Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգնենք «պանդուխտներին», որ «ծառայեն Եհովային ուրախությամբ»

Օգնենք «պանդուխտներին», որ «ծառայեն Եհովային ուրախությամբ»

«Եհովան պաշտպանում է պանդուխտներին» (ՍԱՂ. 146։9

ԵՐԳ 84, 73

1, 2. ա) Ի՞նչ դժվարությունների են բախվում մեր եղբայրներից ու քույրերից ոմանք։ բ) Ի՞նչ հարցեր են ծագում։

«ԵՐԲ Բուրունդիում քաղաքացիական պատերազմ սկսվեց, մեր ընտանիքը ներկա էր համաժողովի,— պատմում է Լիջե անունով մի եղբայր։— Տեսնում էինք, թե մարդիկ ինչպես էին այս ու այն կողմ վազում և կրակում։ Իմ ծնողները մեզ՝ 11 երեխաներիս հետ բռնեցին փախուստի ճանապարհը։ Մեր իրերից շատ քիչ բան վերցրինք։ Ի վերջո ընտանիքիս մի մասը հասավ Մալավի՝ փախստականների ճամբար՝ անցնելով ավելի քան 1600 կիլոմետր (1000 մղոն)։ Մյուսները ցիրուցան եղան»։

2 Այսօր աշխարհում կա ավելի քան 65 000 000 փախստական, որոնք պատերազմի կամ հալածանքների պատճառով թողել են իրենց տներն ու հեռացել։ Սա երբևէ գրանցված ամենաբարձր թիվն է։ * Այդ փախստականների մեջ հազարավոր Եհովայի վկաներ կան։ Նրանցից շատերը կորցրել են իրենց հարազատներին և գրեթե ողջ ունեցվածքը։ Ուրիշ ի՞նչ դժվարությունների են բախվում նրանցից ոմանք։ Ինչպե՞ս կարող ենք օգնել այս եղբայրներին ու քույրերին, որ չնայած իրենց խնդիրներին՝ «ծառայեն Եհովային ուրախությամբ» (Սաղ. 100։2)։ Եվ ինչպե՞ս կարող ենք բարի լուրը արդյունավետորեն քարոզել այն փախստականներին, որոնք դեռ չեն ճանաչում Եհովային։

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՅԱՆՔԸ

3. Ինչպե՞ս Հիսուսն ու իր աշակերտներից շատերը փախստականներ դարձան։

3 Երբ Եհովայի հրեշտակը Հովսեփին զգուշացրեց այն մասին, որ Հերովդես թագավորը մտադրվել է սպանել Հիսուսին, Հովսեփը վերցրեց իր կնոջն ու որդուն և փախավ Եգիպտոս։ Նրանք այնտեղ մնացին, մինչև որ Հերովդեսը մահացավ (Մատթ. 2։13, 14, 19–21)։ Տասնամյակներ հետո Հիսուսի աշակերտները «ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ» (Գործ. 8։1)։ Հիսուսը կանխագուշակել էր, որ իր հետևորդներից շատերը ստիպված են լինելու թողնել իրենց տներն ու հեռանալ։ Նա ասել էր. «Երբ մի քաղաքում հալածեն ձեզ, մյուսը փախեք» (Մատթ. 10։23)։ Փախչելը, անկասկած, հեշտ չէ, ինչ պատճառով էլ մարդիկ դա անեն։

4, 5. Շատերը ի՞նչ վտանգների են բախվում ա) փախուստի ճանապարհին, բ) փախստականների ճամբարում։

4 Շատերը կարող են զանազան վտանգների բախվել թե՛ փախուստի ճանապարհին, թե՛ փախստականների ճամբարում։ «Շաբաթներ շարունակ քայլում էինք՝ անցնելով հարյուրավոր դիակների մոտով,— հիշում է Լիջեի կրտսեր եղբայրը՝ Գադը։— Այդ ժամանակ 12 տարեկան էի։ Ոտքերս այնպես էին այտուցվել, որ ընտանիքիս անդամներին ասացի՝ առանց ինձ շարունակեն ճանապարհը։ Հայրս, չցանկանալով, որ ապստամբների ձեռքն ընկնեմ, ինձ գրկած տարավ։ Եհովային աղոթելով ու նրան ապավինելով՝ ամեն օր պայքարում էինք, որ գոյատևենք։ Երբեմն սնվում էինք միայն մանգոյով, որ քաղում էինք ճանապարհին աճող ծառերից» (Փիլիպ. 4։12, 13

