Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հագնենք և այլևս չհանենք նոր անձնավորությունը

Ինչպե՞ս հագնենք և այլևս չհանենք նոր անձնավորությունը

«Հագեք նոր անձնավորությունը» (ԿՈՂ. 3։10

ԵՐԳ 126, 28

1, 2. ա) Նոր անձնավորություն հագնելը ինչո՞ւ վեր չէ մեր կարողությունից։ բ) Նոր անձնավորությանը բնորոշ ո՞ր հատկությունների մասին է նշված Կողոսացիներ 3։10–14 համարներում։

«ՆՈՐ անձնավորություն»։ Այս արտահայտությունը «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» մեջ հանդիպում է երկու անգամ (Եփես. 4։24; Կող. 3։10)։ Դա այն անձնավորությունն է, որը «ստեղծվել է Աստծու կամքի համաձայն»։ Նոր անձնավորություն «հագնելը» վեր չէ մեր կարողություններից։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև Եհովան մարդկանց ստեղծել է իր պատկերով, իսկ դա նշանակում է, որ մարդը կարո՛ղ է արտացոլել նրա գեղեցիկ հատկությունները (Ծննդ. 1։26, 27; Եփես. 5։1

2 Ճիշտ է, մեր նախածնողներից ժառանգած անկատարության պատճառով մեր մեջ երբեմն սխալ ցանկություններ են առաջանում։ Մեզ վրա ազդում է նաև մեզ շրջապատող աշխարհը։ Սակայն մեր ողորմած Աստծու՝ Եհովայի օգնությամբ մենք կարող ենք այնպիսի մարդ դառնալ, ինչպիսին որ նա է ուզում։ Այժմ եկեք քննենք նոր անձնավորությանը բնորոշ մի շարք հատկություններ, որոնց մասին գրեց Պողոս առաքյալը։ Դա ավելի կմեծացնի նոր անձնավորությունը հագնելու մեր ցանկությունը (կարդա Կողոսացիներ 3։10–14Նաև տեսնենք, թե ինչպես կարող ենք այդ հատկությունները դրսևորել մեր ծառայության մեջ։

«ԲՈԼՈՐԴ ՄԵԿ ԱՆՁ ԵՔ»

3. Ո՞րն է նոր անձնավորության կարևոր հատկություններից մեկը։

3 Այն բանից հետո, երբ Պողոսը հորդորեց նոր անձնավորությունը հագնել, նա խոսեց դրան բնորոշ անչափ կարևոր հատկության՝ անկողմնակալության մասին։ Նա գրեց. «Չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, չկա օտարական, սկյութացի, ծառա կամ ազատ»։ * Ինչո՞ւ քրիստոնեական ժողովում մարդկանց միջև չպետք է տարբերություն դրվի ըստ ռասայի, ազգության կամ սոցիալական կարգավիճակի։ Քանի որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդները «մեկ անձ» են (Կող. 3։11; Գաղ. 3։28

4. ա) Եհովայի ծառաները ինչպե՞ս պետք է վերաբերվեն ուրիշներին։ բ) Ո՞ր իրավիճակում գուցե դժվար լինի պահպանել քրիստոնեական միությունը։

4 Նոր անձնավորությունը հագած մարդիկ արժանապատվությամբ են վերաբերվում հավատակիցներին և առհասարակ մյուս մարդկանց՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և ռասայից (Հռոմ. 2։11)։ Սակայն որոշ երկրներում այդպես վարվելը այնքան էլ հեշտ չէ։ Օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շատ Վկաներ դեռ ապրում են այնպիսի տարածքներում, որոնք կառավարության կողմից մի ժամանակ հատկացված են եղել առանձին ռասաների։ Կառավարիչ մարմինը, ցանկանալով քաջալերել եղբայրներին, որ ընդլայնեն իրենց շփումը, 2013 թ. հոկտեմբերին հավանություն տվեց մի ծրագրի, որն օգնելու էր տարբեր ռասաների մեր եղբայրներին ավելի լավ ճանաչել իրար (2 Կորնթ. 6։13)։ Ի՞նչ ծրագիր էր դա։

5, 6. ա) Աստծու ժողովրդի միասնությունն ամրապնդելու նպատակով ի՞նչ ծրագիր գործի դրվեց մի երկրում (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչ արդյունքներ բերեց այդ ծրագիրը։

