Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Շարունակիր հոգևորապես աճել

Շարունակիր հոգևորապես աճել

«Շարունակեք ընթանալ ոգով» (ԳԱՂ. 5։16

ԵՐԳ 22, 75

1, 2. Մի եղբայր ի՞նչ հասկացավ իր հոգևոր վիճակի վերաբերյալ և ի՞նչ քայլեր ձեռնարկեց։

ՌՈԲԵՐՏԸ մկրտվել էր պատանեկան տարիքում, սակայն ճշմարտությանը լրջորեն չէր վերաբերվում։ Նա ասում է. «Ես սխալներ չէի գործում, բայց երկրպագության հարցում ամեն ինչ մեխանիկորեն էի անում։ Ուրիշներին թվում էր, թե ես հոգևորապես ամուր եմ։ Հաճախում էի բոլոր հանդիպումներին և տարին մի քանի անգամ որպես ենթառահվիրա էի ծառայում։ Բայց ինչ-որ բան պակասում էր»։

2 Ռոբերտը չէր հասկանում, թե ինչն այն չէ։ Բայց ամուսնանալուց հետո սկսեց հասկանալ, թե որն է խնդիրը։ Երբ նա ու իր կողակիցը աստվածաշնչյան խաղ էին խաղում՝ իրար հարցեր տալով, կինը, որը հոգևորապես ամուր քրիստոնյա է, հեշտությամբ պատասխանում էր հարցերին, իսկ Ռոբերտը դժվարանում էր։ Նա խոստովանում է. «Թվում էր, թե ոչ մի բան չգիտեմ։ Սկսեցի մտածել. «Եթե ուզում եմ հոգևոր հարցերում առաջնորդել կնոջս, պետք է մի բան անեմ»»։ Եվ Ռոբերտը քայլեր ձեռնարկեց։ Նա ասում է. «Սկսեցի խորապես ուսումնասիրել Աստվածաշունչը, ինչն օգնեց ինձ հավաքել խճանկարի կտորներն ու տեսնել ամբողջական պատկերը։ Ես հասկացողություն ձեռք բերեցի և, որ ամենակարևորն է, մտերիմ փոխհարաբերություններ զարգացրի Եհովայի հետ»։

3. ա) Ի՞նչ կարող ենք սովորել Ռոբերտի օրինակից։ բ) Ի՞նչ կարևոր հարցեր ենք քննարկելու։

3 Մենք կարող ենք կարևոր դասեր քաղել Ռոբերտի օրինակից։ Հնարավոր է՝ որոշակի աստվածաշնչյան գիտելիքներ ունենանք, կանոնավորաբար հաճախենք ժողովի հանդիպումներին ու գնանք ծառայության, բայց հոգևոր մարդ չդառնանք։ Կամ գուցե արդեն որոշ չափով առաջադիմել ենք, բայց երբ ինքներս մեզ խորապես քննում ենք, հասկանում ենք, որ դեռ բարելավվելու կարիք ունենք (Փիլիպ. 3։16)։ Այս հոդվածում կքննարկենք երեք կարևոր հարց, որոնք կօգնեն մեզ շարունակել առաջադիմել։ 1) Ի՞նչը կօգնի մեզ քննել մեր իրական հոգևոր վիճակը։ 2) Ինչպե՞ս դառնանք հոգևոր մարդ և շարունակենք աճել։ 3) Եթե հոգևորապես ամուր լինենք, դա ինչպե՞ս կօգնի մեզ առօրյա կյանքում։

ՔՆՆԵՆՔ ՄԵՐ ԱՆՁԸ

4. Ո՞ւմ է վերաբերում Եփեսացիներ 4։23, 24 համարներում գրված խորհուրդը։

4 Երբ մենք դարձանք Աստծու ծառաներ, փոխակերպեցինք մեր անձը, ինչը ազդեց մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա։ Մկրտվելուց հետո էլ մենք չդադարեցինք փոխվել։ Աստվածաշունչն ասում է, որ «նորոգենք մեր միտքը խթանող ուժը» (Եփես. 4։23, 24)։ «Նորոգել» բառով թարգմանված հունարեն բայը շարունակական գործողություն է մատնանշում։ Ուստի պետք է շարունակենք նորոգել մեր միտքը։ Քանի որ անկատար ենք, պետք է շարունակ փոփոխություններ անենք։ Նույնիսկ նրանք, ովքեր Եհովային երկար տարիներ են ծառայում, պետք է ձգտեն հոգևոր մարդ մնալ (Փիլիպ. 3։12, 13

