Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թույլ մի՛ տուր, որ սերդ սառչի

Թույլ մի՛ տուր, որ սերդ սառչի

«Անօրենության շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի» (ՄԱՏԹ. 24։12

ԵՐԳ 38, 128

1, 2. ա) Մատթեոս 24։12-ում գրված Հիսուսի խոսքերը առաջին հերթին ո՞ւմ էին վերաբերում։ բ) «Գործեր» գիրքը ինչպե՞ս է ցույց տալիս, որ առաջին դարի քրիստոնյաները իրենց սերը վառ էին պահում (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԵՐԲ Հիսուսը հայտնեց, թե որն է լինելու «աշխարհի վախճանի նշանը», նա ասաց, որ «շատ-շատերի սերը կսառչի» (Մատթ. 24։3, 12)։ Առաջին դարում ապրող հրեաները, ովքեր իրենց Աստծու ժողովուրդն էին համարում, թույլ տվեցին, որ Նրա հանդեպ իրենց սերը սառչի։

2 Ի տարբերություն նրանց՝ քրիստոնյաները զբաղված էին «Հիսուսի մասին բարի լուրը հռչակելու» գործով։ Նրանք սեր էին դրսևորում Աստծու, հավատակիցների և մյուս մարդկանց հանդեպ (Գործ. 2։44–47; 5։42)։ Այդուհանդերձ, Հիսուսի հետևորդներից ոմանք թույլ էին տվել, որ իրենց սերը սառչի։

3. Որոշ քրիստոնյաների սերը ինչո՞ւ էր սառել։

3 Հիսուս Քրիստոսը առաջին դարի եփեսացի քրիստոնյաներին հետևյալ խոսքերն ասաց. «Քո դեմ մի բան ունեմ. դու թողել ես այն սերը, որը սկզբից ունեիր» (Հայտն. 2։4)։ Ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ նրանց սերը սառչեր։ Հնարավոր է՝ նրանց վրա ազդեցություն էր գործում աշխարհի մարմնավոր մտածելակերպը (Եփես. 2։2, 3)։ Այսօրվա շատ քաղաքների պես՝ Եփեսոսում նույնպես չարություն էր տարածված։ Այնտեղ շատերը լկտի էին ու անբարո։ Եփեսոսը շատ հարուստ քաղաք էր, որտեղ մարդիկ չափազանց կարևորում էին շքեղությունը, զվարճությունները և հարմարավետ կյանքը։ Նրանք այնքան էին սիրում կյանքի հաճույքները, որ նրանց սրտում տեղ չէր մնացել Աստծու և ուրիշների համար։

4. ա) Ինչպե՞ս է սերը սառել մեր օրերում։ բ) Հատկապես ո՞ւմ և ինչի՞ հանդեպ մեր սերը պետք է վառ պահենք։

4 Հիսուսի այն մարգարեությունը, որ շատերի սերը կսառչի, վերաբերում է նաև մեր օրերին։ Այսօր մարդիկ ավելի ու ավելի քիչ են սիրում Աստծուն։ Միլիոնավորներ նրան թիկունք են դարձրել և մարդկային կազմակերպություններին են ապավինում՝ մտածելով, որ դրանք կլուծեն իրենց խնդիրները։ Հետևաբար Եհովային չերկրպագող մարդկանց սերը գնալով սառչում է։ Հնարավոր է՝ նույնիսկ ճշմարիտ քրիստոնյաները թույլ տան, որ իրենց սերը սառչի, ինչպես տեսնում ենք Եփեսոսի քրիստոնյաների օրինակից։ Ուստի եկեք քննենք, թե ինչպես կարող ենք վառ պահել մեր սերը 1) Եհովայի հանդեպ, 2) աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ և 3) հավատակիցների հանդեպ։

ՍԵՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ

5. Ինչո՞ւ պետք է սիրենք Աստծուն։

5 Մենք ամենաշատը ո՞ւմ պետք է սիրենք։ Այն նույն օրը, երբ Հիսուսն իր աշակերտներին զգուշացրեց, որ վերջին ժամանակներում սերը կսառչի, նա ասել էր. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը» (Մատթ. 22։37, 38)։ Եթե Եհովային շատ սիրենք, կպահենք նրա պատվիրանները, դժվարություններին կտոկանք և կատենք այն, ինչը չար է (կարդա Սաղմոս 97։10)։ Սակայն Սատանան ու նրա աշխարհը ամեն ինչ անում են, որ դադարենք սիրել Աստծուն։

