Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին իմաստուն դառնալ փրկության համար

Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին իմաստուն դառնալ փրկության համար

«Վաղ մանկությունից գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար» (2 ՏԻՄՈԹ. 3։15

ԵՐԳ 141, 134

1, 2. Ինչո՞ւ են որոշ ծնողներ անհանգստանում, երբ իրենց երեխաները ցանկանում են նվիրվել Եհովային ու մկրտվել։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ուսումնասիրող հազարավոր մարդիկ նվիրվում են Եհովային ու մկրտվում։ Նրանցից շատերը երիտասարդներ են, որոնք մեծացել են ճշմարտության մեջ և ընտրել են կյանքի լավագույն ուղին (Սաղ. 1։1–3)։ Եթե քրիստոնյա ծնող ես, անկասկած, մեծ փափագով ես սպասում այն օրվան, երբ քո որդին կամ դուստրը կմկրտվի (համեմատիր 3 Հովհաննես 4

2 Սակայն հնարավոր է՝ նաև անհանգստանում ես։ Թերևս ճանաչում ես պատանիների, որոնք մկրտվել են, բայց որոշ ժամանակ անց սկսել են կասկածել, թե արդյոք իմաստուն է Աստծու չափանիշներով ապրել։ Ոմանք նույնիսկ թողել են ճշմարտությունը։ Ուստի գուցե անհանգստանում ես, որ քո երեխան էլ, ընտրելով քրիստոնեական ուղին, հետագայում կփոխվի և կկորցնի ճշմարտության հանդեպ իր սերը, ինչպես առաջին դարի եփեսացի քրիստոնյաները։ Այդ ժողովի մասին Հիսուսն ասաց. «Դու թողել ես այն սերը, որը սկզբից ունեիր» (Հայտն. 2։4)։ Ի՞նչ կարող ես անել, որ քո երեխային նման բան չպատահի։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրան, որ «աճի և հասնի փրկության» (1 Պետ. 2։2)։ Եկեք քննենք Տիմոթեոսի օրինակը։

«ԳԻՏԵՍ ՍՈՒՐԲ ԳՐՔԵՐԸ»

3. ա) Տիմոթեոսն ինչպե՞ս դարձավ քրիստոնյա, և ի՞նչ ազդեցություն նրա վրա գործեցին քրիստոնեական ուսմունքները։ բ) Պողոսը Տիմոթեոսի ուշադրությունը ի՞նչ երեք բաների վրա հրավիրեց։

3 Մ. թ. 47 թվականին Պողոս առաքյալը առաջին անգամ այցելեց Լյուստրա։ Հավանաբար այդ ժամանակ էր, որ Տիմոթեոսը ծանոթացավ քրիստոնեական ուսմունքներին։ Թեև նա պատանի էր, սակայն կիրառում էր այն ամենը, ինչ սովորում էր։ Երկու տարի անց նա սկսեց շրջագայական ծառայության մեջ ուղեկցել Պողոսին։ Դրանից մոտ 16 տարի անց Պողոսը նրան գրեց. «Հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր՝ իմանալով, թե ումից սովորեցիր դրանք, և որ վաղ մանկությունից գիտես սուրբ գրքերը [Եբրայերեն Գրությունները], որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով» (2 Տիմոթ. 3։14, 15)։ Պողոսի խոսքերից իմանում ենք, թե որքան կարևոր է 1) իմանալ սուրբ գրքերը, 2) սովորած բաներում հաստատ համոզված լինել և 3) Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով իմաստուն դառնալ փրկության համար։

4. Ի՞նչ արդյունավետ գործիքներ ես օգտագործում երեխաներիդ կրթելու համար (տես հոդվածի սկզբի նկարը)։

