Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր մարդ

Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր մարդ

«Թող որ.... Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք, որը Քրիստոս Հիսուսն ուներ» (ՀՌՈՄ. 15։5

ԵՐԳ 17, 13

1, 2. ա) Շատ եղբայրներ ու քույրեր ի՞նչ են մտածում հոգևոր մարդ լինելու մասին։ բ) Ի՞նչ կարևոր հարցեր ենք քննարկելու։

«ՀՈԳԵՎՈՐ մարդ լինելը ինձ ավելի երջանիկ է դարձրել։ Դա ինձ օգնում է ամեն օր դիմակայել իմ փորձություններին»,— ասում է մի քույր, որն ապրում է Կանադայում։ Մի եղբայր, որը Բրազիլիայից է, նշում է. «23 տարվա մեր ամուսնական կյանքը շատ երջանիկ է եղել։ Դրա պատճառն այն է, որ մենք ջանքեր ենք թափել հոգևոր մտածելակերպ ունենալու համար»։ Իսկ Ֆիլիպիններում բնակվող մի եղբայր գրում է. «Հոգևոր մարդ լինելով՝ ես մտքի անդորր եմ վայելում, և դա ինձ օգնում է ավելի լավ վերաբերվել տարբեր ծագում ունեցող եղբայրներին»։

2 Այս խոսքերը ցույց են տալիս, թե հոգևոր մարդ լինելը ինչ օգուտ է բերում։ Ուստի գուցե մտածենք, թե ինչպես կարող ենք հոգևորապես աճել և վայելել վերը նշված օրհնությունները։ Սակայն այս հարցին պատասխանելուց առաջ պետք է լավ հասկանանք, թե Աստվածաշունչն ինչ է ասում հոգևոր մտածելակերպ ունեցող մարդկանց մասին։ Այս հոդվածում կպատասխանենք երեք կարևոր հարցի։ 1) Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր մարդ։ 2) Ո՞ր օրինակները կօգնեն մեզ հոգևորապես առաջադիմել։ 3) Եթե ջանք թափենք ունենալու «Քրիստոսի միտքը», դա ինչպե՞ս կօգնի մեզ լինել հոգևոր մարդ։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ

3. Ըստ Աստվածաշնչի՝ մարմնավոր մարդն ինչպե՞ս է տարբերվում հոգևոր մարդուց։

3 Պողոս առաքյալի խոսքերը օգնում են հասկանալ, թե ինչ է նշանակում լինել «հոգևոր մարդ»։ Դրանք ցույց են տալիս, թե այդպիսի անձնավորությունը ինչպես է տարբերվում «մարմնավոր մարդուց» (կարդա 1 Կորնթացիներ 2։14–16)։ «Մարմնավոր մարդը», ըստ Պողոսի նկարագրության, «չի ընդունում այն ամենը, ինչ Աստծու ոգուց է գալիս, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, և նա չի էլ կարող հասկանալ»։ Իսկ «հոգևոր մարդը» նա է, ով «ամեն բան քննում է» և ունի «Քրիստոսի միտքը»։ Պողոսը հորդորում է մեզ լինել հոգևոր անձնավորություն։ Ուրիշ ինչպե՞ս են տարբերվում «մարմնավոր մարդն» ու «հոգևոր մարդը»։

4, 5. Ի՞նչ է բնորոշ մարմնավոր մարդուն։

4 Նախ խոսենք այն մասին, թե ինչ տրամադրվածություն ունի մարմնավոր մարդը։ Աշխարհում գերիշխող մտայնությունը մարդկանց մղում է կենտրոնացած լինել մարմնավոր բաների վրա։ Պողոսի խոսքերով՝ սա այն «ոգին [է], որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (Եփես. 2։2)։ Այս ոգին ազդում է մարդկանց մեծամասնության վրա՝ մղելով նրանց որդեգրել համընդհանուր մտածելակերպը, այսինքն՝ հետևել ամբոխին։ Կենտրոնացած լինելով մարմնավոր բաների վրա՝ մարդիկ մեծ մասամբ անում են այն, ինչը, իրենց կարծիքով, ճիշտ է, և բոլորովին չեն ձգտում համապատասխանել Աստծու չափանիշներին։ Մարմնավոր մարդը չափազանց կարևորում է իր դիրքն ու նյութական ունեցվածքը։ Նա չափից շատ է կենտրոնացած իր իրավունքները պաշտպանելու վրա։

