Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է»

«Քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է»

«Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ.... քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (ԵԲՐ. 10։24, 25

ԵՐԳ 90, 87

1. Պողոս առաքյալը ինչո՞ւ եբրայեցի քրիստոնյաներին հորդորեց ավելի շատ ջանքեր թափել իրար քաջալերելու համար։

ԻՆՉՈ՞Ւ պետք է ավելի շատ ջանքեր թափենք միմյանց քաջալերելու համար։ Այդ մասին կարդում ենք Պողոս առաքյալի նամակում՝ ուղղված եբրայեցի քրիստոնյաներին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։ Հինգ տարի անց Երուսաղեմում ապրող քրիստոնյաները տեսան Հիսուսի տված նշանը և հասկացան, որ Եհովայի օրը մոտ է։ Նրանք փախան այդ քաղաքից (Գործ. 2։19, 20; Ղուկ. 21։20–22)։ Եհովայի օրը եկավ 70 թ.-ին, երբ հռոմեացիները ի կատար ածեցին Երուսաղեմի դեմ Եհովայի կայացրած դատավճիռը։

2. Ինչո՞ւ այսօր պետք է ավելի մղվենք քաջալերելու միմյանց։

2 Այսօր մենք ծանրակշիռ հիմքեր ունենք հավատալու, որ Եհովայի «մեծ և ահազդու» օրը մոտ է (Հովել 2։11)։ Սոփոնիա մարգարեն ասաց. «Մոտ է Եհովայի մեծ օրը, մոտ է ու շատ շտապում է» (Սոփ. 1։14)։ Այս մարգարեական նախազգուշացումը վերաբերում է նաև մեր օրերին։ Տեսնելով, որ Եհովայի օրը մոտ է՝ մենք պետք է հետևենք Պողոսի հորդորին՝ «ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար» (Եբր. 10։24)։ Դրա համար պետք է ավելի շատ հետաքրքրվենք մեր հավատակիցներով, որպեսզի անհրաժեշտության դեպքում քաջալերենք նրանց։

Ո՞Վ ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

3. Պողոս առաքյալը ի՞նչ գրեց քաջալերության մասին (տես հոդվածի սկզբի նկարը)։

3 «Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակ. 12։25)։ Բոլորս էլ զգացել ենք սա։ Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ քաջալերանքի կարիք է ունենում։ Պողոսը նշեց, որ նույնիսկ քաջալերելու պարտականություն ունեցողներն են զգում դրա կարիքը։ Հռոմեացի քրիստոնյաներին նա գրեց. «Փափագում եմ տեսնել ձեզ, որպեսզի հոգևոր պարգև փոխանցեմ, որ հաստատուն լինեք, կամ, ավելի շուտ, որ փոխադարձ քաջալերություն ստանանք միմյանց հավատով՝ ինչպես ձեր, այնպես էլ իմ» (Հռոմ. 1։11, 12)։ Պողոսը, ով շատ էր քաջալերում հավատակիցներին, ինքն էլ երբեմն ունենում էր դրա կարիքը (կարդա Հռոմեացիներ 15։30–32

4, 5. Ո՞ւմ կարող ենք քաջալերել և ինչո՞ւ։

4 Անձնազոհ կյանքով ապրող քրիստոնյաները արժանի են գովասանքի։ Նրանցից են, օրինակ, մեր հավատարիմ ռահվիրաները։ Այսպիսի ծառայություն սկսելու համար շատերը մեծ զոհողություններ են արել։ Նույնը կարող ենք ասել միսիոներների, շրջանային վերակացուների ու նրանց կանանց, ինչպես նաև մասնաճյուղերում և թարգմանչական գրասենյակներում ծառայողների մասին։ Բոլորը ինչ-որ բան զոհում են, որ ավելի շատ ժամանակ նվիրեն սուրբ ծառայությանը։ Մենք պետք է ոգևորենք նրանց։ Քաջալերանքի կարիք ունեն նաև այն քրիստոնյաները, ովքեր շատ կցանկանային շարունակել լիաժամ ծառայությունը, սակայն ինչ-ինչ հանգամանքների պատճառով չեն կարող դա անել։