4 Լինելով քրիստոնյա ծնող՝ անշուշտ ցանկանում ես, որ երեխադ իմանա սուրբ գրքերը, որոնք այսօր ընդգրկում են թե՛ Եբրայերեն, թե՛ Հունարեն Գրությունները։ Նույնիսկ փոքր երեխաները իրենց ընդունակությունների սահմաններում կարող են հիմնական գիտելիքներ ձեռք բերել աստվածաշնչյան կերպարների ու դեպքերի մասին։ Եհովայի կազմակերպությունը մի շարք գործիքներ է պատրաստել, որոնք ծնողները կարող են օգտագործել իրենց երեխաներին օգնելու համար։ Ի՞նչ գործիքներ են մատչելի քո լեզվով։ Հիշիր. սուրբգրային գիտելիքները այն հիմքն են, որի վրա մարդը ամուր փոխհարաբերություններ է կառուցում Եհովայի հետ։

«ՀԱՍՏԱՏ ՀԱՄՈԶՎԵՑԻՐ»

5. ա) Ի՞նչ է նշանակում «հաստատ համոզված» լինել։ բ) Ինչի՞ց է երևում Տիմոթեոսի համոզվածությունը այն բանում, որ Հիսուսն է Մեսիան։

5 Սուրբգրային գիտելիքները շատ կարևոր են։ Սակայն երեխաներին հոգևոր կրթություն տալը աստվածաշնչյան կերպարների ու դեպքերի մասին սովորեցնելուց ավելին է ներառում։ Տիմոթեոսն իր սովորած բաներում «հաստատ համոզվել» էր։ Բնագրային լեզվում այս արտահայտությունը նշանակում է «հավաստիանալ» կամ «վստահ լինել, որ տվյալ բանը ճիշտ է»։ Տիմոթեոսը Եբրայերեն Գրությունները մանկուց գիտեր։ Բայց հետագայում, անհերքելի ապացույցներն ուսումնասիրելով, համոզվեց, որ Հիսուսն է Մեսիան։ Նա այնքան էր դրանում համոզված, որ մկրտվեց ու միսիոներական ծառայության մեջ միացավ Պողոսին։

6. Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ հաստատ համոզվել այն բաներում, որ սովորում են Աստծու Խոսքից։

6 Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ, որ Տիմոթեոսի պես հաստատ համոզված լինեն իրենց սովորած բաներում։ Նախ՝ եղիր համբերատար։ Համոզվածությունը միանգամից չի առաջանում։ Այն քեզնից չի փոխանցվում զավակներիդ, ինչքան էլ մեծ լինի քո համոզվածությունը։ Յուրաքանչյուր երեխա պետք է գործի դնի իր բանականությունը, որ համոզվի Աստվածաշնչի ճշմարտացիության մեջ (կարդա Հռոմեացիներ 12։1)։ Դու՝ որպես ծնող, կարևոր դեր ունես, հատկապես երբ երեխադ քեզ հարցեր է տալիս։ Նկատի առնենք մի օրինակ։

7, 8. ա) Մի քրիստոնյա հայր աղջկան կրթելիս ինչպե՞ս է համբերություն դրսևորում։ բ) Երեխայիդ կրթելիս ե՞րբ ես կարիք զգացել համբերատար լինելու։

7 Թոմասը, որը 11 տարեկան աղջիկ ունի, պատմում է. «Աղջիկս այսպիսի հարցեր է տալիս. «Հնարավոր չէ՞, որ Եհովան էվոլյուցիայի միջոցով ստեղծած լինի կյանքը»։ Կամ՝ «Ներկայիս իրավիճակը փոխելու համար ինչո՞ւ հասարակական կյանքին չենք խառնվում, օրինակ՝ ընտրություններին չենք մասնակցում»։ Երբեմն ինձ զսպում եմ, որ նրան պատասխանելիս դոգմատիկ բաներ չասեմ։ Համոզվելու համար մեկ ծանրակշիռ փաստը բավարար չէ։ Դրա համար բազում փոքր ապացույցներ են հարկավոր»։

