Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես օգնել «պանդուխտների» երեխաներին

Ինչպես օգնել «պանդուխտների» երեխաներին

«Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 ՀՈՎՀ. 4

ԵՐԳ 134, 133

1, 2. ա) Ի՞նչ խնդրի են բախվում ներգաղթյալ շատ երեխաներ։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

«ՎԱՂ տարիքում թե՛ տանը, թե՛ ժողովում խոսում էի ծնողներիս լեզվով,— պատմում է Ջոշուան։— Բայց երբ դպրոց գնացի, սկսեցի տեղի լեզվով խոսել։ Մի քանի տարի անց այն դարձավ իմ լեզուն։ Ժողովի հանդիպումներին այլևս չէի հասկանում լսածս։ Ծնողներիս մշակույթը ինձ հարազատ չէր»։ Ջոշուան միակը չէ, ում կյանքում նման փոփոխություն է եղել։

2 Այսօր աշխարհում ավելի քան 240 000 000 մարդ ապրում է հայրենիքից դուրս։ Եթե դու էլ ես ներգաղթյալ ծնող, ի՞նչ կարող ես անել, որ երեխաներդ հոգևոր մարդիկ դառնան ու «շարունակեն ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհ. 4)։ Եվ ինչպե՞ս կարող են օգնել ուրիշները։

ԾՆՈՂՆԵ՛Ր, ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԹՈՂԵՔ

3, 4. ա) Ի՞նչ կարող են անել ծնողները, որ լավ օրինակ լինեն իրենց երեխաների համար։ բ) Ծնողները ի՞նչ չպետք է ակնկալեն երեխաներից։

3 Ծնողնե՛ր, ձեր օրինակը շատ կարևոր է. այն կնպաստի, որ ձեր երեխաները քայլեն հավիտենական կյանքի տանող ճանապարհով։ Երբ նրանք տեսնեն, որ դուք նախ Թագավորությունն եք փնտրում, կսովորեն ամեն ինչում ապավինել Եհովային (Մատթ. 6։33, 34)։ Ուստի համեստ կյանքով ապրեք։ Նյութականը զոհեք հանուն հոգևորի և ոչ թե հակառակը։ Խուսափեք պարտքերից։ Մի՛ ձգտեք հարստության կամ փառքի, այլ գանձեր դիզեք երկնքում՝ փնտրեք Եհովայի հավանությունը (կարդա Մարկոս 10։21, 22; Հովհ. 12։43

4 Երբեք այնքան զբաղված մի՛ եղեք, որ ժամանակ չունենաք ձեր երեխաների համար։ Ցույց տվեք, որ հպարտանում եք նրանցով, երբ որոշում են Եհովային իրենց կյանքում առաջին տեղում դնել ու չեն ձգտում ճանաչում և հարստություն ձեռք բերել ձեզ կամ իրենց համար։ Խուսափեք այն սխալ մտածելակերպից, թե երեխաները պետք է ծնողների համար հարմարավետ կյանք ապահովեն։ Հիշեք, որ «ոչ թե երեխաները պետք է կուտակեն իրենց ծնողների համար, այլ ծնողները՝ իրենց երեխաների» (2 Կորնթ. 12։14

ԾՆՈՂՆԵ՛Ր, ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ԼԵԶՎԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ

5. Ծնողներն ինչո՞ւ պետք է իրենց երեխաների հետ խոսեն Եհովայի մասին։

5 Ինչպես որ մարգարեացվել է, «բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող» մարդիկ Եհովայի կազմակերպություն են գալիս (Զաք. 8։23)։ Սակայն եթե երեխաները ձեր լեզուն լավ չեն հասկանում, ձեզ համար դժվար կլինի նրանց սովորեցնել ճշմարտությունը։ Նրանք պետք է ձեզ համար ամենակարևոր մարդիկ լինեն, ում հետ Աստվածաշունչ եք ուսումնասիրում։ Չէ՞ որ նրանց հավիտենական կյանքը Եհովային ճանաչելուց է կախված (Հովհ. 17։3)։ Որպեսզի երեխաները սովորեն այն ամենը, ինչ Եհովան է սովորեցնում, ամեն հարմար առիթով պետք է «խոսեք դրանց մասին» (կարդա 2 Օրենք 6։6, 7