5 Լիջեի ընտանիքի մեծ մասը երկար տարիներ անցկացրեց ՄԱԿ-ի կողմից բացված փախստականների ճամբարներում։ Սակայն կյանքն այնտեղ էլ անվտանգ չէր։ Լիջեն, որն այժմ շրջանային վերակացու է, ասում է. «Մարդկանց մեծամասնությունը աշխատանք չուներ։ Նրանք բամբասում էին, հարբում, մոլեխաղերով զբաղվում, գողություն անում և անբարո կյանք վարում»։ Ճամբարներում ապրող Վկաները վատ ազդեցությունից պաշտպանվելու համար պետք է միշտ հոգևոր գործերով զբաղված լինեին (Եբր. 6։11, 12; 10։24, 25)։ Հոգևորապես առողջ մնալու համար նրանք արդյունավետորեն էին օգտագործում ժամանակը, շատերն էլ որպես ռահվիրաներ էին ծառայում։ Բացի այդ, նրանք դրական տրամադրվածություն էին պահպանում՝ հիշելով, որ ինչպես ավարտվեցին իսրայելացիների դեգերումներն անապատում, այնպես էլ իրենք մի օր կհեռանան ճամբարից (2 Կորնթ. 4։18

ՍԻՐԵՆՔ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

6, 7. ա) «Աստծու սերը» ի՞նչ անելու է մեզ մղում։ բ) Բեր օրինակ։

6 «Աստծու սերը» մեզ մղում է սեր դրսևորելու միմյանց հանդեպ, հատկապես չափազանց դժվար ժամանակներում (կարդա 1 Հովհաննես 3։17, 18)։ Երբ առաջին դարում սով եղավ, ու Հրեաստանում բնակվող քրիստոնյաները ծանր դրության մեջ հայտնվեցին, հավատակիցները նրանց օգնություն ուղարկեցին (Գործ. 11։28, 29)։ Պողոս և Պետրոս առաքյալները նույնպես քրիստոնյաներին հորդորեցին իրար հանդեպ հյուրասեր լինել (Հռոմ. 12։13; 1 Պետ. 4։9)։ Եթե քրիստոնյաները պետք է սիրով ընդունեն իրենց հյուր եկած եղբայրներին, ապա որքան ավելի հոգատար պետք է լինեն այն հավատակիցների հանդեպ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, կամ որոնք հալածվում են իրենց հավատի համար (կարդա Առակներ 3։27 *

7 Վերջերս պատերազմի և հալածանքների պատճառով հազարավոր Եհովայի վկաներ՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, ստիպված եղան փախչելու արևելյան Ուկրաինայից։ Ցավոք, ոմանք սպանվեցին։ Սակայն նրանց մեծամասնությանը ընդունեցին Ուկրաինայի այլ շրջաններում բնակվող հոգևոր եղբայրներն ու քույրերը, շատերն էլ ապաստանեցին Ռուսաստանում ապրող հավատակիցների տներում։ «Աշխարհի մի մասը չլինելով»՝ նրանք երկու երկրներում էլ շարունակում են քաղաքական հարցերում չեզոք մնալ ու եռանդով «Աստծու խոսքի բարի լուրը հռչակել» (Հովհ. 15։19; Գործ. 8։4

ԶՈՐԱՑՆԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

8, 9. ա) Նոր երկրում գուցե ի՞նչ դժվարությունների բախվեն փախստականները։ բ) Ինչո՞ւ պետք է համբերությամբ օգնենք նրանց։

8 Ոմանք ստիպված են լինում փախչել իրենց երկրի այլ բնակավայրեր, մինչդեռ շատերը ապաստան են գտնում ուրիշ երկրում ու հայտնվում լիովին անծանոթ միջավայրում։ Հնարավոր է՝ իշխանությունները նրանց սնունդ, հագուստ ու կացարան են տրամադրում, սակայն նրանք, միևնույն է, դժվարություններ են ունենում։ Օրինակ՝ ոմանք չեն հարմարվում տվյալ երկրի սննդին։ Տաք երկրներից եկած փախստականները հավանաբար առաջին անգամ են սառնամանիքներ տեսնում ու թերևս չեն իմանում՝ ինչպես հագնվել ցուրտ եղանակին։ Նրանք, ովքեր գյուղական տարածքներից են գաղթում, գուցե չգիտեն՝ ինչպես օգտվել ժամանակակից կենցաղային տեխնիկայից։

