Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս են Զաքարիայի տեսիլքները առնչվում մեզ

Ինչպե՞ս են Զաքարիայի տեսիլքները առնչվում մեզ

«Դեպի ինձ դարձեք.... և ես կդառնամ դեպի ձեզ» (ԶԱՔ. 1։3

ԵՐԳ 89, 86

1–3. ա) Ի՞նչ իրավիճակում էր Եհովայի ժողովուրդը, երբ Զաքարիան սկսեց մարգարեանալ։ բ) Եհովան ինչո՞ւ իր ժողովրդին ասաց. «Դեպի ինձ դարձեք»։

ԹՌՉՈՂ ձեռագիր, փակ ամանի մեջ նստած կին, օդում սավառնող երկու կին, որոնց թևերը արագիլի թևերի են նման. այսպիսի արտասովոր պատկերներ ենք գտնում Զաքարիայի գրքում (Զաք. 5։1, 7–9)։ Եհովան ինչո՞ւ այսպիսի զարմանալի տեսիլքներ տվեց իր մարգարեին։ Այդ ժամանակ հրեաները ինչպիսի՞ իրավիճակում էին։ Զաքարիայի տեսած այդ տեսիլքները ինչպե՞ս են առնչվում մեզ։

2 Մ. թ. ա. 537 թվականը Եհովայի ժողովրդի համար ուրախ տարի էր։ Բաբելոնում 70 տարի գերի լինելուց հետո հրեաները ի վերջո ազատվեցին։ Մեծ խանդավառությամբ նրանք գործի անցան, որպեսզի Երուսաղեմում վերականգնեն ճշմարիտ երկրպագությունը, և 536 թ.-ին գցեցին տաճարի հիմքը։ Ժողովուրդն ուրախությունից «այնքան ուժգին էր բղավում, որ.... այդ ձայնը նույնիսկ հեռվում էր լսվում» (Եզր. 3։10–13)։ Սակայն շատ չանցած՝ նրանք հակառակության բախվեցին, և սկսված գործը մնաց անավարտ։ Դժվարություններից վհատված՝ հրեաները դադարեցրին տաճարի շինարարությունը և սկսեցին իրենց համար տներ կառուցել ու արտեր մշակել։ Անցավ տասնվեց տարի, սակայն Եհովայի տաճարը դեռ անավարտ էր։ Աստծու ժողովուրդը հիշեցման կարիք ուներ, որպեսզի հետ դառնար դեպի Եհովան և դադարեր իր անձնական շահը առաջին տեղում դնելուց։ Եհովան ուզում էր, որ նրանք դեպի իրեն դառնային և դարձյալ առանց վախի ու ամբողջ սրտով իրեն երկրպագեին։

3 Մ. թ. ա. 520-ին Աստված Զաքարիա մարգարեին ուղարկեց իր ժողովրդի մոտ, որ հիշեցնի, թե առաջին հերթին ինչու է նրանց ազատել Բաբելոնի գերությունից։ Հենց Զաքարիա անունը, որը նշանակում է «Յահը հիշել է», պետք է որ նրանց մի կարևոր ճշմարտություն հիշեցներ։ Թեև նրանք մոռացել էին Եհովայի փրկարար գործերը, Աստված հիշում էր իր ժողովրդին (կարդա Զաքարիա 1։3, 4)։ Նա սիրառատ կերպով վստահեցրեց նրանց, որ կօգնի վերականգնել մաքուր երկրպագությունը, բայց նաև զգուշացրեց, որ չի հանդուրժի կես սրտով մատուցվող երկրպագությունը։ Եկեք տեսնենք, թե ինչպես Եհովան նրանց գործի մղեց Զաքարիային տված վեցերորդ և յոթերորդ տեսիլքների միջոցով։ Նաև տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել դրանցից։

ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

4. Զաքարիան ի՞նչ է տեսնում վեցերորդ տեսիլքում, և ի՞նչ է նշանակում այն, որ ձեռագրի երկու երեսներին էլ գրություն կա (տես հոդվածի սկզբի առաջին նկարը)։

4 «Զաքարիա» գրքի 5-րդ գլուխը սկսվում է արտասովոր տեսիլքի նկարագրությամբ (կարդա Զաքարիա 5։1, 2)։ Զաքարիան տեսնում է մոտ 9 մետր (30 ֆուտ) երկարություն և 4,5 մետր (15 ֆուտ) լայնություն ունեցող մի գիրք՝ գլանաձև ձեռագիր, որը թռչում է օդում։ Այն բացված է, և նրանում գրվածը հնարավոր է կարդալ։ Ձեռագրի երկու երեսներին էլ դատաստանական լուր է գրված (Զաք. 5։3)։ Սովորաբար մարդիկ գրում էին միայն դրա մի երեսին։ Հետևաբար այս գիրքը անչափ կարևոր տեղեկություն է պարունակում։