6. Ծնողների լեզուն սովորելը ի՞նչ օգուտ կտա երեխաներին (տես հոդվածի սկզբի նկարը)։

6 Ըստ ամենայնի, ձեր երեխաները տեղի լեզուն կսովորեն դպրոցում և շրջապատի մարդկանցից։ Իսկ ձեր լեզուն կարող են սովորել միայն ձեզ հետ հաճախ շփվելով։ Այդ լեզուն իմանալով՝ նրանք ոչ միայն կկարողանան ձեզ հետ անկեղծորեն խոսել իրենց զգացմունքների մասին, այլև ուրիշ օգուտներ էլ կքաղեն։ Մի քանի լեզու սովորելը զարգացնում է երեխայի մտածելու և շփվելու ունակությունը։ Դա նաև ծառայությունն ընդլայնելու հնարավորություն է ընձեռում։ «Օտարալեզու ժողովում ծառայելը հետաքրքիր է ու հաճելի,— ասում է Կարոլինան, որի ծնողները ներգաղթյալներ են։— Ուրախություն ես ստանում՝ օգնելով այն դաշտում, որտեղ քարոզիչների կարիք կա»։

7. Ի՞նչ կարող եք անել, եթե ձեր ընտանիքում լեզվական խոչընդոտ կա։

7 Երբ ներգաղթյալների երեխաները յուրացնում են տեղի մշակույթն ու լեզուն, նրանցից ոմանք չեն ցանկանում կամ չեն կարողանում ծնողների հետ նրանց մայրենի լեզվով խոսել։ Ծնողնե՛ր, եթե սա ձեր երեխաներին էլ է վերաբերում, փորձեք թեկուզև ինչ-որ չափով սովորել տեղի լեզուն։ Ձեզ համար ավելի հեշտ կլինի ձեր երեխաներին քրիստոնեական չափանիշների համաձայն դաստիարակել, եթե հասկանաք, թե նրանք ուրիշների հետ ինչի մասին են խոսում, ինչ են լսում, դիտում կամ կարդում, ինչպես նաև իմանաք, թե դպրոցում ինչ առաջադրանքներ են ստանում, և կարողանաք անձամբ շփվել նրանց ուսուցիչների հետ։ Ճիշտ է, նոր լեզու սովորելու համար ժամանակ, ջանքեր և խոնարհություն է անհրաժեշտ, բայց դրա համար արժե ճիգ թափել։ Օրինակ, եթե երեխան ինչ-որ պատճառով կորցրած լինի լսողությունը, մի՞թե ծնողները չեն ջանա ժեստերի լեզուն սովորել, որպեսզի շփվեն նրա հետ։ Ուստի համաձայն չե՞ք, որ երբ երեխան այլ լեզվով ավելի լավ է խոսում, անհրաժեշտ է նրա լեզուն իմանալ։ *

8. Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին, եթե նրանց պես լավ չեք խոսում տեղի լեզվով։

8 Հնարավոր է՝ որոշ ներգաղթյալ ծնողներ չկարողանան իրենց երեխաների պես լավ սովորել տեղի լեզուն։ Դրա հետևանքով ծնողների համար գուցե դժվար լինի «սուրբ գրքերից» խոր գիտելիքներ տալ նրանց (2 Տիմոթ. 3։15)։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում կարող եք ձեր երեխաներին օգնել, որ ճանաչեն ու սիրեն Եհովային։ Շեն անունով մի երեց ասում է. «Մայրս, որը մեզ միայնակ է մեծացրել, վատ էր տիրապետում այն լեզվին, որը մենք լավ էինք հասկանում։ Ես ու քույրերս էլ նրա լեզուն լավ չգիտեինք։ Սակայն երբ տեսնում էինք, թե նա ինչպես է ուսումնասիրում Աստվածաշունչը, աղոթում Աստծուն և ջանք թափում, որ ամեն շաբաթ ընտանեկան երկրպագություն անցկացնի, մենք հասկանում էինք, որ Եհովային ճանաչելը շատ կարևոր է»։

9. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին, եթե կարիք լինի, որ վերջիններս Եհովայի մասին գիտելիքներ ստանան երկու լեզվով։

9 Գուցե կարիք լինի, որ որոշ երեխաներ Եհովայի մասին գիտելիքներ ստանան երկու լեզվով։ Ինչո՞ւ։ Որովհետև դպրոցում մի լեզվով են խոսում, իսկ տանը՝ ուրիշ։ Այդ նպատակով որոշ ծնողներ իրենց երեխաների հետ երկու լեզվով են կարդում մեր հրատարակությունները, լսում ձայնագրություններն ու դիտում տեսանյութերը։ Ինչ խոսք, ներգաղթյալ ծնողները պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեն և ավելի նախաձեռնող լինեն, որպեսզի իրենց երեխաներին օգնեն Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ զարգացնել։

Ո՞Ր ԼԵԶՎՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՃԱԽԵԼ

10. ա) Ո՞վ պետք է որոշի, թե որ ժողով այցելի ընտանիքը։ բ) Նախքան որոշում կայացնելը նա ի՞նչ պետք է անի։