5 Որոշ եղբայրներ ու քույրեր, ցանկանալով հնազանդվել «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու պատվերին, ամուրի են մնում։ Նրանք նույնպես արժանի են, որ քաջալերենք իրենց (1 Կորնթ. 7։39)։ Նույն ձևով էլ ամուսնացած կանայք են ոգևորվում, երբ իրենց ամուսիններից սիրո ու գնահատանքի խոսքեր են լսում (Առակ. 31։28, 31)։ Քաջալերանքի կարիք ունեն նաև այն քրիստոնյաները, ովքեր, չնայած հալածանքներին կամ հիվանդություններին, հավատարիմ են մնում (2 Թեսաղ. 1։3–5)։ Եհովան ու Հիսուս Քրիստոսը մխիթարում են այս բոլոր նվիրված ծառաներին (կարդա 2 Թեսաղոնիկեցիներ 2։16, 17

ԵՐԵՑՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՔԱՋԱԼԵՐԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

6. Ըստ Եսայիա 32։1, 2 համարների՝ ի՞նչ դեր ունեն երեցները։

6 Կարդա Եսայիա 32։1, 2։ Այս դժվարին ժամանակներում Հիսուս Քրիստոսը իր օծյալ եղբայրների ու երկրային կյանքի հույս ունեցող «իշխանների» միջոցով առաջնորդում և քաջալերում է ճնշված ու վհատված քրիստոնյաներին։ Օգնելու պատրաստ այս երեցները չեն «տիրապետում» մյուսների հավատի վրա։ Նրանք «համագործակիցներ» են, ինչով նպաստում են իրենց եղբայրների ուրախությանը (2 Կորնթ. 1։24

7, 8. Քաջալերական խոսքեր ասելուց բացի՝ երեցները ինչպե՞ս կարող են զորացնել ուրիշներին։

7 Պողոս առաքյալը մեզ լավ օրինակ է թողել։ Թեսաղոնիկեի քրիստոնյաներին, որոնք հալածանքներ էին կրում, նա գրեց. «Ջերմ զգացմունքներ ունենալով ձեր հանդեպ՝ մենք ուրախ էինք ձեզ ոչ միայն հայտնելու Աստծու բարի լուրը, այլև տալու մեր հոգիները, որովհետև դուք սիրելի դարձաք մեզ» (1 Թեսաղ. 2։8

8 Պողոսը Եփեսոսում ծառայող երեցներին հուշեց, որ երբեմն բավական չէ միայն քաջալերական խոսքեր ասել։ Նա գրեց. «Դուք պետք է օգնեք թույլերին և հիշեք Տեր Հիսուսի ասած խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»» (Գործ. 20։35)։ Պողոսը ցանկանում էր ոչ միայն քաջալերել իր եղբայրներին, այլև «ամբողջությամբ ծախսվել» նրանց համար (2 Կորնթ. 12։15)։ Ուստի երեցները պետք է ոչ միայն խոսքով քաջալերեն ու մխիթարեն իրենց հավատակիցներին, այլև գործով՝ սրտանց հոգ տանելով նրանց մասին (1 Կորնթ. 14։3

9. Ի՞նչ կարող են անել երեցները, որ խորհուրդ տալիս քաջալերեն մարդկանց։

9 Երբեմն ուրիշներին կերտելու համար հարկավոր է նրանց խորհուրդ տալ։ Երեցները կարող են Աստվածաշնչից սովորել, թե ինչպես խորհուրդ տան, որ այն քաջալերական լինի։ Այս հարցում հրաշալի օրինակ է թողել Հիսուսը։ Մահանալուց ու հարություն առնելուց որոշ ժամանակ հետո նա դիպուկ խորհուրդներ տվեց Փոքր Ասիայում գտնվող որոշ ժողովների։ Սակայն նկատիր, թե Հիսուսն ինչպես դա արեց։ Խորհուրդ տալուց առաջ նա ջերմորեն գովեց Եփեսոսի, Պերգամոնի և Թյուատիրի ժողովներում ծառայող քրիստոնյաներին (Հայտն. 2։1–5, 12, 13, 18, 19)։ Իսկ Լաոդիկեայի ժողովին ասաց. «Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում։ Ուստի նախանձախնդիր եղիր և զղջա» (Հայտն. 3։19)։ Խորհուրդ տալիս երեցները ջանում են ընդօրինակել Քրիստոսին։

