Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը և ձեր ապագան

Աստվածաշունչը և ձեր ապագան

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ՝ ուշ երեկոյան քայլում եք մթին արահետով։ Թեև արևը վաղուց արդեն մայր է մտել, բայց դուք չեք անհանգստանում, թե կմոլորվեք մթության մեջ, քանի որ ձեր ձեռքին հզոր մի լապտեր կա։ Երբ այն ներքև եք ուղղում, հստակ տեսնում եք, թե ինչ կա անմիջապես ձեր ոտքերի առաջ։ Իսկ երբ այն պահում եք ձեր դիմաց, դրա պայծառ լույսը մեծ հեռավորության վրա լուսավորում է ձեր ճանապարհը։

Ինչ-որ առումով Աստվածաշունչը նման է այդպիսի մի լապտերի։ Ինչպես արդեն իմացանք նախորդ հոդվածներից, Աստծու Խոսքը կարող է օգնել մեզ հաղթահարելու անմիջապես մեր առջև ծառացած խոչընդոտները, այսինքն՝ առօրյա կյանքում հանդիպող խնդիրները, որոնց բոլորն են բախվում այս փոփոխական աշխարհում։ Բայց այն նաև լուսավորում է մեր ապագան՝ ցույց տալով հարատև երջանկության և բավականություն պատճառող կյանքի ճանապարհը (Սաղմոս 119։105)։ Իսկ ինչպե՞ս է Աստծու Խոսքն օգնում մեզ հիանալի ապագայի հեռանկար ունենալ։

Երկու առումով. 1 օգնում է գտնել կյանքի իմաստը, և 2 սովորեցնում է՝ ինչպես մեր Արարչի հետ մտերիմ, հարատև ընկերություն հաստատել։

1 ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Աստվածաշունչը մեզ վստահելի խորհուրդներ է տալիս կյանքի խնդիրները հաղթահարելու համար, բայց այն պարզապես լավ խորհուրդների գիրք չէ։ Այն շատ ավելի մեծ օգուտներ է բերում մեզ։ Աստվածաշունչը օգնում է, որ չկենտրոնանանք լոկ մեր խնդիրների ու մտահոգությունների վրա, այլ հասկանանք, որ աշխարհը միայն մեր շուրջը չի պտտվում և կան շատ ավելի լուրջ ու գլոբալ հարցեր։ Միայն այդ դեպքում մեր կյանքը կարող է իսկական իմաստով լցվել։

Մտածենք, օրինակ, աստվածաշնչյան հետևյալ սկզբունքի մասին. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Հիշո՞ւմ եք այնպիսի դեպք, երբ կարիքի մեջ եղող որևէ մարդու նյութական օգնություն եք ցույց տվել։ Կամ գուցե օգնել եք ձեր ընկերոջը՝ կարեկցանքով լսելով նրան, երբ նա իր սիրտը բացել է ձեր առաջ։ Մի՞թե բավարարվածության զգացում չեք ունեցել, երբ սրտանց օգնել եք ինչ-որ մեկի և թեթևացրել նրա բեռը։

Ամենամեծ ուրախությունը զգում ենք այն ժամանակ, երբ տալիս ենք՝ փոխարենը ոչինչ չակնկալելով։ Մի գրող ասել է. «Գրեթե չի լինում այնպես, որ անձնազոհաբար օգնես ուրիշներին և չստանաս ավելին, քան տվել ես, եթե իհարկե դա արել ես՝ առանց որևէ ակնկալիքի»։ Այդուհանդերձ, երբ անձնազոհաբար օգնում ենք մարդկանց, հատկապես նրանց, ովքեր չեն կարող մեզ փոխարենը ինչ-որ բան հատուցել, մենք, միևնույնն է, ստանում ենք վարձատրություն։ Մենք ուս ուսի համագործակցում ենք անձամբ մեր Արարչի հետ, ով բարության այդ գործերը համարում է իրեն տրված պարտք (Առակներ 19։17)։Նա շատ է գնահատում այն ամենը, ինչ անում ենք «խեղճի» համար, և խոստանում է, որ կփոխհատուցի՝ տալով մեզ անհամեմատ ավելի մեծ վարձատրություն՝ հավիտենական կյանք դրախտային երկրում։ Սա իսկապես հիասքանչ հեռանկար է (Սաղմոս 37։29; Ղուկաս 14։12–14 *