10 Երբ «պանդուխտները» հեռու են ապրում իրենց լեզվով խոսող Վկաներից, պետք է այցելեն այն ժողով, որի հանդիպումները տեղի լեզվով են անցկացվում (Սաղ. 146։9)։ Սակայն եթե մոտակայքում կա այնպիսի ժողով, որի հանդիպումները ձեր մայրենի լեզվով են անցկացվում, հարց է առաջանում, թե որ ժողով այցելելը առավելագույնս օգտակար կլինի ձեր ընտանիքի համար։ Ընտանիքի գլուխը պետք է այդ մասին լավ մտածի, աղոթի, խորհրդակցի իր կնոջ ու երեխաների հետ, հետո որոշում կայացնի (1 Կորնթ. 11։3)։ Ի՞նչ գործոններ նա պետք է հաշվի առնի և ո՞ր սկզբունքները կիրառի։ Եկեք քննարկենք դրանցից մի քանիսը։

11, 12. ա) Լեզվի իմացությունն ինչպե՞ս է ազդում այն բանի վրա, թե երեխան ինչ օգուտ է քաղում հանդիպումներից։ բ) Որոշ երեխաներ ինչո՞ւ չեն ուզում սովորել ծնողների լեզուն։

11 Ծնողները պետք է իրատեսորեն գնահատեն իրենց երեխաների կարիքները։ Անկախ այն բանից, թե երեխան ինչ լեզվով է խոսում, ամեն շաբաթ ժողովի հանդիպումներին ներկա լինելը բավարար չէ ճշմարտությունը խորությամբ ընկալելու համար։ Այդուհանդերձ, երբ երեխան հաճախում է իրեն հասկանալի լեզվով անցկացվող հանդիպումներին, միայն ներկա լինելով՝ կարող է շատ բան սովորել, գուցե նույնիսկ ավելին, քան ծնողները մտածում են։ Սակայն եթե նա լիովին չի հասկանում լեզուն, հնարավոր է՝ օգուտ չքաղի հանդիպումներից (կարդա 1 Կորնթացիներ 14։9, 11)։ Բացի այդ, հնարավոր է՝ ժամանակի ընթացքում դադարի իր մայրենի լեզվով մտածելուց, և այն այլևս նրա սրտի լեզուն չլինի։ Որոշ երեխաներ գուցե սովորեն մեկնաբանություններ տալ, մատուցումներ անել և ելույթներ ներկայացնել իրենց ծնողների լեզվով, սակայն նրանց խոսքերը սրտից չբխեն։

12 Ինչպես ցույց է տալիս Ջոշուայի օրինակը, որի խոսքերը բերված են հոդվածի սկզբում, միայն լեզուն չէ, որ ներգործում է երեխայի սրտի վրա։ Էսթերը՝ Ջոշուայի քույրը, նշում է. «Փոքր երեխաների գիտակցության մեջ իրենց ծնողների լեզուն, մշակույթը և կրոնը միահյուսված են»։ Եթե երեխաների համար ծնողների մշակույթը հարազատ չէ, հնարավոր է՝ նրանք չցանկանան սովորել վերջիններիս լեզուն և ընդունել նրանց հավատը։ Այս դեպքում ի՞նչ կարող են անել ներգաղթյալ ծնողները։

13, 14. ա) Ինչո՞ւ մի ընտանիք որոշեց տեղափոխվել այն ժողով, որի հանդիպումները տեղի լեզվով էին անցկացվում։ բ) Ծնողներն ի՞նչ արեցին, որ հոգևորապես ամուր մնան։

13 Քրիստոնյա ծնողները իրենց երեխաների հոգևոր բարօրությունը սեփական շահերից բարձր են դասում (1 Կորնթ. 10։24)։ Ջոշուայի և Էսթերի հայրը՝ Սեմյուելը, պատմում է. «Ես ու կինս փորձում էինք տեսնել, թե որ լեզուն է նպաստում մեր երեխաների հոգևոր աճին։ Մենք աղոթում էինք, որ Եհովան մեզ իմաստություն տա։ Արդյունքում հասկացանք, որ չպետք է ընտրենք մեզ հարմար տարբերակը։ Տեսնելով, որ մեր երեխաները քիչ օգուտ են քաղում մեր լեզվով անցկացվող հանդիպումներից՝ որոշեցինք տեղափոխվել այն ժողով, որի հանդիպումները տեղի լեզվով էին անցկացվում։ Ընտանիքով կանոնավորաբար մասնակցում էինք ժողովի հանդիպումներին ու քարոզչական ծառայությանը։ Նաև այդտեղի մեր ընկերներին հրավիրում էինք ճաշելու և միասին զբոսնելու։ Այս ամենն օգնեց, որ մեր երեխաները ճանաչեն տեղի եղբայրներին ու մտերմանան Եհովայի հետ՝ հասկանալով, որ նա ոչ միայն իրենց Աստվածն է, այլև Հայրն ու Ընկերը։ Մեր կարծիքով՝ սա շատ ավելի կարևոր էր, քան այն, որ նրանք յուրացնեին մեր մայրենի լեզուն»։