6. Ի՞նչ է լինում, երբ մարդիկ կորցնում են Աստծու հանդեպ սերը։

6 Աշխարհը աղավաղված պատկերացում ունի սիրո մասին։ Մարդիկ ավելի շատ իրենց են սիրում, քան Արարչին (2 Տիմոթ. 3։2)։ Սատանայի կողմից ղեկավարվող աշխարհը խրախուսում է «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը» (1 Հովհ. 2։16)։ Պողոս առաքյալը զգուշացրեց, թե ինչ կլինի, եթե հագուրդ տանք մարմնական ցանկություններին։ Նա ասաց. «Մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում.... որովհետև մարմնավոր բաների մասին մտածելը թշնամություն է Աստծու դեմ» (Հռոմ. 8։6, 7)։ Այն մարդիկ, ովքեր տարված են նյութական բաներ ձեռք բերելով և սեռական ցանկությունները բավարարելով, հիասթափություն ու խոր ցավ են ապրում (1 Կորնթ. 6։18; 1 Տիմոթ. 6։9, 10

7. Այսօր ի՞նչ վտանգների են բախվում քրիստոնյաները։

7 Որոշ երկրներում աթեիստները, ագնոստիկները և էվոլյուցիոնիստները այնպիսի գաղափարներ են տարածում, որոնց նպատակն է քայքայել ոչ միայն Աստծու հանդեպ սերը, այլև նրա հանդեպ հավատը։ Նրանք շատերին են համոզել, որ Արարչի գոյությանը հավատալու համար մարդ պետք է միամիտ կամ անխելք լինի։ Բացի այդ, գիտնականները շատ մեծ պատվի են արժանանում, ինչը մարդկանց ուշադրությունը շեղում է Արարչից (Հռոմ. 1։25)։ Եթե այս ուսմունքներին ականջ դնենք, գուցե մենք էլ հեռանանք Եհովայից, ու մեր սերը սառչի (Եբր. 3։12

8. ա) Եհովայի ծառաներից շատերը ի՞նչ խնդիրների են բախվում։ բ) Ի՞նչ մխիթարական խոսքեր ենք կարդում 136-րդ սաղմոսում։

8 Մյուս կողմից՝ մեր հավատը կարող է թուլանալ, և Աստծու հանդեպ մեր սերը՝ սառչել, եթե թույլ տանք, որ վհատությունը մեզ կուլ տա։ Սատանայի իշխանության տակ գտնվող այս չար աշխարհում բոլորս էլ ժամանակ առ ժամանակ դժվար իրավիճակներում ենք հայտնվում ու թևաթափ լինում (1 Հովհ. 5։19)։ Հնարավոր է՝ այնպիսի խնդիրների ենք բախվում, որոնց պատճառը տարիքն է, վատ առողջությունը կամ տնտեսական ճգնաժամը։ Կամ գուցե պայքարում ենք թերարժեքության զգացման դեմ, հիասթափված ենք չիրականացած ակնկալիքների կամ սեփական ձախողումների պատճառով։ Սակայն երբեք չպետք է գանք այն եզրակացության, թե Եհովան մեզ լքել է։ Փոխարենը՝ պետք է խորհրդածենք այն աստվածաշնչյան համարների շուրջ, որտեղ խոսվում է Եհովայի ջերմ սիրո մասին, որ նա տածում է մեր հանդեպ։ Այդպիսի համարներից է Սաղմոս 136։23-ը, որտեղ Աստծու մասին ասվում է. «[Նա] հիշեց մեզ, երբ նվաստ վիճակում էինք, որովհետև նրա սիրառատ բարությունը [կամ՝ «նվիրված սերը»] հավերժական է»։ Այո՛, Եհովան երբեք չի դադարում հավատարմորեն սիրել իր ծառաներին։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ նա լսում է մեր աղաչանքները և պատասխանում մեզ (Սաղ. 116։1; 136։24–26

9. Ի՞նչն էր ուժ տալիս Պողոսին, որ Աստծու հանդեպ իր սերը վառ պահի։

9 Սաղմոսերգուի պես՝ Պողոս առաքյալը ուժ էր գտնում՝ խորհրդածելով այն մասին, թե ինչպես է Աստված շարունակ օգնել իրեն։ Նա գրեց. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։6)։ Պողոսը վստահում էր իր Արարչին, և դա նրան օգնեց չհանձնվել կյանքի խնդիրների դեմ պայքարում։ Նա թույլ չտվեց, որ դժվարությունները թևաթափ անեն իրեն։ Հատկանշական է, որ երբ Պողոսը բանտարկված էր, քաջալերական նամակներ գրեց իր հավատակիցներին (Եփես. 4։1; Փիլիպ. 1։7; Փիլիմ. 1)։ Նույնիսկ ծանր փորձությունների ժամանակ նա չդադարեց սիրել Եհովային։ Ի՞նչը նրան օգնեց։ Առաքյալը շարունակում էր ապավինել «ամենայն մխիթարության Աստծուն, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթ. 1։3, 4)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին ու Եհովայի հանդեպ մեր սերը վառ պահել։

