Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Աստծու խաղաղությունը.... գերազանցում է ամեն միտք»

«Աստծու խաղաղությունը.... գերազանցում է ամեն միտք»

«Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերը» (ՓԻԼԻՊ. 4։7

ԵՐԳ 112, 58

1, 2. Ի՞նչ պատահեց Պողոսին և Շիղային Փիլիպպեում (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԱՄԵՆ ԻՆՉ շատ արագ տեղի ունեցավ։ Փիլիպպեում ամբոխը Պողոսին ու Շիղային քարշ տվեց քաղաքի հրապարակ և կանգնեցրեց պաշտոնյաների առաջ, որպեսզի դատեն նրանց։ Այս միսիոներների հագուստները պատռեցին ու նրանց դաժանորեն ճիպոտահարեցին (Գործ. 16։16–22)։ Ինչպիսի՜ անարդարություն։ Պողոսը, լինելով Հռոմի քաղաքացի, պետք է պատշաճ ձևով դատվեր։ * Այժմ գրեթե կեսգիշեր է։ Պողոսն ու Շիղան փակված են բանտի խորքում։ Նրանց ոտքերը կոճղի մեջ են դրված։ Ճիպոտի հարվածներից նրանց մեջքը դեռ ցավում է (Գործ. 16։23, 24

2 Մթության մեջ Պողոսը մտածում է այդ օրը տեղի ունեցած դեպքերի մասին։ Մտածում է Փիլիպպեի ժողովրդի մասին։ Ի տարբերություն շատ քաղաքների, որտեղ եղել է Պողոսը՝ այստեղ նույնիսկ ժողովարան չկա։ Հրեաները երկրպագության համար քաղաքի դարպասից դուրս են հավաքվում՝ գետի մոտ (Գործ. 16։13, 14)։ Մի՞թե քաղաքում տասը հրեա տղամարդ էլ չկա՝ այնքան, որքան անհրաժեշտ է ժողովարան ունենալու համար։ Փիլիպպեի ժողովուրդը հպարտանում է իր հռոմեական քաղաքացիությամբ, չնայած որ նրանք լիարժեք քաղաքացի չեն (Գործ. 16։21)։ Գուցե սա է պատճառը, որ նրանց մտքով չի անցել, որ այս հրեաները՝ Պողոսն ու Շիղան, կարող են Հռոմի քաղաքացիներ լինել։ Որն էլ լինի պատճառը, այս տղամարդկանց անարդարացիորեն են բանտ նետել։

3. Պողոսի բանտարկությունը ինչո՞ւ կարող էր տարօրինակ թվալ, սակայն ինչպիսի՞ տրամադրվածություն ուներ նա։

3 Հավանաբար, Պողոսը մտածում է նաև անցած մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ նա Էգեյան ծովի մյուս կողմում էր՝ Փոքր Ասիայիում։ Այնտեղ սուրբ ոգին շարունակ արգելում էր նրան քարոզել որոշ տարածքներում։ Ոգին ասես դրդում էր նրան, որ ուրիշ տեղ գնա (Գործ. 16։6, 7)։ Բայց ո՞ւր։ Պատասխանը Պողոսը ստացավ Տրովադայում տեսիլքի միջոցով։ Նրան ասվեց. «Անցիր Մակեդո՛նիա»։ Եհովայից այսպիսի հստակ առաջնորդություն ստանալով՝ Պողոսն իսկույն ընդունեց այն (կարդա Գործեր 16։8–10)։ Սակայն Մակեդոնիա հասնելուց կարճ ժամանակ անց նա հայտնվեց բանտում։ Եհովան ինչո՞ւ թույլ տվեց դա։ Որքա՞ն է նա բանտում մնալու։ Չնայած որ այս հարցերը Պողոսի համար մնում էին անպատասխան, նա թույլ չտվեց, որ դրանք թուլացնեն իր հավատը և խլեն ուրախությունը։ Նա և Շիղան սկսեցին «աղոթել և երգով գովաբանել Աստծուն» (Գործ. 16։25)։ Նրանց սիրտն ու միտքը խաղաղությամբ լցվեցին։

4, 5. ա) Մեր իրավիճակը ինչո՞վ կարող է նման լինել Պողոսի իրավիճակին։ բ) Ինչպե՞ս Պողոսի հանգամանքները հանկարծակի փոխվեցին։

