Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»

«Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»

«Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել» (ՀՈՎՀ. 21։15

ԵՐԳ 143, 65

1, 2. Ի՞նչ դաս քաղեց Պետրոսը։

ՀԻՍՈՒՍԻ աշակերտներից յոթը ամբողջ գիշեր Գալիլեայի ծովում անցկացրին։ Նրանք դուրս էին եկել՝ ձուկ բռնելու, սակայն ոչինչ չբռնեցին։ Հարություն առած Հիսուսը ափից նայում էր իր աշակերտներին։ «Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք»,— ասաց նա։ «Նրանք էլ գցեցին, սակայն ձկների շատության պատճառով չէին կարողանում այն դուրս քաշել» (Հովհ. 21։1–6

2 Հիսուսն իր աշակերտների համար նախաճաշ պատրաստեց։ Երբ նրանք նախաճաշեցին, նա Սիմոն Պետրոսին հարցրեց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Պետրոսը շատ էր սիրում ձկնորսությամբ զբաղվել։ Ուստի Հիսուսը, ըստ ամենայնի, Պետրոսին հարցրեց, թե նրա համար ինչն է ավելի թանկ՝ ձկնորսությո՞ւնը, թե՞ իր Տերն ու նրա սովորեցրած բաները։ Ի պատասխան՝ առաքյալն ասաց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ» (Հովհ. 21։15)։ Պետրոսն ինչպե՞ս փաստեց Քրիստոսի հանդեպ իր սերը։ Այդ պահից սկսած՝ նա զբաղված էր աշակերտներ պատրաստելու գործով։ Պետրոսը դարձավ առաջին դարի քրիստոնեական ժողովի սյուներից մեկը։

3. Քրիստոնյաներն ինչի՞ց պետք է զգուշանան։

3 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից, որ նա ասաց Պետրոսին։ Մենք պետք է զգույշ լինենք և թույլ չտանք, որ Քրիստոսի հանդեպ մեր սերը նվազի, և մեր ուշադրությունը շեղվի Թագավորության գործից։ Հիսուսը շատ լավ գիտեր, որ այս աշխարհի հոգսերը կարող են խեղդել մարդուն։ Սերմնացանի մասին առակը պատմելիս նա ասաց, որ ոմանք ընդունում են «թագավորության խոսքը» և սկսում են առաջադիմել, սակայն «աշխարհի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են խոսքը» (Մատթ. 13։19–22; Մարկ. 4։19)։ Եթե զգույշ չլինենք, առօրյա հոգսերը կարող են հափշտակել մեր սիրտը, ինչի հետևանքով մենք հոգևորապես կթուլանանք։ Ուստի Հիսուսը զգուշացրեց իր աշակերտներին. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով» (Ղուկ. 21։34

4. Ի՞նչը մեզ կօգնի տեսնել, թե որքան ենք սիրում Քրիստոսին (տես հոդվածի սկզբի նկարը)։

4 Պետրոսի պես՝ մենք էլ կապացուցենք, որ Քրիստոսին շատ ենք սիրում, եթե նրա հանձնարարած գործը մեր կյանքում առաջին տեղում լինի։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ դա այդպես է։ Ժամանակ առ ժամանակ պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ամենաշատը ի՞նչն եմ սիրում։ Ավելի շատ ուրախություն եմ ստանում հոգևո՞ր գործերից, թե՞ այլ զբաղմունքներից»։ Եկեք քննարկենք կյանքի երեք ոլորտ, որոնք եթե պատշաճ տեղում չլինեն, Քրիստոսի ու հոգևորի հանդեպ մեր սերը գուցե նվազի։ Կխոսենք աշխատանքի, զվարճությունների և նյութական բաների մասին։

ԹՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԱՏՇԱՃ ՏԵՂՈՒՄ ԼԻՆԻ

5. Ընտանիքների գլուխները ի՞նչ սուրբգրային պարտականություն ունեն։

5 Պետրոսի համար ձկնորսությունը պարզապես սիրած զբաղմունք չէր. դրա միջոցով նա իր ապրուստն էր վաստակում։ Ընտանիքների գլուխները գիտակցում են, որ սուրբգրային պարտականություն ունեն՝ հոգալ ընտանիքի նյութական կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Այդ պարտականությունը կատարելու համար նրանք պետք է շատ ջանք թափեն։ Սակայն այս վերջին օրերում աշխատանքը հաճախ մտահոգության աղբյուր է դառնում։