5 Ըստ այդ ծրագրի՝ տարբեր լեզուների կամ ռասաների պատկանող երկու ժողով մի քանի շաբաթ-կիրակի պետք է միասին ժամանակ անցկացնեին։ Այդ երկու ժողովների անդամները պետք է միասին ծառայեին, ներկա լինեին ժողովի հանդիպումներին և իրենց տներում միմյանց հյուրասիրություն ցույց տային։ Այդ ծրագրին մասնակցեցին հարյուրավոր ժողովներ։ Շուտով մասնաճյուղը շատերից դրական արձագանք ստացավ, նույնիսկ ոչ Վկաներից։ Օրինակ՝ մի կրոնական ծառայող ասաց. «Ես Եհովայի վկա չեմ, բայց ինձ հիացնում է, թե ինչպիսի կազմակերպվածությամբ եք քարոզում։ Դուք միասնական եք՝ ռասաների միջև տարբերություն չեք դնում»։ Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ այս ծրագիրը Վկաների վրա։

6 Կոսա լեզվով խոսող մի քույր՝ Նոման, սկզբում վարանում էր անգլիալեզու ժողովի սպիտակամորթ եղբայրներին իր համեստ տուն հրավիրել։ Բայց երբ նրանց հետ ծառայելու և նրանց տանը հյուրընկալվելու առիթ ունեցավ, հետևյալն ասաց. «Նրանք մեզ պես նորմալ մարդիկ են»։ Ուստի երբ կոսա լեզվով խոսող ժողովի հերթը հասավ, այդ քույրը ճաշ պատրաստեց և մի քանի հոգու հրավիրեց իր տուն։ Նրա հյուրերի մեջ սպիտակամորթ երեց կար։ Նոման ասում է. «Ես շատ տպավորվեցի, երբ նա ցանկացավ նստել պլաստմասսայե ցածր արկղի վրա»։ Այս ծրագրի շնորհիվ, որը մինչև հիմա գործում է, շատ եղբայրներ ու քույրեր նոր ընկերներ ձեռք բերեցին և որոշեցին հետագայում էլ ընդլայնել իրենց շփումը։

«ՀԱԳԵՔ ԽՈՐ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

7. Ինչո՞ւ միշտ էլ հարկավոր է կարեկցանք դրսևորել։

7 Նախքան Սատանայի աշխարհը կհասնի իր վախճանին, մենք նեղություններ ու դժվարություններ կունենանք՝ կապված, օրինակ, գործազրկության, լուրջ հիվանդությունների, հալածանքի և աղետների հետ։ Հնարավոր է՝ հանցագործության հետևանքով կորցնենք մեր ունեցվածքը։ Դժվարությունների մեջ իրար աջակցելու համար մենք պետք է կարեկից լինենք։ Կարեկցանքի խոր զգացումը կմղի մեզ բարություն դրսևորելու (Եփես. 4։32)։ Նոր անձնավորությանը բնորոշ այս հատկությունները կօգնեն մեզ ընդօրինակել Աստծուն և մխիթարության աղբյուր լինել ուրիշների համար (2 Կորնթ. 1։3, 4

8. Եթե ժողովում բոլորի հանդեպ կարեկցանք ու բարություն դրսևորենք, դա ի՞նչ լավ արդյունքներ կտա։ Բեր օրինակ։

8 Ժողովում ինչպե՞ս կարող ենք ավելի ուշադիր լինել օտարերկրացիների և կարիքավորների հանդեպ։ Մենք պետք է ընկերանանք նրանց հետ և այնպես անենք, որ իրենց արժեքավոր զգան ժողովում (1 Կորնթ. 12։22, 25)։ Տեսնենք, թե ինչ պատահեց Դանիկառլ անունով մի տղամարդու, որը Ֆիլիպիններից տեղափոխվեց Ճապոնիա։ Աշխատանքի վայրում նրան տեղացի աշխատողների պես լավ չէին վերաբերվում։ Մի անգամ նա ներկա եղավ Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։ «Այնտեղ բոլորը ճապոնացիներ էին,— ասում է Դանիկառլը,— սակայն ինձ ջերմորեն ընդունեցին, ասես հին ծանոթներ լինեինք»։ Ժողովի անդամների դրսևորած բարությունը նպաստեց, որ նա հոգևորապես առաջադիմի։ Նա մկրտվեց և այժմ ծառայում է որպես երեց։ Մյուս երեցները ասում են, որ Դանիկառլը և իր կինը օրհնություն են ժողովի համար. «Նրանք շատ պարզ կյանքով են ապրում, ծառայում են որպես ռահվիրա և լավ օրինակ են Թագավորությունն առաջին տեղում դնելու հարցում» (Ղուկ. 12։31