Սիրիր Եհովային (տես պարբերություն 10)

10. Ինչպե՞ս կարող ենք Եհովայի հանդեպ մեր սերը վառ պահել։

10 Պողոս առաքյալը նշեց այն հիմնական միջոցներից մեկը, որոնք մեզ օգնում են Եհովայի հանդեպ մեր սերը վառ պահել։ Նա գրեց. «Անդադար աղոթեք»։ Մեկ այլ նամակում կրկնեց նույն միտքը՝ ասելով. «Աղոթքում հարատևեք» (1 Թեսաղ. 5։17; Հռոմ. 12։12)։ Աղոթքի միջոցով Աստծու հետ հաղորդակցվելով՝ նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ենք զարգացնում (Սաղ. 86։3)։ Երբ աղոթելուն բավականին ժամանակ ենք տրամադրում և արտահայտում ենք մեր խորունկ մտքերն ու զգացումները, ավելի ու ավելի ենք մտերմանում «աղոթքներ Լսողի»՝ մեր երկնային Հոր հետ (Սաղ. 65։2)։ Եվ երբ տեսնում ենք, որ նա պատասխանում է մեր աղոթքներին, առավել ուժգին ենք սիրում նրան։ Նաև ավելի մեծ վստահությամբ ենք լցվում, որ «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղ. 145։18)։ Այդ վստահությունը մեզ կօգնի հավատարիմ մնալ, երբ փորձվի մեր հավատը։

ՍԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

11, 12. Ինչպե՞ս կարող ենք խոր սեր զարգացնել աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ։

11 Որպես քրիստոնյաներ՝ մենք շատ ենք սիրում և գնահատում ճշմարտությունը, որի աղբյուրը Աստծու Խոսքն է։ Հիսուսը իր Հորն աղոթելիս ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհ. 17։17)։ Ուստի երբ Աստվածաշնչից ճշգրիտ գիտելիքներ ենք ստանում, սկսում ենք սիրել ճշմարտությունը (Կող. 1։10)։ Սակայն գիտելիքներ ձեռք բերելը բավարար չէ։ 119-րդ սաղմոսը օգնում է հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել աստվածաշնչյան ճշմարտությունը (կարդա Սաղմոս 119։97–100)։ Մենք ավելի շատ կսիրենք ճշմարտությունը, եթե մտածենք, թե ինչպես կարող ենք մեր կարդացածը կիրառել կյանքում։ Օրվա ընթացքում ժամանակ տրամադրո՞ւմ ենք, որ խորհրդածենք Աստվածաշնչից մեր ընթերցած հատվածների շուրջ։

12 Սաղմոսերգուն ասաց. «Որքա՜ն հաճելի են իմ քիմքին քո խոսքերը, ավելի հաճելի են, քան մեղրն իմ բերանին» (Սաղ. 119։103)։ Սաղմոսերգուի պես՝ մենք էլ կարող ենք վայելել այն համեղ հոգևոր կերակուրը, որ ստանում ենք Աստծու կազմակերպության միջոցով։ Եթե այն ճաշակենք առանց շտապելու, որպեսզի մեր քիմքին զգանք դրա անուշ համը, հեշտությամբ կհիշենք ճշմարտության «հաճելի խոսքերը» և դրանք կօգտագործենք ուրիշներին օգնելու համար (Ժող. 12։10

13. Երեմիային ի՞նչն օգնեց սիրել աստվածաշնչյան ճշմարտությունը, և դա ի՞նչ ազդեցություն թողեց նրա վրա։

13 Երեմիա մարգարեն սիրում էր աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նկատենք, թե Աստծու խոսքերն ինչպես ազդեցին նրա սրտի վրա։ «Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք։ Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ, քանի որ քո անունով եմ ես կոչված, ո՛վ Եհովա, Զորքերի՛ Աստված» (Երեմ. 15։16)։ Երեմիան փոխաբերական իմաստով կերավ ու յուրացրեց Աստծու արժեքավոր խոսքերը՝ խորհրդածելով դրանց շուրջ։ Այդպես նա սկսեց սրտանց գնահատել Աստծու անունը կրելու առանձնաշնորհումը։ Եթե մենք էլ սիրենք աստվածաշնչյան ճշմարտությունը, կգիտակցենք, թե ինչ մեծ առանձնաշնորհում ունենք՝ կրել Աստծու անունը և այս վերջին օրերում հռչակել նրա Թագավորությունը։

Սիրիր աստվածաշնչյան ճշմարտությունը (տես պարբերություն 14)

