Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իմաստունների հետ քայլելով՝ շատ բան սովորեցի

Իմաստունների հետ քայլելով՝ շատ բան սովորեցի

ՍԱՌՆԱՇՈՒՆՉ առավոտ էր։ Օդում տարածվող ցուրտը հուշում էր, որ սառնամանիքները ուր որ է կհասնեն Բրուկինգս (Հարավային Դակոտա, ԱՄՆ)։ Մի քանի հոգով հավաքվել էինք անասնագոմում և ցրտից դողում էինք։ Կանգնել էինք կիսով չափ սառը ջրով լցված տաշտի առաջ, որը նախատեսված էր անասուններին ջուր տալու համար։ Որպեսզի պարզ լինի, թե ինչու էինք այստեղ, մի փոքր պատմեմ իմ մասին։

ԿՅԱՆՔԻՍ ՎԱՂ ՏԱՐԻՆԵՐԸ

Հորեղբայր Ալֆրեդը և հայրս

Ծնվել եմ 1936 թ. մարտի 7-ին։ Չորս երեխաներից ամենափոքրն եմ։ Մենք ապրում էինք Հարավային Դակոտայի արևելյան մասում՝ մի փոքր ֆերմայում։ Հողագործությունն ու անասնապահությունը մեր ընտանիքի հիմնական զբաղմունքն էր, բայց ոչ ամենակարևոր։ 1934-ին ծնողներս մկրտվել էին ու դարձել Եհովայի վկաներ։ Նրանք նվիրվել էին մեր երկնային Հորը՝ Եհովային, ուստի Աստծու կամքը կատարելը նրանց կյանքում առաջին տեղն էր զբաղեցնում։ Քոնդիում գտնվող մեր փոքրիկ ժողովում (Հարավային Դակոտա) հայրս՝ Քլարենսը, ժողովի ծառայող էր (այժմ՝ երեցների խորհրդի կոորդինատոր)։ Հետագայում իմ հորեղբայր Ալֆրեդն էլ ստացավ այդ նշանակումը։

Մեր ընտանիքը կանոնավորաբար մասնակցում էր ժողովի հանդիպումներին և ծառայում էր տնետուն՝ մարդկանց հայտնելով աստվածաշնչյան հրաշալի հույսի մասին։ Ծնողներիս օրինակն ու նրանց տված կրթությունը խորապես տպավորվել էին մեր՝ երեխաներիս մեջ։ Ես ու քույրս՝ Դորոթին, վեց տարեկանում քարոզիչ դարձանք։ 1943-ին ես սկսեցի մասնակցել Աստվածապետական ծառայության դպրոցին, որը վերջերս էր դարձել մեր հանդիպումներից մեկը։

Ռահվիրա եմ ծառայում (1952 թ.)

Մենք միշտ ներկա էինք լինում բոլոր համաժողովներին։ 1949 թ.-ին Սիու Ֆոլսում (Հարավային Դակոտա) անցկացվող համաժողովին եղբայր Գրանտ Սյութերը, որը մասնաճյուղից նշանակված հռետորն էր, մի ելույթ ներկայացրեց, որը մինչ օրս չեմ մոռանում։ Ելույթի վերնագիրն էր «Ավելի ուշ է, քան դուք կարծում եք»։ Նա շեշտեց այն միտքը, որ Աստծուն նվիրված բոլոր քրիստոնյաները պետք է իրենց անձը լիովին տրամադրեն Աստծու հաստատված Թագավորության բարի լուրը հռչակելու գործին։ Այս խոսքերն ինձ մղեցին նվիրվելու Եհովային։ Հաջորդ շրջանային համաժողովին, որը տեղի ունեցավ 1949-ի նոյեմբերի 12-ին Բրուկինգսում, չորս հոգով մկրտվեցինք ցինկապատ մետաղյա տաշտի մեջ՝ այն ցուրտ անասնագոմում, որի մասին նշեցի սկզբում։

