Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճանաչո՞ւմ ես Եհովային այնպես, ինչպես Նոյը, Դանիելը և Հոբը

Ճանաչո՞ւմ ես Եհովային այնպես, ինչպես Նոյը, Դանիելը և Հոբը

«Չարությանը անձնատուր եղած մարդիկ չեն կարող հասկանալ արդարադատությունը, բայց Եհովային փնտրողները կարող են հասկանալ ամեն ինչ» (ԱՌԱԿ. 28։5

ԵՐԳ 126, 150

1–3. ա) Ի՞նչը կօգնի մեզ այս վերջին օրերում հավատարիմ մնալ Աստծուն։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ՄԻՆՉ վերջին օրերը մոտենում են իրենց վախճանին, ամբարիշտները շարունակում են «խոտի նման բուսնել» (Սաղ. 92։7)։ Ուստի զարմանալի չէ, որ մարդիկ ոտնահարում են բարոյական չափանիշները։ Այս միջավայրում ինչպե՞ս կարող ենք «երեխա լինել չարության հանդեպ», իսկ «հասկացողության հարցում լինել չափահաս» (1 Կորնթ. 14։20

2 Պատասխանը կարդում ենք այս հոդվածի բնաբանում, որտեղ ասվում է, որ «Եհովային փնտրողները կարող են հասկանալ ամեն ինչ», այսինքն՝ ամեն բան, որ անհրաժեշտ է Աստծուն հաճեցնելու համար (Առակ. 28։5)։ Նման միտք է արտահայտված Առակներ 2։7, 9 համարներում, որտեղ գրված է, որ Եհովան «ուղղամիտների համար իմաստություն կպահի»։ Դրա շնորհիվ նրանք կարող են «հասկանալ, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը»։

3 Նոյը, Դանիելը և Հոբը ձեռք էին բերել այդ իմաստությունը (Եզեկ. 14։14)։ Նույնը այսօր անում է Աստծու ժողովուրդը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Արդյո՞ք «հասկանում ես ամեն ինչ», որ անհրաժեշտ է Եհովային հաճեցնելու համար։ Որպեսզի հասկանաս այդ ամենը, պետք է ճշգրիտ գիտելիքներ ունենաս Աստծու մասին։ Սա ի մտի ունենալով՝ եկեք քննենք ու տեսնենք, թե 1) ինչպես Նոյը, Դանիելը և Հոբը ճանաչեցին Աստծուն, 2) այդ գիտելիքները ինչ օգուտ տվեցին նրանց, և 3) ինչպես կարող ենք զարգացնել այնպիսի հավատ, ինչպիսին նրանք ունեին։

ՆՈՅԸ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՔԱՅԼԵՑ ՉԱՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

4. Ինչպե՞ս Նոյը ճանաչեց Եհովային, և ինչպե՞ս ճշգրիտ գիտելիքները օգնեցին նրան։

4 Ինչպե՞ս Նոյը ճանաչեց Եհովային։ Սկսած մարդկության պատմության վաղ շրջանից՝ հավատ ունեցող անձինք Աստծու մասին իմանում էին հիմնականում երեք ձևով։ Նրանք դիտում էին տեսանելի ստեղծագործությունները, տեղեկություններ էին ստանում ուրիշ աստվածավախ մարդկանցից և տեսնում էին, թե ինչ օրհնություններ է բերում Աստծու արդար չափանիշներով ու սկզբունքներով ապրելը (Ես. 48։18)։ Դիտելով Եհովայի ստեղծած բաները՝ Նոյը ոչ միայն նրա գոյության բազում ապացույցներ էր տեսնում, այլև իմանում էր, թե ինչպիսի հատկություններ նա ունի, որոնցից են «նրա հավերժական զորությունն ու աստվածությունը» (Հռոմ. 1։20)։ Արդյունքում Նոյը ոչ թե պարզապես ընդունեց Աստծու գոյությունը, այլ ամուր հավատ զարգացրեց նրա հանդեպ։