9, 10. Բեր օրինակ, թե ինչ օրհնություններ են լինում, երբ ծառայության ժամանակ կարեկցանք ենք դրսևորում մարդկանց հանդեպ։

9 Թագավորության լուրը մարդկանց հայտնելիս մենք հրաշալի հնարավորություն ունենք «բոլորի հանդեպ բարին անելու» (Գաղ. 6։10)։ Ներգաղթյալների հանդեպ կարեկցանքից մղված՝ բազմաթիվ Վկաներ ջանում են նոր լեզու սովորել (1 Կորնթ. 9։23)։ Դրա դիմաց նրանք շատ օրհնություններ են ստանում։ Օրինակ՝ Ավտրալիայում ապրող մի ռահվիրա քույր, որի անունը Թիֆընի է, սկսեց սովորել սվահիլի լեզուն, որպեսզի աջակցի Բրիսբեն քաղաքում գտնվող այն ժողովին, որի հանդիպումները այդ լեզվով են անցկացվում։ Թեպետ նրա համար հեշտ չէր սովորել սվահիլի լեզուն, սակայն դրա շնորհիվ նրա կյանքը օրհնություններով լցվեց։ Նա ասում է. «Եթե հետաքրքիր ծառայություն ես ուզում, ուրեմն օտարալեզու ժողովում ծառայելը քեզ համար է։ Ասես ճանապարհորդում ես առանց քո քաղաքից դուրս գալու։ Հասկանում ես, թե ինչ է մեր համաշխարհային եղբայրությունը, և տեսնում ես նրանում տիրող հրաշալի միությունը»։

Ի՞նչն է քրիստոնյաներին մղում օգնելու ներգաղթյալներին (տես պարբերություն 10)

10 Նկատի առնենք նաև, թե ինչ արեց Ճապոնիայում բնակվող մի ընտանիք։ Նրանց դուստրը՝ Սակիկոն, պատմում է. «1990-ականներին ծառայության ժամանակ հաճախ էինք հանդիպում բրազիլացի ներգաղթյալների։ Երբ պորտուգալերեն Աստվածաշնչից ցույց էինք տալիս Հայտնություն 21։3, 4 կամ Սաղմոս 37։10, 11, 29 համարները, նրանք ուշադրությամբ կարդում էին, երբեմն էլ արտասվում էին»։ Սակայն Սակիկոյի ընտանիքը այսքանով չբավարարվեց։ Նա ասում է. «Տեսնելով նրանց հոգևոր ծարավը՝ ընտանիքով սկսեցինք պորտուգալերեն սովորել»։ Հետագայում այս ընտանիքի աջակցությամբ պորտուգալալեզու ժողով կազմավորվեց։ Տարիների ընթացքում նրանք բազմաթիվ ներգաղթյալների օգնեցին դառնալու Եհովայի ծառաներ։ «Շատ ջանքեր պահանջվեցին պորտուգալերեն սովորելու համար,— ավելացնում է Սակիկոն,— բայց օրհնությունները գերազանցեցին մեր թափած ջանքերը։ Մենք այնքա՜ն շնորհակալ ենք Եհովային» (կարդա Գործեր 10։34, 35

«ՀԱԳԵՔ.... ԽՈՆԱՐՀԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ»

11, 12. ա) Ինչո՞ւ է կարևոր նոր անձնավորությունը հագնելու համար ճիշտ մղում ունենալ։ բ) Ի՞նչը կօգնի մեզ լինել խոնարհ։

11 Մենք ցանկանում ենք նոր անձնավորությունը հագնել ոչ թե մարդկանց կողմից գովաբանվելու, այլ Եհովային փառք բերելու համար։ Հիշիր, որ նույնիսկ ոգեղեն կատարյալ անձնավորությունը մեղք գործեց՝ թույլ տալով, որ իր սիրտը հպարտությամբ լցվի (համեմատիր Եզեկիել 28։17)։ Ուստի անկատար մարդու համար շատ ավելի դժվար է խուսափել հպարտությունից և ամբարտավանությունից։ Այնուամենայնիվ, հնարավո՛ր է խոնարհամտություն հագնել։ Ի՞նչը մեզ կօգնի դա անել։