9 Որոշ կառավարություններ զանազան ծրագրերի միջոցով փախստականներին օգնում են հարմարվել նոր կյանքին։ Սակայն հաճախ ակնկալվում է, որ մի քանի ամիս անց փախստականները իրենք կսկսեն իրենց մասին հոգալ։ Սա կարող է շատ դժվար լինել։ Պատկերացրու, թե որքան բան է միանգամից թափվում նրանց գլխին. նոր լեզու սովորել, իմանալ տվյալ երկրի օրենքներն ու սովորույթները, վարվեցողության կանոնները, ծանոթանալ հարկեր վճարելու և զանազան վճարումներ կատարելու կարգին, հարմարվել դպրոց հաճախելու ու երեխաների դաստիարակության հետ կապված տեղի կանոններին։ Կարո՞ղ ես համբերությամբ ու հարգանքով օգնել այն եղբայրներին ու քույրերին, որոնք նման դժվարությունների են բախվում (Փիլիպ. 2։3, 4

10. Ինչպե՞ս կարող ենք զորացնել փախստականների հավատը (տես հոդվածի սկզբի նկարը)։

10 Երբեմն իշխանությունները այնպիսի խոչընդոտներ են ստեղծում, որոնց պատճառով փախստական եղբայրների համար դժվար է լինում կապ հաստատել տեղի ժողովի հետ։ Որոշ պետական մարմիններ սպառնում են, որ նրանց օգնություն չեն տրամադրի կամ ապաստանից կզրկեն, եթե վերջիններս չհամաձայնվեն այնպիսի աշխատանք կատարել, որի պատճառով ստիպված կլինեն բաց թողնել ժողովի հանդիպումները։ Որոշ եղբայրներ վախենում են ու տեղի են տալիս։ Ուստի չափազանց կարևոր է, որ փախստական եղբայրների ժամանումից հետո հնարավորինս շուտ նրանց հետ հանդիպենք։ Նրանք պետք է տեսնեն, որ իրենց մասին հոգում ենք։ Մեր կարեկցանքն ու գործնական օգնությունը կարող են զորացնել նրանց հավատը (Առակ. 12։25; 17։17

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

11. ա) Առաջին հերթին ինչի՞ կարիք ունեն փախստականները։ բ) Փախստականները ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ երախտագետ են։

11 Առաջին հերթին մեր եղբայրները կարիք ունեն ուտելիքի, հագուստի և այլ անհրաժեշտ բաների։ * Նույնիսկ փոքր նվերները, օրինակ՝ եղբորը փողկապ նվիրելը կարող է մեծ բան նշանակել։ Երբ փախստականները երախտագիտություն են ցույց տալիս և ուրիշներին չեն պարտավորեցնում օգնել իրենց, մյուսները սիրով են դա անում և տալուց ուրախություն են ստանում։ Բացի այդ, եթե փախստականները շարունակ կախում ունենան ուրիշների առատաձեռնությունից, նրանք կարող են կորցնել ինքնահարգանքը։ Դա նաև կարող է վնաս հասցնել մյուս եղբայրների հետ նրանց ունեցած փոխհարաբերություններին (2 Թեսաղ. 3։7–10)։ Այնուամենայնիվ, մենք պետք է գործնական օգնություն ցույց տանք նրանց։

Ինչպե՞ս կարող ենք օգնել փախստական եղբայրներին ու քույրերին (տես պարբերություն 11–13)

12, 13. ա) Ի՞նչ ձևերով կարող ենք գործնական օգնություն ցույց տալ փախստականներին։ բ) Բեր օրինակ։

12 Փախստականներին օգնելու համար շատ փող հարկավոր չէ։ Հիմնականում անհրաժեշտ է ժամանակ տրամադրել և ուշադրություն ցույց տալ։ Օրինակ՝ նրանց կարող ենք սովորեցնել, թե ինչպես օգտվեն հասարակական տրանսպորտից, որտեղից գնեն էժան, բայց որակյալ սնունդ։ Կամ կարող ենք բացատրել, թե ինչպես որոշակի հմտություններ ձեռք բերեն և որտեղից տարբեր գործիքներ գնեն, որպեսզի փող վաստակեն։ Իսկ ամենակարևորն այն է, որ նրանց օգնենք դառնալու նոր ժողովի մի մասը։ Եթե հնարավոր է, մեքենայովդ նրանց տար ժողովի հանդիպումներին։ Նաև բացատրիր, թե ինչպես կարելի է Թագավորության լուրը քարոզել ձեր տարածքում բնակվող մարդկանց։ Փախստական եղբայրների ու քույրերի հետ ծառայության գնա։