6. Շատերը ի՞նչ սթրեսի են ենթարկվում աշխատավայրում։

6 Քանի որ այսօր աշխատատեղերը սահմանափակ են, և մարդիկ մրցակցում են աշխատանք ստանալու համար, շատերը հաճախ ստիպված են լինում քիչ վարձատրության դիմաց շատ աշխատել։ Բացի այդ, արտադրության ծավալներն ավելացնելու մշտական ձգտումը ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առումով վատ է անդրադառնում աշխատողների վրա։ Նրանք, ովքեր չեն ցանկանում գործատիրոջ համար այդպիսի զոհողություններ անել, կարող են կորցնել աշխատանքը։

7, 8. ա) Առաջին հերթին ո՞ւմ պետք է նվիրված լինենք։ բ) Թաիլանդում ապրող մի եղբայր իր աշխատանքի վերաբերյալ ի՞նչ հասկացավ։

7 Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է առաջին հերթին Եհովա Աստծուն նվիրված լինենք, ոչ թե մեր գործատիրոջը (Ղուկ. 10։27)։ Աշխատանքը պարզապես միջոց է մեր հիմնական նյութական կարիքները հոգալու և մեր ծառայությունը շարունակելու համար։ Սակայն եթե զգույշ չլինենք, այն կարող է խանգարել մեր երկրպագությանը։ Թաիլանդում ապրող մի եղբայր պատմում է. «Ես համակարգիչներ էի նորոգում։ Իմ աշխատանքը շատ հետաքրքիր էր։ Սակայն հաճախ անհրաժեշտ էր լինում երկար աշխատել։ Ուստի հոգևոր գործերի համար գրեթե ժամանակ չէր մնում։ Ի վերջո հասկացա, որ եթե ուզում եմ Թագավորության շահերն առաջին տեղում դնել, պետք է փոխեմ աշխատանքիս բնույթը»։ Ի՞նչ արեց այդ եղբայրը։

8 Նա ասում է. «Մոտ մեկ տարի խնայողություններ էի անում և մտածում, թե ինչ գործով զբաղվեմ։ Ի վերջո որոշեցի նոր աշխատանք սկսել՝ փողոցում պաղպաղակ վաճառել։ Սկզբում ֆինանսապես շատ դժվար էր, ու ես թևաթափ էի լինում։ Երբ նախկին աշխատակիցներս ինձ տեսնում էին, վրաս ծիծաղում էին և հարցնում, թե ինչու եմ պաղպաղակ վաճառելը ավելի լավ գործ համարում, քան հարմարավետ գրասենյակում համակարգիչներ նորոգելը։ Ես աղոթում էի Եհովային և խնդրում, որ օգնի՝ այս ամենից գլուխ հանեմ ու հասնեմ նպատակիս՝ հոգևոր գործերի համար ավելի շատ ժամանակ ունենամ։ Շուտով գործերս լավացան։ Ես սկսեցի հասկանալ, թե ինչ նախասիրություններ ունեն իմ հաճախորդները, և պաղպաղակ պատրաստելու գործում հմտացա։ Արդյունքում պաղպաղակիս ողջ պաշարը սկսեց ամեն օր վաճառվել։ Իմ ֆինանսական վիճակը բարելավվեց։ Նույնիսկ ավելի լավ էր, քան այն ժամանակ, երբ համակարգիչներ էի նորոգում։ Ավելի ուրախ դարձա, քանի որ այլևս չկային նախկին աշխատանքիս հետ կապված սթրեսն ու անհանգստությունը։ Իսկ որ ամենակարևորն է, այժմ ես ինձ ավելի մոտ եմ զգում Եհովային» (կարդա Մատթեոս 5։3, 6

