Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճանաչենք մեր թշնամուն

Ճանաչենք մեր թշնամուն

«Անտեղյակ չենք [Սատանայի] դիտավորություններին» (2 ԿՈՐՆԹ. 2։11

ԵՐԳ 150, 32

1. Եդեմի պարտեզում Եհովան ի՞նչ հայտնեց մեր թշնամու մասին։

ԱԴԱՄԸ անկասկած գիտեր, որ օձերը չեն խոսում։ Ուստի հավանաբար կռահեց, որ օձի միջոցով ոգեղեն արարած է խոսել Եվայի հետ (Ծննդ. 3։1–6)։ Ադամն ու Եվան, ըստ էության, ոչինչ չգիտեին նրա մասին։ Այդուհանդերձ, Ադամը գիտակցաբար որոշեց միանալ այդ օտար էակին և դեմ գնալ իր երկնային սիրառատ Հորը (1 Տիմոթ. 2։14)։ Եհովան անմիջապես սկսեց տեղեկություններ հայտնել այդ չար թշնամու մասին և խոստացավ, որ նա ի վերջո կկործանվի։ Սակայն նաև զգուշացրեց, որ այդ ոգեղեն արարածը որոշ ժամանակ հակառակվելու է նրանց, ովքեր սիրում են Աստծուն (Ծննդ. 3։15

2, 3. Ո՞րն է հավանական պատճառը, որ մինչև Մեսիայի գալը Եհովան Սատանայի մասին քիչ բան է հայտնել։

2 Եհովան երբեք չի հայտնել իր դեմ ապստամբած հրեշտակի անձնանունը։ * Իսկ նրա ձեռք բերած Սատանա անունը, որը նկարագրում է նրա էությունը, Աստված որոշեց հայտնել միայն մոտ 2500 տարի անց (Հոբ 1։6)։ Հետաքրքիր է, որ Եբրայերեն Գրություններում այդ անունը, որը նշանակում է «հակառակորդ», հանդիպում է միայն երեք գրքերում՝ «Առաջին Տարեգրություն», «Հոբ» և «Զաքարիա»։ Մինչև Մեսիայի գալը Աստված ինչո՞ւ է քիչ բան հայտնել մեր թշնամու մասին։

3 Եհովան, ըստ ամենայնի, չէր ուզում անտեղի ուշադրություն հրավիրել Սատանայի վրա։ Ուստի Եբրայերեն Գրություններում շատ բան գրել չտվեց այդ թշնամու ու նրա գործունեության մասին։ Աստվածաշնչի այդ հատվածը գրելու գլխավոր նպատակն էր՝ օգնել մարդկանց ճանաչելու և ընդունելու Մեսիային (Ղուկ. 24։44; Գաղ. 3։24)։ Երբ այդ նպատակն իրականացավ, Եհովան Մեսիայի ու նրա աշակերտների միջոցով ավելի շատ բան բացահայտեց Սատանայի ու նրան միացած հրեշտակների մասին։ * Դա տեղին էր, որովհետև Աստված հենց Հիսուսի ու նրա օծյալ իշխանակիցների միջոցով է ջախջախելու Սատանային ու նրա հետևորդներին (Հռոմ. 16։20; Հայտն. 17։14; 20։10

4. Ինչո՞ւ չպետք է սարսափենք Սատանայից։

4 Պետրոս առաքյալը Բանսարկու Սատանային կոչեց մռնչացող առյուծ, իսկ Հովհաննեսը՝ վիշապ և օձ (1 Պետ. 5։8; Հայտն. 12։9)։ Սակայն կարիք չկա սարսափելու նրանից, չէ՞ որ նրա կարողությունները սահմանափակ են (կարդա Հակոբոս 4։7)։ Մեզ պաշտպանում են Եհովան, Հիսուսը և հավատարիմ հրեշտակները։ Նրանց օգնությամբ մենք կարող ենք դիմադրել այս թշնամուն։ Սակայն մեզ հետաքրքրում են հետևյալ հարցերը։ Որքա՞ն մեծ է Սատանայի ազդեցությունը։ Ինչպե՞ս է նա փորձում ազդել մարդկանց վրա։ Եվ ի՞նչ սահմաններ ունի նրա զորությունը։ Եկեք պատասխանենք այս հարցերին ու տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

ՈՐՔԱ՞Ն ՄԵԾ Է ՍԱՏԱՆԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

5, 6. Մարդկային կառավարությունները ինչո՞ւ չեն կարող այնպիսի փոփոխություններ անել, որոնց կարիքը մարդիկ ամենաշատն ունեն։

5 Զգալի թվով հրեշտակներ միացան Սատանայի ապստամբությանը։ Ջրհեղեղից առաջ նա գայթակղեց առնվազն նրանցից ոմանց՝ դրդելով անբարո հարաբերություններ ունենալ կանանց հետ։ Սրա մասին իմանում ենք Աստվածաշնչից։ Այնտեղ խորհրդանշական լեզվով նկարագրվում է, թե ինչպես է վիշապը քաշում երկնքի աստղերի երրորդ մասը և ցած գցում երկրի վրա (Ծննդ. 6։1–4; Հուդա 6; Հայտն. 12։3, 4)։ Երբ այդ հրեշտակները թողեցին Աստծու ընտանիքը, նրանք Սատանայի իշխանության տակ անցան։ Այդ ըմբոստները պարզապես խռովարարների խառնամբոխ չեն։ Սատանան ստեղծել է Աստծու Թագավորության նմանակը և ինքն իրեն թագավոր է կարգել։ Մեզ համար անտեսանելի ոլորտում նա դևերից կառավարություններ է կազմել՝ նրանց տալով իշխանություն ու դարձնելով աշխարհի տիրակալներ (Եփես. 6։12