Ոչ մի տեսակի գողություն տեղ չունի քրիստոնյայի կյանքում (տես պարբերություն 5–7)

5, 6. Եհովան ինչպե՞ս է դիտում գողության ցանկացած տեսակ։

5 Կարդա Զաքարիա 5։3, 4։ Բոլոր մարդիկ էլ հաշվետու են Եհովային, առավել ևս նրանք, ովքեր կրում են նրա անունը։ Աստծուն սիրող մարդիկ գիտակցում են, որ գողության ցանկացած տեսակ նախատինք է բերում նրա անվանը (Առակ. 30։8, 9)։ Անկախ նրանից, թե որն է դրդապատճառը կամ ինչ արդարացնող հանգամանքներ կան՝ գողություն անող անհատը իր ցանկությունը ագահաբար վեր է դասում Աստծուց՝ նյութականը չափից ավելի արժևորելով։ Նա անտեսում է Աստծու օրենքը պահելու կարևորությունը և արհամարհում է Աստծուն ու նրա անունը, ասես այն ոչ մի նշանակություն չունի իր համար։

6 Նկատեցի՞ր՝ Զաքարիա 5։3, 4 համարներում գրված է, որ անեծքը «պիտի մտնի գողի տուն և.... կմնա նրա տանը և կոչնչացնի» այն։ Ոչ մի տեսակի կողպեք ու ճաղավանդակ չեն կարող որևէ մեկին պաշտպանել Եհովայի դատաստանից։ Այն կարող է թափանցել ամեն ծածուկ տեղ և բացահայտել Եհովայի ծառաների գործած ցանկացած մեղք։ Նույնիսկ եթե մարդը կարողանա իր կատարած գողությունը կոծկել իշխանությունների, գործատիրոջ, երեցների կամ ծնողների աչքից, նա չի կարող այն թաքցնել Աստծուց, ով հավաստիացնում է, որ ամեն տեսակ գողություն կբացահայտվի (Եբր. 4։13)։ Արդյոք հաճելի չէ՞ ընկերակցել մի ժողովրդի հետ, որը գիտակցում է, որ հարկավոր է «ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբր. 13։18

7. Ինչպե՞ս կարող ենք խուսափել թռչող գրքում գրված անեծքից։

7 Գողության բոլոր տեսակներն էլ տհաճ են Եհովային։ Մեզ համար պատիվ է Աստծու հաստատած բարոյական բարձր չափանիշներով ապրել և այնպիսի վարք ունենալ, որը նախատինք չի բերում նրա անվանը։ Այդպես մենք կխուսափենք Եհովայի դատաստանից, որին կարժանանան այն մարդիկ, ովքեր գիտակցաբար խախտում են նրա օրենքը։

ԱՄԵՆ ՕՐ ԱՊՐԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ

8–10. ա) Ի՞նչ է երդումը։ բ) Սեդեկիա թագավորը ո՞ր երդումը չպահեց։

8 Թռչող գրքում գրված դատաստանը ուղղված է նաև Աստծու անունով «սուտ երդում անողներին» (Զաք. 5։4)։ Երդում տալով՝ մարդը հավաստիացնում է, որ այսինչ բանը ճիշտ է, կամ խոստանում է որևէ բան անել կամ չանել։

9 Եհովայի անունով երդվելը լուրջ արարք է։ Դա երևում է Երուսաղեմում գահակալած վերջին թագավորի՝ Սեդեկիայի օրինակից։ Նա Աստծու անունով երդվեց Բաբելոնի թագավորին, որ կհպատակվի նրան։ Սակայն չպահեց իր խոստումը։ Արդյունքում՝ Եհովան հետևյալ խոսքերով դատապարտեց նրան. «Կենդանի եմ ես.... [Սեդեկիան] կմահանա Բաբելոնում՝ այն նույն վայրում, որտեղ բնակվում է այն թագավորը, ով նրան թագավոր նշանակեց՝ նրան, ով արհամարհեց երդումը և դրժեց ուխտը» (Եզեկ. 17։16

10 Իր այս երդման համար Սեդեկիա թագավորը Եհովային էր հաշվետու, քանի որ նրա անունով էր երդվել (2 Տար. 36։13)։ Սակայն խախտեց այն ու փորձեց ազատվել Բաբելոնի լծից՝ օգնություն խնդրելով Եգիպտոսից։ Բայց նրա այս փորձը անհաջողության մատնվեց (Եզեկ. 17։11–15, 17, 18

11, 12. ա) Ո՞րն է մեր տված ամենակարևոր երդումը։ բ) Նվիրման երդումը ինչպե՞ս պետք է անդրադառնա մեր ապրելակերպի վրա։