5. Ո՞ր հարցերը կօգնեն մեզ քննել մեր անձը։

5 Հոգևոր մարդ դառնալու և այդպիսին մնալու համար պետք է ազնվորեն քննենք մեր անձը։ Անկախ այն բանից՝ երիտասարդ ենք, թե տարեց՝ կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Իմ մեջ նկատո՞ւմ եմ փոփոխություններ, որոնք ցույց են տալիս, որ հոգևոր մտածելակերպ եմ ձեռք բերում։ Նմանվո՞ւմ եմ Հիսուսին։ Քրիստոնեական հանդիպումներին իմ ունեցած տրամադրվածությունն ու վարքը ի՞նչ են բացահայտում իմ հոգևոր վիճակի վերաբերյալ։ Իմ զրույցներից ի՞նչ կարելի է իմանալ իմ ցանկությունների մասին։ Ուսումնասիրություն անելու իմ սովորությունները, իմ հագուստն ու հարդարանքը կամ այն, թե ինչպես եմ արձագանքում խորհրդին, ի՞նչ են ասում իմ մասին։ Ինչպե՞ս եմ վարվում գայթակղության առաջ կանգնելիս։ Աստվածաշնչի հիմնական ուսմունքները յուրացնելուց ավելի՞ն եմ արել. հասունացե՞լ եմ՝ դառնալով «չափահաս» քրիստոնյա» (Եփես. 4։13)։ Այս հարցերի շուրջ խորհելով՝ կտեսնենք, թե որքան ենք հոգևորապես աճել։

6. Մեր հոգևոր վիճակը քննելու համար գուցե ինչի՞ կարիք ունենանք։

6 Մեր հոգևոր վիճակը քննելու համար գուցե երբեմն ուրիշների օգնության կարիքն ունենանք։ Ինչպես նշեց Պողոս առաքյալը, մարմնավոր մարդը չի կարող հասկանալ, որ իր ապրելակերպով չի հաճեցնում Աստծուն։ Իսկ հոգևոր մարդը հասկանում է Աստծու տեսակետը և տեսնում է, որ մարմնավոր մարդը սխալ ուղով է ընթանում (1 Կորնթ. 2։14–16; 3։1–3)։ Երեցները ունեն Քրիստոսի միտքը, ուստի հաճախ տեսնում են մարմնավոր մտածելակերպի վաղ նախանշանները։ Երբ նրանք ասում են մեզ այդ մասին, ընդունո՞ւմ ենք նրանց խորհուրդը և կիրառո՞ւմ ենք այն։ Եթե այդպես վարվենք, դրանով ցույց կտանք, որ ցանկանում ենք հոգևորապես աճել (Ժող. 7։5, 9

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՃԵՆՔ

7. Ինչո՞ւ սուրբգրային գիտելիքները բավարար չեն հոգևոր մտածելակերպ ունենալու համար։

7 Հիշենք, որ աստվածաշնչյան գիտելիքները բավարար չեն հոգևոր մտածելակերպ ձեռք բերելու համար։ Սողոմոն թագավորը շատ բան գիտեր Եհովայի ճանապարհների մասին։ Նրա խոսքերը հետագայում դարձան Աստվածաշնչի մի մասը։ Սակայն իր կյանքի վերջում նա Եհովային հավատարիմ չմնաց՝ ցույց տալով, որ այլևս հոգևոր մարդ չէ (1 Թագ. 4։29, 30; 11։4–6)։ Սուրբգրային գիտելիքներ ձեռք բերելուց բացի՝ ուրիշ ի՞նչ պետք է անենք։ Պետք է միշտ ձգտենք հոգևորապես աճել (Կող. 2։6, 7)։ Բայց ինչպե՞ս դա կարող ենք անել։

8, 9. ա) Ի՞նչը կօգնի մեզ հոգևորապես ամրանալ։ բ) Ի՞նչ նպատակով ենք ուսումնասիրում ու խորհրդածում (տես հոդվածի սկզբի նկարը)։

8 Պողոսը առաջին դարի քրիստոնյաներին հորդորեց. «Եկեք շարունակենք ձգտել հասունության» (Եբր. 6։1)։ Այս խորհրդին հետևելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք։ Կարևոր քայլերից մեկը «Մնա Աստծու սիրո մեջ» ձեռնարկի ուսումնասիրությունն է։ Եթե մինչև վերջ ուսումնասիրես այս գիրքը, կհասկանաս՝ ինչպես աստվածաշնչյան սկզբունքները կիրառել կյանքում։ Եթե արդեն ավարտել ես այս գրքի ուսումնասիրությունը, կարո՞ղ ես այլ նյութեր ուսումնասիրել, որոնք կամրացնեն քո հավատը (Կող. 1։23)։ Աղոթում ու մտածո՞ւմ ես, թե ինչպես սովորածդ կիրառես կյանքում։

