Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձեր ապագան ձեր ձեռքերում է

Ձեր ապագան ձեր ձեռքերում է

ԴՈՒՔ ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԱԶԴԵԼ ՁԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՎՐԱ։ Ոմանք հավատում են ճակատագրին և կարծում են, թե իրենց կյանքում ամեն բան կանխորոշված է, և ոչինչ կախված չէ իրենց անձնական որոշումներից։ Երբ նրանք չեն հասնում իրենց նպատակներին, մեղքը գցում են ճակատագրի վրա։ Նրանք ասում են. «Ուրեմն այդպես էլ պետք է լիներ»։

Կան մարդիկ էլ, որ հիասթափություն են ապրում, երբ այս դաժան ու անարդար աշխարհում ոչ մի ելք չեն գտնում։ Թերևս նրանք ջանում են բարելավել իրենց կյանքը, բայց ամեն անգամ նրանց ծրագրերը հօդս են ցնդում պատերազմների, հանցագործության, բնական աղետների և հիվանդությունների պատճառով։ Եվ նրանք սկսում են մտածել. «Էլ ինչո՞ւ ջանք թափել»։

Ինչ խոսք, հանգամանքների փոփոխությունը կարող է մեծապես ազդել ձեր ծրագրերի վրա (Ժողովող 9։11)։ Բայց դուք ինքներդ եք որոշում, թե վերջնական հաշվով ինչպիսին կլինի ձեր ապագան։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այն կախված է ձեր ընտրությունից։ Տեսնենք, թե ինչ է ասվում այնտեղ։

Երբ հին Իսրայել ազգը Ավետյաց երկիր մտնելու շեմին էր, Մովսեսը, ով առաջնորդում էր ժողովրդին, ասաց. «Կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել.... Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը՝ սիրելով քո Աստված Եհովային, լսելով նրա ձայնին և նրան կառչած լինելով» (2 Օրենք 30։15, 19, 20)։

«Կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր» (2 Օրենք 30։19

Այո՛, Աստված իսրայելացիներին ազատել էր Եգիպտոսի ստրկությունից և Ավետյաց երկրում երջանիկ ու ազատ ապրելու հիանալի հեռանկար էր բացել նրանց առաջ։ Բայց այդ օրհնությունները ինքնաբերաբար չէին տրվելու իսրայելացիներին։ Դրանք ստանալու համար նրանք պետք է «կյանքը ընտրեին»։ Ինչպե՞ս։ Սիրելով Աստծուն, լսելով նրա ձայնին և նրան կառչած լինելով։

Այսօր դուք էլ եք կանգնած նմանատիպ ընտրության առաջ, և ձեր ապագան կախված է այդ ընտրությունից։ Եթե որոշեք սիրել Աստծուն, լսել նրա ձայնին և կառչած լինել նրանից, այդպիսով կընտրեք կյանքը՝ հավիտենական կյանքը դրախտային երկրում։ Իսկ ի՞նչ է նշանակում վերոնշյալ քայլերից յուրաքանչյուրը։

ՍԻՐԵՔ ԱՍՏԾՈՒՆ

Սերը Աստծու գլխավոր հատկությունն է։ Հովհաննես առաքյալը Աստծու ներշնչմամբ գրեց. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Ուստի երբ Հիսուսին հարցրին, թե որն է մեծագույն պատվիրանը, նա ասաց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։ Եհովա Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ոչ թե վախի և կույր հնազանդության վրա, այլ սիրո։ Իսկ ինչո՞ւ պետք է սիրենք նրան։

Եհովան սիրում է մարդկանց, ինչպես ծնողներն են սիրում իրենց երեխաներին։ Սիրող ծնողները, անկատար լինելով հանդերձ, կրթում, քաջալերում, աջակցում և խրատում են իրենց երեխաներին, քանի որ ուզում են, որ նրանք երջանիկ լինեն և հաջողությունների հասնեն կյանքում։ Իսկ դրա դիմաց ի՞նչ են ակնկալում ծնողները։ Նրանք ուզում են, որ երեխաները սիրեն իրենց և ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչը իրենք՝ որպես ծնող, սովորեցնում են նրանց, և ինչը նրանց իսկ օգտի համար է։ Ուստի մի՞թե բնական չէ, որ մեր կատարյալ երկնային Հայրը ակնկալում է, որ սիրենք իրեն ու գնահատենք այն ամենը, ինչ նա արել է մեզ համար։