5. Որտեղի՞ց Նոյը իմացավ մարդկության առնչությամբ Աստծու ունեցած նպատակի մասին։

5 Հավատը «գալիս է լսածից» (Հռոմ. 10։17)։ Որտեղի՞ց էր Նոյը լսել Եհովայի մասին։ Նա, անկասկած, շատ բան իմացել էր իր ազգականներից, օրինակ՝ իր հորից՝ Ղամեքից, որը հավատի տեր մարդ էր և ծնվել էր Ադամի կենդանության օրոք (տես հոդվածի սկզբի նկարը)։ Այդ ազգականներից էին նաև Նոյի պապիկը՝ Մաթուսաղան, և պապի պապը՝ Հարեդը, որը մահացավ, երբ Նոյը 366 տարեկան էր * (Ղուկ. 3։36, 37)։ Հավանաբար այս տղամարդկանցից ու նրանց կանանցից Նոյը լսել էր, թե ինչպես է սկսվել մարդկության պատմությունը, իմացել էր Աստծու նպատակի մասին, որի համաձայն՝ արդար մարդիկ պետք է լցնեին երկիրը, նաև տեղեկացել էր Եդեմի պարտեզում բարձրացված ապստամբության մասին, որի հետևանքները Նոյն իր աչքերով էր տեսնում (Ծննդ. 1։28; 3։16–19, 24)։ Ամեն դեպքում այն, ինչ Նոյն իմացավ, խորապես ազդեց նրա վրա ու մղեց ծառայելու Աստծուն (Ծննդ. 6։9

6, 7. Ինչպե՞ս հույսը զորացրեց Նոյի հավատը։

6 Հույսը զորացնում է հավատը։ Պատկերացրու, թե ինչ զգաց Նոյը, երբ իմացավ, որ իր անունը, որը հավանաբար նշանակում է «հանգիստ, մխիթարություն», հույսի հետ էր կապված (Ծննդ. 5։29, ծնթ.)։ Աստծու ներշնչմամբ Ղամեքն ասել էր. «[Նոյը] մեզ մխիթարություն կբերի.... մեր ձեռքերի ցավից, որ ունենք Եհովայի կողմից անիծված երկրի պատճառով»։ Նոյն իր հույսը Աստծու վրա էր դնում։ Իր նախահայրեր Աբելի ու Ենոքի պես՝ նա հավատում էր, որ կգա խոստացյալ «սերունդը» և կջախջախի օձի գլուխը (Ծննդ. 3։15

7 Թեև Նոյը հավանաբար չէր հասկանում այն մարգարեության մանրամասները, որը գրված է Ծննդոց 3։15-ում, նա գիտակցում էր, որ այն ազատագրման հույս է տալիս։ Եդեմական խոստումը համահունչ էր նաև Ենոքի հռչակած լուրին, ով նույնպես կանխագուշակել էր, որ Աստված դատելու է չարերին (Հուդա 14, 15)։ Ենոքի մարգարեությունը, որը վերջնականապես կկատարվի Արմագեդոնի ժամանակ, անկասկած, ամրացրեց Նոյի հավատն ու հույսը։

8. Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները ինչպե՞ս պաշտպանեցին Նոյին։

8 Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները ի՞նչ օգուտ տվեցին Նոյին։ Ճշգրիտ գիտելիքների շնորհիվ Նոյը ձեռք բերեց հավատ և աստվածահաճո իմաստություն, որոնք իրեն պաշտպանեցին վտանգներից, հատկապես հոգևոր վնասից։ Օրինակ, քանի որ Նոյը «ճշմարիտ Աստծու հետ էր քայլում», նա անաստված մարդկանց հետ չէր ընկերակցում։ Նա թույլ չտվեց, որ մարմնավորված դևերը մոլորեցնեն իրեն, չնայած որ իրենց գերմարդկային ունակություններով նրանք անշուշտ տպավորում էին անաստված ու դյուրահավատ մարդկանց՝ հավանաբար դառնալով կուռք (Ծննդ. 6։1–4, 9)։ Նոյը նաև գիտեր, որ բազմանալու և երկիրը լցնելու պատվերը մարդկանց էր տրվել (Ծննդ. 1։27, 28)։ Ուստի նա, ըստ ամենայնի, գիտակցում էր, որ կանանց ու մարմնավորված ոգիների սեռական հարաբերությունները անբնական էին ու սխալ։ Սա ավելի պարզ դարձավ, երբ այդ միություններից առաջ եկավ անբնական սերունդ։ Որոշ ժամանակ հետո Աստված Նոյին զգուշացրեց, որ ջրհեղեղ է բերելու երկրի վրա։ Հավատալով այդ նախազգուշացմանը՝ Նոյը տապան կառուցեց և փրկեց իր ընտանիքը (Եբր. 11։7

