Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սկզբում՝ նյութապես աղքատ, վերջում՝ հոգևորապես հարուստ

Սկզբում՝ նյութապես աղքատ, վերջում՝ հոգևորապես հարուստ

Ծնվել եմ մի գերանաշեն տնակում, որը գտնվում էր ԱՄՆ Ինդիանա նահանգի Լիբերթի փոքր քաղաքում։ Երբ ծնվեցի, ծնողներս արդեն երեք երեխա ունեին՝ մեկ տղա ու երկու աղջիկ։ Դրանից հետո նրանք ևս երկու տղա և մեկ աղջիկ ունեցան։

Գերանաշեն տնակը, որտեղ ծնվել եմ

ԴՊՐՈՑԱԿԱՆ տարիներին կյանքումս մեծ փոփոխություններ չեղան։ Նույն մարդկանց հետ ընդունվում էիր դպրոց և նույն մարդկանց հետ էլ ավարտում։ Քաղաքում գրեթե բոլորը գիտեին միմյանց անունները։

Ես յոթ երեխաներից չորրորդն էի։ Փոքր տարիքից սովորեցի գյուղատնտեսական աշխատանքներ կատարել

Լիբերթի քաղաքի մերձակայքում փոքր ֆերմաներ կային, որոնք հիմնականում զբաղվում էին հացահատիկի մշակմամբ։ Երբ ծնվեցի, հայրս աշխատում էր այդ ֆերմաներից մեկում։ Պատանեկան տարիքում սովորեցի տրակտոր վարել և այլ գյուղատնտեսական աշխատանքներ անել։

Հորս երբեք երիտասարդ չեմ տեսել։ Երբ լույս աշխարհ եկա, հայրս 56 տարեկան էր, իսկ մայրս՝ 35։ Հայրս նիհար, բայց առողջ և ուժեղ տղամարդ էր։ Նա շատ աշխատասեր էր և մեզ՝ երեխաներիս էլ սովորեցրեց սիրել աշխատանքը։ Նա շատ չէր վաստակում, սակայն մենք ունեինք տանիք, բավարար սնունդ և հագուստ, իսկ որ ամենակարևորն է, նա միշտ ժամանակ էր անցկացնում մեզ հետ։ Հայրս մահացավ 93 տարեկան հասակում, իսկ մայրս՝ 86։ Նրանք չէին ծառայում Եհովային։ Սակայն իմ եղբայրներից մեկը ընդունեց ճշմարտությունը։ 1972 թվականից նա հավատարմորեն ծառայում է որպես երեց։

ԿՅԱՆՔԻՍ ՎԱՂ ՏԱՐԻՆԵՐԸ

Մայրս շատ կրոնասեր էր։ Ամեն կիրակի նա մեզ տանում էր բապտիստական եկեղեցի։ Երբ 12 տարեկան էի, առաջին անգամ լսեցի Երրորդության մասին։ Զարմացած հարցրի մորս. «Հիսուսն ինչպե՞ս կարող է միաժամանակ և՛ Որդի լինել, և՛ Հայր»։ Հիշում եմ նրա պատասխանը. «Տղա՛ս, դա խորհուրդ է։ Մեզ տրված չէ դա հասկանալ»։ Այդ ուսմունքը, իրոք որ, խորհրդավոր բան էր ինձ համար։ Չնայած դրան՝ 14 տարեկանում մկրտվեցի գետում. ինձ երեք անգամ ջրի մեջ ընկղմեցին հանուն Երրորդության։

Բանակ զորակոչվելուց առաջ՝ 17 տարեկանում (1952)