11 Եհովան լսում է մեր երդումները և լուրջ է համարում դրանք։ Ուստի նրա հավանությանն արժանանալու համար պետք է կատարենք մեր խոստումները (Սաղ. 76։11)։ Մեր տված բոլոր խոստումներից ամենակարևորը Եհովային նվիրվելու երդումն է։ Դրանով մենք խոստացել ենք անվերապահորեն ծառայել նրան։

12 Ինչպե՞ս կարող ենք մեր այս երդման համաձայն ապրել։ Մեծ թե փոքր փորձությունների ժամանակ մեր բռնած դիրքը ցույց կտա, թե որքան լուրջ ենք վերաբերվում «ամեն օր» Եհովային փառաբանելու մեր խոստմանը (Սաղ. 61։8)։ Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում որևէ մեկը ֆլիրտ է անում մեզ հետ, մերժո՞ւմ ենք նրա առաջարկները և ցույց տալի՞ս ենք, որ մեզ համար Եհովայի «ճանապարհներն են հաճելի» (Առակ. 23։26)։ Կամ եթե մեր ընտանիքում բացի մեզանից ուրիշ ոչ ոք չի երկրպագում Եհովային, խնդրո՞ւմ ենք Աստծուն, որ օգնի պահպանել մեր քրիստոնեական ինքնությունը։ Ամեն օր մոտենո՞ւմ ենք մեր երկնային Հորը՝ աղոթելով նրան և շնորհակալություն հայտնելով նրա սիրո համար, նաև այն բանի, որ գտնվում ենք նրա իշխանության տակ։ Ժամանակ տրամադրո՞ւմ ենք, որ Աստվածաշունչը կարդանք ամեն օր։ Ըստ էության, մենք խոստացել ենք, որ այս ամենը կանենք։ Չէ՞ որ նվիրման երդումը պահել նշանակում է հնազանդվել։ Եհովային լիարժեքորեն երկրպագելով՝ ցույց կտանք, որ իսկապես նվիրված ենք և սիրում ենք նրան։ Մեր երկրպագությունը ոչ թե ծիսակարգ է, այլ ապրելակերպ։ Եթե պահենք մեր խոստումը, դրանից մեզ միայն բարիք կլինի, քանի որ Աստծու հանդեպ հավատարմությունը ապահով ապագայի երաշխիք է (2 Օրենք 10։12, 13

13. Ի՞նչ ենք սովորում Զաքարիայի վեցերորդ տեսիլքից։

13 Զաքարիայի վեցերորդ տեսիլքը օգնում է հասկանալ, որ Եհովային սիրող մարդիկ չպետք է ոչ մի տեսակի գողություն անեն և սուտ երդում տան։ Նաև տեսնում ենք, որ Եհովան չլքեց հրեաներին, չնայած որ նրանք շատ մեղքեր էին գործում։ Նա հասկանում էր, թե ինչ ճնշումների էին նրանք ենթարկվում իրենց շրջապատող թշնամի ազգերի կողմից։ Իր խոստումները պահելով՝ Եհովան օրինակ է թողնում մեզ համար։ Նաև պատրաստ է օգնելու, որ մենք էլ պահենք մեր խոստումները։ Նա օգնում է մեզ, օրինակ, հույս տալով, որ շուտով ամբողջ երկրի երեսից վերացնելու է ամբարշտությունը։ Զաքարիայի մյուս տեսիլքը ամրապնդում է մեր այդ հույսը։

ԱՄԲԱՐՇՏՈՒԹՅՈՒՆԸ «ԻՐ ՏԵՂՈՒՄ» Է ԴՐՎՈՒՄ

14, 15. ա) Զաքարիան ի՞նչ է տեսնում յոթերորդ տեսիլքում (տես հոդվածի սկզբի երկրորդ նկարը)։ բ) Ի՞նչ է ներկայացնում արդուի ամանի մեջ նստած կինը, և ինչո՞ւ է հրեշտակը նրան փակում ամանի մեջ։

14 Թռչող գրքի տեսիլքից հետո հրեշտակը Զաքարիային ասում է, որ աչքերը բարձրացնի ու նայի։ Այս անգամ Զաքարիան տեսնում է, որ մի աման է մոտենում, որը «արդու» է կոչվում (կարդա Զաքարիա 5։5–8)։ Այդ միջին չափի ամանը «կապարե կլոր կափարիչ» ունի։ Երբ կափարիչը բարձրացվում է, Զաքարիան տեսնում է մի կնոջ, որը նստած է այդ ամանի մեջ։ Հրեշտակն ասում է, որ այդ կինը «Ամբարշտությունն» է։ Պատկերացրու, թե մարգարեն որքան է սարսափում, երբ տեսնում է, որ այդ կինը փորձում է դուրս գալ ամանի միջից։ Սակայն հրեշտակը նրան հետ է հրում և ամանի բերանը ծանր կափարիչով փակում է։ Ի՞նչ է սա նշանակում։