9, 10. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նոյի հավատը։

9 Ինչպե՞ս զարգացնենք այնպիսի հավատ, ինչպիսին ուներ Նոյը։ Դրա համար անհրաժեշտ է լավ ուսումնասիրել Աստծու Խոսքը, սրտով ընդունել սովորածը և թույլ տալ, որ այդ գիտելիքները ձևավորեն ու առաջնորդեն մեզ (1 Պետ. 1։13–15)։ Այդ դեպքում հավատն ու աստվածահաճո իմաստությունը կպաշտպանեն մեզ Սատանայի խորամանկ դիտավորություններից և աշխարհի չար ոգուց (2 Կորնթ. 2։11)։ Այդ ոգին մղում է սիրելու բռնությունն ու անբարոյությունը և կենտրոնանալու մարմնական ցանկությունների վրա (1 Հովհ. 2։15, 16)։ Հոգևորապես թույլ մարդկանց այն նույնիսկ կարող է մղել անտեսելու այն փաստը, որ Աստծու մեծ օրը մոտ է։ Երբ Հիսուսը մեր ժամանակները համեմատեց Նոյի օրերի հետ, նա կենտրոնացավ ոչ թե բռնության ու անբարոյության վրա, այլ այն բանի, թե որքան վտանգավոր է հոգևորի հարցում անտարբեր լինել (կարդա Մատթեոս 24։36–39

10 Հարցրու ինքդ քեզ. «Իմ ապրելակերպը փաստո՞ւմ է, որ ես իսկապես ճանաչում եմ Եհովային։ Իմ հավատը մղո՞ւմ է ինձ, որ ոչ միայն ապրեմ Աստծու արդար չափանիշներով, այլև հռչակեմ դրանք»։ Թող քո պատասխանները ցույց տան, որ դու էլ ես «ճշմարիտ Աստծու հետ քայլում»։

ԴԱՆԻԵԼԸ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԿՌԱՊԱՇՏ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ

11. ա) Կարդալով, որ Դանիելը վաղ տարիքից նվիրված էր Աստծուն՝ ի՞նչ ենք իմանում նրա դաստիարակության մասին։ բ) Դանիելի ո՞ր հատկությունները կուզես ընդօրինակել։

11 Ինչպե՞ս Դանիելը ճանաչեց Եհովային։ Դանիելը, ըստ ամենայնի, լավ էր դաստիարակվել իր ծնողների կողմից, որոնք իրեն սովորեցրել էին սիրել Եհովային ու նրա Խոսքը։ Եվ այդ սերը Դանիելի սրտում մնաց ողջ կյանքում։ Նույնիսկ երբ նա տարեց էր, խորապես մտածում էր Սուրբ Գրքերի շուրջ (Դան. 9։1, 2)։ Մարգարեի սրտագին և զղջալից աղոթքից տեսնում ենք, թե որքան լավ էր նա ճանաչում Աստծուն և քաջատեղյակ էր, թե ինչեր է Եհովան արել Իսրայելի համար։ Մի փոքր ժամանակ հատկացրու, որ կարդաս Դանիել 9։3–19 համարներում գրված այդ աղոթքը և խորհրդածես դրա շուրջ։ Մտածիր, թե ինչ ես դրանից իմանում Դանիելի մասին։