Երբ ավագ դպրոցում էի սովորում, մի ընկեր ունեի, որը բռնցքամարտիկ էր։ Նա ինձ համոզեց այդ սպորտաձևով զբաղվել։ Սկսեցի մարզվել և անդամագրվեցի բռնցքամարտի «Ոսկե ձեռնոցներ» կազմակերպությանը։ Մեծ հաջողությունների չհասա և մի քանի մենամարտից հետո թողեցի այդ սպորտաձևը։ Որոշ ժամանակ հետո զորակոչվեցի ԱՄՆ բանակ։ Ինձ ուղարկեցին Գերմանիա։ Այնտեղ իմ վերադասները ինձ ուղարկեցին ռազմական ակադեմիա՝ մտածելով, որ լիդերին բնորոշ հատկություններ ունեմ։ Նրանք ուզում էին, որ զինվորական կարիերա ստեղծեմ, այնինչ ես նման ցանկություն չունեի։ Ուստի երկու տարի անց՝ 1956 թ.-ին, ծառայությունս ավարտեցի ու զորացրվեցի։ Սակայն կարճ ժամանակ անց դարձա բոլորովին այլ բանակի զինվոր։

Երկու տարի ծառայեցի ԱՄՆ բանակում (1954–1956)

ՆՈՐ ԿՅԱՆՔ

Մինչև ճշմարտությունն իմանալը սխալ պատկերացում ունեի, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը։ Ինձ վրա մեծ ազդեցություն էին թողել ֆիլմերն ու հասարակական կարծիքը։ Իմ ընկալմամբ՝ Աստվածաշունչ քարոզող տղամարդիկ առնական չէին։ Սակայն Սուրբ Գրքից այնպիսի բաներ իմացա, որոնք փոխեցին կյանքս։ Մի օր, երբ իմ կարմիր կաբրիոլետով շրջում էի քաղաքում, երկու ծանոթ աղջիկ ինձ ձեռքով արեցին։ Նրանք իմ ավագ քրոջ ամուսնու կրտսեր քույրերն էին։ Այդ աղջիկները Եհովայի վկաներ էին։ Մինչ այդ ես նրանցից վերցրել էի «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը, սակայն կարծում էի, որ «Դիտարանը» բարդ է ինձ համար։ Այս անգամ աղջիկները ինձ հրավիրեցին իրենց տանն անցկացվող փոքր հավաքույթի՝ Գրքի ուսումնասիրությանը, որի ժամանակ մարդիկ Աստվածաշունչ էին ուսումնասիրում։ Ասացի՝ կմտածեմ։ «Խոստանո՞ւմ ես»,— ժպտալով հարցրին նրանք։ «Խոստանում եմ»,— ասացի ես։

Ափսոսում էի, որ նման խոստում տվեցի, բայց չէի կարող այն դրժել։ Ուստի այդ երեկո գնացի նրանց տուն։ Ամենից շատ ինձ տպավորեցին երեխաները։ Զարմացա, թե որքան շատ բան նրանք գիտեն Աստվածաշնչից։ Թեև մորս հետ կիրակի օրերին գնում էի եկեղեցի, սակայն աստվածաշնչյան քիչ գիտելիքներ ունեի։ Ուստի վճռեցի ավելին իմանալ. համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Իմ սովորած առաջին բաներից մեկն այն էր, որ Ամենակարող Աստծու անունը Եհովա է։ Տարիներ առաջ, երբ մորս հարցրել էի Եհովայի վկաների մասին, նա ասել էր. «Նրանք Եհովա անունով մի տարեց մարդու են երկրպագում»։ Բայց այժմ աչքերս բացվեցին։

Հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը, ուստի շատ արագ առաջադիմեցի։ Վերոհիշյալ հանդիպումից ինն ամիս անց՝ 1957 թ. մարտին, մկրտվեցի։ Իմ աշխարհայացքը լիովին փոխվեց։ Այնքա՜ն ուրախ եմ, որ Աստվածաշնչից իմացա, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը։ Հիսուսը կատարյալ տղամարդ էր։ Նա այնքան ուժ ուներ, որ ամենաուժեղ տղամարդը ոչինչ էր նրա կողքին։ Սակայն նա կռիվների չմասնակցեց, այլ, ինչպես կանխագուշակվել էր Սուրբ Գրքում, «թույլ տվեց, որ իրեն կեղեքեն» (Ես. 53։2, 7)։ Ես սովորեցի, որ Հիսուսի իսկական հետևորդը «պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի» (2 Տիմոթ. 2։24

