Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ինչ որ երդվել ես, կատարիր»

«Ինչ որ երդվել ես, կատարիր»

«Կատարիր Եհովային տված խոստումներդ» (ՄԱՏԹ. 5։33

ԵՐԳ 63, 59

1. ա) Ի՞նչ ընդհանուր բան ունեին Հեփթայե դատավորը և Աննան (տես հոդվածի սկզբի նկարները)։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

ՀԵՓԹԱՅԵ դատավորը խիզախ առաջնորդ էր և քաջարի զինվոր։ Աննան՝ Եղկանայի կինը, խոնարհ ու հնազանդ կողակից էր, տնային տնտեսուհի։ Ի՞նչ ընդհանուր բան ունեին նրանք՝ չհաշված այն, որ երկուսն էլ Եհովային էին երկրպագում։ Թե՛ Հեփթայեն, թե՛ Աննան երդում էին տվել Աստծուն, և երկուսն էլ կատարեցին իրենց խոստումները։ Նրանք հրաշալի օրինակ են այն տղամարդկանց ու կանանց համար, ովքեր որոշել են երդում տալ Եհովային։ Ուստի եկեք մի շարք հարցեր քննարկենք։ Ի՞նչ է երդումը։ Աստծուն երդում տալը որքա՞ն լուրջ որոշում է։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Հեփթայեի և Աննայի օրինակից։

2, 3. ա) Ի՞նչ է երդումը։ բ) Աստվածաշնչում ի՞նչ է ասվում Աստծուն երդում տալու մասին։

2 Աստվածաշնչում «երդում» բառը գործածվում է Աստծուն տրված խոստման առնչությամբ։ Երդում տվողը խոստանում է որևէ բան անել, ընծա նվիրաբերել, որևէ ծառայություն մատուցել կամ ինչ-որ բանից հրաժարվել։ Երդումը տրվում է հոժար կամքով։ Աստծու աչքում այն սուրբ է և մարդուն պարտավորեցնում է այս կամ այն բանն անել կամ չանել (Ծննդ. 14։22, 23; Եբր. 6։16, 17)։ Որքա՞ն լուրջ որոշում է Աստծուն երդում տալը։ Ի՞նչ է այս մասին ասում Աստվածաշունչը։

3 Մովսիսական օրենքում գրվեց հետևյալ պատվերը. «Եթե մի մարդ երդում անի Եհովային կամ խոստանա իր հոգին կապել.... երդումով, ապա չպետք է խախտի իր խոսքը։ Նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից» (Թվեր 30։2)։ Ավելի ուշ Սողոմոնը Աստծու ներշնչմամբ գրեց. «Երբ Աստծուն երդում ես տալիս, մի՛ հապաղիր կատարել այն, քանի որ հիմարների հանդեպ հաճություն չկա։ Ինչ որ երդվել ես, կատարիր» (Ժող. 5։4)։ Հիսուսը նույնպես ընդգծեց երդում տալու լրջությունը՝ ասելով. «Հնում ապրող մարդկանց ասվեց. «Երդումդ զանց մի՛ արա, այլ կատարիր Եհովային տված խոստումներդ»» (Մատթ. 5։33

4. ա) Աստծուն երդում տալը ինչո՞ւ է լուրջ որոշում։ բ) Ի՞նչ կիմանանք Հեփթայեի և Աննայի մասին։

4 Այսպիսով՝ հստակ է, որ Աստծուն խոստում տալը շատ լուրջ հարց է։ Այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր երդմանը, ազդում է Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերությունների վրա։ Դավիթը գրեց. «Ո՞վ կարող է բարձրանալ Եհովայի սարը, ո՞վ կարող է ելնել նրա սուրբ վայրը։ Նա.... ով Իմ [Եհովայի] հոգին անարժեք չի համարել և սուտ երդում չի տվել» (Սաղ. 24։3, 4)։ Ի՞նչ երդում էին տվել Հեփթայեն և Աննան։ Արդյո՞ք նրանց համար հեշտ էր պահել իրենց երդումը։

ՆՐԱՆՔ ՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ՊԱՀԵՑԻՆ ԱՍՏԾՈՒՆ ՏՎԱԾ ԵՐԴՈՒՄԸ