4 Հնարավոր է՝ քո կյանքում նույնպես եղել է ժամանակ, երբ մտածել ես, որ Պողոսի պես՝ սուրբ ոգու առաջնորդությանն ես հետևում, բայց հետո անսպասելի բաներ են տեղի ունեցել. դժվարությունների առաջ ես կանգնել կամ այնպիսի հանգամանքներ են ստեղծվել, որոնց պատճառով կյանքումդ մեծ փոփոխություններ են եղել (Ժող. 9։11)։ Հետ նայելով՝ գուցե հարցնում ես, թե ինչու է Եհովան նման բան թույլ տվել։ Ի՞նչը կարող է օգնել, որ շարունակես տոկալ՝ լիովին վստահելով Եհովային։ Պատասխանը գտնելու համար նորից անդրադառնանք Պողոսին և Շիղային պատահած դեպքին։

5 Երբ Պողոսն ու Շիղան երգով գովաբանում են Եհովային, մի շարք անսպասելի բաներ են տեղի ունենում։ Հանկարծ ուժգին երկրաշարժ է լինում։ Բանտի դռները բացվում են, և բոլոր բանտարկյալների շղթաներն արձակվում են։ Տեսնելով սա՝ բանտապահն ուզում է ինքնասպան լինել, բայց Պողոսը նրան թույլ չի տալիս։ Բանտապահն իր ընտանիքի հետ միասին մկրտվում է։ Հաջորդ օրը առավոտյան քաղաքի պաշտոնյաները ոստիկաններ են ուղարկում, որ ազատեն Պողոսին ու Շիղային։ Նրանց խնդրում են, որ խաղաղությամբ հեռանան քաղաքից։ Երբ պաշտոնյաները հասկանում են, որ Պողոսն ու Շիղան հռոմեական քաղաքացիություն ունեն, և որ իրենք մեծ սխալ են գործել, անձամբ են գալիս և նրանց դուրս բերում։ Սակայն Պողոսն ու Շիղան նախքան քաղաքից հեռանալը գնում են՝ հրաժեշտ տալու իրենց նոր մկրտված քրոջը՝ Լիդիային, և առիթից օգտվելով՝ քաջալերում են տեղի եղբայրներին (Գործ. 16։26–40)։ Որքա՜ն արագ ամեն բան փոխվեց։

«ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻՏՔ»

6. Ի՞նչ ենք քննելու։

6 Ի՞նչ ենք սովորում Պողոսին և Շիղային պատահածից։ Եհովան կարող է անսպասելին անել, ուստի դժվարությունների բախվելիս չպետք է անհանգստանանք։ Այս դասը, անկասկած, խորապես տպավորել էր Պողոսին, ինչը տեսնում ենք փիլիպպեցի եղբայրներին նրա գրած նամակից, որտեղ նա խոսում է մտահոգությունների և Աստծու խաղաղության մասին։ Նախ եկեք քննենք Պողոսի խոսքերը՝ արձանագրված Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներում (կարդա)։ Այնուհետև նկատի կառնենք աստվածաշնչյան օրինակներ, երբ Եհովան անսպասելի բաներ է արել։ Իսկ հետո կիմանանք, թե «Աստծու խաղաղությունը» ինչպես կարող է օգնել մեզ տոկալու և լիովին վստահելու Եհովային։

7. Պողոսը ի՞նչ էր ուզում սովորեցնել փիլիպպեցի եղբայրներին, և ի՞նչ ենք սովորում նրա խոսքերից։

7 Երբ փիլիպպեցի եղբայրները կարդացին Պողոսի նամակը, անկասկած, հիշեցին, թե ինչ էր պատահել նրան, և թե ինչպես էր Եհովան անսպասելիորեն միջամտել։ Պողոսն ի՞նչ էր ուզում սովորեցնել նրանց։ Այն, որ չմտահոգվեն, փոխարենը՝ աղոթեն, ինչի արդյունքում կունենան Աստծու խաղաղությունը։ Նկատի առնենք, որ «Աստծու խաղաղությունը.... գերազանցում է ամեն միտք»։ Ի՞նչ է սա նշանակում։ Որոշ թարգմանություններում այս արտահայտությունը թարգմանված է՝ «գերազանցում է մեր բոլոր երազանքները» կամ «մարդկանց մտածածից վեր է»։ Պողոսն ուզում էր ասել, որ «Աստծու խաղաղությունը» մեր պատկերացրածից ավելին է։ Հնարավոր է՝ մեր խնդիրներից ազատվելու ելք չտեսնենք, սակայն Եհովան գիտի՝ ինչպես լուծի դրանք, և կարող է անսպասելին անել (կարդա 2 Պետրոս 2։9