Հաջորդ տարի՝ 1958 թ.-ին, ռահվիրայական ծառայություն սկսեցի։ Սակայն կարճ ժամանակ հետո դադարեցրի այն, քանի որ որոշեցի ամուսնանալ Գլորիայի՝ այն աղջիկներից մեկի հետ, ովքեր ինձ հրավիրել էին Գրքի ուսումնասիրությանը։ Երբեք չեմ ափսոսացել այդ որոշման համար։ Գլորիան անգին գանձ էր այն ժամանակ, նույնն է նաև այսօր։ Ինձ համար նա ամենաարժեքավոր ադամանդից էլ թանկ է, ու ես երջանիկ եմ, որ ամուսնացել եմ նրա հետ։ Այժմ թող կինս մի փոքր պատմի իր մասին.

«Ծնողներս 17 երեխա ունեին։ Մայրս հավատարիմ Վկա էր։ Նա մահացավ, երբ 14 տարեկան էի։ Այդ ժամանակ հայրս սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Քանի որ մայրս չկար, հայրս դպրոցի տնօրենին խնդրեց, որ ես ու մեծ քույրս, որն ավարտական դասարանում էր սովորում, օրումեջ գնանք դպրոց։ Դրա շնորհիվ մեզնից որևէ մեկը կկարողանար հոգալ կրտսեր երեխաների մասին և ընթրիք պատրաստել, նախքան հայրս կգար աշխատանքից։ Տնօրենը համաձայնվեց, և մենք սկսեցինք օրումեջ գնալ դպրոց, մինչև որ քույրս ավարտեց։ Եհովայի վկաների երկու ընտանիք մեզ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում, և մեզնից՝ երեխաներիցս 11-ը մկրտվեցին։ Ես սիրում էի քարոզել, թեև միշտ պայքարել եմ ամաչկոտության դեմ։ Սեմը տարիներ շարունակ ինձ օգնել է այդ հարցում»։

1959 թ. փետրվարին ես ու Գլորիան ամուսնացանք։ Մենք մեծ ուրախություն էինք ստանում՝ միասին ռահվիրա ծառայելով։ Այդ տարի հուլիսին Բեթելի դիմում լրացրինք, քանի որ շատ էինք ցանկանում ծառայել գլխավոր վարչությունում։ Մեր թանկագին եղբայր Սայմոն Քրեյքերը զրուցեց մեզ հետ։ Նա ասաց, որ տվյալ պահին Բեթելը ամուսնացած զույգերի չի ընդունում։ Չնայած դրան՝ Բեթելում ծառայելու մեր փափագը չմարեց, սակայն դրա համար հարկ եղավ երկար սպասելու։

Մենք նամակ գրեցինք գլխավոր վարչություն և խնդրեցինք, որ մեզ ուղարկեն այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Շուտով ստացանք պատասխանը։ Մենք միայն մեկ ընտրություն ունեինք՝ Փայն Բլաֆ (Արկանզաս նահանգ)։ Այն ժամանակ Փայն Բլաֆում երկու ժողով կար. մեկը՝ սպիտակամորթների, մյուսը՝ սևամորթների համար։ Մեզ ուղարկեցին սևամորթների ժողով, որտեղ ընդամենը 14 քարոզիչ էր ծառայում։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Գուցե զարմանաք, թե Եհովայի վկաները ինչու էին սպիտակամորթների ու սևամորթների համար առանձին ժողովներ կազմել։ Պատասխանը շատ պարզ է. այն օրերում ուրիշ ընտրություն չկար։ Օրենքն արգելում էր տարբեր ռասաների մարդկանց միասին լինել։ Նաև իրական վտանգ կար, որ միասին հավաքվելու դեպքում մարդիկ բռնության զոհ կդառնային։ Շատ վայրերում եղբայրները վախենում էին, որ եթե երկու ռասաների ներկայացուցիչներ հավաքվեին երկրպագության համար, Թագավորության սրահը հարձակման կենթարկվեր։ Այդպիսի դեպքեր արդեն տեղի էին ունեցել։ Եթե սևամորթ Վկան սպիտակամորթների թաղամասում տնետուն քարոզեր, նրան կձերբակալեին և, ամենայն հավանականությամբ, կծեծեին։ Մենք ցանկանում էինք առանց խոչընդոտների քարոզել, ուստի ենթարկվում էինք օրենքներին՝ հուսալով, որ մի օր ամեն ինչ կփոխվի։

