Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ինչո՞ւ չի թույլատրվում Եհովայի վկաների հրատարակությունները տեղադրել անձնական կայքում կամ սոցիալական ցանցերում։

Քանի որ մենք Աստվածաշնչի վրա հիմնված մեր նյութերը անվճար ենք տրամադրում, ոմանք կարծում են, թե կարելի է դրանք պատճենել ու տեղադրել այլ կայքերում կամ սոցիալական ցանցերում։ Սակայն դրանով խախտվում են մեր կայքերի «Օգտագործման պայմանները» *, ինչը լուրջ խնդիրներ է առաջ բերում։ Ինչպես հստակ նշված է «Օգտագործման պայմաններում», չի թույլատրվում «տեղադրել կայքի պատկերազարդման բնօրինակները, էլեկտրոնային հրատարակությունները, ապրանքանիշերը, երաժշտությունը, երգերը, նկարները, տեսանյութերը կամ հոդվածները ինտերնետում (որևէ կայքում, սոցիալական ցանցում, ֆայլերի կամ տեսանյութերի փոխանակման համակարգում)»։ Նման սահմանափակումն ինչո՞ւ է անհրաժեշտ։

Չի թույլատրվում հեղինակային իրավունքով պաշտպանված մեր հրատարակությունները տեղադրել այլ կայքերում

Մեր կայքերում առկա բոլոր նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով։ Հավատուրացները և այլ հակառակորդներ փորձում են մեր հրատարակություններն օգտագործել իրենց կայքերում, որպեսզի գրավեն Եհովայի վկաներին և ուրիշներին։ Այդ կայքերում նաև այնպիսի նյութեր են տեղադրված, որոնց նպատակն է կասկածներ սերմանել ընթերցողների մեջ (Սաղ. 26։4; Առակ. 22։5)։ Ոմանք էլ մեր նյութերը կամ jw.org կայքի լոգոտիպն օգտագործում են գովազդներում, վաճառքի համար նախատեսված ապրանքների վրա և բջջային հավելվածներում։ Քանի որ մենք պաշտպանում ենք մեր հեղինակային իրավունքներն ու ապրանքանիշը, իրավական հիմք ունենք կանխելու նման չարաշահումները (Առակ. 27։12)։ Սակայն եթե մարդկանց, նույնիսկ մեր եղբայրներին թույլ տանք մեր էլեկտրոնային նյութերը տեղադրել այլ կայքերում կամ jw.org ապրանքանիշն օգտագործել ապրանքներ վաճառելու նպատակով, հնարավոր է՝ դատարանները մեր օգտին որոշումներ չկայացնեն, երբ փորձենք կանխել հակառակորդների կամ առևտրային ձեռնարկությունների չարաշահումները։

Եթե մեր հրատարակությունները ներբեռնենք ոչ թե jw.org կայքից, այլ ուրիշ աղբյուրներից, դա կարող է վտանգավոր լինել։ Եհովան միմիայն «հավատարիմ և իմաստուն ծառային» է վստահել հոգևոր սնունդ մատակարարելու գործը (Մատթ. 24։45)։ Այդ «ծառան» հոգևոր սնունդ տրամադրելու նպատակով օգտագործում է միայն իր պաշտոնական կայքերը, որոնք են՝ www.pr418.com, tv.pr418.com և wol.pr418.com։ Բացի այդ, շարժական սարքերի համար մենք ունենք միայն երեք պաշտոնական հավելված. դրանք են՝ JW Language®, JW Library® և JW Library Sign Language®։ Նշված աղբյուրները գովազդներ չեն պարունակում և աղավաղված չեն Սատանայի աշխարհի կողմից։ Սակայն եթե հոգևոր սնունդն այլ ուղիներով է անցել, երաշխիք չկա, որ այն չի փոփոխվել կամ աղավաղվել (Սաղ. 18։26; 19։8

Մյուս կողմից, երբ մեր հրատարակությունները տեղադրվում են այնպիսի կայքերում, որտեղ կարելի է մեկնաբանություն թողնել, դա հավատուրացներին և այլ քննադատների հնարավորություն է տալիս անվստահություն սերմանել Եհովայի կազմակերպության նկատմամբ։ Որոշ եղբայրներ ներքաշվել են օնլայն բանավեճերի մեջ, ինչով հավելյալ նախատինք են բերել Եհովայի անվանը։ Պետք է հիշել, որ օնլայն ֆորումները պատշաճ միջոց չեն «մեղմությամբ սովորեցնելու հակառակվողներին» (2 Տիմոթ. 2։23–25; 1 Տիմոթ. 6։3–5)։ Բացի այդ, նկատվել է, որ մեր կազմակերպության, Կառավարիչ մարմնի և դրա առանձին անդամների անունից կեղծ էջեր են բացվել սոցիալական ցանցերում, և կեղծ կայքեր են ստեղծվել։ Սակայն հարկ է նշել, որ Կառավարիչ մարմնի ոչ մի անդամ չունի անձնական ինտերնետային էջ և գրանցված չէ որևէ սոցիալական ցանցում։

Երբ մարդկանց ուշադրությունը հրավիրում ենք jw.org կայքի վրա, դա նպաստում է «բարի լուրի» տարածմանը (Մատթ. 24։14)։ Այն էլեկտրոնային գործիքները, որոնք ստանում ենք ծառայության մեջ օգտագործելու նպատակով, շարունակ կատարելագործվում են։ Մենք ցանկանում ենք, որ բոլորը օգուտ քաղեն դրանցից։ Ուստի «Օգտագործման պայմանների» համաձայն՝ թույլատրվում է էլեկտրոնային փոստով ինչ-որ մեկին ուղարկել որևէ էլեկտրոնային հրատարակություն կամ jw.org կայքում առկա որևէ նյութի հղումը։ Երբ հետաքրքրվող անձանց ուշադրությունը հրավիրում ենք մեր պաշտոնական կայքերի վրա, նրանց օգնում ենք հոգևոր սնունդ ստանալ միակ ճշմարիտ աղբյուրից՝ «հավատարիմ և իմաստուն ծառայից»։

^ պարբ. 1 «Օգտագործման պայմանների» հղումը կարող եք գտնել jw.org կայքի գլխավոր էջի ստորին հատվածում։ Սահմանափակումները վերաբերում են այն ամենին, ինչ առկա է մեր կայքերում։