14 Սեմյուելը ավելացնում է. «Հոգևորապես ամուր մնալու համար ես ու կինս հաճախում էինք նաև մեր լեզվով անցկացվող հանդիպումներին։ Զբաղվածության պատճառով շատ էինք հոգնում։ Սակայն շնորհակալ ենք Եհովային, որ օրհնեց մեր ջանքերը, և մեր զոհողությունները լավ արդյունքներ բերեցին։ Այսօր մեր երեք երեխաներն էլ լիաժամ ծառայում են Եհովային»։

ԻՆՉ ԱՆԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

15. Քրիստինան ինչո՞ւ եկավ այն եզրակացության, որ կարող է Եհովային ավելի լավ ծառայել այն ժողովում, որի հանդիպումները տեղի լեզվով են անցկացվում։

15 Չափահաս դառնալով՝ երեխաները գուցե հասկանան, որ Եհովային կարող են ավելի լավ ծառայել այն ժողովում, որի լեզուն իրենց համար հարազատ է։ Այդ դեպքում ծնողները չպետք է մտածեն, թե երեխաները իրենց են մերժում։ Քրիստինա անունով մի քույր հիշում է. «Թեև ինչ-որ չափով գիտեի ծնողներիս լեզուն, սակայն մեծ դժվարությամբ էի հասկանում այն, ինչ լսում էի հանդիպումների ժամանակ։ Երբ 12 տարեկան էի, ներկա եղա տեղի լեզվով անցկացվող համաժողովին։ Կյանքումս առաջին անգամ հասկացա, որ լսածս ճշմարտություն է։ Բացի այդ, ինձ համար բեկումնային եղավ այն, որ սկսեցի Եհովային տեղի լեզվով աղոթել։ Վերջապես բառերը սրտիցս էին բխում» (Գործ. 2։11, 41)։ Չափահաս դառնալով՝ Քրիստինան խոսեց իր ծնողների հետ և որոշեց տեղափոխվել այն ժողով, որի հանդիպումները տվյալ երկրի լեզվով էին անցկացվում։ Նա ավելացնում է. «Եհովայի մասին տեղի լեզվով սովորելը ինձ գործերի մղեց»։ Շատ չանցած՝ Քրիստինան սկսեց ուրախությամբ ծառայել որպես ռահվիրա։

16. Նադյան ինչո՞ւ է ուրախ, որ մնաց այն ժողովում, որի հանդիպումները իր ծնողների մայրենի լեզվով էին անցկացվում։

16 Պատանինե՛ր, եթե նախընտրում եք ծառայել այն ժողովում, որի հանդիպումները տվյալ երկրի լեզվով են անցկացվում, ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչու եք դա ցանկանում։ Եթե այդպիսի ժողով տեղափոխվեք, ավելի՞ կմտերմանաք Եհովայի հետ (Հակ. 4։8)։ Թե՞ ուզում եք ծնողների հսկողությունից դուրս լինել կամ քիչ ջանք թափել։ «Պատանեկան տարիքում ես, քույրերս ու եղբայրս ուզում էինք տեղափոխվել այն ժողով, որի հանդիպումները տեղի լեզվով էին անցկացվում»,— պատմում է Նադյա անունով մի քույր, որն այժմ ծառայում է Բեթելում։ Սակայն նրա ծնողները գիտեին, որ դա չի նպաստի իրենց երեխաների հոգևոր աճին։ Նադյան ասում է. «Մենք մեր ծնողներին երախտապարտ ենք, որ այդքան ջանք թափեցին և մեզ սովորեցրին իրենց մայրենի լեզուն։ Նաև շնորհակալ ենք, որ մնացինք այն ժողովում, որի հանդիպումները այդ լեզվով էին անցկացվում։ Դա հարստացրեց մեր կյանքը և ավելի շատ հնարավորություններ տվեց, որ ուրիշներին օգնենք ճանաչելու Եհովային»։