Մեր ծառայությունը հեշտ չէր։ Երբեմն պատահում էր, որ սևամորթների տարածքներում քարոզելիս սխալմամբ սպիտակամորթի դուռ էինք թակում։ Նման դեպքում պետք է արագ կողմնորոշվեինք, թե ինչ անեինք՝ հակիրճ որևէ միտք ասեինք Աստվածաշնչից, թե ներողություն խնդրեինք ու հեռանայինք։ Այն օրերում իրավիճակն այսպիսին էր։

Որպեսզի կարողանայինք շարունակել մեր ռահվիրայական ծառայությունը, պետք է ծանր աշխատեինք։ Մեր աշխատավարձը հիմնականում կազմում էր օրական երեք դոլար։ Գլորիան մարդկանց տներում տարբեր գործեր էր անում։ Տանտերերից մեկը ինձ թույլ էր տվել կնոջս օգնել։ Դրա շնորհիվ շուտ էինք ավարտում աշխատանքը։ Այնտեղ մեզ ճաշ էին տալիս՝ մի բաժին ուտելիք, որը մենք դուրս գալուց առաջ միասին ուտում էինք։ Ամեն շաբաթ Գլորիան մեկի տանը արդուկ էր անում, իսկ ես այգում էի աշխատում, պատուհաններն էի լվանում և ուրիշ գործեր անում։ Սպիտակամորթների մի ընտանիքի տանը մենք լվանում էինք պատուհանները. կինս ներսից էր լվանում, իսկ ես՝ դրսից։ Քանի որ աշխատանքը մի ամբողջ օր էր տևում, մեզ ճաշ էին տալիս։ Գլորիան ներսում էր ուտում՝ ընտանիքից առանձին, իսկ ես՝ ավտոտնակում։ Բայց ես չէի նեղվում։ Ճաշը շատ համեղ էր։ Նրանք լավ ընտանիք էին, պարզապես ապրում էին այդ համակարգի կանոններով։ Հիշում եմ մի դեպք, որ տեղի ունեցավ բենզալցակայանում։ Մեքենայի բաքը լիցքավորելուց հետո աշխատողին հարցրի, թե արդյոք Գլորիան կարող է օգտվել զուգարանից։ Աշխատողը զայրացած նայեց ինձ ու ասաց. «Այն փա՛կ է»։

ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ

Չնայած մեր ունեցած դժվարություններին՝ մենք վայելում էինք եղբայրների հետ շփումը և սիրում էինք մեր ծառայությունը։ Երբ նոր էինք տեղափոխվել Փայն Բլաֆ, ապրում էինք մի եղբոր տանը, որը ժողովի ծառայողն էր։ Այդ ժամանակ նրա կինը Վկա չէր, ուստի Գլորիան սկսեց նրա հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես էլ սկսեցի ուսումնասիրել նրանց աղջկա ու փեսայի հետ։ Մայր ու աղջիկ որոշեցին ծառայել Եհովային ու մկրտվեցին։

Սպիտակամորթների ժողովում լավ ընկերներ ունեինք։ Նրանք մեզ ճաշի էին հրավիրում, բայց նրանց տուն կարող էինք գնալ միայն այն ժամերին, երբ մութ էր։ «Կու-կլուքս-կլան» (ԿԿԿ) կազմակերպությունը, որը մարդկանց խտրականության և բռնության էր դրդում, այն ժամանակ շատ ակտիվ էր։ Հիշում եմ, որ մի անգամ՝ Հելոուինի տոնին՝ գիշերը, իր տան մուտքի մոտ նստած մի մարդու տեսա, որը հպարտությամբ կրում էր ԿԿԿ-ի անդամների հանդերձանքը՝ սպիտակ զգեստ ու սրածայր գլխանոց։ Սակայն նման բաները եղբայրներին չէին խանգարում բարություն դրսևորել։ Մի տարի այնպես պատահեց, որ ամռանը համաժողով գնալու համար փող չունեինք։ Մեզ օգնելու նպատակով մի եղբայր համաձայնվեց գնել 1950 թվականի մեր «Ֆորդը»։ Մեկ ամիս անց՝ մի շոգ օր, երբ տնետուն քարոզելուց և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուց հետո հոգնած եկանք տուն, մեզ անակնկալ էր սպասում։ Մեր տան առաջ կանգնած էր մեր մեքենան։ Դիմապակու վրա գրություն կար. «Սա ձեր մեքենան է՝ նվեր իմ կողմից։ Ձեր եղբայր»։