9. Ի՞նչ կարող ենք անել, որ շարունակենք հավասարակշռված լինել աշխատանքի հարցում։

9 Աշխատասիրությունը աստվածահաճո հատկություն է։ Ժրաջան աշխատանքը լավ արդյունքներ է բերում (Առակ. 12։14)։ Սակայն, ինչպես հասկացավ Թաիլանդում ապրող մեր եղբայրը, աշխատանքը պետք է պատշաճ տեղում լինի։ Հիսուսն ասել է. «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները [անհրաժեշտ նյութական բաները] կտրվեն ձեզ» (Մատթ. 6։33)։ Որպեսզի հասկանանք, թե արդյոք հավասարակշռված ենք աշխատանքի հարցում, պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ի՞նչն է ինձ համար ավելի հետաքրքիր ու հաճելի՝ իմ աշխատա՞նքը, թե՞ հոգևոր գործերը։ Արդյո՞ք հոգևոր գործերը ինձ համար ձանձրալի են դարձել»։ Այս հարցերի մասին խորհելով՝ կհասկանանք, թե ամենաշատը ինչն ենք սիրում։

10. Ի՞նչ արժեքավոր բան սովորեցրեց Հիսուսը։

10 Հիսուսը սովորեցրեց, թե ինչպես հավասարակշռել աշխարհիկ զբաղմունքներն ու հոգևոր գործերը։ Մի անգամ, երբ նա հյուրընկալվեց Մարիամի ու նրա քրոջ՝ Մարթայի տանը, վերջինս սկսեց ուտելիք պատրաստել։ Իսկ Մարիամը նստեց Հիսուսի ոտքերի մոտ, որպեսզի լսի նրան։ Երբ Մարթան բողոքեց, որ Մարիամն իրեն չի օգնում, Հիսուսն ասաց նրան. «Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից» (Ղուկ. 10։38–42)։ Հիսուսը Մարթային արժեքավոր բան սովորեցրեց։ Որպեսզի աշխարհիկ զբաղմունքներով չտարվենք և փաստենք Քրիստոսի հանդեպ մեր սերը, մենք պետք է շարունակենք «լավ բաժինն ընտրել»՝ հոգևոր բաներին առաջնահերթություն տալ։

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԼԻՆԵՆՔ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՐՑՈՒՄ

11. Աստվածաշունչն ի՞նչ է ասում հանգստի վերաբերյալ։

11 Մեր հագեցած գրաֆիկում պետք է ժամանակ հատկացնենք, որ հանգստանանք ու թարմանանք։ Աստվածաշունչն ասում է. «Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա» (Ժող. 2։24)։ Հիսուսը գիտակցում էր, որ երբեմն պետք է հանգստանալ։ Մի անգամ, երբ նրա աշակերտները քարոզարշավից վերադարձան, նա ասաց նրանց. «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք» (Մարկ. 6։31, 32

12. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք հանգստի ու զվարճությունների հարցում։ Բեր օրինակ։

12 Ինչ խոսք, հանգիստն ու զվարճությունները կարևոր դեր ունեն մեր կյանքում։ Սակայն պետք է զգույշ լինենք, որ դրանք մեզ համար ամենակարևոր բանը չդառնան։ Առաջին դարում շատերը հետևյալ մտածելակերպն ունեին. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթ. 15։32)։ Նույն ոգին այսօր տարածված է աշխարհի շատ մասերում։ Օրինակ՝ Արևմտյան Եվրոպայում ապրող մի երիտասարդ տարիներ առաջ սկսեց հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Սակայն նա այնքան էր տարված զվարճություններով, որ դադարեց նրանց հետ շփվել։ Որոշ ժամանակ անցավ, և նա հասկացավ, որ զվարճություններով տարված լինելը միայն խնդիրներ է առաջ բերել և հիասթափություն պատճառել։ Երիտասարդը նորից սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և դարձավ բարի լուրի քարոզիչ։ Մկրտվելուց հետո նա ասաց. «Միայն այն բանի համար եմ ափսոսում, որ այսքան ժամանակ կորցրի, մինչև որ հասկացա, որ Եհովային ծառայելը անասելիորեն ավելի շատ երջանկություն է բերում, քան այս աշխարհի զվարճությունները»։