15 Յոթերորդ տեսիլքի այս հատվածը ցույց է տալիս, որ Եհովան իր ժողովրդի մեջ ոչ մի տեսակի ամբարշտություն չի հանդուրժի։ Նա այնպես կանի, որ ամբարշտությունը չտարածվի և անհապաղ հեռացվի (1 Կորնթ. 5։13)։ Հրեշտակը վստահեցնում է մեզ դրանում՝ կապարե կափարիչով ամանն իսկույն փակելով։

Եհովան իր երկրպագությունը մաքուր է պահում (տես պարբերություն 16–18)

16. ա) Ի՞նչ եղավ արդուի ամանին (տես հոդվածի սկզբի երրորդ նկարը)։ բ) Թռչնի թևեր ունեցող կանայք ո՞ւր են տանում արդուի ամանը։

16 Այնուհետև տեսիլքում երկու կանայք են հայտնվում, որոնք թռչնի մեծ թևեր ունեն։ Նրանց թևերը նման են արագիլի թևերի (կարդա Զաքարիա 5։9–11)։ Այս կանայք շատ տարբեր են ամանի մեջ փակված կնոջից։ Նրանք, իրենց հզոր թևերը թափահարելով, բարձրացնում են արդուի ամանը և «Ամբարշտությանը» տանում են «Սենաարի երկիր»՝ Բաբելոն։ Իսկ ինչո՞ւ հենց Բաբելոն։

17, 18. ա) Ինչո՞ւ էր Սենաարը հարմար վայր «Ամբարշտության» համար։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։

17 Զաքարիայի օրերում ապրող հրեաների համար հասկանալի էր, թե ինչու էր տեղին, որ «Ամբարշտությունը» տարվեր Սենաար։ Զաքարիան ու իր ազգակիցները կարող էին հաստատել, որ այդ օրերում Բաբելոնում ամբարշտություն էր տիրում։ Այն լի էր անբարոյությամբ ու կռապաշտությամբ։ Այնտեղ ապրելիս նրանք ամեն օր ստիպված էին պայքարել, որ այդ հեթանոս աշխարհի ոգին չազդեր իրենց վրա։ Հետևաբար Զաքարիային տրված այս տեսիլքը պետք է որ մեծ մխիթարություն լիներ նրանց համար, քանի որ այն հավաստիացնում էր, որ Եհովան իր երկրպագությունը մաքուր է պահելու։

18 Սակայն տեսիլքը նաև հիշեցնում էր հրեաներին, որ նրանք էլ իրենց հերթին պարտավոր են երկրպագությունը մաքուր պահել։ Եհովայի ժողովուրդը չի կարող թույլ տալ և թույլ չի էլ տա, որ ամբարշտությունը ներթափանցի ու հաստատվի իր մեջ։ Այսօր գտնվելով Աստծու մաքուր կազմակերպության սիրառատ հոգածության և պաշտպանության ներքո՝ մենք պարտավոր ենք այն միշտ մաքուր պահել։ Պատրա՞ստ ենք այդպես վարվելու։ Ցանկացած տեսակի ամբարշտություն տեղ չունի մեր հոգևոր դրախտում։

ՄԱՔՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏՎՈՒՄ Է ԵՀՈՎԱՅԻՆ

19. Զաքարիայի տեսիլքները այսօր ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար։

19 Զաքարիայի վեցերորդ և յոթերորդ տեսիլքները սթափեցնող նախազգուշացում են բոլոր նրանց համար, ովքեր ազնվությամբ չեն վարվում։ Դրանք նաև հիշեցումն են այն բանի, որ Եհովան անօրենություն չի հանդուրժում։ Ուստի նրան անկեղծ սրտով երկրպագողները պետք է ատեն չարությունը։ Այս տեսիլքների միջոցով մեր երկնային Հայրը վստահեցնում է մեզ, որ եթե իր հավանությանն արժանանալու համար ամեն ջանք թափենք, կունենանք իր պաշտպանությունը, և մահվան անեծքը մեզ վրա չի գա։ Փոխարենը՝ նա ուրախությամբ կօրհնի մեզ։ Ամբարշտությամբ լի աշխարհում մաքուր մնալու մեր ջանքերը զուր չեն անցնի։ Եկեք համոզված լինենք, որ Եհովան կօգնի մեզ այդ պայքարում։ Իսկ ինչպե՞ս վստահ լինենք, որ ճշմարիտ երկրպագությունը կհարատևի այս անաստված աշխարհում։ Ի՞նչ երաշխիք ունենք, որ Եհովան կպաշտպանի իր կազմակերպությունը, մինչ մոտենում է մեծ նեղությունը։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։