9 Միշտ հիշիր. մենք պետք է ուսումնասիրենք ու խորհրդածենք ա՛յն նպատակով, որ մեր մեջ անկեղծ ցանկություն առաջանա հաճեցնելու Եհովային ու պահելու նրա օրենքները (Սաղ. 40։8; 119։97)։ Միևնույն ժամանակ պետք է մերժենք այն ամենը, ինչը խանգարում է մեզ հոգևորապես աճել (Տիտոս 2։11, 12

10. Ի՞նչ կարող են անել երիտասարդները, որ հոգևորապես աճեն։

10 Եթե երիտասարդ ես, ունե՞ս հստակ հոգևոր նպատակներ։ Բեթելում ծառայող մի եղբայր շրջանային համաժողովներին՝ նախքան ծրագրի սկսվելը, սովորաբար զրուցում է մկրտության թեկնածուների հետ։ Նրանցից շատերը երիտասարդներ են։ Եղբայրը հարցնում է, թե նրանք ինչ հոգևոր նպատակներ ունեն։ Շատերի պատասխաններից երևում է, որ նրանք հստակ պատկերացում ունեն, թե ինչ են ուզում անել ծառայության մեջ, օրինակ՝ ձգտում են որևէ տեսակի լիաժամ ծառայություն սկսել կամ ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Սակայն երբեմն լինում են երիտասարդներ, որոնք կարծես թե պատասխան չունեն։ Արդյո՞ք սա ցույց է տալիս, որ նրանք իրենց սրտում դեռ չեն վճռել հստակ հոգևոր նպատակներ դնել։ Եթե երիտասարդ ես, ինքդ քեզ հարցրու. «Հոգևոր գործերով զբաղվում եմ լոկ այն պատճառով, որ ծնողնե՞րս են դա ակնկալում ինձանից։ Աստծու հետ ավելի՞ եմ մտերմանում՝ անձնական փոխհարաբերություններ զարգացնելով նրա հետ»։ Ինչ խոսք, այն խորհուրդը, որ պետք է հոգևոր նպատակների ձգտել, ուղղված է ոչ միայն երիտասարդներին։ Դա անելը Եհովայի բոլոր ծառաներին կօգնի հոգևորապես աճել (Ժող. 12։1, 13

11. ա) Հոգևորապես աճելու համար ի՞նչ է անհրաժեշտ։ բ) Աստվածաշնչյան ո՞ր կերպարին կարող ենք ընդօրինակել։

11 Երբ պարզենք, թե որ ոլորտներում բարելավվելու կարիք կա, պետք է վճռական քայլեր ձեռնարկենք և առաջ գնանք։ Մեզ համար շատ կարևոր է հոգևոր մարդ դառնալ։ Դա կյանքի և մահվան հարց է (Հռոմ. 8։6–8)։ Սակայն հոգևորապես հասուն լինել չի նշանակում կատարյալ լինել։ Եհովայի ոգին կարող է օգնել մեզ անելու անհրաժեշտ փոփոխությունները։ Բայց մյուս կողմից՝ մենք էլ պետք է ջանքեր թափենք։ Մի քանի տարի առաջ Ջոն Բարը, որը ծառայում էր որպես Կառավարիչ մարմնի անդամ, Ղուկաս 13։24 համարի վերաբերյալ հետևյալն ասաց. «Շատերը չեն մտնում այդ «դռնով», քանի որ թերանում են բավականաչափ ջանքեր գործադրել»։ Մենք պետք է ընդօրինակենք Հակոբին, ով հրեշտակի հետ մարտնչելիս չհանձնվեց և արդյունքում օրհնություն ստացավ (Ծննդ. 32։26–28)։ Թեև Աստվածաշնչի ուսումնասիրությունը հաճելի է, մենք չպետք է այն կարդանք իբրև մի վեպ, որը գրված է զուտ գեղագիտական հաճույք պատճառելու համար։ Փոխարենը՝ պետք է ջանքեր թափենք ու հոգևոր գանձեր գտնենք, որոնք օգտակար կլինեն մեզ համար։