5 Ուրիշ ի՞նչ է բնորոշ մարմնավոր մարդուն։ Այդպիսի անհատը «մարմնի գործերն» է անում (Գաղ. 5։19–21)։ Կորնթոսի ժողովին ուղղված Պողոսի առաջին նամակում նշված են մի շարք այլ հատկություններ, որ դրսևորում են մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդիկ։ Նրանք բաժանումներ ու տարաձայնություններ են առաջ բերում, կողմնակալություն են դրսևորում, իրար դատարան են տանում, չեն հարգում գլխավորությունը և անձնատուր են լինում ուտել-խմելուն։ Նման անհատները գայթակղության առաջ կանգնելիս թուլություն են ցուցաբերում և տրվում են դրան (Առակ. 7։21, 22)։ Հուդան գրեց նրանց մասին, ովքեր այնքան են կենտրոնացած մարմնավոր բաների վրա, որ «զուրկ են հոգևորից» (Հուդա 18, 19

6. Ի՞նչ է բնորոշ հոգևոր մարդուն։

6 Իսկ ի՞նչ է նշանակում լինել «հոգևոր մարդ»։ Ի տարբերություն մարմնավոր մարդու՝ հոգևոր մարդը ձգտում է մտերմանալ Աստծու հետ։ Հոգևոր մտածելակերպ ունեցող անհատը ցանկանում է «ընդօրինակել Աստծուն» (Եփես. 5։1)։ Նա ջանքեր է թափում ունենալու Եհովայի մտածելակերպը և ամեն ինչին նայելու նրա տեսանկյունից։ Աստված միանգամայն իրական է նրա համար։ Ի տարբերություն մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդու՝ նա ձգտում է ամեն ինչում առաջնորդվել Եհովայի չափանիշներով (Սաղ. 119։33; 143։10)։ Հոգևոր մտածելակերպ ունեցող մարդը չի կենտրոնանում մարմնի գործերի վրա, այլ ջանում է դրսևորել «ոգու պտղի» հատկությունները (Գաղ. 5։22, 23)։ Նա շատ է գնահատում հոգևոր բաները։

7. Աստվածաշունչն ի՞նչ է ասում հոգևոր մտածելակերպ ունեցող մարդկանց մասին։

7 Սուրբ Գրքից իմանում ենք, որ Աստված բարձր է գնահատում հոգևոր մտածելակերպ ունեցող մարդկանց։ Մատթեոս 5։3-ում գրված է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը»։ Իսկ Հռոմեացիներ 8։6-ում նշված է, թե ինչ օգուտ է բերում հոգևոր մտածելակերպ ունենալը. «Մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում, բայց ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»։ Հոգևոր բաների վրա կենտրոնանալով՝ մենք այսօր իսկ խաղաղ հարաբերություններ ենք վայելում Աստծու հետ, ունենում ենք ներքին խաղաղություն և ապագայում հավիտյան ապրելու հնարավորություն ենք ստանում։

8. Ինչո՞ւ են ջանքեր անհրաժեշտ հոգևոր մարդ դառնալու և այդպիսին մնալու համար։

8 Մենք ապրում ենք վտանգավոր միջավայրում։ Քանի որ մեզ շրջապատում են մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդիկ, մենք պետք է մեծ ջանքեր թափենք, որպեսզի դառնանք հոգևոր մարդ և մնանք այդպիսին։ Երբ անհատը կորցնում է իր հոգևոր մտածելակերպը, նրա մեջ բարոյական դատարկություն է առաջանում, ինչի հետևանքով այս աշխարհի աղտոտված «օդը» շատ արագ ներս է թափանցում։ Ինչպե՞ս կարող ենք կանխել սա։ Ի՞նչ անենք, որ հոգևորապես աճենք։

ՍՈՎՈՐԵՆՔ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԻՑ

9. ա) Ի՞նչը կօգնի մեզ հոգևորապես աճել։ բ) Հոգևոր մարդկանց ի՞նչ օրինակներ կքննենք։