ՄԻԱՅՆ ԵՐԵՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

Ծնողնե՛ր, ձեր երեխաներին սովորեցնո՞ւմ եք քաջալերել ուրիշներին (տես պարբերություն 10)

10. Ինչպե՞ս բոլորս կարող ենք քաջալերել միմյանց։

10 Ուրիշներին քաջալերելը միայն երեցների պարտականությունը չէ։ Պողոսը բոլոր քրիստոնյաներին հորդորեց միշտ իրար ասել «բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին» (Եփես. 4։29)։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ նկատենք, թե երբ ուրիշները քաջալերության կարիք ունեն։ Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին ասաց. «Զորացրեք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները և շարունակ ուղղեք ձեր ոտքերի ճանապարհները, որպեսզի կաղ անդամը չհոդախախտվի, այլ հակառակը՝ բուժվի» (Եբր. 12։12, 13)։ Բոլորս էլ կարող ենք քաջալերական խոսքերով սրտապնդել իրար։ Դա կարող են անել նույնիսկ երեխաներն ու պատանիները։

11. Ի՞նչը օգնեց մի քրոջ, երբ նա դեպրեսիայով էր տառապում։

11 Մարթա * անունով մի քույր, ով որոշ ժամանակ դեպրեսիայով էր տառապում, գրում է. «Մի օր, երբ աղոթում էի, որ քաջալերություն ստանամ, հանդիպեցի մի տարեց քրոջ, ով իմ հանդեպ սեր ու կարեկցանք դրսևորեց։ Դրա կարիքը ես շատ ունեի։ Նա պատմեց, որ ինքն էլ է նման փորձության միջով անցել, ու ես զգացի, որ մենակ չեմ»։ Տարեց քույրը հավանաբար չէր էլ պատկերացնում, թե իր խոսքերը ինչ լավ ազդեցություն կունենային Մարթայի վրա։

12, 13. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Փիլիպպեցիներ 2։1–4 համարներում տրված խորհուրդը։

12 Պողոսը Փիլիպպեի ժողովի բոլոր քրիստոնյաներին տվեց հետևյալ խորհուրդը. «Եթե կա քաջալերություն Քրիստոսում, եթե կա սիրո մխիթարություն, իրար հանդեպ հոգատարության դրսևորում, գորովանք ու կարեկցանք, ամբողջացրեք իմ ուրախությունը. միևնույն մտքի եղեք, միևնույն սերն ունեցեք, միաբանված եղեք հոգով, մտքում միևնույն բանը խորհեք, ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպ. 2։1–4

13 Բոլորս էլ պետք է ջանանք փնտրել ուրիշների շահը։ Դրա համար պետք է «սիրո մխիթարություն» տանք միմյանց, «իրար հանդեպ հոգատարություն», «գորովանք ու կարեկցանք» դրսևորենք։ Այդպես վարվելով՝ մենք կքաջալերենք մեր եղբայրներին ու քույրերին։

ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

14. Ի՞նչը կարող է քաջալերության աղբյուր լինել։

14 Երբ լսում ենք, որ նրանք, ում մի ժամանակ օգնել ենք, շարունակում են հավատարմորեն ծառայել Եհովային, շատ ենք քաջալերվում։ Այդպիսի զգացումներ ուներ նաև Հովհաննես առաքյալը, ով գրեց. «Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհ. 4)։ Շատ ռահվիրաներ անչափ քաջալերվում են, երբ իմանում են, որ այն մարդիկ, ում իրենք մի ժամանակ օգնել են իմանալ ճշմարտությունը, հավատարիմ են մնում Աստծուն և նույնիսկ ծառայում են որպես ռահվիրա։ Ուստի եթե ընկճված ռահվիրային հիշեցնենք, թե նա ինչպես է օգնել ուրիշներին և ինչ ուրախություն է ստացել, կքաջալերենք նրան։