Երբեք չեմ մոռանա մեկ ուրիշ բարի գործ։ 1962-ին հրավեր ստացա սովորելու Թագավորական ծառայության դպրոցում, որի դասերն անցկացվելու էին Սաութ Լանսինգում (Նյու Յորք)։ Դա մեկամսյա դասընթաց էր՝ նախատեսված ժողովների վերակացուների, ինչպես նաև շրջանային ու մարզային վերակացուների համար։ Երբ ստացա հրավերը, գործազուրկ էի ու ֆինանսապես վատ վիճակում։ Փայն Բլաֆում հեռախոսային կապի մի ընկերություն ինձ հարցազրույցի էր կանչել։ Եթե ինձ աշխատանքի ընդունեին, այդ ընկերությունում կլինեի առաջին սևամորթը։ Շուտով ինձ տեղեկացրին, որ ցանկանում են ընդունել ինձ։ Ի՞նչ էի անելու։ Նյու Յորք գնալու համար փող չունեի։ Մտածում էի, որ լավ կլինի՝ աշխատանքի անցնեմ ու հրաժարվեմ դպրոցում սովորելու մտքից։ Արդեն պատրաստվում էի նամակ գրել ու հրաժարվել դպրոցում սովորելուց, երբ մի անսպասելի բան եղավ։

Վաղ առավոտյան մեր տան դուռը թակեցին։ Մեր ժողովի քույրերից մեկն էր, որի ամուսինը Վկա չէր։ Նա ինձ մի ծրար տվեց, որում փող կար։ Պարզվեց, որ այդ քույրն ու իր երեխաները վաղ արթնանում էին և գնում բամբակի դաշտերը՝ քաղհանելու։ Նրանք ուզում էին բավականաչափ փող աշխատել, որ ես կարողանայի մեկնել Նյու Յորք։ Քույրն ինձ ասաց. «Գնա դպրոց ու սովորիր։ Հետո վերադարձիր ու մեզ էլ սովորեցրու»։ Հեռախոսային կապի ընկերության ներկայացուցչին հարցրի, թե կարող եմ արդյոք հինգ շաբաթ հետո գործի անցնել։ Կտրուկ պատասխան ստացա՝ ո՛չ։ Բայց դա արդեն կարևոր չէր։ Ես որոշում էի կայացրել և շատ ուրախ եմ, որ աշխատանքի չընդունվեցի։

Գլորիան հիշում է այն ժամանակները, երբ ծառայում էինք Փայն Բլաֆում. «Ես շատ էի սիրում այդ տարածքը։ Ունեի Աստվածաշնչի 15-20 ուսումնասիրություն։ Առավոտյան տնետուն էինք գնում, իսկ հետո ուսումնասիրություններ էինք անցկացնում։ Երբեմն ծառայում էինք մինչև գիշերվա ժամը 11-ը։ Ծառայությունը մեզ մեծ հաճույք էր պատճառում։ Անկեղծ ասած՝ չէի ուզում, որ մեր նշանակումը փոխվեր, ու շրջանային ծառայություն սկսեինք, բայց Եհովան ուրիշ մտադրություն ուներ»։