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ

17. ա) Եհովան ո՞ւմ է տվել երեխաներին դաստիարակելու պարտականությունը։ բ) Ծնողներն ի՞նչ կարող են անել իրենց երեխաներին ճշմարտության մեջ մեծացնելու համար։

17 Երեխաներին ճշմարտության մեջ մեծացնելու պարտականությունը Եհովան ծնողներին է տվել, ոչ թե տատիկներին ու պապիկներին կամ ուրիշ մարդկանց (կարդա Առակներ 1։8; 31։10, 27, 28)։ Այդուհանդերձ, այն ծնողները, որոնք տեղի լեզվին չեն տիրապետում, ճշմարտությունը երեխաների սրտին հասցնելու համար գուցե օգնության կարիք ունենան։ Հաճախ, երբ նրանք այդպիսի օգնություն են խնդրում, դա չի նշանակում, թե հրաժարվում են իրենց պարտականությունից։ Ընդհակառակը՝ դա կարող է նպաստել, որ իրենց երեխաներին դաստիարակեն «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Օրինակ՝ ծնողները կարող են ժողովի երեցներից խորհուրդ հարցնել ընտանեկան երկրպագության վերաբերյալ։ Նաև կարող են նրանց խնդրել, որ օգնեն իրենց երեխաների համար լավ ընկերներ գտնել։

Ժողովի անդամների հետ շփվելը օգուտ է բերում թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին (տես պարբերություն 18, 19)

18, 19. ա) Հոգևորապես հասուն եղբայրներն ու քույրերը ինչպե՞ս կարող են օգնել երեխաներին։ բ) Ծնողները ի՞նչ պետք է շարունակեն անել։

18 Ժամանակ առ ժամանակ ծնողները կարող են ուրիշ ընտանիքների հրավիրել ընտանեկան երկրպագության։ Բացի այդ, շատ պատանիների վրա լավ ազդեցություն են թողնում հոգևորապես հասուն ընկերները, որոնք նրանց հետ ծառայության են գնում և ժամանակ են անցկացնում՝ հանգստի ճիշտ ձևեր ընտրելով (Առակ. 27։17)։ Շենը, ում մասին արդեն խոսել ենք, ասում է. «Հիշում եմ այն եղբայրներին, որոնք ինձ իրենց թևի տակ էին առել։ Երբ նրանք ինձ օգնում էին ժողովի հանդիպումների համար ուսումնական ելույթներ պատրաստել, ես միշտ շատ բան էի սովորում։ Նաև սիրում էի նրանց հետ ազատ ժամանակ անցկացնել»։

19 Այն քրիստոնյաները, ովքեր ծնողների խնդրանքով օգնում են նրանց երեխաներին, պետք է վերջիններիս միշտ հորդորեն հարգել իրենց ծնողներին։ Ինչպե՞ս։ Նրանք պետք է ծնողների մասին լավը խոսեն և նրանց պարտականությունը իրենց վրա չվերցնեն։ Նաև պետք է խուսափեն այնպիսի վարք դրսևորելուց, որը ժողովի որոշ անդամների կամ դրսի մարդկանց կողմից կարող է բարոյական տեսանկյունից սխալ համարվել (1 Պետ. 2։12)։ Ծնողները չպետք է իրենց երեխաներին պարզապես հանձնեն ուրիշներին, որպեսզի վերջիններս հոգևոր կրթություն տան նրանց, այլ պետք է հետևեն, թե ինչպես են ուրիշներն օգնում իրենց երեխաներին, և շարունակեն կրթել նրանց։

20. Ծնողներն ինչպե՞ս կարող են իրենց երեխաներին օգնել դառնալու Եհովայի հավատարիմ ծառաներ։

20 Ծնողնե՛ր, աղոթեք Եհովային, նրանից օգնություն խնդրեք և արեք, ինչ կարող եք (կարդա 2 Տարեգրություն 15։7)։ Եհովայի հետ ձեր երեխաների փոխհարաբերությունները ձեր անձնական շահերից բարձր դասեք։ Ամեն ինչ արեք Աստծու Խոսքը երեխայի սրտին հասցնելու համար։ Երբեք մի՛ դադարեք հավատալ, որ նա կարող է Եհովայի հավատարիմ ծառա դառնալ։ Երբ ձեր երեխան հետևի Աստծու Խոսքին ու ձեր լավ օրինակին, դուք կզգաք այն, ինչ զգում էր Հովհաննես առաքյալը։ Իր հոգևոր զավակների մասին խոսելով՝ նա ասաց. «Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհ. 4

^ պարբ. 7 Տես «Դու կարո՛ղ ես նոր լեզու սովորել» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2007 թ. մարտի համարում, էջ 10–12 (անգլ., ռուս.)։