12, 13. ա) Ի՞նչը կօգնի մեզ կիրառել Հռոմեացիներ 15։5-ը։ բ) Պետրոս առաքյալի օրինակն ու նրա տված խորհուրդը ինչպե՞ս կարող են օգնել մեզ։ գ) Ի՞նչ կարող ես անել հոգևոր մարդ դառնալու համար (տես « Քայլեր, որոնք կօգնեն քեզ հոգևորապես աճել» շրջանակը)։

12 Երբ հոգևոր մարդ դառնալու համար ջանքեր թափենք, սուրբ ոգին մեզ կտա անհրաժեշտ զորությունը, որ վերափոխենք մեր միտքը։ Ոգու օգնությամբ մենք աստիճանաբար կսկսենք Քրիստոսի պես մտածել (Հռոմ. 15։5)։ Ավելին՝ այն կօգնի մեզ արմատախիլ անել մարմնական ցանկությունները և Աստծուն հաճելի հատկություններ զարգացնել (Գաղ. 5։16, 22, 23)։ Եթե նկատես, որ քո միտքը կենտրոնանում է նյութապաշտական ձգտումների կամ մարմնական ցանկությունների վրա, մի՛ հանձնվիր։ Շարունակիր Եհովայից խնդրել նրա ոգին, և նա կօգնի քեզ միտքդ կենտրոնացնել պատշաճ բաների վրա (Ղուկ. 11։13)։ Հիշիր Պետրոս առաքյալին։ Նրա կյանքում եղան դեպքեր, երբ նա հոգևոր մարդու պես չվարվեց (Մատթ. 16։22, 23; Ղուկ. 22։34, 54–62; Գաղ. 2։11–14)։ Սակայն նա չհանձնվեց։ Եհովայի օգնությամբ Պետրոսը աստիճանաբար ձեռք բերեց Քրիստոսի մտածելակերպը։ Մենք էլ կարող ենք նույնն անել։

13 Հետագայում Պետրոսը գրեց, թե ինչի վրա աշխատենք (կարդա 2 Պետրոս 1։5–8)։ Եթե «ամեն ջանք ներդնենք» և զարգացնենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ինքնատիրապետումը, տոկունությունն ու եղբայրասիրությունը, դա կօգնի, որ շարունակենք աճել՝ ձեռք բերելով հոգևոր մտածելակերպ։ Ամեն օր կարող ես ինքդ քեզ հարցնել. «Ինչի՞ վրա աշխատեմ այսօր, որ հոգևորապես աճեմ»։

ԿԻՐԱՌԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

14. Եթե հոգևոր մտածելակերպ ունենանք, դա ինչպե՞ս կազդի մեր կյանքի վրա։

14 Եթե Քրիստոսի պես մտածենք, դա կազդի այն բանի վրա, թե ինչպիսի վարք ենք դրսևորում և ինչպես ենք խոսում աշխատավայրում կամ դպրոցում և ինչ որոշումներ ենք ամեն օր կայացնում։ Այդ որոշումները ցույց կտան, որ մենք ձգտում ենք լինել Քրիստոսի հետևորդները։ Հոգևոր մարդ լինելով՝ մենք չենք ցանկանա, որ ինչ-որ բան վտանգի տակ դնի երկնային Հոր հետ մեր ունեցած փոխհարաբերությունները։ Երբ կանգնենք գայթակղությունների առաջ, մեր միտքը կմղի մեզ դիմադրելու դրանց։ Նախքան որոշումներ կայացնելը մենք կմտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն ինձ ճիշտ ընտրություն կատարել։ Քրիստոսը ի՞նչ կաներ այս իրավիճակում։ Ի՞նչ որոշում կայացնեմ, որ հաճեցնեմ Եհովային»։ Որպեսզի սովորենք այսպես մտածել, եկեք քննենք մի քանի իրավիճակ։ Դրանցից յուրաքանչյուրի համար կգտնենք աստվածաշնչյան սկզբունք, որը կօգնի մեզ իմաստուն որոշում կայացնել։

15, 16. Քրիստոսի պես մտածելը ինչպե՞ս է օգնում մեզ, երբ ընտրում ենք ա) կողակից, բ) ընկերներ։

15 Կողակցի ընտրություն։ Նկատի առ հետևյալ սուրբգրային սկզբունքը՝ 2 Կորնթացիներ 6։14, 15 (կարդա)։ Պողոսի խոսքերը հստակ ցույց են տալիս, որ հոգևոր մարդը չի կարող լիակատար ներդաշնակություն վայելել մարմնավոր մարդու հետ։ Այս սկզբունքը ինչպե՞ս կարելի է կիրառել կողակից ընտրելիս։