12–14. ա) Դանիելը ինչպե՞ս իմաստություն դրսևորեց։ բ) Ինչպե՞ս Դանիելը օրհնվեց իր քաջության ու նվիրվածության համար։

12 Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները ի՞նչ օգուտ տվեցին Դանիելին։ Հավատարիմ հրեայի համար կյանքը կռապաշտ Բաբելոնում շատ դժվար էր։ Եհովան հրեաներին ասել էր. «Խաղաղություն փնտրեք այն քաղաքի համար, ուր ձեզ գերության ուղարկեցի» (Երեմ. 29։7)։ Միևնույն ժամանակ Աստված բացարձակ նվիրվածություն էր պահանջում (Ելք 34։14)։ Ի՞նչը օգնեց Դանիելին հավասարակշռված կերպով կատարել այս երկու պահանջները։ Աստծուց բխող իմաստությունը օգնեց նրան հասկանալ այն սկզբունքը, ըստ որի՝ հարկավոր է պետական իշխանություններին հարաբերական հնազանդություն ցույց տալ։ Դարեր անց Հիսուսը նույն սկզբունքը սովորեցրեց (Ղուկ. 20։25

13 Ուշադրություն դարձրու, թե ինչ արեց Դանիելը, երբ արքայական օրենքով արգելվեց 30 օրվա ընթացքում աղոթել որևէ աստծու կամ մարդու՝ բացի թագավորից (կարդա Դանիել 6։7–10)։ Դանիելը կարող էր արդարանալ՝ ասելով. «Դե՛, երեսուն օրը հավերժություն չէ»։ Սակայն նա թույլ չտվեց, որ թագավորի հրամանը խանգարի իրեն կատարել իր սուրբգրային պարտականությունները։ Իհարկե, Դանիելը կարող էր աննկատ աղոթել, սակայն գիտակցում էր, որ ամեն օր աղոթելու իր սովորության մասին շատերը գիտեին։ Ուստի նա որոշեց այնպիսի տպավորություն չթողնել, թե զիջումների է գնում երկրպագության հարցում, չնայած որ այդպես վտանգում էր իր կյանքը։

14 Եհովան օրհնեց Դանիելին այն բանի համար, որ նա, ամեն ինչ լավ գիտակցելով ու քաջություն դրսևորելով, նման որոշում կայացրեց։ Աստված նրան հրաշքով փրկեց դաժան մահից։ Հատկանշական է, որ այս ամենի արդյունքում Եհովայի մասին հրաշալի վկայություն տրվեց Մարա-Պարսկական կայսրության ողջ տարածքում, նույնիսկ դրա հեռավոր վայրերում (Դան. 6։25–27

15. Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այնպիսի հավատ, ինչպիսին ուներ Դանիելը։

15 Ինչպե՞ս զարգացնենք այնպիսի հավատ, ինչպիսին ուներ Դանիելը։ Ամուր հավատ զարգացնելու համար կարևոր է ոչ թե պարզապես կարդալ Աստծու Խոսքը, այլ հասկանալ այն (Մատթ. 13։23)։ Մենք ուզում ենք Եհովայի մտածելակերպն ունենալ, այդ թվում՝ ըմբռնել նրա սկզբունքները։ Ուստի պետք է խորհրդածենք մեր կարդացածի շուրջ։ Նաև կարևոր է կանոնավոր կերպով սրտանց աղոթել, հատկապես երբ բախվում ենք փորձությունների կամ այլ դժվարությունների։ Հիշիր. երբ հավատով աղոթում ենք Եհովային և նրանից իմաստություն ու զորություն ենք խնդրում, նա մեզ առատորեն տալիս է դրանք (Հակ. 1։5

ՀՈԲԸ ՄԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄ ԷՐ ԱՍՏԾՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

