Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես էր Գայոսը օգնում իր եղբայրներին

Ինչպես էր Գայոսը օգնում իր եղբայրներին

ԱՌԱՋԻՆ դարի վերջում Գայոսն ու մյուս քրիստոնյաները մի շարք դժվարությունների էին բախվում։ Որոշ մարդիկ սուտ ուսմունքներ էին տարածում և փորձում էին քայքայել ու պառակտել ժողովները (1 Հովհ. 2։18, 19; 2 Հովհ. 7)։ Դիոտրեֆես անունով մի մարդ «չար խոսքեր» էր տարածում Հովհաննես առաքյալի և մյուսների մասին, չէր հյուրընկալում ճանապարհորդող քրիստոնյաներին և փորձում էր ուրիշներին համոզել, որ իր պես վարվեն (3 Հովհ. 9, 10)։ Այսպիսին էր իրավիճակը 98 թվականին, երբ Հովհաննեսը նամակ գրեց Գայոսին։ Այն դարձավ Քրիստոնեական Հունարեն Գրությունների մի մասը և կոչվում է «Հովհաննեսի երրորդ նամակը»։

Գայոսը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում էր հավատարմորեն ծառայել Եհովային։ Ինչպե՞ս էր դրսևորվում նրա հավատարմությունը։ Ինչո՞ւ արժե ընդօրինակել նրան։ Հովհաննեսի նամակը մեզ ինչպե՞ս կարող է օգնել հետևելու Գայոսի օրինակին։

ՆԱՄԱԿ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՈՋԸ

Նամակը գրողը իրեն կոչում է «տարեց»։ Դա բավական էր, որ նրա սիրելի հոգևոր զավակը՝ Գայոսը, հասկանար, որ իրեն գրողը Հովհաննես առաքյալն է։ Հովհաննեսն իր նամակը սկսում է ջերմ խոսքերով. «Գրում եմ սիրելի Գայոսին, որին իսկապես սիրում եմ»։ Այնուհետև նա հույս է հայտնում, որ Գայոսը ֆիզիկապես առողջ է, ինչպես որ առողջ է հոգևորապես։ Ի՜նչ գորովալից խոսքեր (3 Հովհ. 1, ծնթ., 2, 4)։

Հնարավոր է՝ Գայոսը ժողովի վերակացու էր, սակայն նամակում այդ մասին չի նշվում։ Հովհաննեսը նրան գովում է այն բանի համար, որ նա հյուրասիրությամբ է ընդունում եղբայրներին, չնայած որ նրանց չի էլ ճանաչում։ Առաքյալը դա համարում է հավատարմության նշան, քանի որ հյուրասիրությունը միշտ էլ Աստծու ծառաներին բնորոշ հատկություն է եղել (Ծննդ. 18։1–8; 1 Տիմոթ. 3։2; 3 Հովհ. 5

Գայոսին ուղղված գնահատանքի խոսքերը ցույց են տալիս, որ Հովհաննես առաքյալի մոտից կանոնավորաբար մարդիկ էին գնում այլ ժողովներ։ Երբ այդ ճամփորդող քրիստոնյաները վերադառնում էին, ըստ երևույթին, նրան պատմում էին իրենց պատահած բաների մասին։ Հովհաննես առաքյալը հավանաբար նրանց միջոցով էր նորություններ իմանում մյուս ժողովներից։

Ճանապարհորդող քրիստոնյաները անշուշտ կցանկանային մնալ հավատակիցների տանը։ Այն ժամանակ իջևանատները վատ համբավ ունեին։ Այնտեղ լավ ծառայություն չէր մատուցվում։ Բացի այդ, դրանք դարձել էին անառակների որջ։ Ուստի շրջահայաց ճանապարհորդները ձգտում էին հնարավորության դեպքում օթևանել իրենց ընկերների տանը, քրիստոնյաներն էլ՝ իրենց հավատակիցների։

«ՆՐԱ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ Է, ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ»

Հովհաննես առաքյալը Գայոսին հորդորում է կրկին հյուրասիրություն ցույց տալ՝ խնդրելով հյուրերին «ճանապարհ դնել այնպես, ինչպես հաճելի է Աստծուն»։ Այս դեպքում հյուրերին «ճանապարհ դնելը» նշանակում էր, որ Գայոսը պետք է նրանց ապահովեր ճանապարհի համար անհրաժեշտ ամեն բանով, որպեսզի մինչև տեղ հասնելը ոչ մի բանի կարիք չունենային։ Գայոսն իր նախորդ հյուրերին արդեն նման ձևով ճանապարհ էր դրել, և նրանք Հովհաննեսին պատմել էին նրա սիրո ու հավատի մասին (3 Հովհ. 3, 6