9 Երեխան կարող է հասուն դառնալ՝ նայելով իր ծնողներին ու հետևելով նրանց լավ օրինակին։ Նույն ձևով էլ մենք կարող ենք հոգևորապես աճել՝ ընդօրինակելով հոգևորապես ամուր անհատներին։ Իսկ մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդկանց օրինակը որպես նախազգուշացում է ծառայում մեզ համար (1 Կորնթ. 3։1–4)։ Աստվածաշնչում կան և՛ լավ, և՛ վատ օրինակներ։ Բայց քանի որ մեր նպատակն է դառնալ հոգևոր մարդ, եկեք խոսենք նրանց մասին, ում կարող ենք ընդօրինակել։ Քննենք Հակոբի, Մարիամի ու Հիսուսի օրինակը։

Ի՞նչ կարող ենք սովորել Հակոբի օրինակից (տես պարբերություն 10)

10. Ինչի՞ց է երևում, որ Հակոբը հոգևոր մարդ էր։

10 Նախ նկատի առնենք Հակոբի օրինակը։ Նրա կյանքը հեշտ չէր, ինչպես որ շատերիս կյանքը այսօր։ Նրա եղբայր Եսավը մարմնավոր մտածելակերպ ուներ և ուզում էր սպանել նրան։ Բացի այդ, Հակոբն ուներ խորամանկ աներ, ով միշտ փորձում էր շահագործել նրան։ Չնայած որ Հակոբին շրջապատում էին «մարմնավոր մարդիկ», նա հոգևոր մարդ էր։ Նա հավատում էր Աբրահամին տրված խոստմանը և անձնվիրաբար հոգ էր տանում իր ընտանիքի մասին, որը հատուկ դեր էր ունենալու Եհովայի նպատակի իրականացման գործում (Ծննդ. 28։10–15)։ Հակոբի խոսքերն ու արարքները ցույց են տալիս, որ նա միշտ հիշում էր Աստծու չափանիշների ու կամքի մասին։ Օրինակ, երբ Հակոբը Եսավի կողմից սպառնալիք տեսավ, դիմեց Աստծուն՝ ասելով. «Աղաչում եմ քեզ, ազատիր ինձ.... Դու, անձամբ դու ասացիր ինձ. «Ես անպատճառ քեզ բարիք եմ անելու և քո սերունդը ծովի ավազահատիկների չափ եմ անելու»» (Ծննդ. 32։6–12)։ Հակոբը հավատում էր այն խոստումներին, որ Եհովան տվել էր իրեն ու իր նախահայրերին։ Նա ցանկանում էր վարվել Աստծու կամքի ու նպատակի համաձայն։

Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամի օրինակից (տես պարբերություն 11)

11. Ինչի՞ց է երևում, որ Մարիամը հոգևոր մարդ էր։

11 Այժմ խոսենք Մարիամի մասին։ Եհովան ինչո՞ւ ընտրեց Մարիամին, որ նա դառնա Հիսուսի մայրը։ Անշուշտ այն պատճառով, որ նա հոգևոր մտածելակերպ ուներ։ Որտեղի՞ց դա գիտենք։ Օրինակ՝ այն գեղեցիկ խոսքերից, որոնցով նա փառաբանեց Աստծուն, երբ այցելեց իր ազգականներ Զաքարիային ու Եղիսաբեթին (կարդա Ղուկաս 1։46–55)։ Մարիամի խոսքերը ցույց են տալիս, որ նա շատ լավ գիտեր Եբրայերեն Գրությունները և անչափ սիրում էր Աստծու Խոսքը (Ծննդ. 30։13; 1 Սամ. 2։1–10; Մաղ. 3։12)։ Նաև ուշադրություն դարձրու, որ թեև Հովսեփն ու Մարիամը նոր էին ամուսնացել, նրանք սեռական հարաբերություններ չունեցան մինչև Հիսուսի ծնունդը։ Ինչի՞ մասին է սա վկայում։ Այն մասին, որ երկուսի համար էլ Եհովայի կամքն ավելի կարևոր էր, քան սեփական ցանկությունները բավարարելը (Մատթ. 1։25)։ Հետագայում Մարիամը ուշադրությամբ հետևում էր այն ամենին, ինչ տեղի էր ունենում Հիսուսի կյանքում, և նրա ասած բոլոր իմաստուն խոսքերը «պահում էր իր սրտում» (Ղուկ. 2։51)։ Մարիամին շատ էր հետաքրքրում Աստծու նպատակը՝ կապված Մեսիայի հետ։ Այս կնոջ օրինակը մղում է մեզ մտածելու այն մասին, թե ինչպես կարող ենք Աստծու կամքն առաջին տեղում դնել մեր կյանքում։

