Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան է առաջնորդում իր ժողովրդին

Եհովան է առաջնորդում իր ժողովրդին

«Եհովան միշտ կառաջնորդի քեզ» (ԵՍ. 58։11

ԵՐԳ 152, 22

1, 2. ա) Եհովայի վկաներն ինչո՞վ են տարբերվում մյուս կրոններից։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածում։

«Ո՞Վ Է ձեր առաջնորդը»։ Այս հարցը հաճախ են տալիս Եհովայի վկաներին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ շատ են այն կրոնները, որոնք ունեն առաջնորդ՝ տղամարդ կամ կին։ Այս հարցը տվողներին մենք վստահությամբ պատասխանում ենք, որ մեր Առաջնորդը անկատար մարդ չէ։ Մենք հնազանդվում ենք հարություն առած Հիսուս Քրիստոսի առաջնորդությանը, ով իր հերթին հնազանդվում է իր Հոր՝ Եհովայի առաջնորդությանը (Մատթ. 23։10

2 Այնուամենայնիվ, երկրի վրա ապրող տղամարդկանց մի խումբ կա՝ «հավատարիմ և իմաստուն ծառան», որն այսօր առաջնորդություն է վերցնում Աստծու ժողովրդի մեջ (Մատթ. 24։45)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ իրականում Եհովան է առաջնորդում մեզ իր Որդու միջոցով, որին մենք ֆիզիկական աչքերով չենք տեսնում։ Այս և հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչպես է հազարամյակների ընթացքում Եհովան առաջնորդություն տվել որոշ տղամարդկանց միջոցով։ Երկու հոդվածներում էլ կքննարկենք երեք փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Եհովան է կանգնած եղել այդ մարդկանց հետևում, և որ իր ժողովրդի իրական Առաջնորդը նա է եղել, ինչպես և հիմա է (Ես. 58։11

ՍՈՒՐԲ ՈԳՈՒ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

3. Ինչի՞ շնորհիվ Մովսեսը կարողացավ առաջնորդել Իսրայել ժողովրդին։

3 Սուրբ ոգին ներգործեց Աստծու ներկայացուցիչների վրա։ Նկատի առնենք Մովսեսի օրինակը, ով Իսրայել ազգի առաջնորդ էր նշանակվել։ Ի՞նչն օգնեց նրան կատարելու այս պատասխանատու հանձնարարությունը։ Եհովան «իր սուրբ ոգին նրա մեջ դրեց» (կարդա Եսայիա 63։11–14)։ Այսպես Եհովան շարունակեց առաջնորդել իր ժողովրդին։

4. Իսրայելացիները ինչի՞ց կարող էին հասկանալ, որ Մովսեսն ուներ Աստծու սուրբ ոգին (տես հոդվածի սկզբի նկարը)։

4 Քանի որ սուրբ ոգին անտեսանելի ուժ է, իսրայելացիները ինչի՞ց կարող էին հասկանալ, որ այն գործում է Մովսեսի մեջ։ Սուրբ ոգու շնորհիվ Մովսեսը կարողացավ հրաշքներ անել և Աստծու անունը հայտնի դարձնել փարավոնին (Ելք 7։1–3)։ Սուրբ ոգին Մովսեսի մեջ նաև գեղեցիկ հատկություններ էր առաջ բերել, ինչպիսիք են սերը, հեզությունը և համբերատարությունը։ Այս հատկությունները շատ կարևոր էին մի ամբողջ ժողովրդի առաջնորդելու համար։ Որքա՜ն էր Մովսեսը տարբերվում մյուս ժողովուրդների դաժան ու եսակենտրոն առաջնորդներից (Ելք 5։2, 6–9)։ Հստակ էր, որ Եհովան էր Մովսեսին ընտրել լինելու իր ժողովրդի առաջնորդը։

5. Ինչպե՞ս սուրբ ոգին ներգործեց որոշ իսրայելացի տղամարդկանց վրա, որ առաջնորդեն Աստծու ժողովրդին։

5 Հետագայում Եհովայի ոգին ուրիշ տղամարդկանց վրա էլ ներգործեց, որոնք նշանակվեցին որպես առաջնորդ։ Օրինակ՝ կարդում ենք, որ «Նավեի որդի Հեսուն լի էր իմաստության ոգով», «Եհովայի ոգին պարուրեց Գեդեոնին», և «Եհովայի ոգին սկսեց գործել Դավթի վրա» (2 Օրենք 34։9; Դատ. 6։34; 1 Սամ. 16։13)։ Այդ բոլոր մարդիկ ապավինեցին Աստծու սուրբ ոգուն, ինչն օգնեց նրանց անելու այնպիսի բաներ, որ իրենց ուժով երբեք չէին կարողանա անել (Հեսու 11։16, 17; Դատ. 7։7, 22; 1 Սամ. 17։37, 50)։ Այդ զորավոր գործերի համար, ինչ խոսք, Եհովան էր արժանի առնելու փառքն ու պատիվը։

