Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը»

«Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը»

ԴԱՎԻԹԸ այս խոսքերն ասաց՝ գովելով մի կնոջ։ Նրա անունը Աբիգեա էր։ Ի՞նչը Դավթին մղեց գովելու նրան, և ի՞նչ կարող ենք սովորել այդ կնոջ օրինակից։

Դավիթը Աբիգեային հանդիպեց այն ժամանակ, երբ փախչում էր Սավուղ թագավորից։ Աբիգեան Նաբաղի կինն էր։ Վերջինս հարուստ մարդ էր և մեծ հոտեր ուներ, որոնք արածում էին Հուդայի հարավում գտնվող լեռնային շրջանում։ Դավիթն ու իր մարդիկ պարսպի պես պաշտպանում էին նրա հովիվներին ու հոտերը։ Ավելի ուշ Դավիթը մարդիկ ուղարկեց Նաբաղի մոտ՝ խնդրելով, որ իրենց տա, «ինչ որ ձեռքը գտնի», այսինքն՝ ուտելիք տա (1 Սամ. 25։8, 15, 16)։ Այս խնդրանքը անտեղի չէր, եթե հաշվի առնենք, թե Դավիթն ու իր մարդիկ ինչ էին արել Նաբաղի համար։

Սակայն Նաբաղը, ում անունը նշանակում է «անմիտ» կամ «հիմար», գործեց իր անվան համաձայն։ Նա կոպիտ ու վիրավորական պատասխան տվեց Դավթի մարդկանց՝ մերժելով նրա խնդրանքը։ Ուստի Դավիթը որոշեց պատժել Նաբաղին նրա անարգական և անմիտ խոսքերի համար։ Նաբաղն ու իր տան անդամները տուժելու էին այդ անխոհեմ արարքի պատճառով (1 Սամ. 25։2–13, 21, 22

Հասկանալով, թե ինչ վատ հետևանքներ կբերեն Դավթի կողմից ծրագրվող հապճեպ գործողությունները՝ Աբիգեան համարձակ քայլեր ձեռնարկեց։ Նա հարգալից կերպով դիմեց Դավթին՝ հիշատակելով Եհովայի հետ նրա ունեցած փոխհարաբերությունները։ Բացի այդ, Աբիգեան ուտելիքի մեծ պաշար բերեց Իսրայելի ապագա թագավորին ու նրա մարդկանց։ Դավիթն իր հերթին ընդունեց, որ Եհովան այդ կնոջ միջոցով իրեն հետ պահեց այնպիսի բան անելուց, որի համար ինքը մեղավոր կդառնար Աստծու առաջ։ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը, և օրհնյա՛լ լինես դու, որ այսօր ինձ ետ պահեցիր արյունապարտ լինելուց» (1 Սամ. 25։18, 19, 23–35

Ինչ խոսք, մենք չենք ուզում Նաբաղի պես լինել, այլ ցանկանում ենք միշտ գնահատել մեզ արված լավությունը։ Բացի այդ, երբ տեսնում ենք, որ իրավիճակը սրվում է, լավ կլինի՝ անենք, ինչ կարող ենք, այն մեղմելու համար։ Թող մենք էլ ունենանք նույն տրամադրվածությունը, ինչ սաղմոսերգուն, որն ասաց Աստծուն. «Առաքինություն և խելամտություն սովորեցրու ինձ, իմացություն տուր» (Սաղ. 119։66

Մարդիկ մեր գործերից կտեսնեն, որ իմաստուն ենք ու խոհեմ։ Անկախ այն բանից՝ կարտահայտվեն, թե ոչ, նրանք կունենան նույն զգացումը, ինչ Դավիթը, որն ասաց. «Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը»։