Աստվածաշունչը նաև սովորեցնում է, որ մեր կյանքն իրական իմաստով կլցվի միայն այն դեպքում, եթե երկրպագենք ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Նրա Խոսքը հորդորում է մեզ փառաբանել, պատվել և հնազանդվել Աստծուն, ինչին նա իրավամբ արժանի է (Ժողովող 12։13; Հայտնություն 4։11)։ Երբ այդպես ենք վարվում՝ ապշեցուցիչ մի բան է տեղի ունենում. մենք դրական ազդեցություն ենք թողնում մեր Արարչի զգացումների վրա։ Նա հորդորում է. «Իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու» (Առակներ 27։11)։ Միայն պատկերացրեք՝ երբ Աստվածաշնչի սկզբունքների վրա հիմնված իմաստուն որոշումներ ենք կայացնում, ուրախացնում ենք մեր սիրելի երկնային Հոր սիրտը։ Ինչո՞ւ է նա ուրախանում։ Քանի որ սիրում է մեզ և ուզում է, որ օգուտներ քաղենք՝ հետևելով իր տված առաջնորդությանը (Եսայիա 48։17, 18)։ Մի՞թե մեր կյանքը կարող է ավելի վեհ նպատակ ունենալ, քան այն, որ երկրպագենք տիեզերքի Գերիշխանին և ապրենք այնպես, որ ուրախացնենք նրա սիրտը։

2 ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐՉԻ ՀԵՏ

Աստվածաշունչը նաև սովորեցնում է, թե ինչպես կարող ենք մտերիմ ընկերություն հաստատել մեր Արարչի հետ։ Այնտեղ կարդում ենք. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Գուցե կասկածենք, որ իսկապես հնարավոր է ընկերանալ ամենազոր Արարչի հետ։ Բայց Աստվածաշունչը հավաստիացնում է, որ եթե «փնտրենք Աստծուն», «կգտնենք նրան», քանի որ «իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Աստծու ընկերը դառնալու աստվածաշնչյան հորդորին հետևելը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր ապագայի վրա։ Ի՞նչ առումով։

Նկատի առնենք հետևյալը. մենք ինչ էլ անենք, չենք կարող խուսափել «վերջին թշնամուց»՝ մահից (1 Կորնթացիներ 15։26)։ Բայց մահը իշխանություն չունի Աստծու վրա, նա հավիտենական է և ուզում է, որ իր ընկերներն էլ ապրեն հավիտյան։ Եհովայի այդ ցանկությունը արտահայտված է աստվածաշնչյան այս պարզ, բայցև պատկերավոր խոսքերում. «Թող ձեր սրտերը ապրեն հավիտյան» (Սաղմոս 22։26

Ի՞նչ կարող եք անել Աստծու հետ հարատև ընկերություն վայելելու համար։ Շարունակեք սովորել նրա մասին՝ ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (Հովհաննես 17։3; 2 Տիմոթեոս 3։16)։ Նաև խնդրեք Աստծուն, որ օգնի ձեզ հասկանալ իր Խոսքը։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ եթե «շարունակ խնդրեք Աստծուն», որ ձեզ իմաստություն տա, նա կպատասխանի ձեր անկեղծ խնդրանքներին (Հակոբոս 1։5 * Բացի այդ՝ պետք է ամեն ջանք թափեք, որ կիրառեք ձեր սովորածը՝ թույլ տալով, որ Աստծու Խոսքը լինի «ճրագ ձեր ոտքերի համար» և «լույս՝ ձեր ճանապարհի համար» (Սաղմոս 119։105

^ պարբ. 8 Դրախտային երկրում հավիտենական կյանք պարգևելու Աստծու խոստման մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքի 3-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 13 Եհովայի վկաները առաջարկում են Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար դասընթաց, որը կարող է օգնել ձեզ ավելի խորությամբ հասկանալ Աստվածաշունչը։ Այդ դասընթացի մասին ավելին իմանալու համար jw.org/hy կայքում դիտեք «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութը։

Աստված հավիտենական է և ուզում է, որ իր ընկերներն էլ ապրեն հավիտյան