Մկրտվելուց հետո ռահվիրայության նպատակ դրեցի։ 1952-ի հունվարից սկսեցի ռահվիրա ծառայել։ Այդ ժամանակ 15 տարեկան էի։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակ. 13։20)։ Իմ ընտանիքում շատ իմաստուններ կային, որոնք թիկունք կանգնեցին ռահվիրա դառնալու իմ որոշմանը։ Հորեղբայր Ջուլիուսը, որը 60 տարեկան էր, դարձավ իմ ռահվիրա ծառայակիցը։ Չնայած տարիքային տարբերությանը՝ մենք մեծ հաճույք էինք ստանում մեր համագործակցությունից։ Նա կյանքի մեծ փորձ ուներ, որն ինձ օգնեց ավելի իմաստուն դառնալ։ Շատ չանցած՝ Դորոթին նույնպես ռահվիրա դարձավ։

ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒՆԵՐԻ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնողներս շրջանային վերակացուներին ու նրանց կանանց հաճախ էին հրավիրում մեր տանը մնալու։ Այդ զույգերից մեկը՝ Ջեսի և Լին Կանտուելները, ինձ շատ օգնեցին։ Մասամբ նրանց քաջալերանքն էր, որ ինձ մղեց ռահվիրա դառնալու։ Այն, որ նրանք անկեղծ հետաքրքրություն էին ցույց տալիս իմ հանդեպ, իմ մեջ ցանկություն առաջացրեց հոգևոր նպատակներ դնելու։ Երբ նրանք այցելում էին մոտակա ժողովներ, երբեմն ինձ հրավիրում էին իրենց հետ ծառայելու։ Դա շատ հաճելի էր ու քաջալերական։

Շրջագայական ծառայության մեջ Կանտուելներին հաջորդեցին Բադ Միլլերն ու նրա կին Ջոանը։ Այդ ժամանակ 18 տարեկան էի, ուստի բարձրացավ իմ զինծառայության հարցը։ Տեղի զորակոչային հանձնաժողովը ինձ այնպիսի կարգավիճակ էր տվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Հիսուսի այն պատվերին, որ իր հետևորդները պետք է քաղաքական հարցերում չեզոք լինեն (Հովհ. 15։19)։ Բացի այդ, ես ուզում էի քարոզել Թագավորության բարի լուրը։ Ուստի զորակոչային հանձնաժողովին դիմում ներկայացրի՝ խնդրելով, որ ինձ կրոնական ծառայողի կարգավիճակ տան։

Շատ շոյվեցի, երբ եղբայր Միլլերը ցանկություն հայտնեց ինձ հետ գալու զորակոչային հանձնաժողովի նիստին։ Նա շփվող մարդ էր, և նրան վախեցնելը հեշտ չէր։ Դա ինձ մեծ վստահություն ներշնչեց, քանի որ նրա պես հոգևոր անձնավորություն էր կանգնած իմ կողքին։ Նիստի արդյունքը եղավ այն, որ 1954 թ. ամռան վերջին հանձնաժողովը ինձ ճանաչեց որպես կրոնական ծառայող։ Դա իմ առաջ դուռ բացեց, որ հասնեմ մեկ ուրիշ հոգևոր նպատակի։

Ես՝ նորաթուխ բեթելցիս՝ գյուղատնտեսական բեռնատարի կողքին

Մոտավորապես այդ ժամանակ հրավեր ստացա ծառայելու Բեթելում՝ Դիտարանի ֆերմայում, որը գտնվում էր Սթեյթեն կղզում (Նյու Յորք)։ Պատիվ ունեցա մոտ երեք տարի ծառայելու այնտեղ։ Բեթելում հանդիպեցի բազում իմաստուն մարդկանց և աշխատեցի նրանց հետ։ Դրանք հրաշալի տարիներ էին, որոնք ինձ շատ բան տվեցին։

ԲԵԹԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

WBBR ռադիոկայանում՝ եղբայր Ֆրանցի հետ

Սթեյթեն կղզում գտնվող ֆերմայում տեղակայված էր WBBR (Դաբլյու-Բի-Բի-Ար) ռադիոկայանը, որը Եհովայի վկաները օգտագործեցին 1924-ից մինչև 1957 թվականը։ Բեթելի ընտանիքից ընդամենը տասնհինգ-քսան հոգի էր նշանակված ծառայելու ֆերմայում։ Շատերս երիտասարդ էինք և անփորձ։ Սակայն մեզ հետ աշխատում էր տարիքով մեծ մի օծյալ եղբայր՝ Էլդոն Վուդվորդը։ Նա իրոք որ իմաստուն մարդ էր և հայրական ուշադրություն էր ցույց տալիս մեր հանդեպ, ինչը հոգևոր առումով դրական ազդեցություն էր թողնում մեզ վրա։ Երբ մարդկային անկատարության պատճառով ժամանակ առ ժամանակ դժվարություններ էին ծագում, եղբայր Վուդվորդն ասում էր. «Զարմանալի է, թե Տերն ինչե՜ր է անում իր ձեռքի տակ եղած անկատար գործիքներով»։

Հարի Պետերսոնը նախանձախնդիր քարոզիչ էր

Եղբայր Ֆրեդերիկ Ֆրանցը նույնպես մեր կողքին էր, ինչը մեծ առանձնաշնորհում էր մեզ համար։ Նա իմաստուն մարդ էր, աստվածաշնչյան խոր գիտելիքներ ուներ և անկեղծ հետաքրքրություն էր ցույց տալիս յուրաքանչյուրիս հանդեպ։ Մեր խոհարարը Հարի Պետերսոնն էր. մեզ համար հեշտ էր նրան Պետերսոն կոչել, ոչ թե Պապարյիրոպուլոս, որը նրա իսկական ազգանունն էր։ Նա նույնպես օծյալ էր և բացառիկ նախանձախնդրություն էր դրսևորում ծառայության մեջ։ Եղբայր Պետերսոնը շատ լավ էր կատարում իր աշխատանքը Բեթելում և միևնույն ժամանակ չէր անտեսում քարոզչական ծառայությունը։ Ամեն ամիս նա տարածում էր հարյուրավոր ամսագրեր։ Բացի այդ, նա հարուստ աստվածաշնչյան գիտելիքներ ուներ և կարողանում էր պատասխանել մեր տված հարցերից շատերին։

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՄԱՍՏՈՒՆ ՔՈՒՅՐԵՐԻՑ

Ֆերմայի բարիքները վերամշակվում էին հենց այդտեղ կառուցված պահածոների գործարանում։ Բեթելի ողջ ընտանիքի համար պահածոյացվում էր միրգ ու բանջարեղեն, ամեն տարի՝ մոտ 42 600 լիտր (45 000 կվարտ)։ Այս գործում պատիվ ունեի ծառայելու մի իմաստուն քրոջ՝ Էտա Հաթի հետ։ Նա պատասխանատու էր պահածոների բաղադրատոմսերի համար։ Պահածոյացման աշխատանքների շրջանում տեղի ժողովներից քույրեր էին գալիս համագործակցելու, և Էտան օգնում էր կազմակերպել նրանց աշխատանքը։ Թեև նա շատ կարևոր դեր էր կատարում պահածոներ պատրաստելու գործում, սակայն խոր հարգանքով էր վերաբերվում ֆերմայում ծառայող պատասխանատու եղբայրներին։ Աստվածապետական կառույցում գլխավորությանը հնազանդվելու հարցում նա ինձ համար լավ օրինակ էր։

