիրաբերեց «երկու փոքր մետաղադրամ», որը «իր ողջ ապրուստն» էր։ Այդ հավատարիմ կինը ամբողջ սրտով վստահում էր Եհովային. նա գիտեր, որ եթե հոգևոր բաները առաջին տեղում դնի, Աստված հոգ կտանի իր ֆիզիկական կարիքների մասին։ Վստահությունը մղեց նրան աջակցել ճշմարիտ երկրպագությանը։ Մենք նույնպես վստահ ենք, որ եթե առաջինը Թագավորությունը փնտրենք, Եհովան հոգ կտանի, որ անհրաժեշտ բաները ունենանք (Մատթ. 6։33

18. Բեր Աստծու ժամանակակից ծառաներից մեկի օրինակը, ով ճիշտ մտածելակերպ ուներ։

18 Մեր հավատակիցներից շատերը այսօր նման վստահություն են դրսևորում Եհովայի հանդեպ և անում են այն, ինչ կարող են։ Քննենք մի եղբոր՝ Մալկոլմի օրինակը, որը մինչև մահ՝ 2015 թ., հավատարիմ մնաց։ Նա և իր կինը տասնյակ տարիներ ծառայել են Եհովային ու իրենց կյանքում ունեցել են և՛ ուրախ, և՛ տխուր պահեր։ Մի առիթով նա ասաց. «Կյանքը երբեմն անկանխատեսելի է լինում, անորոշ, երբեմն չես իմանում՝ ինչպես վարվել։ Բայց Եհովան օրհնում է նրանց, ովքեր ապավինում են իրեն»։ Մալկոլմը խորհուրդ տվեց. «Աղոթիր, որ ծառայության մեջ, որքան հնարավոր է, լինես արդյունավետ և ակտիվ։ Կենտրոնացիր այն բանի վրա, ինչը կարող ես անել, և ոչ թե այն բանի վրա, ինչը չես կարող անել»։ *

19. ա) Ինչո՞ւ է 2017 թ. տարվա խոսքը տեղին։ բ) Ինչպե՞ս կհետևես տարվա խոսքում գրված հորդորին։

19 Քանի որ այս աշխարհը «ավելի ու ավելի է առաջ գնում չարության մեջ», կարող ենք ակնկալել, որ ավելի շատ դժվարություններ կունենանք (2 Տիմոթ. 3։1, 13)։ Մենք չպետք է ընկճվենք, ընդհակառակը՝ պետք է մեծ վստահություն զարգացնենք Եհովայի նկատմամբ և կենտրոնանանք այն բանի վրա, ինչ կարող ենք անել։ Ուստի որքան տեղին է 2017 թ. տարվա խոսքը. «Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա» (Սաղ. 37։3

2017 թ. տարվա խոսքն է՝ «Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա» (Սաղմոս 37։3

^ պարբ. 18 Տես «Դիտարան», հոկտեմբերի 15, 2013 թ., էջ 17–20։