5. Ի՞նչ երդում տվեց Հեփթայեն, և ի՞նչ եղավ արդյունքը։

5 Հեփթայեն հավատարմորեն կատարեց Եհովային տված իր խոստումը։ Ո՞րն էր այդ խոստումը։ Ամմոնացիները ահաբեկում ու ճնշում էին Աստծու ժողովրդին (Դատ. 10։7–9)։ Երբ Հեփթայեն պատրաստվում էր նրանց դեմ կռվել, Եհովայից հաղթանակ խնդրեց ու երդվեց. «Եթե դու Ամմոնի որդիներին ամբողջությամբ իմ ձեռքը մատնես, և երբ ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիների մոտից, այդ ժամանակ նա, ով իմ տան դռներից ինձ ընդառաջ դուրս գա, Եհովային կպատկանի»։ Աստված կատարեց Հեփթայեի խնդրանքը։ Ամմոնացիները պարտություն կրեցին։ Երբ Հեփթայեն հաղթանակած վերադարձավ տուն, նրան ընդառաջ դուրս եկավ նրա սիրելի աղջիկը, որը, իր հոր երդման համաձայն, պետք է «Եհովային պատկաներ» (Դատ. 11։30–34)։ Ի՞նչ էր դա նշանակելու նրա համար։

6. ա) Արդյո՞ք Հեփթայեի և նրա աղջկա համար հեշտ էր պահել Աստծուն տված երդումը։ բ) Երդում տալու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում 2 Օրենք 23։21, 23 և Սաղմոս 15։4 համարներից։

6 Հոր խոստումը կատարելու համար Հեփթայեի աղջիկը պետք է իր անձը լիովին նվիրեր Եհովայի սրբարանում մատուցվող ծառայությանը։ Արդյո՞ք Հեփթայեն անմտածված կերպով էր տվել այդ երդումը։ Ո՛չ։ Հնարավոր է՝ նա գիտեր, որ իրեն ընդառաջ կարող էր դուրս գալ իր աղջիկը։ Այդուհանդերձ, հայրն ու աղջիկը էմոցիոնալ առումով դժվար իրավիճակում հայտնվեցին. երկուսն էլ պետք է զոհողություն անեին։ Տեսնելով աղջկան՝ Հեփթայեն «պատառոտեց իր հագուստները» և ասաց, որ տապալված է։ Իսկ նրա դուստրը իր «կուսության վրա ողբաց»։ Ինչո՞ւ։ Հեփթայեն որդի չուներ, ու նրա միակ աղջիկը հոր խոստումը կատարելու համար չէր կարողանալու ամուսնանալ և նրան թոռներ պարգևել։ Չէր լինելու մեկը, ում Հեփթայեն կկարողանար փոխանցել իր ընտանիքի անունն ու ժառանգությունը։ Սակայն հոր ու դստեր համար ամենակարևոր բանը սա չէր։ Հեփթայեն ասաց. «Բերանս բաց եմ արել Եհովայի առաջ և հիմա չեմ կարող հետ կանգնել»։ Ի պատասխան՝ աղջիկն ասաց. «Ինձ հետ արա այն, ինչ դուրս է եկել քո բերանից» (Դատ. 11։35–39)։ Նրանք նվիրված մարդիկ էին ու երբեք չէին էլ մտածի Բարձրյալ Աստծուն տված երդումը դրժելու մասին, ինչ գին էլ որ վճարելու լինեին դրա համար (կարդա 2 Օրենք 23։21, 23; Սաղմոս 15։4

7. ա) Ի՞նչ երդում տվեց Աննան և ինչո՞ւ։ Ի՞նչ եղավ արդյունքում։ բ) Աննայի երդումը ի՞նչ էր նշանակելու Սամուելի համար (տես ծանոթագրությունը)։

7 Աննան նույնպես հավատարմորեն պահեց Եհովային տված երդումը։ Ի՞նչ երդում։ Աննան շատ վշտացած էր այն պատճառով, որ չէր կարողանում երեխա ունենալ, ինչի համար միշտ նախատինքի էր ենթարկվում (1 Սամ. 1։4–7, 10, 16)։ Ուստի նա իր սիրտը բացեց Աստծու առաջ ու խոստացավ. «Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, եթե քո աղախնի տառապանքներին նայես ու հիշես իմ մասին, եթե չմոռանաս քո աղախնին և քո աղախնին մի արու զավակ տաս, նրա կյանքի բոլոր օրերում ես նրան Եհովային կտամ, և նրա գլխին ածելի չի դիպչի» * (1 Սամ. 1։11)։ Եհովան կատարեց Աննայի խնդրանքը, և նա մի որդի ունեցավ։ Ի՜նչ մեծ ուրախություն պատճառեց նրան առաջնեկի ծնունդը։ Այդուհանդերձ, Աննան չմոռացավ Աստծուն տված իր երդումը։ Երեխային ծնելուց հետո նա ասաց. «Եհովայից եմ խնդրել նրան» (1 Սամ. 1։20