13. ա) Չափից շատ հանգստանալն ու զվարճանալը ինչո՞ւ է վտանգավոր։ Բեր օրինակ։ բ) Ի՞նչը կօգնի, որ հավասարակշռված լինենք հանգստի ու զվարճությունների հարցում։

13 Հանգստանալու նպատակն է թարմանալ ու վերականգնել ուժերը։ Իսկ դրա համար որքա՞ն ժամանակ է հարկավոր։ Օրինակ՝ մեզնից շատերն են քաղցրավենիք սիրում, սակայն մենք հասկանում ենք, որ եթե անընդհատ թխվածք ու կոնֆետ ուտենք, մեր առողջությունը կվնասենք։ Այդ պատճառով ձգտում ենք առողջ սնունդ ընդունել։ Նմանապես, եթե շատ ժամանակ հատկացնենք հանգստին ու զվարճություններին, կվնասենք մեր հոգևոր առողջությունը։ Դրանից խուսափելու համար մենք կանոնավորաբար Թագավորության գործով ենք զբաղվում։ Ինչպե՞ս հասկանանք՝ հանգստի հարցում հավասարակշռված ենք, թե ոչ։ Շաբաթվա ընթացքում կարող ենք գրի առնել, թե քանի ժամ ենք տրամադրում հոգևոր գործերին, օրինակ՝ ժողովի հանդիպումներին, քարոզչական ծառայությանը, Աստվածաշնչի անձնական և ընտանեկան ուսումնասիրությանը։ Հետո այդ թիվը կարող ենք համեմատել այն ժամանակի հետ, որ տրամադրում ենք զվարճություններին, օրինակ՝ սպորտին, սիրած զբաղմունքին, հեռուստացույց դիտելուն կամ տեսախաղեր խաղալուն։ Այդ համեմատության արդյունքում ի՞նչ ենք տեսնում։ Կարիք կա՞ «քաղցրավենիքի» չափաբաժինը նվազեցնելու (կարդա Եփեսացիներ 5։15, 16

14. Ի՞նչը մեզ կօգնի հանգստի ճիշտ ձևեր ընտրել։

14 Եհովան իր Խոսքում սկզբունքներ է տվել, որոնց շրջանակում ազատ ենք հանգստի ձևեր ընտրելու։ * Նույնը իրենց ընտանիքների համար կարող են անել ընտանիքների գլուխները։ Առողջ հանգիստը «Աստծու պարգևն է» (Ժող. 3։12, 13)։ Իհարկե, մենք գիտակցում ենք, որ տարբեր մարդիկ կարող են հանգստի տարբեր ձևեր ընտրել (Գաղ. 6։4, 5)։ Սակայն անկախ այն բանից, թե ինչ զվարճություն ենք ընտրում, ուզում ենք, որ այն պատշաճ տեղում լինի։ Հիսուսն ասել է. «Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի» (Մատթ. 6։21)։ Ուստի եթե սրտանց սիրենք Հիսուսին, մեր մտքերը, խոսքերն ու գործերը ցույց կտան, որ մեզ համար ամենակարևոր բանը Թագավորության գործն է, ոչ թե առօրյա զբաղմունքները (Փիլիպ. 1։9, 10

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

15, 16. ա) Նյութապաշտությունը ինչպե՞ս կարող է քրիստոնյայի համար թակարդ դառնալ։ բ) Նյութական բաների վերաբերյալ Հիսուսը ի՞նչ իմաստուն խորհուրդ տվեց։