6. Ինչո՞ւ էր Աստված ուզում, որ իսրայելացիները հարգեին իրենց առաջնորդներին։

6 Իսրայելացիներն ինչպե՞ս պետք է արձագանքեին՝ տեսնելով հստակ ապացույցը, որ սուրբ ոգին գործում է այդ տղամարդկանց մեջ։ Երբ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ, Եհովան ասաց. «Մինչև ե՞րբ այս ժողովուրդը հարգանք չի ցույց տալու իմ հանդեպ» (Թվեր 14։2, 11)։ Մովսեսին, Հեսուին, Գեդեոնին ու Դավթին Եհովան էր ընտրել լինելու իր ներկայացուցիչները։ Ուստի երբ իսրայելացիները հնազանդվում էին նրանց, իրականում Եհովային էին հնազանդվում որպես իրենց Առաջնորդի։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

7. Հրեշտակներն ինչպե՞ս աջակցեցին Մովսեսին։

7 Հրեշտակները աջակցեցին Աստծու ներկայացուցիչներին (կարդա Եբրայեցիներ 1։7, 14)։ Եհովան հրեշտակների միջոցով ուղղություն ցույց տվեց Մովսեսին, թե նա ինչ պետք է անի։ Մի հրեշտակ «երևաց նրան փշոտ թփի մեջ» և «ուղարկեց իշխան և ազատարար լինելու» (Գործ. 7։35)։ Եհովան հրեշտակների միջոցով նաև փոխանցեց Օրենքը, որը Մովսեսը սովորեցրեց Իսրայել ժողովրդին (Գաղ. 3։19)։ Աստված ասաց նրան. «Առաջնորդիր ժողովրդին այն տեղը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կգնա քո առջևից» (Ելք 32։34)։ Աստվածաշունչը չի ասում, որ իսրայելացիները բառացիորեն տեսան հրեշտակին այս ամենն անելիս։ Սակայն Մովսեսի ուսուցանելու և առաջնորդելու կերպից պարզ երևում էր, որ նա դա անում էր հրեշտակների աջակցությամբ։

8. Հրեշտակները ինչպե՞ս աջակցեցին Հեսուին և Եզեկիային։

8 Մովսեսից հետո հաջորդ առաջնորդին՝ Հեսուին, «Եհովայի զորքերի իշխանը» քաջությամբ լցրեց, որպեսզի Աստծու ժողովրդի պատերազմը մղի քանանացիների դեմ։ Արդյունքում՝ իսրայելացիները հաղթեցին (Հեսու 5։13–15; 6։2, 21)։ Իսկ հետագայում, երբ Իսրայելի թագավորը Եզեկիան էր և Ասորեստանի զորքերը սպառնում էին գրավել Երուսաղեմը, մի գիշերվա մեջ «Եհովայի հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակում հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց» (2 Թագ. 19։35

9. Արդյո՞ք Աստծու ներկայացուցիչների անկատարությունը արդարացի պատճառ էր, որ իսրայելացիները չհնազանդվեին նրանց առաջնորդությանը։ Բացատրիր։

9 Այս տղամարդիկ, ի տարբերություն իրենց աջակցած հրեշտակներին, անկատար էին։ Օրինակ՝ հարկ եղած պահին Մովսեսը չփառավորեց Եհովային ժողովրդի առաջ (Թվեր 20։12)։ Հեսուն չփնտրեց Աստծու առաջնորդությունը նախքան գաբաոնացիների հետ ուխտ կապելը (Հեսու 9։14, 15)։ Իսկ Եզեկիայի սիրտը մի որոշ ժամանակով հպարտացավ (2 Տար. 32։25, 26)։ Սակայն ժողովուրդը պետք է հնազանդվեր այս մարդկանց առաջնորդությանը, չնայած որ վերջիններս անկատար էին։ Չէ՞ որ Եհովան իր հրեշտակների միջոցով աջակցում էր նրանց։ Այո՛, Եհովան էր առաջնորդում իր ժողովրդին։