Այդ հյուրերը, հնարավոր է, միսիոներներ էին, շրջագայող վերակացուներ կամ Հովհաննեսի կողմից ուղարկված մարդիկ։ Ով էլ որ լինեին, նրանք բարի լուրի տարածման համար էին ճանապարհորդում։ Առաքյալը գրում է. «Նրա անվան համար է, որ ճանապարհ դուրս եկան» (3 Հովհ. 7Նախորդ համարում Հովհաննեսը հիշատակում է Աստծուն, ուստի «նրա անվան համար» արտահայտությունը վերաբերում է Աստծու անվանը։ Առաքյալի խոսքերը ցույց են տալիս, որ այդ ճանապարհորդները քրիստոնեական ժողովի անդամներ էին և արժանի էին ջերմ ընդունելության, ինչպես որ կարդում ենք հաջորդ համարում. «Մենք պարտավոր ենք այսպիսիներին հյուրասիրությամբ ընդունել, որպեսզի համագործակիցներ լինենք ճշմարտության մեջ» (3 Հովհ. 8

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴԺՎԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Գայոսին նամակ գրելու նպատակը միայն նրան շնորհակալություն հայտնելը չէր։ Ժողովում լուրջ խնդիր կար, և Հովհաննեսն ուզում էր օգնել այդ եղբորը։ Ժողովի անդամներից մեկը՝ Դիոտրեֆեսը, ինչ-որ պատճառով չէր ցանկանում հյուրընկալել ճանապարհորդող քրիստոնյաներին, ցանկացողներին էլ փորձում էր խանգարել (3 Հովհ. 9, 10

Հավատարիմ քրիստոնյաները, ինչ խոսք, չէին էլ ցանկանա Դիոտրեֆեսի տանը մնալ, նույնիսկ եթե դա հնարավոր լիներ։ Այդ մարդը սիրում էր ժողովում առաջինը լինել, Հովհաննեսից ոչ մի բան հարգանքով չէր ընդունում ու չար խոսքերով շատախոսում էր առաքյալի և ուրիշների մասին։ Հովհաննեսն իր նամակում Դիոտրեֆեսին չի կոչում կեղծ ուսուցիչ։ Այդուհանդերձ, վերջինս չէր ընդունում առաքյալի հեղինակությունը։ Այդ մարդու փառասիրությունը և ոչ քրիստոնեավայել վարվելակերպը հարցականի տակ էին դնում նրա հավատարմությունը։ Նրա օրինակը ցույց է տալիս, որ փառատենչ ու ինքնահավան մարդիկ գուցե փորձեն ժողովը պառակտել։ Այդ պատճառով Հովհաննեսը Գայոսին, ինչպեսև մեզանից յուրաքանչյուրին ասում է. «Ընդօրինակիր ոչ թե չարը, այլ բարին» (3 Հովհ. 11

ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՐԱՇԱԼԻ ՊԱՏՃԱՌ

Հովհաննես առաքյալը իր նամակում խոսում է Դեմետրիոս անունով մի եղբոր մասին, որը, ի տարբերություն Դիոտրեֆեսի, լավ օրինակ էր ժողովում։ Նա գրում է. «Դեմետրիոսի մասին բոլորը լավ վկայություն են տալիս.... Իրականում, մենք էլ ենք վկայում, և դու գիտես, որ մեր տված վկայությունը ճշմարիտ է» (3 Հովհ. 12)։ Հնարավոր է՝ այս եղբայրը Գայոսի օգնության կարիքն ուներ, և Հովհաննեսը իր նամակով գուցե ներկայացնում ու երաշխավորում էր նրան։ Բացի այդ, հնարավոր է, որ հենց նա է նամակը տարել հասցրել Գայոսին։ Դեմետրիոսը, որը Հովհաննեսի պատգամաբերն էր կամ հավանաբար շրջագայող վերակացու, կարող էր նրա գրածը պարզաբանել և լրացուցիչ տեղեկություններ հայտնել։