16 Ընկերակցություն։ Նկատի առ հետևյալ սկզբունքը՝ 1 Կորնթացիներ 15։33 (կարդա)։ Աստվածավախ մարդը ընկերություն չի անի նրանց հետ, ովքեր հոգևոր առումով վատ կազդեն իր վրա։ Մտածիր, թե ինչպես կիրառես այս սկզբունքը։ Օրինակ՝ ինչպե՞ս է սա վերաբերում սոցիալական ցանցերից օգտվելուն։ Ի՞նչ պետք է անես, եթե օտար մարդիկ քեզ հրավիրեն իրենց հետ օնլայն խաղեր խաղալու։

Իմ որոշումները կնպաստե՞ն, որ ես հոգևորապես աճեմ (տես պարբերություն 17)

17–19. Հոգևոր մտածելակերպը ինչպե՞ս կօգնի մեզ ա) խուսափել ունայն գործերից, բ) ճիշտ նպատակներ դնել կյանքում, գ) ճիշտ վարվել, երբ տարաձայնություններ են առաջանում։

17 Գործեր, որոնք խանգարում են հոգևորապես աճել։ Մենք պետք է լրջորեն վերաբերվենք Պողոսի տված նախազգուշացմանը (կարդա Եբրայեցիներ 6։1)։ Նրա խոսքերով՝ ինչի՞ց պետք է խուսափենք։ Այն բոլոր գործերից, որոնք հոգևոր առումով «մեռած» են, ունայն, անպտուղ։ Այս սկզբունքը կարող է օգնել մեզ ճիշտ որոշում կայացնել, երբ մեր մտքում այսպիսի հարցեր ծագեն. «Այս գործը կամ զբաղմունքը մարմնի գործերի՞ց է։ Ընդունե՞մ փող աշխատելու այս առաջարկը։ Ինչո՞ւ չպետք է միանամ այն շարժումներին, որոնց նպատակն է՝ բարեփոխումներ անել»։

Իմ որոշումները կնպաստե՞ն, որ ես հոգևոր նպատակներ դնեմ (տես պարբերություն 18)

18 Հոգևոր նպատակներ։ Հիսուսի խոսքերը, որ նա ասաց Լեռան քարոզում, օգնում են մեզ հասկանալ, թե ինչ նպատակներ պետք է դնենք մեր առաջ (Մատթ. 6։33)։ Հոգևոր մարդը հոգևոր նպատակների է ձգտում։ Այս սկզբունքը հիշելով՝ կկարողանանք ճիշտ ընտրություն կատարել, երբ մտածում ենք, օրինակ, այն մասին, թե արժե արդյոք բարձրագույն կրթություն ստանալ կամ ընդունել աշխատանքի այս կամ այն առաջարկը։

Իմ որոշումները կնպաստե՞ն, որ ես «խաղաղություն ունենամ բոլոր մարդկանց հետ» (տես պարբերություն 19)

19 Տարաձայնություններ։ Հռոմի ժողովին ուղղված Պողոսի խորհուրդը ինչպե՞ս է օգնում մեզ ճիշտ վարվել, երբ վեճ է ծագում (Հռոմ. 12։18)։ Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք ձգտում ենք «խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ»։ Ուստի ինչպե՞ս ենք վարվում, երբ ինչ-որ մեկի հետ տարաձայնություն ենք ունենում։ Դժվարանո՞ւմ ենք զիջել, թե՞ հայտնի ենք որպես այնպիսի մարդ, ով «խաղաղություն է անում» (Հակ. 3։18

20. Ինչո՞ւ ես ցանկանում հոգևորապես աճել։

20 Մենք քննարկեցինք միայն մի քանի օրինակ, թե Աստծու սկզբունքների շուրջ մտածելը ինչպես կօգնի մեզ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք ցույց կտան, որ մենք հոգևոր մարդ ենք։ Հոգևոր մտածելակերպ ունենալով՝ մենք ավելի երջանիկ կլինենք։ Ռոբերտը, ում օրինակը բերված է հոդվածի սկզբում, ասում է. «Երբ ես իրական փոխհարաբերություններ զարգացրի Եհովայի հետ, դարձա ավելի լավ ամուսին ու հայր։ Ես գոհ ու երջանիկ եմ»։ Մենք էլ այսպես կօրհնվենք, եթե հոգևորապես աճելու համար ամեն ջանք թափենք։ Հոգևոր մարդ լինելով՝ մենք այսօր իսկ բավարարվածության խոր զգացում կունենանք, իսկ ապագայում կվայելենք «իսկական կյանքը» (1 Տիմոթ. 6։19