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

10. Մովսեսն ինչպե՞ս առաջնորդվեց Աստծու Օրենքով։

10 Աստծու ներկայացուցիչներն առաջնորդվեցին Նրա Խոսքով։ Աստվածաշունչը Իսրայել ազգին տրված Օրենքը անվանում է «Մովսեսի օրենք» (1 Թագ. 2։3)։ Սակայն, չնայած դրան, Աստվածաշունչը հաստատում է, որ Եհովան է այդ Օրենքը սահմանողը, իսկ Մովսեսը, մյուս իսրայելացիների պես, պետք է ենթարկվեր Օրենքին (2 Տար. 34։14)։ Օրինակ՝ երբ նա Եհովայից հրահանգներ ստացավ, թե ինչպես կանգնեցնել խորանը, «ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն»։ Մովսեսը «հենց այդպես արեց» (Ելք 40։1–16

11, 12. ա) Ի՞նչ պետք է անեին Հեսուն և բոլոր թագավորները, որոնք իշխելու էին Աստծու ժողովրդի վրա։ բ) Աստծու Խոսքն ի՞նչ ազդեցություն թողեց առաջնորդություն վերցնող տղամարդկանց վրա։

11 Երբ Հեսուն դարձավ Իսրայելի առաջնորդը, նա ուներ Աստծու Խոսքի գրավոր արձանագրությունը։ Եհովան նրան պատվիրեց. «Օր ու գիշեր այն կարդա, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ» (Հեսու 1։8)։ Հետագայում այն թագավորները, որոնք իշխեցին Աստծու ժողովրդի վրա, նույն պատվերին պետք է հետևեին։ Նրանք ամեն օր պետք է կարդային Օրենքը, արտագրեին այն, «պահեին և կատարեին այդ օրենքի բոլոր խոսքերն ու այդ կանոնները» (կարդա 2 Օրենք 17։18–20

12 Ի՞նչ ազդեցություն թողեց Աստծու Խոսքը առաջնորդություն վերցնող տղամարդկանց վրա։ Նկատի առնենք Հովսիայի օրինակը։ Երբ Մովսիսական օրենքի գիրքը գտնվեց, Հովսիայի քարտուղարը նրա համար կարդաց այն։ * Ինչպե՞ս արձագանքեց թագավորը։ «Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները»։ Բայց նա ավելին արեց։ Առաջնորդվելով Աստծու Խոսքով՝ նա վճռական քայլեր ձեռնարկեց կռապաշտությունը վերացնելու համար և Պասեքի մեծ տոնակատարություն կազմակերպեց (2 Թագ. 22։11; 23։1–23)։ Հովսիան և մյուս հավատարիմ առաջնորդները, հնազանդվելով Աստծու Խոսքին, պատրաստակամորեն բարեփոխումներ արեցին երկրում և ճիշտ առաջնորդություն տվեցին Աստծու ժողովրդին։ Այդ փոփոխություններն օգնեցին, որ ժողովուրդն ապրի Աստծու կամքին ներդաշնակ։

13. Ինչպե՞ս էին Աստծու ժողովրդի առաջնորդները տարբերվում հեթանոս ազգերի առաջնորդներից։

13 Այս հավատարիմ թագավորները շատ էին տարբերվում մյուս ազգերի առաջնորդներից։ Վերջիններս մարդկային իմաստությամբ էին շարժվում և հաշվի չէին առնում, թե իրենց արածները ինչպես կանդրադառնան ժողովրդի վրա։ Օրինակ՝ քանանացիները իրենց առաջնորդների իշխանության ներքո արեցին շատ գարշելի բաներ, ինչպիսիք են արյունապղծությունը, համասեռամոլությունը, անասնապղծությունը, մանուկների ողջակիզումը և կռապաշտությունը (Ղևտ. 18։6, 21–25)։ Իսկ Բաբելոնում ու Եգիպտոսում հետևում էին հիգիենայի այնպիսի կանոնների, որոնք գիտական տեսակետից ողջամիտ չեն և բոլորովին տարբերվում էին այն կանոններից, որ Եհովան տվել էր իր ժողովրդին (Թվեր 19։13)։ Ուստի Աստծու ժողովուրդը կարող էր տեսնել, որ իրենց հավատարիմ առաջնորդները խրախուսում էին հոգևոր, բարոյական և ֆիզիկական մաքրություն։ Հստակ էր, որ Եհովան էր առաջնորդում այդ տղամարդկանց։