8 Թոմասը գիտի, որ երեխային կրթելու համար հարկավոր է համբերատար լինել։ Իրականում այս հատկությունը բոլոր քրիստոնյաներին է անհրաժեշտ (Կող. 3։12)։ Թոմասը հասկանում է, որ մի հարցի շուրջ գուցե կարիք լինի շատ անգամներ զրուցել։ Ուստի պետք է օգնի իր աղջկան տրամաբանել Աստվածաշնչի միջոցով, որպեսզի նա համոզվի իր սովորած բաներում։ Եղբայրն ասում է. «Հատկապես երբ խոսքը կարևոր ուսմունքների մասին է, ես ու կինս ուզում ենք վստահ լինել, որ մեր զավակը իսկապես հասկանում է այն բաները, որ սովորեցնում ենք, և հավատում է դրանց։ Եթե նա հարցեր է տալիս, դա մեզ ուրախացնում է։ Ես կանհանգստանայի, եթե նա առանց հարցեր տալու ամեն բան ընդուներ»։

9. Ինչպե՞ս կարող ես երեխաներիդ մեջ սերմանել Աստծու Խոսքը։

9 Եթե ծնողները համբերությամբ սովորեցնեն իրենց երեխաներին, վերջիններս աստիճանաբար «կըմբռնեն, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը» (Եփես. 3։18)։ Կրթիր զավակներիդ՝ հաշվի առնելով նրանց տարիքն ու ընդունակությունները։ Երբ նրանք համոզվեն իրենց սովորած բաներում, ավելի պատրաստված կլինեն ուրիշների, այդ թվում՝ համադասարանցիների առաջ պաշտպանելու իրենց համոզմունքները (1 Պետ. 3։15)։ Օրինակ՝ կարո՞ղ են արդյոք երեխաներդ Աստվածաշնչով բացատրել, թե ինչ է լինում մահից հետո։ Արդյո՞ք նրանք Աստվածաշնչի բացատրությունը տրամաբանական են համարում։ * Այո՛, Աստծու Խոսքը զավակներիդ մեջ սերմանելու համար պետք է համբերատար լինես, սակայն դրա համար արժե՛ ջանքեր թափել (2 Օրենք 6։6, 7

10. Երեխաներիդ կրթելու գործում ի՞նչը կարևոր դեր ունի։

10 Քո օրինակը նույնպես կարևոր է. այն երեխաներիդ կօգնի հավատ զարգացնել։ Ստեֆանին, որը երեք աղջիկ ունի, ասում է. «Դեռ այն ժամանակվանից, երբ երեխաներս շատ փոքր էին, ինքս ինձ միշտ հարցնում էի. «Արդյո՞ք զավակներիս հետ բավարար չափով խոսում եմ այն մասին, թե ինչու եմ ինքս համոզված, որ Եհովան գոյություն ունի, որ նա սիրում է մեզ, և որ նրա սկզբունքները ճիշտ են։ Արդյո՞ք նրանք պարզ տեսնում են, որ ես իրոք սիրում եմ Եհովային»։ Չեմ կարող ակնկալել, որ իմ երեխաները կհամոզվեն այս բաներում, եթե ինքս համոզված չլինեմ»։

«ԿԱՐՈՂ ԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՔԵԶ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

11, 12. Ի՞նչ է իմաստությունը, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ այն չի որոշվում լոկ մարդու տարիքով։

11 Ինչպես տեսանք, Տիմոթեոսը սուրբգրային գիտելիքներ ուներ և հաստատ համոզված էր, որ իր սովորածը ճիշտ է։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ սուրբ գրքերը կարող են Տիմոթեոսին «իմաստուն դարձնել.... փրկության համար»։

12 «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանում (անգլ., ռուս.) բացատրվում է, թե «իմաստություն» բառը ինչ է նշանակում Սուրբ Գրքում։ Այն «գիտելիքներն ու հասկացողությունն օգտագործելու կարողությունն է, որն օգնում է լուծել խնդիրները, խուսափել վտանգներից կամ կանխել դրանք, հասնել նպատակներին կամ ուրիշներին խորհուրդ տալ, թե ինչպես դա անել։ Իմաստությունը հիմարության հականիշն է»։ Աստվածաշնչում ասվում է, որ «հիմարությունը կապված է երեխայի սրտին» (Առակ. 22։15)։ Ուստի իմաստությունը, հակառակ լինելով հիմարությանը, ցույց է տալիս, որ մարդը հասուն է։ Հոգևոր հասունությունը չի որոշվում գլխավորապես մարդու տարիքով, այլ երևում է այն բանից, թե արդյոք մարդը առողջ վախ ունի Եհովայի հանդեպ և արդյոք պատրաստակամությամբ է հնազանդվում նրան (կարդա Սաղմոս 111։10