14. Ի՞նչ պետք է անենք, որ ավելի շատ սիրենք աստվածաշնչյան ճշմարտությունը։

14 Սուրբ Գիրքն ու աստվածաշնչյան գրականությունն ընթերցելուց բացի՝ ուրիշ ի՞նչ պետք է անենք, որ ավելի շատ սիրենք Աստծու Խոսքի ճշմարտությունը։ Պետք է կանոնավորաբար հաճախենք ժողովի հանդիպումներին։ Ամեն շաբաթ «Դիտարան» ամսագրի միջոցով անցկացվող Աստվածաշնչի ուսումնասիրությունը այն գլխավոր միջոցներից է, որոնցով կրթվում ենք։ Քննարկվող նյութը խորությամբ հասկանալու համար պետք է լավ պատրաստվենք «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Դա կարող ենք անել, օրինակ, կարդալով ուսումնասիրության հոդվածներում նշված աստվածաշնչյան համարները։ Ներկայումս «Դիտարան» ամսագիրը կարելի է շատ լեզուներով բեռնել jw.org կայքից կամ ընթերցել JW Library (JW Գրադարան) հավելվածի միջոցով։ Որոշ էլեկտրոնային ձևաչափեր թույլ են տալիս արագ բացել հոդվածներում նշված համարները։ Անկախ այն բանից, թե ինչ միջոցից ենք օգտվում, եթե ուշադիր կարդանք սուրբգրային համարները և խորհրդածենք դրանց շուրջ, աստվածաշնչյան ճշմարտությունն ավելի շատ կսիրենք (կարդա Սաղմոս 1։2

ՍԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

15, 16. ա) Հովհաննես 13։34, 35 համարների համաձայն՝ ի՞նչ ենք պարտավոր անել։ բ) Եղբայրներին սիրելը ինչպե՞ս է կապված Աստծուն ու նրա Խոսքը սիրելու հետ։

15 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35

16 Մեր եղբայրներին ու քույրերին սիրելը կապված է Եհովային սիրելու հետ։ Եթե չենք սիրում Աստծուն, չենք կարող սիրել մեր եղբայրներին, և հակառակը։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհ. 4։20)։ Բացի այդ, Եհովային ու մեր եղբայրներին սիրելը կապված է աստվածաշնչյան ճշմարտությունը սիրելու հետ։ Ինչպե՞ս։ Եթե սիրենք աստվածաշնչյան ճշմարտությունը, կկատարենք Աստծուն ու մեր եղբայրներին սիրելու սուրբգրային պատվիրանները (1 Պետ. 1։22; 1 Հովհ. 4։21

Սիրիր եղբայրներին և քույրերին (տես պարբերություն 17)

17. Ի՞նչ կարող ենք անել, որ ցույց տանք մեր սերը հավատակիցների հանդեպ։

17 Կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 4։9, 10։ Ի՞նչ կարող ենք անել, որ ցույց տանք մեր սերը ժողովի անդամների հանդեպ։ Օրինակ՝ որոշ տարեց եղբայրներ կամ քույրեր թերևս կարիք ունենան, որ մեքենայով տանենք ժողովի հանդիպումներին։ Գուցե հարկավոր լինի, որ այրի քրոջ տանը նորոգման որոշ աշխատանքներ անենք (Հակ. 1։27)։ Անկախ տարիքից՝ այն եղբայրներն ու քույրերը, որոնք վհատված են, ճնշված կամ այլ փորձություններ են կրում, ուշադրության, քաջալերանքի և մխիթարության կարիք ունեն (Առակ. 12։25; Կող. 4։11)։ Երբ խոսքով ու գործով անկեղծ հետաքրքրություն ենք ցույց տալիս նրանց հանդեպ, ովքեր «հարազատ են մեզ հավատի մեջ», դրանով փաստում ենք մեր սերը (Գաղ. 6։10

18. Ի՞նչը մեզ կօգնի հարթել հավատակիցների հետ ունեցած փոքր տարաձայնությունները։

18 Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ այս չար աշխարհի վերջին օրերում մարդիկ լինելու են եսասեր ու ագահ (2 Տիմոթ. 3։1, 2)։ Ուստի մենք՝ քրիստոնյաներս, պետք է շատ ջանք թափենք, որ մեր սերը Աստծու, աստվածաշնչյան ճշմարտության և միմյանց հանդեպ աճի։ Ճիշտ է, գուցե երբեմն հավատակիցների հետ փոքր տարաձայնություններ ունենանք։ Սակայն եթե սեր դրսևորենք ու հարթենք դրանք, դա մեծ օրհնություն կլինի ժողովի համար (Եփես. 4։32; Կող. 3։14)։ Թող երբեք թույլ չտանք, որ մեր սերը սառչի։ Փոխարենը՝ շարունակենք սրտանց սիրել Եհովային, նրա Խոսքն ու մեր եղբայրներին։