14. Եհովան ինչո՞ւ պատժեց իր ժողովրդի առաջնորդներից ոմանց։

14 Աստծու ժողովրդի վրա իշխած ոչ բոլոր թագավորներն են հետևել Եհովայի հրահանգներին։ Նրանք, ովքեր չէին հնազանդվում Աստծուն, չէին հետևում սուրբ ոգու, հրեշտակների և Նրա Խոսքի առաջնորդությանը։ Այդ պատճառով Եհովան ոմանց պատժեց կամ էլ իշխանությունը ուրիշին տվեց (1 Սամ. 13։13, 14)։ Հետագայում նա նշանակեց մեկին, որը ամեն ինչով գերազանցելու էր մյուս բոլոր մարդկանց, ովքեր եղել էին Աստծու ժողովրդի առաջնորդները։

ԵՀՈՎԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿԱՏԱՐՅԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ

15. ա) Մարգարեներն ի՞նչ են հայտնել Եհովայի ընտրած կատարյալ առաջնորդի մասին։ բ) Ո՞վ էր մարգարեացված առաջնորդը։

15 Դարերի ընթացքում Եհովան մարգարեների միջոցով հայտնեց, որ իր ժողովրդին կատարյալ առաջնորդ է տալու։ «Քո Աստված Եհովան քո միջից՝ քո եղբայրներից, ինձ նման մի մարգարե կտա քեզ, — ասաց Մովսեսն իսրայելացիներին։ — Նրան պետք է լսեք» (2 Օրենք 18։15)։ Եսայիան մարգարեացավ, որ այդ մեկը լինելու էր «առաջնորդ ու ղեկավար» (Ես. 55։4)։ Դանիել մարգարեն նույնպես գրեց «Մեսիայի՝ Առաջնորդի գալու» մասին (Դան. 9։25)։ Հետագայում Հիսուս Քրիստոսը իր ինքնությունը հայտնի դարձրեց որպես Աստծու ժողովրդի Առաջնորդ (կարդա Մատթեոս 23։10)։ Հիսուսի աշակերտները, որոնք որոշել էին դառնալ նրա հետևորդները, արտահայտեցին իրենց համոզմունքը, որ նա էր Եհովայի ընտրյալը (Հովհ. 6։68, 69)։ Ինչո՞ւ էին նրանք վստահ, որ Հիսուս Քրիստոսն էր այն մեկը, որի միջոցով Եհովան առաջնորդելու էր իր ժողովրդին։

16. Ի՞նչն է ցույց տալիս, որ սուրբ ոգին ներգործում էր Հիսուսի վրա։

16 Սուրբ ոգին ներգործեց Հիսուսի վրա։ Երբ Հիսուսը մկրտվեց, Հովհաննես Մկրտիչը տեսավ «երկինքը բացվելիս և ոգին աղավնու նման նրա վրա իջնելիս»։ Դրանից հետո «ոգին անմիջապես մղեց Հիսուսին գնալու անապատ» (Մարկ. 1։10–12)։ Այնուհետև, իր երկրային ծառայության ողջ ընթացքում, սուրբ ոգուց զորություն ստանալով, Հիսուսը բազմաթիվ հրաշքներ էր անում և հեղինակությամբ էր խոսում (Գործ. 10։38)։ Բացի այդ, ոգին նրա մեջ կատարյալ պտուղ էր առաջ բերել, այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերը, ուրախությունը և աննկուն հավատը (Հովհ. 15։9; Եբր. 12։2)։ Բոլոր փաստերը վկայում էին այն մասին, որ Հիսուսն էր Եհովայի ընտրյալը։

Հիսուսի մկրտվելուց կարճ ժամանակ անց հրեշտակներն ինչպե՞ս աջակցեցին նրան (տես պարբերություն 17)

17. Հրեշտակներն ինչպե՞ս աջակցեցին Հիսուսին։

17 Հրեշտակները աջակցեցին Հիսուսին։ Հիսուսի մկրտվելուց կարճ ժամանակ անց «հրեշտակները եկան ու սկսեցին ծառայել նրան» (Մատթ. 4։11)։ Իսկ մահանալուց մի քանի ժամ առաջ «երկնքից նրան մի հրեշտակ երևաց ու զորացրեց» (Ղուկ. 22։43)։ Հիսուսը վստահ էր, որ Աստծու կամքը կատարելու համար երբ էլ որ օգնության կարիք ունենա, Եհովան իր հրեշտակներին կուղարկի (Մատթ. 26։53

18, 19. Հիսուսն իր կյանքում և ուսուցանելիս ինչպե՞ս էր առաջնորդվում Աստծու Խոսքով։