Հովհաննեսն ինչո՞ւ էր Գայոսին հորդորում շարունակել հյուրասիրություն ցույց տալ, եթե նա այդպես էլ վարվում էր։ Առաքյալը գուցե մտածում էր, որ Գայոսը ավելի մեծ քաջության կարիք ունի։ Կամ էլ անհանգստանում էր, որ նա տեղի կտա ճնշմանը, քանի որ Դիոտրեֆեսը փորձում էր հյուրասեր քրիստոնյաներին վռնդել ժողովից։ Որն էլ լիներ պատճառը, Հովհաննեսը Գայոսին գրեց. «Ով բարիք է գործում, Աստծուց է» (3 Հովհ. 11)։ Սա հրաշալի պատճառ է, որ բարիք գործենք և չդադարենք դա անելուց։

Հովհաննեսի նամակը Գայոսին մղեց շարունակելու լինել հյուրասեր։ Ինչո՞ւ ենք դրանում վստահ։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ նրա նամակն ընդգրկվել է Աստվածաշնչի կանոնում և հասել է մեզ, որպեսզի բոլորիս խրախուսի «ընդօրինակել ոչ թե չարը, այլ բարին»։

ԻՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԻՑ

Մեր թանկագին եղբայր Գայոսի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Սակայն այս սակավ տեղեկությունից էլ կարող ենք դասեր քաղել։

Ինչպե՞ս կարող ենք հյուրասիրություն ցույց տալ

Նախ՝ մեզանից շատերը ճշմարտությունը իմացել են շնորհիվ այն հավատարիմ քրիստոնյաների, որոնք պատրաստ են եղել ճանապարհորդելու, որպեսզի այն մեզ հայտնեն։ Ճիշտ է, մեր օրերում քրիստոնեական ժողովի ոչ բոլոր անդամներն են բարի լուրը քարոզելու համար հեռավոր վայրեր գնում, սակայն Գայոսի պես՝ մենք կարող ենք ինչ-որ ձևով աջակցել ու քաջալերել նրանց, ովքեր այդպես են վարվում, օրինակ՝ շրջանային վերակացուներին ու նրանց կանանց։ Կամ կարող ենք գործնական օգնություն ցույց տալ այն եղբայրներին ու քույրերին, որոնք տեղափոխվում են այլ տարածքներ կամ նույնիսկ ուրիշ երկիր, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ուստի եկեք «ձգտենք հյուրասեր լինել» (Հռոմ. 12։13; 1 Տիմոթ. 5։9, 10

Երկրորդ՝ մենք չպետք է զարմանանք, եթե ժողովներում ոմանք սկսեն հակառակվել նշանակված տղամարդկանց իշխանությանը։ Թե՛ Հովհաննեսի, թե՛ Պողոս առաքյալի հեղինակությունը հարցականի տակ դրվեց (2 Կորնթ. 10։7–12; 12։11–13)։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք, եթե մեր ժողովում էլ նման խնդիրներ ծագեն։ Պողոսը Տիմոթեոսին հետևյալ խորհուրդը տվեց. «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի, սովորեցնելու համար՝ որակյալ, չարիքի ենթարկվելիս իրեն զուսպ պահի, մեղմությամբ սովորեցնի հակառակվողներին»։ Եթե շարունակենք մեղմություն դրսևորել, նույնիսկ երբ մեզ փորձեն հունից հանել, քննադատական ոգի ունեցողներից ոմանք գուցե աստիճանաբար փոխեն իրենց վերաբերմունքը։ Այդ ժամանակ Եհովան «թերևս թույլ տա, որ նրանք զղջան, որպեսզի ճշգրտորեն իմանան ճշմարտությունը» (2 Տիմոթ. 2։24, 25

Երրորդ՝ մեր հավատակիցները, որոնք, չնայած հակառակությանը, շարունակում են հավատարմորեն ծառայել Եհովային, ուշադրության և գովասանքի են արժանի։ Հովհաննես առաքյալը Գայոսին քաջալերեց ու վստահեցրեց, որ նա անում է այն, ինչ ճիշտ է։ Այսօր երեցները պետք է հետևեն Հովհաննեսի օրինակին և քաջալերեն եղբայրներին ու քույրերին, որպեսզի նրանք «ուժասպառ չլինեն» (Ես. 40։31; 1 Թեսաղ. 5։11

Հովհաննես առաքյալի նամակը՝ ուղղված Գայոսին, Աստվածաշնչի ամենափոքր գիրքն է։ Հունարեն բնագիրը բաղկացած է ընդամենը 219 բառից։ Սակայն այսօր այն մեծ արժեք ունի քրիստոնյաների համար։