8. ա) Արդյո՞ք Աննայի համար հեշտ էր պահել իր երդումը։ բ) Ի՞նչ նմանություն ես տեսնում 61-րդ սաղմոսում արձանագրված Դավթի խոսքերի և Աննայի տրամադրվածության միջև։

8 Երբ մոտ երեք տարեկան հասակում Սամուելը կաթից կտրվեց, Աննան արեց այն, ինչ խոստացել էր Աստծուն։ Նա նույնիսկ չմտածեց, որ կարող է այլ կերպ վարվել։ Աննան Սամուելին տարավ Սելովում գտնվող խորան՝ Հեղի քահանայապետի մոտ, և ասաց. «Ես այս տղայի համար էի աղոթում, և Եհովան տվեց ինձ այն, ինչ որ խնդրեցի նրանից։ Իմ հերթին ես նրան փոխ եմ տալիս Եհովային։ Իր կյանքի բոլոր օրերում նա Եհովային է տրված» (1 Սամ. 1։24–28)։ Այնտեղ «մանուկ Սամուելը մեծանալու էր Եհովայի մոտ» (1 Սամ. 2։21)։ Սակայն ի՞նչ էր դա նշանակելու Աննայի համար։ Նա քնքշորեն սիրում էր իր փոքրիկ տղային, սակայն որդու մանկության շրջանում այլևս չէր կարողանալու ամեն օր տեսնել նրան։ Պատկերացրու՝ որքան էր ցանկանալու կրծքին սեղմել իր զավակին, խաղալ նրա հետ, դաստիարակել նրան, մի խոսքով՝ անել այն ամենը, ինչը թանկ հիշողություններ կթողներ սիրող մոր սրտում։ Չնայած դրան՝ Աննան չափսոսաց, որ պահեց Աստծուն տված իր երդումը։ Նրա սիրտը ցնծում էր Եհովայով (1 Սամ. 2։1, 2; կարդա Սաղմոս 61։1, 5, 8

Պահո՞ւմ ես Եհովային տված երդումներդ

9. Ի՞նչ հարցեր պետք է քննարկենք։

9 Այժմ, երբ հասկացանք, թե որքան լուրջ որոշում է Աստծուն երդում տալը, եկեք քննարկենք հետևյալ հարցերը։ Որպես քրիստոնյաներ՝ ի՞նչ երդումներ ենք տալիս։ Եվ ինչպե՞ս պետք է վերաբերվենք այդ երդումներին։

ՆՎԻՐՄԱՆ ԵՐԴՈՒՄ

Նվիրման երդում (տես պարբերություն 10)

10. Քրիստոնյայի համար ո՞րն է ամենակարևոր երդումը, և ի՞նչ է այն նշանակում։

10 Քրիստոնյայի համար ամենակարևորը այն երդումն է, որ նա տալիս է իր կյանքը Եհովային նվիրելիս։ Ինչո՞ւ։ Որովհետև անձնական աղոթքում քրիստոնյան Եհովային խոստանում է հավիտյան նրան ծառայել, ինչ էլ որ պատահի։ Հիսուսի խոսքերով՝ մարդն այդպիսով «իր անձն ուրանում» է ու երդվում, որ Աստծու կամքը կատարելը գլխավոր բանը կլինի իր կյանքում (Մատթ. 16։24)։ Այդ օրվանից նա «Եհովային է պատկանում» (Հռոմ. 14։8)։ Նա, ով նվիրման երդում է տալիս, պետք է շատ լուրջ վերաբերվի դրան, ինչպես որ սաղմոսերգուն, որը Աստծուն տված իր երդումների մասին ասաց. «Ինչո՞վ հատուցեմ Եհովային ինձ արած իր բոլոր բարիքների համար։ Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ իր ողջ ժողովրդի առջև» (Սաղ. 116։12, 14