12. ա) Հիսուսն ինչո՞վ էր նման իր Հորը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին (տես հոդվածի սկզբի նկարը)։

12 Հոգևոր մարդ լինելու հարցում ո՞վ է ամենամեծ օրինակը։ Իհարկե Հիսուսը։ Իր կյանքի ու ծառայության ընթացքում նա ցույց տվեց, որ ցանկանում է ընդօրինակել իր Հորը՝ Եհովային։ Հիսուսը Եհովայի պես էր մտածում, զգում ու գործում։ Նա ապրում էր Աստծու կամքի ու չափանիշների համաձայն (Հովհ. 8։29; 14։9; 15։10)։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե Եսայիա մարգարեն ինչ գրեց Եհովայի կարեկցանքի մասին, և դա համեմատիր Հիսուսի զգացմունքները նկարագրող այն խոսքերի հետ, որ գրի առավ Մարկոս ավետարանիչը (կարդա Եսայիա 63։9; Մարկոս 6։34)։ Արդյո՞ք Հիսուսի պես միշտ պատրաստ ենք կարեկցանք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն։ Հիսուսը նաև անձնվիրաբար քարոզում էր բարի լուրը և սովորեցնում էր մարդկանց (Ղուկ. 4։43)։ Այսպիսի զգացմունքներն ու գործերը բնորոշ են հոգևոր մարդուն։

13, 14. ա) Ի՞նչ կարող ենք սովորել հոգևոր մտածելակերպ ունեցող մարդկանց մերօրյա օրինակներից։ բ) Բեր օրինակ։

13 Սուրբգրային օրինակներից զատ՝ մեր օրերում էլ կան հոգևոր մտածելակերպ ունեցող մարդիկ, ովքեր ձգտում են ընդօրինակել Քրիստոսին։ Հավանաբար նկատում ես ծառայության մեջ նրանց դրսևորած նախանձախնդրությունը, անսահման հյուրասիրությունը, կարեկցանքը և մյուս լավ հատկությունները։ Նրանք էլ մեզ պես պայքարում են իրենց թուլությունների և անկատարության դեմ ու ջանում են աստվածահաճո հատկություններ զարգացնել։ Ռեյչլ անունով մի քույր, որը Բրազիլիայից է, ասում է. «Ես սիրում էի աշխարհի նորաձևությանը հետևել, դրա պատճառով համեստ չէի հագնվում։ Բայց երբ իմացա ճշմարտությունը, դա ինձ մղեց, որ ջանքեր թափեմ ու ձգտեմ հոգևոր մարդ դառնալ։ Փոփոխություններ անելը հեշտ չէր, բայց ես ավելի երջանիկ դարձա ու գտա կյանքիս իսկական իմաստը»։

14 Ռեյլինը, որը Ֆիլիպիններում է բնակվում, մեկ այլ փորձության առաջ կանգնեց։ Կյանքում հաջողության հասնելու համար նա ցանկացավ բարձրագույն կրթություն ստանալ ու լավ աշխատանք գտնել։ Քույրը պատմում է. «Իմ հոգևոր նպատակները հետին պլան մղվեցին։ Բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ իմ կյանքում մի բան պակաս է, մի բան, ինչն իմ աշխատանքից շատ ավելի կարևոր է։ Ի վերջո կենտրոնացա Եհովային ծառայելու վրա»։ Այժմ Ռեյլինի ապրելակերպը ցույց է տալիս, որ նա հավատում է Եհովայի խոստմանը՝ արձանագրված Մատթեոս 6։33, 34 համարներում։ Նա ասում է. «Ես համոզված եմ, որ Եհովան հոգ կտանի իմ մասին»։ Գուցե դու էլ ես ճանաչում քո ժողովում ծառայող այսպիսի մարդկանց։ Տեսնելով այս հավատարիմներին՝ մենք մղվում ենք ընդօրինակելու նրանց, քանի որ նրանք հետևում են Քրիստոսին (1 Կորնթ. 11։1; 2 Թեսաղ. 3։7