ԼՍԵՔ ՆՐԱ ՁԱՅՆԻՆ

Աստվածաշնչի բնագիր լեզվում «լսել» բառը ունի «հնազանդվելու» իմաստ։ Մենք հենց այս իմաստով ենք օգտագործում այն, երբ երեխային ասում ենք՝ լսի՛ր ծնողներիդ։ Այսպիսով՝ լսել Աստծու ձայնին նշանակում է իմանալ, թե նա ինչ է ասում, և հնազանդվել նրա ասածներին։ Մենք չենք կարող բառացիորեն լսել Աստծուն. դա անում ենք՝ կարդալով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, և կիրառելով մեր սովորածը (1 Հովհաննես 5։3

Աստծուն լսելու կարևորությունը ընդգծելու համար մի առիթով Հիսուսն ասաց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթեոս 4։4)։ Թեև ֆիզիկական կերակուրը շատ կարևոր է մեր կյանքի համար, բայց այն գիտելիքները, որ ստանում ենք Աստծուց, առավել կարևոր են։ Ինչո՞ւ։ Իմաստուն Սողոմոն թագավորը դրա մասին հետևյալն է ասել. «Ինչպես իմաստությունը, այնպես էլ փողը պաշտպանություն են տալիս, բայց գիտելիքների ու իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ձեռք բերողների կյանքը» (Ժողովող 7։12)։ Աստծու տված գիտելիքներն ու իմաստությունը կարող են պաշտպանել մեզ և օգնել կայացնելու այնպիսի որոշումներ, որոնց շնորհիվ ապագայում հավիտենական կյանք կունենանք։

ԿԱՌՉԱԾ ԵՂԵՔ ՆՐԱՆ

Հիշենք Հիսուսի խոսքերը, որ մեջբերեցինք նախորդ հոդվածում։ Նա ասաց. «Նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։13, 14)։ Նման ճանապարհով քայլելիս, ինչ խոսք, մենք հմուտ առաջնորդի կարիք ունենք։ Եվ եթե ցանկանում ենք հասնել մեր նպատակակետին՝ հավիտենական կյանքին, պետք է սերտորեն հետևենք նրան։ Սա նշանակում է, որ պետք է մոտ մնանք Աստծուն (Սաղմոս 16։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։

Մեր կյանքում կան որոշ բաներ, որ պետք է անենք և բազմաթիվ բաներ, որ կուզեինք անել։ Այս ամենի պատճառով թերևս օրվա մեջ այնքան զբաղված լինենք, որ քիչ ժամանակ ունենանք կամ ընդհանրապես ժամանակ չունենանք մտածելու այն մասին, թե ինչ է Աստված ակնկալում մեզանից։ Ահա թե ինչու Աստվածաշնչում հետևյալ հիշեցումն է տրվում. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփեսացիներ 5։15, 16)։ Մենք մոտ ենք մնում Աստծուն, երբ նրա հետ ունեցած փոխհարաբերությունները առաջին տեղում ենք դնում մեր կյանքում (Մատթեոս 6։33

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐՆ Է

Թեև ոչինչ չեք կարող անել, որ փոխեք ձեր անցյալը, բայց կարող եք այնպես անել, որ դուք և ձեր մտերիմները ապահով ու լավ ապագա ունենաք։ Աստվածաշնչից իմանում ենք, որ մեր երկնային Հայրը՝ Եհովա Աստված, ջերմորեն սիրում է մեզ և հայտնում է, թե ինչ է ուզում, որ անենք։ Նկատի առնենք Միքիա մարգարեի խոսքերը.

«Նա ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչ է բարին։ Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից» (Միքիա 6։8

Կընդունե՞ք Եհովայի հրավերը և կքայլե՞ք նրա հետ, որպեսզի ստանաք այն հավիտենական օրհնությունները, որ նա պատրաստել է իր հետ քայլողների համար։ Ընտրությունը ձերն է։