8, 9. ա) Չնայած որ Պողոսը անարդարության բախվեց Փիլիպպեում, ի՞նչ լավ արդյունքներ բերեց այդ միջադեպը։ բ) Փիլիպպեի եղբայրները ինչո՞ւ կարող էին վստահ լինել, որ Պողոսի գրած խոսքերը ճիշտ էին։

8 Մտածելով վերջին տասը տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Փիլիպպեի եղբայրները պետք է որ քաջալերվեին։ Պողոսի գրածը ճշմարիտ էր։ Թեպետ Եհովան թույլ էր տվել, որ անարդարություն տեղի ունենար, սակայն դա «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» առիթ էր ստեղծել (Փիլիպ. 1։7)։ Քաղաքի պաշտոնյաները նոր կազմավորված քրիստոնեական ժողովի դեմ որևէ բան ձեռնարկելուց առաջ երկար կմտածեին։ Հավանաբար այն բանի շնորհիվ, որ Պողոսը հիշատակել էր իր հռոմեական քաղաքացիության մասին, բժիշկ Ղուկասը նրա ու Շիղայի մեկնելուց հետո կարողացավ մնալ Փիլիպպեում և օգնել նոր մկրտված քրիստոնյաներին։

9 Փիլիպպեի եղբայրները գիտեին, որ այն, ինչ Պողոսը գրել էր իր նամակում, պարզապես անձնական տեսակետ չէր։ Պողոսը ծայրահեղ դժվարությունների միջով էր անցել, սակայն ակնհայտ էր, որ ուներ «Աստծու խաղաղությունը»։ Երբ առաքյալը գրում էր այդ նամակը, գտնվում էր Հռոմում՝ տնային կալանքի տակ։ Բայց, միևնույն է, նրա սրտում ու մտքում իշխում էր «Աստծու խաղաղությունը» (Փիլիպ. 1։12–14; 4։7, 11, 22

«ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ»

10, 11. Ի՞նչ պետք է անենք, եթե ինչ-որ բան անհանգստացնում է մեզ, և ի՞նչ կարող ենք ակնկալել։

10 Ի՞նչը կարող է օգնել, որ ոչ մի բանի մասին չմտահոգվենք և «Աստծու խաղաղությունն» ունենանք։ Փիլիպպեցիներին ուղղված Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ մտահոգությունների դեմ արդյունավետ միջոցը աղոթքն է։ Ուստի երբ անհանգստություններ ես ունենում, դրանց մասին աղոթիր Եհովային (կարդա 1 Պետրոս 5։6, 7)։ Աղոթիր՝ լիովին վստահ լինելով, որ նա հոգ է տանում քո մասին։ Խնդրանքներդ նրան հայտնի դարձրու «շնորհակալության հետ մեկտեղ»՝ հիշելով քո ստացած օրհնությունները։ Աստծու հանդեպ ավելի մեծ վստահությամբ կլցվենք, երբ հիշենք, որ նա «կարող է շատ ավելին անել», քան «խնդրում ենք կամ մտածում» (Եփես. 3։20

11 Պողոսի և Շիղայի պես՝ մենք էլ թերևս զարմանանք՝ տեսնելով, թե Եհովան ինչ է անում մեզ օգնելու համար։ Գուցե նրա արածը ցնցող բան չլինի, բայց լինի հենց այն, ինչ մեզ անհրաժեշտ է (1 Կորնթ. 10։13)։ Ինչ խոսք, դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, թե երբ է Եհովան շտկելու իրավիճակը կամ լուծելու խնդիրը։ Մենք պետք է մեր աղոթքների համաձայն գործենք (Հռոմ. 12։11)։ Դրանով ցույց կտանք, որ անկեղծ ենք, ու Եհովային առիթ կտանք մեզ օրհնելու։ Սակայն միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ Եհովան կարող է ավելին անել, քան այն, ինչ խնդրում ենք, մտածում կամ ակնկալում նրանից։ Երբեմն նա զարմացնում է մեզ՝ անելով անսպասելին։ Այժմ Աստվածաշնչից քննենք մի քանի օրինակ, որոնք կամրացնեն մեր վստահությունը այն բանում, որ Եհովան կարող է անսպասելին անել մեզ համար։