12 Խոնարհ լինելու համար պետք է ամեն օր ժամանակ հատկացնենք, որ խորհենք Աստվածաշնչից մեր ընթերցած հատվածների շուրջ (2 Օրենք 17։18–20)։ Հատկապես պետք է մտածենք Հիսուսի սովորեցրած բաների և խոնարհության հրաշալի օրինակի մասին (Մատթ. 20։28)։ Հիշենք, որ նա նույնիսկ իր առաքյալների ոտքերը լվաց (Հովհ. 13։12–17)։ Նաև պետք է հաճախ աղոթենք, որ Աստված իր ոգով օգնի մեզ պայքարել ուրիշներից բարձր զգալու հակման դեմ (Գաղ. 6։3, 4; Փիլիպ. 2։3

13. Ի՞նչ օգուտներ է բերում խոնարհությունը։

13 Կարդա Առակներ 22։4։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաներից պահանջվում է խոնարհ լինել։ Այս հատկությունը շատ օգուտներ է բերում։ Այն նպաստում է, որ ժողովում խաղաղություն ու միասնություն լինի։ Եթե շարունակ խոնարհություն զարգացնենք, Եհովան մեր հանդեպ իր անզուգական բարությունը կդրսևորի։ Պետրոս առաքյալն ասաց. «Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհամտություն դրսևորեք, որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում» (1 Պետ. 5։5

«ՀԱԳԵՔ.... ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

14. Ո՞վ է ամենամեղմ և ամենահամբերատար անձնավորությունը։

14 Ներկայիս աշխարհում մեղմ ու համբերատար մարդը հաճախ համարվում է թույլ անձնավորություն։ Որքա՜ն հեռու է սա ճշմարտությունից։ Չէ՞ որ այս գեղեցիկ հատկությունները բխում են տիեզերքի ամենազորեղ Անձնավորությունից։ Եհովա Աստված ամենամեծ օրինակն է մեղմություն և համբերատարություն դրսևորելու հարցում (2 Պետ. 3։9)։ Նկատի առ, թե ինչպես նա իր ոգեղեն ներկայացուցիչների միջոցով պատասխանեց Աբրահամին և Ղովտին, երբ վերջիններս հարցեր տվեցին իրեն (Ծննդ. 18։22–33; 19։18–21)։ Բացի այդ, նա ավելի քան 1500 տարի համբերեց կամակոր Իսրայել ազգին (Եզեկ. 33։11

15. Մեղմություն և համբերատարություն դրսևորելու հարցում ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։

15 Հիսուսը մեղմ անձնավորություն էր (Մատթ. 11։29, ծնթ.)։ Նա համբերատար էր իր հետևորդների սխալների նկատմամբ։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ենթարկվեց կրոնական առաջնորդների անարդարացի քննադատությանը։ Սակայն մնաց մեղմ ու համբերատար, նույնիսկ երբ անարդարացիորեն մահվան դատապարտվեց։ Տանջանքի ցցի վրա սարսափելի ցավեր կրելով՝ Հիսուսն աղոթեց իր Հորը, որ ների իր մահապատիժն իրականացնող մարդկանց, քանի որ, ինչպես ինքը նշեց, նրանք «չգիտեին, թե ինչ են անում» (Ղուկ. 23։34)։ Մեղմության և համբերատարության ի՜նչ հրաշալի օրինակ (կարդա 1 Պետրոս 2։21–23

16. Ինչպե՞ս կարող ենք գործնականում մեղմություն և համբերատարություն դրսևորել։

16 Ինչպե՞ս կարող ենք մեղմություն և համբերատարություն դրսևորել։ Պողոսը նշեց դա անելու կերպերից մեկը, երբ գրեց իր հավատակիցներին. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կող. 3։13)։ Այս հորդորին հետևելու համար, ինչ խոսք, մեղմություն և համբերատարություն է անհրաժեշտ։ Սակայն ներողամիտ լինելով՝ մենք նպաստում ենք, որ ժողովում միասնություն պահպանվի։