ՈՒՆԵՑԵՔ «ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՏՔԸ»

15, 16. ա) Քրիստոսին նմանվելու համար ի՞նչ պետք է անենք։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ Քրիստոսի մտածելակերպը ազդեցություն գործի մեզ վրա։

15 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Քրիստոսին։ Աստվածաշնչում՝ 1 Կորնթացիներ 2։16-ում, խոսվում է «Քրիստոսի միտքն» ունենալու մասին։ Հռոմեացիներ 15։5-ում էլ խորհուրդ է տրվում «այն նույն մտածելակերպն ունենալ, որը Քրիստոս Հիսուսն ուներ»։ Քրիստոսին նմանվելու համար մենք նախ պետք է շատ լավ իմանանք, թե ինչպիսի անձնավորություն է նա և ինչպիսի մտածելակերպ ունի, ապա պետք է նրա հետքերով գնանք։ Հիսուսի միտքը կենտրոնացած է Աստծու հետ իր ունեցած փոխհարաբերությունների վրա։ Ընդօրինակելով նրան՝ մենք կընդօրինակենք Եհովային։ Ահա թե ինչու շատ կարևոր է սովորել Հիսուսի պես մտածել։

16 Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Հիսուսի աշակերտները ականատես էին լինում նրա հրաշքներին, լսում էին նրա քարոզները, տեսնում էին, թե ինչպես է նա վերաբերվում ամեն տեսակ մարդկանց և ինչպես է կիրառում Աստծու սկզբունքները։ Նրանք ասում էին. «Մենք վկա ենք այն ամենին, որ նա արեց» (Գործեր 10։39)։ Ի տարբերություն նրանց՝ մենք չենք կարող բառացիորեն տեսնել Հիսուսին։ Սակայն Եհովան, սիրուց մղված, գրել է տվել Ավետարանները, որոնք կարող են մեր մտքում կենդանացնել Հիսուսի անձնավորությունը։ Կարդալով Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի ու Հովհաննեսի գրքերը և խորհրդածելով դրանց շուրջ՝ մենք թույլ ենք տալիս, որ Քրիստոսի մտածելակերպը ազդեցություն գործի մեզ վրա։ Դրա շնորհիվ մենք կարող ենք «սերտորեն նրա հետքերին հետևել» և «զինվել [նրա] նույն մտածելակերպով» (1 Պետ. 2։21; 4։1

17. Քրիստոսի մտածելակերպն ունենալը մեզ ի՞նչ օգուտ կբերի։

17 Ի՞նչ օգուտ կստանանք, եթե սովորենք Քրիստոսի պես մտածել։ Ինչպես որ սննդարար կերակուրն է ամրացնում ֆիզիկական մարմինը, այնպես էլ Քրիստոսի մտքերով սնվելով՝ մենք հոգևորապես ավելի ուժեղ ենք դառնում։ Աստիճանաբար սկսում ենք հասկանալ, թե յուրաքանչյուր իրավիճակում ինչպես կվարվեր Քրիստոսը։ Սա էլ մեզ օգնում է այնպիսի որոշումներ կայացնել, որոնց արդյունքում մեր խիղճը մաքուր է մնում, և մենք ստանում ենք Աստծու հավանությունը։ Տեսնելով այս օգուտները՝ մենք ավելի ենք մղվում «Տեր Հիսուս Քրիստոսին հագնել» (Հռոմ. 13։14

18. Այս հոդվածից ի՞նչ սովորեցիր հոգևոր մարդ լինելու մասին։

18 Մենք քննարկեցինք, թե ինչ է նշանակում լինել հոգևոր մարդ, և տեսանք, թե ինչ կարող ենք սովորել հոգևոր մտածելակերպ ունեցող մարդկանց լավ օրինակից։ Նաև իմացանք, թե «Քրիստոսի միտքն» ունենալը ինչպես է օգնում մեզ դառնալ հոգևոր մարդ։ Սակայն այս թեմային առնչվող այլ հարցեր էլ կան, որոնց շուրջ արժե մտածել։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող ենք քննել ու իմանալ, թե հոգևոր ինչ վիճակում ենք։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ հոգևորապես աճենք, և դա ինչպե՞ս կանդրադառնա մեր կյանքի վրա։ Հաջորդ հոդվածում կտրվեն այս հարցերի պատասխանները։