13. Պատանիներն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ իմաստուն են դարձել փրկության համար։

13 Այն պատանիները, որոնք բավարար հոգևոր հասունության են հասել, իրենց ցանկությունների կամ հասակակիցների ճնշման պատճառով այս ու այն կողմ չեն քշվում՝ «ասես ալիքներից տարուբերված» (Եփես. 4։14)։ «Իրենց ըմբռնողականությունը գործադրելով»՝ նրանք «այն մարզում են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբր. 5։14)։ Ինչի՞ց է երևում, որ պատանիները հասունանում են։ Դա երևում է այն բանից, որ նրանք իմաստուն որոշումներ են կայացնում, նույնիսկ երբ իրենց ծնողները կամ այլ մեծեր իրենց չեն տեսնում (Փիլիպ. 2։12)։ Այդպիսի իմաստությունը անհրաժեշտ է փրկության համար (կարդա Առակներ 24։14)։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ ձեռք բերել այն։ Նախևառաջ՝ նրանց փոխանցիր Աստվածաշնչի վրա հիմնված քո արժեքները։ Քո խոսքերով ու օրինակով ցույց տուր նրանց, որ դու որդեգրել ես Աստծու չափանիշները (Հռոմ. 2։21–23

Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները շարունակ ջանքեր թափեն (տես պարբերություն 14–18)

14, 15. ա) Մկրտվել ցանկացող պատանին ի՞նչ հարցերի շուրջ պետք է խորհրդածի։ բ) Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ մտածելու այն օրհնությունների մասին, որ նա կստանա Աստծուն հնազանդվելու դեպքում։

14 Սակայն բավարար չէ երեխաներիդ պարզապես ասել, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Պետք է նաև նրանց օգնես մտածել այսպիսի հարցերի շուրջ. «Ինչո՞ւ է Աստվածաշունչը արգելում այն, ինչը մարմնի համար գրավիչ է։ Ինչո՞ւ եմ համոզված, որ Աստծու չափանիշները ինձ միշտ օգուտ կբերեն» (Ես. 48։17, 18

15 Մկրտվել ցանկացող երեխային հարկավոր է օգնել մտածելու նաև քրիստոնեական պարտականությունների մասին։ Ճշմարտության ճանապարհով գնալը ի՞նչ օգուտ է բերում։ Ի՞նչ զոհողություններ է հարկավոր անել։ Ինչո՞ւ կարելի է վստահ լինել, որ օրհնությունները անհամեմատ ավելի շատ են, քան զոհողությունները (Մարկ. 10։29, 30)։ Սրանք այն հարցերն են, որոնց առաջ մարդը գուցե կանգնի մկրտությունից հետո։ Ուստի անհրաժեշտ է դրանց շուրջ խորհրդածել նախքան այդ կարևոր քայլն անելը։ Եթե երեխայիդ օգնես խորապես հասկանալ, թե ինչ օրհնություններ նա կստանա հնազանդվելու դեպքում, և ինչ հետևանքներ կբերի անհնազանդությունը, ամենայն հավանականությամբ, նա անձամբ կհամոզվի, որ Աստծու չափանիշներով ապրելը միշտ օգուտ է բերում, որ դա է կյանքի լավագույն ուղին (2 Օրենք 30։19, 20

ԵՐԲ ՄԿՐՏՎԱԾ ՊԱՏԱՆՈՒ ՀԱՎԱՏԸ ՍԱՍԱՆՎՈՒՄ Է

16. Ծնողներն ի՞նչ պետք է անեն, եթե իրենց մկրտված զավակի հավատը սասանվի։

16 Ի՞նչ կարող ես անել, եթե դեռահաս որդիդ կամ դուստրդ մկրտվելուց որոշ ժամանակ հետո սկսում է կասկածներ արտահայտել։ Հնարավոր է՝ այս աշխարհը ձգում է նրան, կամ նա սկսում է կասկածել, թե արդյոք իմաստուն է Աստծու չափանիշներով ապրել (Սաղ. 73։1–3, 12, 13)։ Հիշիր, որ քո արձագանքից շատ բան է կախված. այն կարող է կա՛մ երեխայիդ վանել քո հավատից, կա՛մ օգնել նրան ավելի մտերմանալու Եհովայի հետ։ Ուստի զավակիդ պատերազմ մի՛ հայտարարիր, ինչ տարիքի էլ նա լինի։ Փոխարենը՝ ձգտիր սիրով աջակցել նրան։