ՕՐԻՆԱԿՆԵՐ, ԵՐԲ ԵՀՈՎԱՆ ԱՐԵԼ Է ԱՆՍՊԱՍԵԼԻՆ

12. ա) Ի՞նչ արեց Եզեկիա թագավորը, երբ Ասորեստանը սպառնում էր գրավել Երուսաղեմը։ բ) Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Եհովան լուծեց խնդիրը։

12 Աստվածաշնչում հաճախ կարդում ենք այնպիսի դեպքերի մասին, երբ Եհովան անսպասելի բաներ է արել։ Նկատի առնենք մի քանի օրինակ։ Եզեկիա թագավորի օրոք Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դուրս եկավ Հուդայի դեմ և գրավեց բոլոր բերդաքաղաքները (2 Թագ. 18։1–3, 13)։ Այնուհետև Սենեքերիմը շարժվեց դեպի Երուսաղեմ։ Ի՞նչ արեց Եզեկիան՝ մոտեցող սպառնալիքը տեսնելով։ Նա աղոթեց Եհովային և խորհուրդ հարցրեց Եսայիա մարգարեից (2 Թագ. 19։5, 15–20)։ Թագավորը նաև խոհեմություն դրսևորեց և Սենեքերիմին տուրք վճարեց, որ Երուսաղեմից հետ քաշվի (2 Թագ. 18։14, 15)։ Հետո Եզեկիան պատրաստություն տեսավ, որպեսզի քաղաքը կարողանա դիմանալ երկարատև պաշարմանը (2 Տար. 32։2–4)։ Իսկ ինչպե՞ս լուծվեց այս խնդիրը։ Եհովան ուղարկեց իր հրեշտակին, որը մի գիշերվա մեջ թշնամու բանակում 185 000 զինվոր սպանեց։ Սա իսկապես որ անսպասելի էր, նույնիսկ Եզեկիայի համար (2 Թագ. 19։35

Ի՞նչ ենք սովորում Հովսեփին պատահածից (Ծննդ. 41։42) (տես պարբերություն 13)

13. ա) Ի՞նչ ենք սովորում Հովսեփին պատահածից։ բ) Աբրահամի կնոջ՝ Սառայի կյանքում ի՞նչ անսպասելի բան եղավ։

13 Այժմ նկատի առնենք Հակոբի որդի Հովսեփի օրինակը։ Երբ նա Եգիպտոսում բանտարկված էր ու գտնվում էր բանտի փոսում, արդյոք նրա մտքով անցնո՞ւմ էր, որ մի օր կդառնա փարավոնից հետո երկրորդ մարդը, կամ որ Եհովան իր միջոցով սովից կփրկի իր ընտանիքին (Ծննդ. 40։15; 41։39–43; 50։20)։ Եհովայի արածը, անշուշտ, գերազանցեց Հովսեփի ակնկալիքները։ Մտածենք նաև Սառայի՝ Հովսեփի նախամոր օրինակի շուրջ։ Արդյո՞ք տարիքն առած Սառան սպասում էր, որ Եհովան այնպես կանի, որ ինքը կարողանա որդի ծնել, ոչ թե պարզապես աղախնի ծնած որդուն ընդունի որպես իր զավակ։ Իսահակի ծնունդը, ինչ խոսք, վեր էր Սառայի ունեցած պատկերացումներից (Ծննդ. 21։1–3, 6, 7

14. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

14 Մենք չենք ակնկալում, որ մինչև նոր աշխարհի գալը Եհովան հրաշքով կվերացնի մեր բոլոր խնդիրները, կամ որ մեր կյանքում ցնցող բաներ տեղի կունենան։ Բայց գիտենք, որ մեր Աստված Եհովան այն նույն Աստվածն է, ով անցյալում զարմանալի կերպով օգնել է իր ծառաներին (կարդա Եսայիա 43։10–13)։ Սա մեզ լցնում է վստահությամբ, որ նա կարող է անհրաժեշտ զորությունը տալ մեզ, որպեսզի ամբողջովին կատարենք իր կամքը (2 Կորնթ. 4։7–9)։ Ի՞նչ ենք սովորում Եզեկիայի, Հովսեփի և Սառայի օրինակներից։ Դրանք ցույց են տալիս, որ Եհովան կարող է օգնել մեզ, որ հաղթահարենք անհաղթահարելին, եթե միայն հավատարիմ մնանք նրան։

Եհովան կարող է օգնել մեզ, որ հաղթահարենք անհաղթահարելին, եթե միայն հավատարիմ մնանք նրան

15. Ի՞նչը կօգնի մեզ «Աստծու խաղաղությունն» ունենալ, և ինչի՞ շնորհիվ է դա հնարավոր։

15 Ինչպե՞ս կարող ենք «Աստծու խաղաղությունն» ունենալ, երբ դժվարություններ ենք կրում։ Եհովայի՝ մեր Աստծու հետ լավ փոխհարաբերություններ պահպանելով։ Այդպիսի փոխհարաբերություններ ունենալը հնարավոր է միայն «Քրիստոս Հիսուսի միջոցով», ով իր կյանքը որպես փրկանք տվեց։ Սա մեր երկնային Հոր զարմանահրաշ գործերից մեկն է։ Դրա շնորհիվ մեր մեղքերը ծածկվում են, և մենք կարող ենք մաքուր խիղճ ունենալ ու մոտենալ Աստծուն (Հովհ. 14։6; Հակ. 4։8; 1 Պետ. 3։21

ԱՅՆ ԿՊԱՀՊԱՆԻ ՄԵՐ ՍՐՏԵՐՆ ՈՒ ՄՏՔԵՐԸ

16. Ի՞նչ կլինի, երբ «Աստծու խաղաղությունն» ունենանք։ Բեր օրինակ։

16 Ի՞նչ կլինի, երբ ունենանք «Աստծու խաղաղությունը, որը գերազանցում է ամեն միտք»։ Սուրբ Գիրքն ասում է, որ այն «կպահպանի մեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։7)։ «Պահպանել» թարգմանված բնագրային բառը ռազմական տերմին է։ Այն օգտագործվել է զինվորական կայազորի առնչությամբ, որի պարտականությունն էր պաշտպանել բերդաքաղաքը։ Փիլիպպեն այդպիսի քաղաք էր։ Այնտեղի բնակիչները գիշերը հանգիստ քնում էին, քանի որ վստահ էին, որ զինվորները հսկում են քաղաքի դարպասները։ Նույն ձևով էլ «Աստծու խաղաղությունն» է նպաստում, որ մեր սրտերն ու մտքերը հանգիստ լինեն։ Մենք գիտենք, որ Եհովան հոգ է տանում մեր մասին և ուզում է, որ երջանիկ լինենք (1 Պետ. 5։10)։ Այս բանի գիտակցումը օգնում է, որ չափից շատ չանհանգստանանք և չհուսահատվենք։

17. Ի՞նչը կօգնի մեզ վստահությամբ նայել ապագային։

17 Շուտով վրա կհասնի մեծ նեղությունը, որի նմանը մարդկությունը երբեք չի տեսել (Մատթ. 24։21, 22)։ Մենք չգիտենք, թե այդ ժամանակ կոնկրետ ինչ կպատահի յուրաքանչյուրիս։ Սակայն կարիք չկա չափից շատ անհանգստանալու։ Ճիշտ է, մենք ամենայն մանրամասնությամբ չգիտենք, թե ինչ է անելու Եհովան, բայց գիտենք, թե ինչպիսի անձնավորություն է նա։ Անցյալում տեղի ունեցած դեպքերը քննելով՝ մենք համոզվեցինք, որ ինչ էլ պատահի, Եհովան անպատճառ կիրագործի իր նպատակը՝ երբեմն գուցե անսպասելի բաներ անելով։ Ամեն անգամ, երբ Եհովան որևէ բան է անում մեզ համար, մենք նորովի ենք զգում «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք»։

^ պարբ. 1 Ըստ ամենայնի, Շիղան նույնպես Հռոմի քաղաքացի էր (Գործ. 16։37