15. Ի՞նչ կարող ենք անել, որ քաջալերենք հավատարմորեն ծառայող քրիստոնյաներին։

15 Բազմաթիվ շրջանային վերակացուներ խոստովանել են, որ իրենք և իրենց կանայք շատ են քաջալերվում, երբ իրենց այցելած ժողովի անդամները երախտագիտության խոսքեր են գրում։ Նույն բանը զգում են երեցները, միսիոներները, ռահվիրաները և Բեթելի ընտանիքի անդամները, երբ գնահատանքի խոսքեր են լսում իրենց հավատարիմ ծառայության համար։

ԲՈԼՈՐՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՔԱՋԱԼԵՐԵԼ ԻՐԱՐ

16. Ի՞նչ է հարկավոր ուրիշներին քաջալերելու համար։

16 Սխալ կլինի մտածել, որ եթե շփվող չենք, ապա չենք կարող քաջալերել ուրիշներին։ Քաջալերության աղբյուր լինելու համար շատ բան հարկավոր չէ. պարզապես պետք է ուրիշներին ողջունելիս ջերմորեն ժպտալ։ Եթե դիմացինը ի պատասխան չի ժպտում, դա կարող է նշանակել, որ նա ինչ-որ խնդիր ունի։ Ուստի եթե լսես նրան, դա կարող է մխիթարանք բերել նրա սրտին (Հակ. 1։19

17. Մի երիտասարդ եղբայր ինչպե՞ս մխիթարվեց։

17 Անրի անունով մի երիտասարդ եղբայր շատ ընկճվեց, երբ իր հարազատները, այդ թվում՝ հայրը, ով հարգված երեց էր, թողեցին ճշմարտությունը։ Շրջանային վերակացուն, նկատելով, որ Անրին տխուր է, նրան հրավիրեց սրճարան և ուշադիր լսեց։ Այդ զրույցից տղան քաջալերվեց և հասկացավ, որ ինքը պետք է հավատարիմ ու անսասան մնա, միայն այդպես կօգնի իր հարազատներին վերադառնալ Եհովայի մոտ։ Բացի այդ, նա շատ մխիթարվեց՝ կարդալով 46-րդ սաղմոսը, ինչպես նաև Սոփոնիա 3։17 և Մարկոս 10։29, 30 համարները։

Բոլորս էլ կարող ենք քաջալերել ու զորացնել միմյանց (տես պարբերություն 18)

18. ա) Սողոմոն թագավորը ի՞նչ գրեց քաջալերության մասին։ բ) Պողոս առաքյալը ի՞նչ խորհուրդ տվեց։

18 Մարթայի և Անրիի օրինակները ցույց են տալիս, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է քաջալերել այն եղբորը կամ քրոջը, ով մխիթարության կարիք ունի։ Սողոմոն թագավորը գրեց. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է։ Պայծառ աչքերը ուրախացնում են սիրտը, և լավ լուրը պարարտացնում է ոսկորները» (Առակ. 15։23, 30)։ Եթե վհատված անհատի համար նյութեր կարդանք «Դիտարան» ամսագրից կամ մեր կայքից, դա նրան թարմություն կտա։ Քաջալերության աղբյուր կարող է լինել նաև այն, որ միասին երգենք Թագավորության երգերը։ Պողոսն ասաց. «Իրար սովորեցրեք և հորդորեք սաղմոսներով, Աստծուն ուղղված գովաբանություններով ու գոհունակությամբ լի հոգևոր երգերով, և ձեր սրտերում գովերգեք Եհովային» (Կող. 3։16; Գործ. 16։25

19. Ինչո՞ւ միմյանց քաջալերելը գնալով ավելի կարևոր է դառնում, և ի՞նչ պետք է անենք։

19 Մենք տեսնում ենք, որ Եհովայի «օրը մոտենում է», ուստի միմյանց քաջալերելը գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում (Եբր. 10։25)։ Ինչպես Պողոսն ասաց իր հավատակիցներին, եկեք «շարունակենք մխիթարել և կերտել միմյանց, ինչպես որ անում ենք» (1 Թեսաղ. 5։11

^ պարբ. 11 Անունները փոխված են։