15 Այսօր շատերը տարված են վերջին մոդելի էլեկտրոնային սարքեր, նորաոճ հագուստ և նման այլ բաներ ձեռք բերելով։ Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կանոնավորաբար քննի իր սիրտը՝ ինքն իրեն հարցնելով. «Նյութական բաները ինձ համար չափազանց կարևոր չե՞ն դարձել։ Ավելի շատ ժամանակ ծախսում եմ վերջին մոդելի մեքենաներ կամ նորաոճ հագուստ փնտրելո՞ւ վրա, թե՞ ժողովի հանդիպումներին պատրաստվելու։ Արդյո՞ք այնքան եմ տարվել առօրյա գործերով, որ ավելի քիչ ժամանակ եմ տրամադրում Աստվածաշունչն ընթերցելուն և աղոթելուն»։ Եթե գիտակցում ենք, որ սկսել ենք նյութական բաներն ավելի շատ սիրել, քան Քրիստոսին, պետք է խորհրդածենք նրա խոսքերի շուրջ. «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ. 12։15)։ Ինչո՞ւ նա այսքան լուրջ նախազգուշացում տվեց։

16 Հիսուսն ասաց, որ «ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել», ապա ավելացրեց. «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»։ Ինչո՞ւ։ Որովհետև երկու «տերերն» էլ բացարձակ նվիրվածություն են պահանջում։ Հիսուսի խոսքով՝ «կա՛մ մեկին կատենք և մյուսին կսիրենք, կա՛մ էլ մեկին կհարենք և մյուսին կարհամարհենք» (Մատթ. 6։24)։ Քանի որ բոլորս էլ անկատար ենք, պետք է շարունակենք պայքարել «մարմնի ցանկությունների», այդ թվում՝ նյութապաշտության դեմ (Եփես. 2։3

17. ա) Մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդկանց համար ինչո՞ւ է դժվար նյութական բաների վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալ։ բ) Ի՞նչն է մեզ օգնում նյութապաշտական ցանկությունների դեմ պայքարել։

17 Մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդկանց համար դժվար է նյութական բաների վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք չեն կարողանում հոգևոր բաներն ընկալել (կարդա 1 Կորնթացիներ 2։14)։ Քանի որ նրանց ըմբռնողականությունը մթագնել է, նրանց համար դժվար է ճիշտն ու սխալը զանազանել (Եբր. 5։11–14)։ Դրա հետևանքով ոմանց սրտում նյութական բաների հանդեպ անկառավարելի ցանկություն է առաջանում, ցանկություն, որը երբեք հնարավոր չէ լիովին բավարարել (Ժող. 5։10)։ Սակայն նյութապաշտական մտածելակերպի դեմ հակաթույն կա՝ Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը (1 Պետ. 2։2)։ Հիսուսը խորհրդածում էր Աստծու իմաստուն սկզբունքների մասին, և դա նրան օգնում էր դիմակայել փորձություններին։ Եթե մենք էլ նրա պես աստվածաշնչյան սկզբունքները կիրառենք մեր կյանքում, կկարողանանք նյութապաշտական ցանկությունների դեմ պայքարել (Մատթ. 4։8–10)։ Այդպես անելով՝ Հիսուսին ցույց կտանք, որ նրան ավելի շատ ենք սիրում, քան նյութական բաները։

Քեզ համար ի՞նչն է կյանքում առաջնահերթ (տես պարբերություն 18)

18. Ի՞նչ ես վճռել անել։

18 Երբ Հիսուսը Պետրոսին հարցրեց՝ «Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել», նրան հիշեցրեց, թե որքան կարևոր է հոգևոր բաները կյանքում առաջին տեղում դնել։ Պետրոսը, ում անունը նշանակում է «ժայռի կտոր», իր անվան նշանակության համաձայն ապրեց՝ ժայռանման հատկություններ դրսևորեց (Գործ. 4։5–20)։ Մենք նույնպես վճռականությամբ ենք լցված վառ պահելու Քրիստոսի հանդեպ մեր սերը։ Դրա համար կջանանք այնպես անել, որ աշխատանքը, զվարճություններն ու նյութական բաները պատշաճ տեղում լինեն։ Թող մեր ընտրությունը ցույց տա, որ ունենք նույն զգացումը, ինչ Պետրոսը, ով ասաց Հիսուսին. «Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։

^ պարբ. 14 Տես «Քո ընտրած ժամանցի ձևը օգտակա՞ր է արդյոք» հոդվածը «Դիտարանի» 2011 թ. հոկտեմբերի 15-ի համարում, էջ 9–12, պարբ. 6–15։