13 Երբ չորս դեռահաս փախստականներ եկան մի ժողով, երեցները նրանց սովորեցրին մեքենա վարել, տպել և ռեզյումե կազմել, ինչպես նաև բացատրեցին, թե ինչպես պլանավորեն իրենց ժամանակը, որպեսզի լիարժեքորեն մասնակցեն ծառայությանը (Գաղ. 6։10)։ Շուտով չորսն էլ ռահվիրաներ դարձան։ Երեցների աջակցությունը և այն ջանքերը, որ այդ պատանիները թափեցին հոգևոր նպատակների հասնելու համար, նպաստեցին, որ նրանք առաջադիմեն ու Սատանայի աշխարհին կուլ չգնան։

14. ա) Փախստականներն ի՞նչ գայթակղության պետք է դիմադրեն։ բ) Բեր օրինակ։

14 Կարող է պատահել, որ քրիստոնյայի համար նյութական բաներ ձեռք բերելը ավելի կարևոր դառնա, քան Եհովայի հետ փոխհարաբերությունները։ Ուստի փախստականներն էլ բոլոր քրիստոնյաների պես պետք է դիմադրեն այս գայթակղությանը և տեղի չտան ճնշմանը։ * Լիջեն, որի խոսքերը բերված են հոդվածի սկզբում, և նրա եղբայրներն ու քույրերը հիշում են, թե փախուստի ճանապարհին իրենց հայրը հավատի ինչ դասեր է տվել իրենց. «Նա հատ-հատ դեն էր նետում այն անկարևոր իրերը, որ վերցրել էինք մեզ հետ։ Վերջում ցույց տվեց դատարկ պայուսակը և ժպտալով ասաց. «Տեսնո՞ւմ եք։ Դրանցից ոչ մեկը մեզ անհրաժեշտ չէր»» (կարդա 1 Տիմոթեոս 6։8

ՏԱՆՔ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

15, 16. Փախստականներին ինչպե՞ս կարող ենք օգնել ա) հոգևորապես, բ) էմոցիոնալ առումով։

15 Նյութական աջակցությունից առավել փախստականները հոգևոր և էմոցիոնալ օգնության կարիք ունեն (Մատթ. 4։4)։ Երեցները կարող են նրանց լեզվով գրականություն ձեռք բերել և օգնել, որ նրանք կապ հաստատեն իրենց լեզվով խոսող եղբայրների հետ։ Շատ փախստականներ կտրվել են իրենց ընտանիքից, հարազատ միջավայրից ու ժողովից։ Նրանք հավատակիցների վերաբերմունքից պետք է զգան Եհովայի սերն ու կարեկցանքը։ Հակառակ դեպքում գուցե օգնություն փնտրեն ոչ Վկա ազգականների կամ հայրենակիցների շրջանում (1 Կորնթ. 15։33)։ Եթե նրանց օգնենք դառնալու ժողովի մի մասը, մենք էլ Եհովայի հետ «կպաշտպանենք պանդուխտներին», ինչը մեծ պատիվ է մեզ համար (Սաղ. 146։9

16 Ինչպես որ փոքրիկ Հիսուսի և իր ընտանիքի պարագայում էր, փախստականները գուցե հնարավորություն չունենան հայրենիք վերադառնալու, քանի դեռ իրենց կեղեքիչները իշխանության գլուխ են կանգնած։ Բացի այդ, ինչպես նշում է Լիջեն, «շատ ծնողներ, որոնք տեսել են, թե ինչպես են բռնաբարում ու սպանում իրենց ընտանիքի անդամներին, չեն ուզում իրենց երեխաներին տանել այնտեղ, որտեղ այդ ողբերգությունները տեղի են ունեցել»։ Նման ցնցում ապրած անհատներին օգնելու համար պետք է լինենք «ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող, խոնարհամիտ» (1 Պետ. 3։8)։ Հալածանքների հետևանքով որոշ փախստականներ ինքնամփոփ են դառնում, ուստի հնարավոր է՝ ամաչեն իրենց կրած տառապանքների մասին խոսել ուրիշների հետ, հատկապես իրենց երեխաների ներկայությամբ։ Հարցրու ինքդ քեզ. «Եթե նրանց տեղը լինեի, ինչպե՞ս կուզեի, որ ինձ հետ վերաբերվեն» (Մատթ. 7։12

ՔԱՐՈԶԵՆՔ ՈՉ ՎԿԱ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

17. Փախստականներն ինչպե՞ս են մխիթարվում մեր քարոզչական գործունեության շնորհիվ։

17 Այսօր փախստականներից շատերը այն երկրներից են, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է։ Եռանդուն Վկաների շնորհիվ հազարավոր փախստականներ իրենց կյանքում առաջին անգամ լսում են «թագավորության խոսքը» (Մատթ. 13։19, 23)։ Շատերը, ովքեր «բեռնավորված» են, մեր հանդիպումներին հոգևոր թարմություն են ստանում և ասում. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է» (Մատթ. 11։28–30; 1 Կորնթ. 14։25