18 Հիսուսն առաջնորդվում էր Աստծու Խոսքով։ Իր ծառայության հենց սկզբից Հիսուսը ցույց տվեց, որ առաջնորդվում է Աստծու Խոսքով (Մատթ. 4։4)։ Հնազանդվելով Աստծու Խոսքին՝ նա պատրաստ էր մինչև իսկ մահանալու տանջանքի ցցի վրա։ Նույնիսկ մահանալիս նրա ասած վերջին խոսքերը Մեսիային վերաբերող մարգարեություններից էին (Մատթ. 27։46; Ղուկ. 23։46)։ Մինչդեռ նրա ժամանակների կրոնական առաջնորդները անտեսում էին Աստծու Խոսքը, երբ այն հակասում էր իրենց ավանդությանը։ Մեջբերելով Եսայիա մարգարեի գրած Եհովայի խոսքերը՝ Հիսուսը նրանց մասին ասաց. «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ, մինչդեռ նրա սիրտը հեռացած է ինձանից։ Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են» (Մատթ. 15։7–9)։ Արդյոք Եհովան կընտրե՞ր այս մարդկանցից որևէ մեկին՝ առաջնորդելու իր ժողովրդին։

19 Հիսուսը մարդկանց ուսուցանելիս օգտագործում էր Աստծու Խոսքը։ Երբ կրոնական առաջնորդները ուզում էին խոսքով փորձել նրան, նա չէր հիմնվում իր անսահման իմաստության կամ կյանքի դարավոր փորձի վրա։ Փոխարենը՝ պատասխանում էր՝ հիմնվելով Սուրբ Գրքերի վրա որպես հեղինակության գլխավոր աղբյուր (Մատթ. 22։33–40)։ Եվ փոխարեն զարմացնելու իր ունկնդիրներին, պատմելով երկնքում իր ապրած տարիների կամ տիեզերքի արարման մասին՝ նա «ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը» (Ղուկ. 24։32, 45)։ Հիսուսը սիրում էր Աստծու Խոսքը և ուզում էր օգնել մարդկանց հասկանալ այն։

20. ա) Հիսուսն ինչպե՞ս փառավորեց Եհովային։ բ) Հիսուսի և Հերովդեսի օրինակից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես է Եհովան առաջնորդ ընտրում։

20 Թեպետ Հիսուսին լսողները հիանում էին նրա բերանից դուրս եկած «շնորհալի խոսքերով», նա փառքն ու պատիվը ուղղում էր իր Ուսուցչին՝ Եհովային (Ղուկ. 4։22)։ Երբ մի հարուստ մարդ փորձեց գովաբանել Հիսուսին՝ կոչելով նրան «Բարի Ուսուցիչ», նա համեստությամբ պատասխանեց. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված» (Մարկ. 10։17, 18)։ Որքա՜ն էր նա տարբերվում Հերովդես Ագրիպաս I-ից, որը նրա մահից մոտ ութ տարի անց դարձավ Հրեաստանի թագավորը։ Մի օր հատուկ առիթով նա «թագավորական հանդերձներ հագավ» և ներկայացավ ժողովրդին։ Նրանով հիացած՝ ժողովուրդը սկսեց բացականչել. «Աստծո՛ւ ձայն է և ոչ թե մարդու»։ Ըստ երևույթին Հերովդեսն ընդունեց իր փառքի վայելքը։ Իսկ ի՞նչ եղավ դրա արդյունքը։ «Իսկույն Եհովայի հրեշտակը հարվածեց նրան, որովհետև նա փառքը Աստծուն չտվեց։ Նա հիվանդացավ, որդերը նրան կերան, ու նա մեռավ» (Գործ. 12։21–23)։ Դժվար չէր հասկանալ, որ Հերովդեսը Եհովայի կողմից ընտրված առաջնորդ չէր։ Իսկ Հիսուսը, շարունակ փառավորելով Աստծուն որպես Գերագույն Առաջնորդի, փաստեց, որ ինքն է նրա ընտրյալը։

21. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

21 Հիսուսը մի քանի տարով չէր առաջնորդ նշանակվել։ «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել, — ասաց նա հարություն առնելուց հետո։ — Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։18–20)։ Սակայն, լինելով անտեսանելի ոգեղեն էակ երկնքում, Հիսուսն ինչպե՞ս էր առաջնորդելու Աստծու ժողովրդին։ Եհովան ո՞ւմ էր նշանակելու որպես Քրիստոսի ներկայացուցիչներ երկրի վրա, որպեսզի առաջնորդություն վերցնեին իր ժողովրդի մեջ։ Եվ ինչպե՞ս էին քրիստոնյաները ճանաչելու այդ ներկայացուցիչներին։ Հաջորդ հոդվածում կքննարկենք այս հարցերը։

^ պարբ. 12 Հնարավոր է՝ դա Մովսեսի ձեռքով գրված գիրքն էր։