17, 18. Եթե պատանին կասկածներ ունի, ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել նրան։

17 Մկրտված պատանին Եհովային նվիրման երդում է տվել։ Նա խոստացել է սիրել Աստծուն ու նրա կամքը կատարելը առաջին տեղում դնել (կարդա Մարկոս 12։30)։ Եհովան այս խոստումը շատ լուրջ է համարում, ուստի մենք էլ պետք է լրջորեն վերաբերվենք դրան (Ժող. 5։4, 5)։ Հարմար պահին երեխայիդ բարյացակամորեն հիշեցրու այս մասին։ Սակայն մինչ այդ ուսումնասիրիր այն նյութերը, որոնք Եհովայի կազմակերպությունը տրամադրել է ծնողներին։ Այդպես կկարողանաս օգնել զավակիդ հասկանալու, որ նվիրվելով Եհովային ու մկրտվելով՝ նա շատ լուրջ որոշում է կայացրել, որը բազում օրհնություններ է բերում։

18 Օրինակ՝ կարող ես օգտակար խորհուրդներ գտնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորի վերջում զետեղված «Ծնողների հարցերը» հավելվածում։ Այնտեղ ասվում է. «Շտապ մի՛ եզրակացրու, որ երեխադ մերժում է քո կրոնը։ Հաճախ ուրիշ բան է դրա հետևում թաքնված լինում»։ Պատճառներից մեկը հասակակիցների ճնշումն է։ Կամ հնարավոր է՝ երեխադ իրեն մենակ է զգում կամ էլ կարծում է, որ մյուս քրիստոնյա պատանիները ավելի շատ հաջողությունների են հասնում հոգևոր կյանքում։ Հավելվածում կարդում ենք. «Ինչ խոսք, այսպիսի հարցերը այդքան էլ չեն վերաբերում քո հավատի սկզբունքներին։ Դրանք ավելի շատ վերաբերում են այն հանգամանքներին, որոնց պատճառով դժվար է հավատ դրսևորել, համենայն դեպս այս պահին»։ Այնուհետև հավելվածում խորհուրդներ են տրվում, թե ինչպես քրիստոնյա ծնողը կարող է օգնել իր դեռահաս երեխային, ում հավատը սասանվել է։

19. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին իմաստուն դառնալ փրկության համար։

19 Որպես ծնող՝ դու լուրջ պատասխանատվություն և առանձնաշնորհում ունես՝ դաստիարակել քո երեխաներին «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Ինչպես տեսանք, դրա համար հարկավոր է ոչ միայն սովորեցնել նրանց, թե ինչ է ասվում Աստվածաշնչում, այլև օգնել հաստատ համոզվելու, որ իրենց սովորած բաները ճիշտ են։ Այո՛, նրանք պետք է այնպես համոզվեն, որ մղվեն իրենց կյանքը նվիրելու Եհովային և ամբողջ սրտով նրան ծառայելու։ Թող որ Եհովայի Խոսքը, նրա ոգին և քո ջանքերը օգնեն երեխաներիդ իմաստուն դառնալ փրկության համար։

^ պարբ. 9 «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» հավաքածուի ուսումնասիրության էջերը հրաշալի գործիքներ են։ Դրանք կարող են օգնել թե՛ փոքրերին, թե՛ մեծերին հասկանալ ու բացատրել աստվածաշնչյան ճշմարտությունները։ Այդ էջերը տեղադրված են jw.org կայքում և մատչելի են բազում լեզուներով (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՄԻՋՈՑՆԵՐ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)։