16, 17. Ինչպե՞ս Հոբը ճշգրիտ գիտելիքներ ստացավ Աստծու մասին։

16 Ինչպե՞ս Հոբը ճանաչեց Եհովային։ Հոբը իսրայելացի չէր, սակայն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հեռավոր ազգականներից էր։ Վերջիններիս Եհովան մանրամասն տեղեկություններ էր հայտնել մարդկությանը վերաբերող իր նպատակի և իր մասին։ Թեև հայտնի չէ՝ ինչպես, բայց Հոբը իմացել էր այս անգին ճշմարտություններից շատերը (Հոբ 23։12)։ Նա ասաց. «Ականջովս լսել եմ քո մասին» (Հոբ 42։5)։ Նաև Եհովան ինքը նշեց, որ Հոբը ճշմարտությունը խոսեց Իր մասին (Հոբ 42։7, 8

Երբ տեսանելի ստեղծագործություններին նայելով՝ տեսնում ենք Աստծու անտեսանելի հատկությունները, մեր հավատը զորանում է (տես պարբերություն 17)

17 Բացի այդ, Հոբը, տեսանելի ստեղծագործություններին նայելով, իմանում էր, թե ինչ անտեսանելի հատկություններ ունի Աստված (Հոբ 12։7–9, 13)։ Ավելի ուշ թե՛ Եղիուսը, թե՛ Եհովան, տարբեր ստեղծագործություններից խոսելով, Հոբին հիշեցրին, թե Աստծու առաջ որքան աննշան է մարդը (Հոբ 37։14; 38։1–4)։ Եհովայի խոսքերը հասան Հոբի սրտին։ Նա խոնարհաբար ասաց Աստծուն. «Հիմա իմացա, որ դու ամեն ինչ կարող ես անել, և չկա մի մտադրություն, որ անիրագործելի լինի քեզ համար.... Փոշու և մոխրի մեջ զղջում եմ ես» (Հոբ 42։2, 6

18, 19. Ինչպե՞ս Հոբը ցույց տվեց, որ իսկապես ճանաչում է Եհովային։

18 Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները ի՞նչ օգուտ տվեցին Հոբին։ Հոբը շատ լավ էր հասկանում Աստծու սկզբունքները։ Նա իսկապես ճանաչում էր Եհովային և գործում էր իր գիտելիքների համաձայն։ Օրինակ՝ Հոբը գիտեր, որ չի կարող պնդել, թե սիրում է Աստծուն, և միևնույն ժամանակ բարի չլինել իր մերձավորի հանդեպ (Հոբ 6։14)։ Նա իրեն չէր բարձրացնում ուրիշներից, այլ եղբոր պես մտահոգվում էր թե՛ հարուստի, թե՛ աղքատի համար։ Նա ասում էր. «Մի՞թե որովայնում ինձ Ստեղծողը նրան էլ չի ստեղծել» (Հոբ 31։13–22)։ Հոբը թույլ չտվեց, որ նախկինում ունեցած համբավի ու հարստության պատճառով իր մեջ սխալ տեսակետ զարգանա իր և ուրիշների մասին։ Որքա՜ն է նա տարբերվում այս աշխարհի հզոր ու հարուստ մարդկանց մեծ մասից։

19 Հոբը մերժում էր կռապաշտության բոլոր ձևերը, նույնիսկ իր սրտում։ Նա գիտակցում էր, որ կեղծ երկրպագությամբ, այդ թվում՝ նյութական հարստությանը նվիրված լինելով՝ ինքը կուրանա «ճշմարիտ Աստծուն, որ վերևում է» (կարդա Հոբ 31։24–28)։ Հոբը ամուսնությունը սրբազան միություն էր համարում տղամարդու ու կնոջ միջև։ Նա նույնիսկ ուխտ էր կապել իր աչքերի հետ, որ անբարո մտքերով չնայի կույսին (Հոբ 31։1)։ Նկատիր, որ սրանք այն ժամանակներն էին, երբ Աստված հանդուրժում էր բազմակնությունը։ Ուստի Հոբը կարող էր երկրորդ կին ունենալ, եթե ցանկանար։ * Սակայն նրա համար, ըստ երևույթին, հիմք էր ծառայում այն ամուսնական միությունը, որն Աստված ստեղծել էր Եդեմում։ Հոբը այդ օրինակը իր համար օրենք էր դարձրել (Ծննդ. 2։18, 24)։ Մոտ 1 600 տարի անց Հիսուսը պատվիրեց հետևել ամուսնությանն ու բարոյականությանը վերաբերող նույն արդար սկզբունքներին (Մատթ. 5։28; 19։4, 5