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երբ Փայն Բլաֆում էինք, հատուկ ռահվիրայի դիմում լրացրինք։ Հույս ունեինք, որ կստանանք այդ նշանակումը, քանի որ մեր մարզային վերակացուն ուզում էր, որ Տեխասում ծառայենք որպես հատուկ ռահվիրա և օգնենք մի ժողովի։ Այդ միտքը մեզ դուր էր եկել։ Ուստի անհամբերությամբ սպասում էինք մեր դիմումի պատասխանին։ Բայց ամեն անգամ, երբ ստուգում էինք փոստարկղը, այն դատարկ էր։ Վերջապես մի օր նամակ ստացանք, որտեղ գրված էր մեր նշանակումը՝ շրջանային ծառայություն։ 1965 թ. հունվարն էր։ Այդ ժամանակ շրջանային վերակացու նշանակվեց նաև եղբայր Լիոն Ուիվերը, որն այժմ ծառայում է որպես Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր։

Ես անհանգստանում էի, թե ինչպես եմ ծառայելու որպես շրջանային վերակացու։ Մոտ մեկ տարի առաջ մեր մարզային վերակացուն՝ եղբայր Ջեյմս Թոմսոնը, ստուգել էր, թե որքանով եմ պատրաստ այդ ծառայության համար։ Նա նրբանկատորեն ասել էր, թե որ հարցերում պետք է բարելավվեմ, և թե ինչ հմտություններ պետք է ունենա շրջանային լավ վերակացուն։ Այդ ծառայությունը սկսելուց կարճ ժամանակ անց հասկացա, որ նրա խորհուրդը շատ տեղին էր։ Երբ ստացա նոր նշանակումս, եղբայր Թոմսոնը առաջին մարզային վերակացուն էր, ում հետ համագործակցեցի։ Այս հավատարիմ և հոգևորապես հասուն եղբորից շատ բան սովորեցի։

Անչափ շնորհակալ եմ հավատարիմ եղբայրներին անգնահատելի օգնության համար

Այն ժամանակներում շրջանային վերակացուներին հանգամանորեն չէին պատրաստում այդ ծառայության համար։ Ես երկու շաբաթ համագործակցեցի մի շրջանային վերակացուի հետ։ Առաջին շաբաթվա ընթացքում, երբ նա այցելեց մի ժողով, ես պետք է հետևեի, թե ինչպես է նա կատարում իր ծառայությունը։ Իսկ հաջորդ շաբաթ մեկ ուրիշ ժողովում նա պետք է ինձ ստուգեր։ Եղբայրն ինձ խորհուրդներ տվեց։ Դրանից հետո արդեն ինքներս պետք է այցելեինք ժողովներ։ Հիշում եմ, թե ինչ ասացի Գլորիային. «Հիմա ինչպե՞ս ենք առանց նրա կատարելու մեր այցելությունը»։ Սակայն ժամանակի ընթացքում մի կարևոր բան հասկացա. միշտ էլ կլինեն եղբայրներ, ովքեր կօգնեն մեզ, եթե միայն թույլ տանք։ Անչափ շնորհակալ եմ այն օգնության համար, որ ստացա այդպիսի փորձառու եղբայրներից։ Նրանցից են եղբայր Ջեյմս Բրաունը, որն այն ժամանակ շրջագայող վերակացու էր, և եղբայր Ֆրեդ Ռասկը, որը ծառայում էր Բեթելում։

Այդ տարիներին ամենուրեք ռասիստական տրամադրություններ էին տիրում։ Մի անգամ Թենեսիի քաղաքներից մեկում, ուր այցելության էինք գնացել, ԿԿԿ-ն երթ էր կազմակերպել։ Նաև հիշում եմ մի դեպք, երբ ծառայության ընթացքում քարոզչական խմբով որոշեցինք ընդմիջում անել և մտանք արագ սննդի ռեստորան։ Երբ վեր կացա, որ գնամ զուգարան, նկատեցի, որ ջղային դեմքով մի սպիտակամորթ տղամարդ իմ հետևից եկավ։ Նա ռասիստներին բնորոշ դաջվածքներ ուներ։ Սպիտակամորթ եղբայրներից մեկը, որն ինձնից էլ, այդ տղամարդուց էլ հաղթանդամ էր, մեր հետևից զուգարան մտավ։ Նա հարցրեց. «Ամեն ինչ լա՞վ է, եղբա՛յր Հերդ»։ Ջղային դեմքով տղամարդը, առանց զուգարանից օգտվելու, արագ դուրս եկավ։ Տարիների ընթացքում հասկացա, որ խտրականության իրական պատճառը ոչ թե մարդու մաշկի գույնն է, այլ Ադամից ժառանգած մեղքը, որն ազդում է բոլորիս վրա։ Նաև հասկացա, որ եղբայրդ, ինչ գույնի մաշկ էլ ունենա, իրոք որ եղբայր է՝ պատրաստ մահանալու քեզ համար, եթե դրա կարիքը լինի։