18, 19. Փախստականներին քարոզելիս ինչպե՞ս կարող ենք իմաստություն դրսևորել։

18 Նրանք, ովքեր քարոզում են փախստականներին, պետք է «զգույշ» և «խորագետ» լինեն (Մատթ. 10։16; Առակ. 22։3)։ Համբերությամբ լսիր նրանց, երբ պատմում են իրենց մտահոգությունների մասին, սակայն քաղաքական հարցեր մի՛ քննարկիր։ Հետևիր այն ցուցումներին, որ տալիս են մասնաճյուղն ու տեղի իշխանությունները։ Քեզ և ուրիշներին վտանգի մի՛ ենթարկիր։ Հաշվի առ փախստականների կրոնն ու մշակույթը և հարգիր նրանց կարծիքը։ Օրինակ՝ որոշ երկրներից եկած մարդիկ խիստ տեսակետ ունեն կանանց հագուստի վերաբերյալ։ Ուստի նրանց քարոզելիս այնպես հագնվիր, որ չվիրավորվեն։

19 Հիսուսի առակում նկարագրված բարի սամարացու պես՝ մենք էլ ենք ուզում օգնել կեղեքված մարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր Եհովայի վկաներ չեն (Ղուկ. 10։33–37)։ Դա անելու լավագույն ձևը բարի լուրը նրանց քարոզելն է։ Մի երեց, որը բազում փախստականների է օգնել, ասում է. «Շատ կարևոր է միանգամից հայտնել, որ մենք Եհովայի վկաներ ենք, և որ մեր գլխավոր նպատակն է նրանց օգնել հոգևորապես, ոչ թե նյութապես։ Հակառակ դեպքում ոմանք գուցե մեզ հետ շփվեն միայն անձնական շահի համար»։

ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

20, 21. ա) «Պանդուխտների» հանդեպ քրիստոնեական սեր դրսևորելը ի՞նչ արդյունքներ է բերում։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

20 Երբ «պանդուխտների» հանդեպ քրիստոնեական սեր ենք դրսևորում, դա լավ արդյունքներ է բերում։ Մի քույր պատմում է, որ իր ընտանիքը հալածանքների պատճառով փախել է Էրիթրեայից։ Նրա չորս երեխաները կտրել-անցել են անապատը և ութօրյա տանջալի ճանապարհորդությունից հետո հասել Սուդան։ Այդ քույրն ասում է. «Այնտեղի եղբայրները երեխաներիս այնպես վերաբերվեցին, ասես նրանց հարազատները լինեին։ Նրանք ուտելիք, հագուստ, օթևան տրամադրեցին և նրանց տրանսպորտի ծախսերը հոգացին։ Ուրիշ ո՞վ օտարներին իր տուն կընդունի զուտ այն պատճառով, որ նրանք միևնույն Աստծուն են երկրպագում։ Միայն Եհովայի վկաները» (կարդա Հովհաննես 13։35

21 Իսկ ինչի՞ կարիք ունեն փախստականների և մյուս ներգաղթյալների երեխաները։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք նրանց օգնել, որ ուրախությամբ ծառայեն Եհովային։

^ պարբ. 2 Այս հոդվածում «փախստական» բառը վերաբերում է նրանց, ովքեր զինված հակամարտությունների, հալածանքների կամ աղետների պատճառով փախել են այլ երկիր կամ իրենց երկրի այլ բնակավայր։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ աշխարհում «113 հոգուց մեկը» «բռնի տեղահանված է»։

^ պարբ. 6 Տես «Մի՛ մոռացիր բարություն դրսևորել օտարի հանդեպ» հոդվածը «Դիտարանի» 2016 թ. հոկտեմբերի համարում, էջ 8–12։

^ պարբ. 11 Երբ ժողովի տարածք փախստական է գալիս, երեցները պետք է անհապաղ հետևեն այն առաջնորդությանը, որ տրված է «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 8-րդ գլխի 30-րդ պարբերության մեջ։ Նրանք կարող են կապ հաստատել այլ երկրների ժողովների հետ՝ jw.org կայքի միջոցով նամակներ ուղարկելով իրենց մասնաճյուղ։ Միաժամանակ կարող են փախստականին նրբանկատորեն հարցեր տալ նրա ժողովի ու ծառայության մասին, որպեսզի իմանան, թե նա ինչ հոգևոր վիճակում է։