Անջելայի և Էտա Հաթի հետ

Անջելա Ռոմանոն այն երիտասարդ քույրերից էր, որոնք գալիս էին օգնելու պահածոյացման գործում։ Երբ նա ընդունել էր ճշմարտությունը, Էտան նրան շատ էր աջակցել։ Այդպիսով, երբ դեռ ծառայում էի Բեթելում, հանդիպեցի ևս մեկ իմաստունի, ում հետ քայլում եմ արդեն 58 տարի։ Ես ու Անջին ամուսնացանք 1958 թ. ապրիլին և առայսօր մեծ հաճույքով միասին ծառայում ենք Աստծուն։ Անջին միշտ անմնացորդ նվիրվածություն է ցուցաբերել Եհովայի հանդեպ, և դա շատ է ամրացրել մեր ընտանիքը։ Ինչ դժվարությունների էլ որ բախվենք, միշտ կարող եմ լիովին վստահել նրան։

ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱԳԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երբ Սթեյթեն կղզում գտնվող WBBR ռադիոկայանը 1957 թ.-ին վաճառվեց, կարճ ժամանակ ծառայեցի Բրուքլինի Բեթելում։ Այնուհետև ես ու Անջին ամուսնացանք։ Ուստի ես դադարեցի Բեթելում ծառայելուց, և մոտ երեք տարի մենք ռահվիրա ծառայեցինք Սթեյթեն կղզում։ Նույնիսկ որոշ ժամանակ աշխատեցի ռադիոկայանի նոր սեփականատերերի համար, որը կոչվում էր WPOW (Դաբլյու-Փի-Օ-Դաբլյու)։

Ես ու Անջին վճռել էինք պարզ կյանքով ապրել, որպեսզի պատրաստ լինեինք ծառայելու այնտեղ, որտեղ մեր կարիքը լիներ։ Արդյունքում՝ 1961 թ. սկզբին հատուկ ռահվիրաներ նշանակվեցինք Ֆոլս Սիթիում (Նեբրասկա)։ Սակայն շատ չանցած՝ մեզ հրավիրեցին Սաութ Լանսինգ (Նյու Յորք)՝ սովորելու Թագավորական ծառայության դպրոցում, որն այդ ժամանակ մեկ ամիս տևող դասընթաց էր։ Այնտեղ սովորելը մեզ շատ դուր եկավ, և մենք կարծում էինք, թե կվերադառնանք Նեբրասկա և այնտեղ կկիրառենք մեր սովորածը։ Ուստի զարմացանք, երբ միսիոներներ նշանակվեցինք Հարավարևելյան Ասիայում գտնվող մի գեղեցիկ երկրում՝ Կամբոջայում։ Այնտեղի յուրօրինակ տեսարանները, ձայներն ու բուրմունքները շատ էին տարբերվում այն ամենից, ինչ մեզ ծանոթ էր։ Մենք շատ էինք ուզում բարի լուրը տարածել այնտեղ։

Սակայն երկրում քաղաքական իրավիճակը փոխվեց, և մենք ստիպված եղանք տեղափոխվելու Հարավային Վիետնամ։ Այնտեղ մնացինք երկու տարի, բայց, ցավոք, առողջական լուրջ խնդիրներ ունեցա, ուստի մեզ հորդորեցին վերադառնալ ԱՄՆ։ Որոշ ժամանակ պահանջվեց, որ ուժերս վերականգնվեն։ Այնուհետև մենք վերսկսեցինք լիաժամ ծառայությունը։

Անջելայի հետ՝ հեռուստատեսային հարցազրույցից առաջ (1975 թ.)

1965 թ. մարտին շրջագայական ծառայություն սկսեցինք։ Մեզ համար պատիվ էր 33 տարի ծառայել ժողովներին։ Մենք հաճույք էինք ստանում թե՛ շրջանային, թե՛ մարզային ծառայությունից, այդ թվում՝ այն աշխատանքներից, որ կատարվում էին համաժողովներից առաջ և դրանց ընթացքում։ Համաժողովները միշտ էլ մեծ նշանակություն են ունեցել ինձ համար, ուստի շատ ուրախ էի, որ կարող էի օգնել կազմակերպելու այս միջոցառումները։ Մի քանի տարի ծառայեցինք Նյու Յորք քաղաքում և դրա շրջակայքում։ Այդ ընթացքում «Յանկի» մարզադաշտում մի քանի համաժողով անցկացվեց։

ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԲԵԹԵԼՈՒՄ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Ինչպես որ լինում է հատուկ լիաժամ ծառայողներից շատերի կյանքում, ինձ ու Անջիին էլ դժվար, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր նշանակումներ էին սպասում։ 1995 թ.-ին ինձ կանչեցին դասավանդելու Ծառայության կատարելագործման դպրոցում։ Երեք տարի հետո մենք հրավիրվեցինք Բեթել։ Շատ ուրախ էի վերադառնալու այնտեղ, որտեղ ավելի քան 40 տարի առաջ սկսել էի իմ հատուկ լիաժամ ծառայությունը։ Որոշ ժամանակ աշխատեցի ծառայողական բաժնում և դասավանդեցի մի շարք դպրոցներում։ 2007 թ.-ին Կառավարիչ մարմնի որոշմամբ ստեղծվեց աստվածապետական դպրոցների բաժին, որը հոգ էր տանելու Բեթելում անցկացվող դպրոցների մասին։ Պատիվ ունեցա մի քանի տարի լինելու այդ բաժնի վերակացուն։

Վերջերս ականատես եղանք մի շարք նշանակալի փոփոխությունների, որոնք տեղի ունեցան աստվածապետական կրթության ոլորտում։ 2008 թ.-ին բացվեց Ժողովի երեցների դպրոցը։ Հաջորդ երկու տարիների ընթացքում ավելի քան 12 000 երեց կրթություն ստացավ Պատերսոնում և Բրուքլինի Բեթելում։ Այս դպրոցը շարունակում է անցկացվել տարբեր վայրերում, և այնտեղ դասավանդում են լավ պատրաստված ուսուցիչներ։ 2010-ին Ծառայության կատարելագործման դպրոցը վերանվանվեց Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար, նաև նոր դպրոց ստեղծվեց, որը կոչվեց Աստվածաշնչյան դպրոց քրիստոնյա զույգերի համար։

2015 թ. ծառայողական տարվա սկզբում վերոնշյալ երկու դպրոցները միավորվեցին, և ստեղծվեց Թագավորության քարոզիչների դպրոցը։ Այնտեղ կարող են սովորել ամուսնական զույգեր, ամուրի եղբայրներ և քույրեր։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հավատակիցները անչափ ուրախացան՝ իմանալով, որ այդ դպրոցը անցկացվելու է շատ մասնաճյուղերում։ Տպավորիչ է տեսնել, թե ինչպես են ընդլայնվում աստվածապետական կրթություն ստանալու հնարավորությունները։ Ինձ համար պատիվ է ծանոթանալ բազում եղբայրների ու քույրերի հետ, ովքեր իրենց կյանքում փոփոխություններ են արել այս դպրոցում սովորելու համար։

Հետադարձ հայացք նետելով իմ կյանքի տարիներին՝ Եհովայի հանդեպ երախտագիտությամբ եմ լցվում այն բանի համար, որ հանդիպել եմ իմաստուն մարդկանց, որոնք ինձ աջակցել են ճշմարտության ճանապարհին։ Նրանցից ոչ բոլորն էին իմ տարիքին կամ իմ մշակույթից։ Սակայն բոլորն էլ հոգևոր մարդիկ էին։ Նրանց մտածելակերպն ու գործերը ցույց էին տալիս, որ նրանք շատ են սիրում Եհովային։ Աստծու կազմակերպության մեջ բազում իմաստուն մարդիկ կան, որոնց հետ կարող ենք քայլել։ Ես ինքս այդպես եմ վարվել և մեծ օգուտ եմ ստացել։

Ինձ համար հաճելի է ծանոթանալ տարբեր երկրներից եկած ուսանողների հետ