11. Ի՞նչ ես ցույց տվել քո մկրտությամբ։

11 Եթե քո կյանքը նվիրել ես Եհովային և նվիրումդ խորհրդանշել ջրի մկրտությամբ, ապա հիանալի որոշում ես կայացրել։ Հիշիր. մկրտությանդ օրը ականատեսների առաջ քեզ հարցրին, թե արդյոք քո անձը նվիրել ես Եհովային և արդյոք հասկանում ես, որ քո նվիրումով ու մկրտությամբ դու ճանաչվում ես որպես Եհովայի վկա, ինչպես նաև Աստծու սուրբ ոգով առաջնորդվող կազմակերպության անդամ։ Դրական պատասխաններ տալով՝ դու հրապարակորեն հռչակեցիր, որ քո անձը անվերապահորեն նվիրել ես Աստծուն, նաև ցույց տվեցիր, որ պատրաստ ես մկրտվելու և պաշտոնապես ճանաչվելու որպես Եհովա Աստծու ծառա։ Այդ քայլով դու շատ ուրախացրիր նրան։

12. ա) Ի՞նչ հարցեր պետք է մեզ տանք։ բ) Պետրոս առաքյալի խոսքով՝ ի՞նչը կօգնի, որ ծառայության մեջ անգործունյա չդառնանք։

12 Սակայն մկրտությունը մեր ընտրած ուղու սկիզբն է միայն։ Դրանից հետո մենք պետք է շարունակենք ապրել մեր նվիրման համաձայն և հավատարմորեն ծառայել Աստծուն։ Հետևաբար լավ կլինի՝ հարցնենք ինքներս մեզ. «Մկրտությունից հետո հոգևորապես առաջադիմե՞լ եմ։ Շարունակո՞ւմ եմ Եհովային ամբողջ սրտով ծառայել (Կող. 3։23)։ Հաճա՞խ եմ աղոթում։ Ամեն օր կարդո՞ւմ եմ Աստվածաշունչը։ Կանոնավորաբար մասնակցո՞ւմ եմ ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը։ Թե՞ իմ հոգևոր գործունեությունը նվազել է»։ Պետրոս առաքյալը վստահեցրեց, որ մենք կարող ենք խուսափել ծառայության մեջ անգործունյա դառնալուց, եթե մեր հավատին ավելացնենք գիտելիքներ, տոկունություն և Աստծու հանդեպ նվիրվածություն (կարդա 2 Պետրոս 1։5–8

13. Ի՞նչ պետք է գիտակցի նվիրված և մկրտված քրիստոնյան։

13 Եհովային նվիրման երդում տալուց հետո չենք կարող մեր խոսքը հետ վերցնել։ Եթե անհատը հոգնել է Եհովային ծառայելուց կամ քրիստոնեական չափանիշներով ապրելուց, չի կարող ասել, թե ինքը իրականում չի նվիրվել Եհովային, և թե իր մկրտությունն անվավեր է։ * Չէ՞ որ մկրտվելով՝ նա բոլորին ցույց է տվել, որ լիովին նվիրվել է Աստծուն։ Ուստի եթե լուրջ մեղք գործի, հաշվետու է թե՛ Եհովայի, թե՛ ժողովի առաջ (Հռոմ. 14։12)։ Մենք չենք ուզում, որ Հիսուսը մեր մասին ասի, թե «թողել ենք այն սերը, որ սկզբից ունեինք»։ Փոխարենը՝ ցանկանում ենք, որ հետևյալն ասի. «Գիտեմ քո գործերի, սիրո, հավատի, ծառայության և տոկունության մասին, և որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան նախորդները» (Հայտն. 2։4, 19)։ Եկեք ջանք թափենք և շարունակենք ապրել մեր երդման համաձայն։ Այդպես վարվելով՝ մենք կուրախացնենք Եհովայի սիրտը։

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ

Ամուսնական երդում (տես պարբերություն 14)