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՀԱՐՈՒՍՏ

33 տարի անցկացրինք շրջագայական ծառայության մեջ, որոնցից 21-ը՝ մարզային ծառայության մեջ։ Դրանք օրհնություններով լի տարիներ էին, որոնց ընթացքում քաջալերական բազում դեպքեր են եղել։ Սակայն մեզ մեկ ուրիշ օրհնություն էր սպասում։ 1997 թ. օգոստոսին մեր վաղեմի երազանքն իրականացավ։ Մեր առաջին դիմումը գրելուց մոտ 38 տարի անց մեզ հրավիրեցին ծառայելու Միացյալ Նահանգների Բեթելում։ Հաջորդ ամիս սկսեցինք մեր ծառայությունը։ Կարծում էի՝ Բեթելի պատասխանատու եղբայրներն ուզում էին, որ այնտեղ ժամանակավորապես ծառայեի, բայց ամեն ինչ այլ ընթացք ստացավ։

Գլորիան անգին գանձ էր այն ժամանակ, երբ ամուսնացա նրա հետ, նույնն է նաև այսօր

Սկզբում ինձ նշանակեցին ծառայողական բաժին, որտեղ շատ բան սովորեցի։ Այնտեղի եղբայրները բազմաթիվ նուրբ և բարդ հարցեր են քննարկում, որոնք ուղարկվում են երեցների խորհուրդների և շրջանային վերակացուների կողմից։ Շնորհակալ եմ եղբայրներին, որ համբերությամբ սովորեցնում էին ինձ և օգնում։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ եթե նորից նշանակվեմ այդ բաժին, սկսնակ ծառայողի պես կլինեմ։

Ես ու Գլորիան սիրում ենք Բեթելի կյանքը։ Քանի որ միշտ սովորություն ենք ունեցել վաղ արթնանալու, Բեթելի գրաֆիկով ապրելը մեզ համար դժվար չէ։ Մոտ մեկ տարի հետո սկսեցի ծառայել որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեի օգնական։ Իսկ 1999 թ.-ին նշանակվեցի Կառավարիչ մարմնի անդամ։ Այս ծառայությունը կատարելիս շատ բան եմ սովորել։ Բայց իմ սովորած ամենակարևոր բանն այն է, որ քրիստոնեական ժողովի գլուխը Հիսուս Քրիստոսն է, ոչ թե ինչ-որ մարդ։

1999 թվականից պատիվ ունեմ ծառայելու որպես Կառավարիչ մարմնի անդամ

Հետադարձ հայացք նետելով իմ կյանքին՝ ինչ-որ առումով ինձ Ամոս մարգարեի պես եմ զգում։ Եհովան ուշադրություն դարձրեց այդ խոնարհ հովվին, որը սեզոնային աշխատանք էր կատարում՝ ժանտաթուզ էր ծակում։ Այդ պտուղները համարվում էին աղքատների ուտելիք։ Աստված Ամոսին մարգարե նշանակեց, ինչը, անկասկած, հոգևորապես հարստացրեց նրան (Ամոս 7։14, 15)։ Եհովան ինձ էլ ուշադրություն դարձրեց, չնայած որ ես ընդամենը Լիբերթի քաղաքում ապրող և ֆերմայում աշխատող մի աղքատ մարդու որդի էի։ Աստված այնքան օրհնություններ թափեց ինձ վրա, որ նույնիսկ չեմ կարող թվարկել (Առակ. 10։22)։ Այո՛, իմ կյանքի վաղ տարիներին ես նյութապես աղքատ էի, բայց հիմա հոգևորապես հարուստ եմ, այնքան հարուստ, որ չէի էլ կարող պատկերացնել։