20. Եհովայի մասին ճշգրիտ գիտելիքները ինչպե՞ս են օգնում մեզ ընտրել լավ ընկերներ և զվարճանքի օգտակար ձևեր։

20 Ինչպե՞ս զարգացնենք այնպիսի հավատ, ինչպիսին ուներ Հոբը։ Կրկին անգամ շեշտենք, որ դրա համար անհրաժեշտ է ճշգրիտ գիտելիքներ ունենալ Եհովայի մասին և թույլ տալ, որ այդ գիտելիքները առաջնորդեն մեզ ամեն հարցում։ Օրինակ՝ սաղմոսերգու Դավիթն ասաց, որ Եհովան «բռնություն սիրողին ատում է», նաև զգուշացրեց, թե որքան վտանգավոր է «ստախոս մարդկանց հետ» ընկերակցել (կարդա Սաղմոս 11։5; 26։4)։ Այս համարների շուրջ խորհելով՝ ի՞նչ ես իմանում Աստծու մտածելակերպի մասին։ Եթե ըմբռնել ես նրա մտածելակերպը, ինչպե՞ս դա պետք է ազդի քո առաջնահերթությունների, ինտերնետից օգտվելու, ընկերներ ու զվարճանքի ձևեր ընտրելու վրա։ Քո պատասխաններից կհասկանաս, թե որքան լավ ես ճանաչում Եհովային։ Այս խճճված չար աշխարհում անարատ մնալու համար մենք պետք է մարզենք մեր ըմբռնողականությունը, որպեսզի զանազանենք ոչ միայն ճիշտն ու սխալը, այլև անմիտն ու իմաստունը (Եբր. 5։14; Եփես. 5։15

21. Ի՞նչը կօգնի մեզ «հասկանալ ամեն ինչ», որ անհրաժեշտ է մեր Հորը հաճեցնելու համար։

21 Քանի որ Նոյը, Դանիելն ու Հոբը Եհովային ամբողջ սրտով էին փնտրում, նա թույլ տվեց, որ նրանք գտնեն իրեն։ Նա օգնեց նրանց «հասկանալ ամեն ինչ», որ անհրաժեշտ է իրեն հաճեցնելու համար։ Այդպես նրանք դարձան արդարության օրինակներ և իսկապես հաջողակ եղան իրենց կյանքում (Սաղ. 1։1–3)։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք Նոյի, Դանիելի ու Հոբի պես լավ եմ ճանաչում Եհովային»։ Քանի որ այսօր հոգևոր լույսն ավելի է պայծառացել, դու նույնիսկ կարող ես նրան ավելի լավ ճանաչել (Առակ. 4։18)։ Հետևաբար խորապես ուսումնասիրիր Աստծու Խոսքը, խորհրդածիր դրա շուրջ և աղոթիր սուրբ ոգու համար։ Այդպես անելով՝ դու ավելի կմտերմանաս քո երկնային Հոր հետ և այս անաստված աշխարհում իմաստությամբ ու խորաթափանցությամբ կգործես (Առակ. 2։4–7

^ պարբ. 5 Նոյի նախապապը՝ Ենոքը, նույնպես «շարունակ քայլում էր ճշմարիտ Աստծու հետ»։ Սակայն Նոյի ծնվելուց մոտ 69 տարի առաջ «Աստված վերցրեց նրան» (Ծննդ. 5։23, 24

^ պարբ. 19 Նույնը կարող ենք ասել Նոյի մասին։ Նա մեկ կին ուներ, թեև բազմակնությունը սկսել էր տարածվել Եդեմի պարտեզում տեղի ունեցած ապստամբությունից կարճ ժամանակ անց (Ծննդ. 4։19