14. Ո՞րն է երկրորդ կարևոր երդումը, որ մարդ կարող է տալ, և ինչո՞ւ։

14 Երկրորդ կարևոր երդումը, որ մարդ կարող է տալ, ամուսնական երդումն է։ Ինչո՞ւ։ Քանի որ ամուսնությունը սուրբ է։ Աստծու և մարդկանց առաջ հարսն ու փեսան երդում են տալիս։ Նրանք սովորաբար խոստանում են, որ ողջ կյանքում կսիրեն, կփայփայեն և խորապես կհարգեն իրար։ Գուցե ոմանք այս նույն խոսքերը չեն ասում, սակայն նույնպես երդում են տալիս Աստծու առաջ։ Նրանք հայտարարվում են ամուսին և կին։ Ակնկալվում է, որ նրանց միությունը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ողջ են (Ծննդ. 2։24; 1 Կորնթ. 7։39)։ Հիսուսն ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը [ո՛չ ամուսինը, ո՛չ կինը, ո՛չ էլ որևիցե մեկը] չբաժանի»։ Ամուսնացողները պետք է միշտ հիշեն, որ ամուսնալուծությունը իրենց համար տարբերակ չէ (Մարկ. 10։9

15. Ինչո՞ւ ամուսնությանն անլուրջ չպետք է վերաբերվենք, ինչպես որ աշխարհում շատերն են անում։

15 Ինչ խոսք, կատարյալ ամուսնություն չկա. ամուսնական կառույցը միավորում է երկու անկատար մարդկանց։ Այդ պատճառով Աստվածաշունչն ասում է, որ «ամուսնացողները դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթ. 7։28)։ Ցավոք, այս աշխարհում շատերը ամուսնությանը լուրջ չեն վերաբերվում։ Երբ ընտանիքում հարաբերությունները լարվում են, կողակիցները պարզապես հեռանում են իրարից։ Սակայն քրիստոնյայի համար դա լուծում չէ։ Ամուսնական երդումը դրժելը հավասարազոր է Աստծուն ստելուն, իսկ Աստված ատում է ստախոսներին (Ղևտ. 19։12; Առակ. 6։16–19)։ Պողոս առաքյալը գրեց. «Կապվա՞ծ ես կնոջ հետ. այլևս ազատություն մի՛ փնտրիր» (1 Կորնթ. 7։27)։ Ինչո՞ւ Պողոսն ասաց այս խոսքերը։ Նա գիտեր, որ Եհովան ատում է անհավատարմությունն ու ապահարզանը (Մաղ. 2։13–16

16. Աստվածաշունչն ի՞նչ է ասում ամուսնալուծության և անջատ ապրելու մասին։

16 Հիսուսը սովորեցրեց, թե ամուսնալուծության համար որն է միակ սուրբգրային հիմքը. ամուսնական երդումը կարող է ուժը կորցնել միայն այն դեպքում, եթե կողակիցներից մեկը դավաճանի մյուսին, և անմեղ կողմը որոշի նրան չներել (Մատթ. 19։9; Եբր. 13։4)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել անջատ ապրելու մասին։ Աստվածաշունչը այս հարցում նույնպես հստակ առաջնորդություն է տալիս (կարդա 1 Կորնթացիներ 7։10, 11)։ Սակայն անջատ ապրելու համար այն կոնկրետ հիմքեր չի նշում։ Այդուհանդերձ, հնարավոր է՝ լինեն իրավիճակներ, երբ քրիստոնյաներից ոմանք որոշեն անջատ ապրել, օրինակ, երբ քրիստոնյայի կյանքին կամ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններին ծայրահեղ վտանգ սպառնա այն պատճառով, որ նրա կողակիցը բռնի է կամ հավատուրաց։ *

17. Քրիստոնյա զույգերն ինչպե՞ս կարող են իրենց միությունը հարատև դարձնել։

17 Երբ ամուսնական խնդիրներ ունեցող քույրերն ու եղբայրները խորհրդի համար դիմում են երեցներին, լավ կլինի՝ վերջիններս հարցնեն նրանց, թե արդյոք դիտել են «Ինչ է իսկական սերը» ֆիլմը և արդյոք միասին ուսումնասիրել են «Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել» գրքույկը։ Ինչո՞ւ։ Քանի որ այս նյութերը ուշադրություն են հրավիրում այն աստվածաշնչյան սկզբունքների վրա, որոնք շատերին են օգնել ամրացնելու իրենց ամուսնական միությունը։ Մի զույգ ասում է. «Այս գրքույկն ուսումնասիրելուց հետո մեր ամուսնական կյանքն ավելի երջանիկ դարձավ»։ Իսկ մի կին, որը 22 տարի էր, ինչ ամուսնացած էր, և որի ընտանիքը փլուզման եզրին էր հայտնվել, ասաց. «Թեև երկուսս էլ մկրտված Վկաներ ենք, սակայն էմոցիոնալ առումով շատ տարբեր ենք։ Այս ֆիլմը ճիշտ ժամանակին թողարկվեց։ Այժմ մենք ավելի լավ փոխհարաբերություններ ունենք»։ Եթե ամուսնացած ես, առաջնորդվիր Եհովայի տված սկզբունքներով։ Այդպես անելով՝ կպահես ամուսնական երդումդ ու երջանիկ կլինես։