17. Մեղմություն և համբերատարություն դրսևորելը ինչո՞ւ է շատ կարևոր։

17 Եհովան մեզնից պահանջում է լինել մեղմ և համբերատար։ Այս հատկությունները շատ կարևոր են մեր փրկության համար (Մատթ. 5։5, ծնթ.; Հակ. 1։21, ծնթ.)։ Իսկ որ ամենակարևորն է, դրանք դրսևորելով՝ մենք փառք ենք բերում Եհովային և օգնում ենք ուրիշներին աստվածաշնչյան խորհրդով առաջնորդվել (Գաղ. 6։1; 2 Տիմոթ. 2։24, 25

«ՍԵՐԸ ՀԱԳԵՔ»

18. Ի՞նչ կապ կա սիրո և անկողմնակալության միջև։

18 Մեր քննարկած բոլոր հատկությունները սերտորեն կապված են սիրո հետ։ Օրինակ՝ Հակոբոս աշակերտը ստիպված էր խորհուրդ տալ եղբայրներին, որ խտրականություն չդնեն հարուստի և աղքատի միջև։ Նա նշեց, որ այդպիսի արարքը խախտում է թագավորական օրենքը՝ «սիրիր մերձավորիդ քո անձի պես»։ Հետո ավելացրեց. «Եթե շարունակում եք խտրականություն դնել, ապա մեղք եք գործում» (Հակ. 2։8, 9)։ Եթե սիրենք մարդկանց, մեզ համար նշանակություն չի ունենա նրանց կրթությունը, ռասայական պատկանելությունը կամ սոցիալական կարգավիճակը։ Մենք չպետք է ձևացնենք, թե անկողմնակալ ենք։ Դա մի հատկություն է, որը պետք է լինի մեր էության մի մասը։

19. Ինչո՞ւ է կարևոր, որ սեր հագնենք։

19 Սերը նաև «համբերատար է ու բարի»։ Այն «չի հպարտանում» (1 Կորնթ. 13։4)։ Մեզանից համբերատարություն, բարություն և խոնարհություն է պահանջվում, որպեսզի շարունակենք բարի լուրը հայտնել մեր մերձավորներին (Մատթ. 28։19)։ Այս հատկությունները նաև օգնում են, որ ժողովում լավ փոխհարաբերություններ ունենանք բոլոր քույրերի ու եղբայրների հետ։ Իսկ ի՞նչ պտուղ է բերում այսպիսի սերը։ Այն միասնական է դարձնում ժողովները, ինչը փառք է բերում Եհովային և գրավում է հետաքրքրվող նոր անձանց։ Ուստի տեղին է, որ Աստվածաշնչում նոր անձնավորության նկարագրությունը ավարտվում է հետևյալ ազդեցիկ խոսքերով. «Այս ամենից բացի, սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կող. 3։14

«ՆՈՐՈԳԵՔ ՁԵՐ ՄԻՏՔԸ ԽԹԱՆՈՂ ՈՒԺԸ»

20. ա) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։ բ) Ապագայի ի՞նչ հույս ունենք։

20 Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի իրեն. «Ուրիշ ի՞նչ կարող եմ անել, որ հանեմ հին անձնավորությունը և այլևս այն չհագնեմ»։ Մենք պետք է ջերմագին աղոթենք Եհովային ու նրանից օգնություն խնդրենք։ Պետք է ջանք չխնայենք՝ ձերբազատվելու այնպիսի մտածելակերպից կամ սովորություններից, որոնք կխանգարեն մեզ ժառանգել Աստծու Թագավորությունը (Գաղ. 5։19–21)։ Նաև պետք է ինքներս մեզ հարցնենք, թե արդյոք շարունակում ենք «նորոգել մեր միտքը խթանող ուժը», այսինքն՝ փոխել մեր մտածելակերպը (Եփես. 4։23, 24)։ Նոր անձնավորությունը հագնելը և այն մեր հագին պահելը չընդհատվող գործընթաց է։ Ուստի մենք չպետք է դադարենք նոր անձնավորությանը բնորոշ հատկություններ զարգացնել մեր մեջ, մինչև որ կարողանանք դրանք լիարժեքորեն դրսևորել։ Պատկերացրու՝ ինչ սքանչելի կլինի կյանքը, երբ մեր ճանաչած բոլոր մարդիկ կատարելապես փոխված և նոր անձնավորությունը լիովին հագած լինեն։

^ պարբ. 3 Աստվածաշնչյան ժամանակներում սկյութացիներին արհամարհանքով էին վերաբերվում՝ նրանց համարելով անքաղաքակիրթ ժողովուրդ։