ԽՈՍՏՈՒՄ, ՈՐ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

18, 19. ա) Ի՞նչ են անում քրիստոնյա շատ ծնողներ։ բ) Ի՞նչ խոստում են տալիս հատուկ լիաժամ ծառայողները։

18 Ուրիշ ի՞նչ ընդհանուր բան ունեին Հեփթայեն և Աննան։ Նրանց տված երդման արդյունքում երկուսի զավակները իրենց կյանքը նվիրեցին Եհովայի խորանում մատուցվող հատուկ սուրբ ծառայությանը։ Դա կյանքի լավագույն ուղին էր։ Այսօր էլ շատ ծնողներ իրենց երեխաներին խրախուսում են լիաժամ ծառայություն սկսել և կենտրոնացած մնալ Աստծուն մատուցվող ծառայության վրա։ Բոլոր նրանք, ովքեր այդպես են վարվել, անկեղծ գովասանքի են արժանի (Դատ. 11։40; Սաղ. 110։3

Խոստում, որ տալիս է հատուկ լիաժամ ծառայողը (տես պարբերություն 19)

19 Ներկայումս Եհովայի վկաների հատուկ լիաժամ ծառայողների համաշխարհային օրդենը մոտ 67 000 անդամ ունի։ Նրանց մի մասը ծառայում է Բեթելում, մյուսները՝ շինարարական նախագծերում, ուրիշներն էլ շրջանային վերակացուներ են, աստվածապետական դպրոցներում դասավանդողներ, հատուկ ռահվիրաներ, միսիոներներ, համաժողովների սրահների ծառայողներ կամ աստվածապետական դպրոցների շինության ծառայողներ։ Նրանք բոլորը «Աղքատության և հնազանդության խոստում» են տվել, որով համաձայնվել են Թագավորության շահերն առաջ տանելու նպատակով անել իրենց հանձնարարված ցանկացած գործ, ապրել պարզ կյանքով և առանց թույլտվության աշխարհային աշխատանք չկատարել։ Հարկ է նշել, որ հատուկ են ոչ թե այս ծառայողները, այլ նրանց ստացած նշանակումները։ Նրանք գիտակցում են, թե որքան լուրջ է այս խոստումը, և պատրաստ են խոնարհությամբ պահել այն, քանի դեռ հատուկ լիաժամ ծառայության մեջ են։

20. Ի՞նչ պետք է անենք «ամեն օր» և ինչո՞ւ։

20 Մեր քննարկած երդումներից քանի՞սն ես տվել՝ մե՞կը, երկո՞ւսը, թե՞ բոլորը։ Վստահ ենք՝ գիտակցում ես, որ դրանց չպետք է թեթևամտորեն վերաբերվես (Առակ. 20։25)։ Եթե քրիստոնյան չպահի Եհովային տված խոստումը կամ երդումը, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ (Ժող. 5։6)։ Ուստի եկեք մեր «խոստումներն ամեն օր կատարենք» և ուրախությամբ «սաղմոս երգենք [Եհովայի] անվանը հավիտյան» (Սաղ. 61։8

^ պարբ. 7 Աննայի երդման համաձայն՝ նրա երեխան պետք է ողջ կյանքում ուխտավոր լիներ։ Դա նշանակում էր, որ Աննայի զավակը պետք է առանձնացվեր և նվիրվեր Եհովային մատուցվող սուրբ ծառայությանը (Թվեր 6։2, 5, 8

^ պարբ. 13 Երեցները բազմաթիվ գործոններ են հաշվի առնում, որպեսզի որոշեն՝ տվյալ անհատը պատրաստ է մկրտության, թե ոչ, ուստի շատ հազվադեպ է լինում, որ ինչ-որ մեկի մկրտությունն անվավեր ճանաչվի։