6 Սատանան իր ոգեղեն կազմակերպության միջոցով իշխում է բոլոր մարդկային կառավարությունների վրա։ Դա հստակ երևում է, օրինակ, այն դեպքից, երբ նա Հիսուսին ցույց տվեց «աշխարհի բոլոր թագավորությունները» և ասաց. «Այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում որ ուզեմ, նրան էլ կտամ» (Ղուկ. 4։5, 6)։ Չնայած Սատանայի ազդեցությանը՝ շատ կառավարություններ լավ բաներ են անում իրենց քաղաքացիների համար։ Հնարավոր է՝ առանձին իշխանավորներ ազնիվ մղումներ ունենան։ Սակայն ոչ մի մարդկային կառավարություն կամ ղեկավար չի կարող այնպիսի փոփոխություններ անել մարդկանց կյանքում, որոնց կարիքը նրանք ամենաշատն ունեն (Սաղ. 146։3, 4; Հայտն. 12։12

7. Սատանան ինչպե՞ս է օգտագործում ոչ միայն կառավարությունները, այլև կեղծ կրոնն ու առևտրային համակարգը (տես հոդվածի սկզբի նկարը)։

7 «Ողջ երկիրը» մոլորեցնելու համար Սատանան ու դևերը ոչ միայն կառավարություններն են օգտագործում, այլև կեղծ կրոնը և առևտրային համակարգը (Հայտն. 12։9)։ Կեղծ կրոնի միջոցով Սատանան ստեր է տարածում Եհովայի մասին։ Նաև ձգտում է հնարավորինս շատ մարդկանց մոռանալ տալ Աստծու անունը (Երեմ. 23։26, 27)։ Դրա հետևանքով անկեղծ մարդիկ, մտածելով, թե Աստծուն են պաշտում, ներքաշվում են դևերի երկրպագության մեջ (1 Կորնթ. 10։20; 2 Կորնթ. 11։13–15)։ Բացի այդ, Սատանան ստեր է տարածում առևտրային համակարգի միջոցով։ Այդ համակարգը մարդկանց մղում է մտածելու, թե երջանիկ լինելու համար հարկավոր է շատ փող աշխատել և ունեցվածք կուտակել (Առակ. 18։11)։ Նրանք, ովքեր հավատում են այդ ստին, ամբողջ կյանքում ծառայում են «Հարստությանը» և ոչ թե Աստծուն (Մատթ. 6։24)։ Նյութապաշտությունը կարող է ի վերջո խեղդամահ անել Աստծու հանդեպ սերը (Մատթ. 13։22; 1 Հովհ. 2։15, 16

8, 9. ա) Ի՞նչ ենք սովորում Ադամի, Եվայի և ըմբոստ հրեշտակների օրինակից։ բ) Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ Սատանան ողջ աշխարհին է տիրում։

8 Ադամի, Եվայի և ըմբոստ հրեշտակների օրինակից առնվազն երկու կարևոր բան ենք սովորում։ Առաջին՝ մենք պետք է որոշենք կա՛մ նվիրված մնալ Եհովային, կա՛մ միանալ Սատանային. ուրիշ ընտրություն չկա (Մատթ. 7։13)։ Երկրորդ՝ նրանք, ովքեր միանում են Սատանային, միայն թվացյալ օգուտներ են ստանում։ Ադամն ու Եվան ստացան իրենց ուզածը. նրանց ցանկությունն էր ինքնուրույն որոշել, թե ինչն է բարի, և ինչը՝ չար։ Իսկ դևերը որոշակի իշխանություն ստացան մարդկային կառավարությունների վրա (Ծննդ. 3։22)։ Սակայն Սատանայի առաջարկած թվացյալ օգուտները ստանալու համար հարկավոր է գին վճարել, և այդ գինը միշտ էլ շատ ավելի մեծ է, քան այն, ինչ տրվում է դրա դիմաց (Հոբ 21։7–17; Գաղ. 6։7, 8

9 Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ Սատանան ողջ աշխարհին է տիրում։ Դա մեզ օգնում է հավասարակշռված տեսակետ ունենալ իշխանությունների վերաբերյալ, ինչպես նաև մղում է քարոզելու բարի լուրը։ Եհովան ուզում է, որ հարգանքով վերաբերվենք պետական իշխանություններին (1 Պետ. 2։17)։ Նա պատվիրել է հնազանդվել մարդկային կառավարությունների սահմանած օրենքներին, քանի դեռ դրանք չեն հակասում իր չափանիշներին (Հռոմ. 13։1–4)։ Սակայն մենք հասկանում ենք, որ պետք է չեզոք մնանք՝ երբեք չբռնենք այս կամ այն կուսակցության կամ առաջնորդի կողմը (Հովհ. 17։15, 16; 18։36)։ Իսկ ի՞նչ ենք զգում՝ գիտակցելով, որ Սատանան փորձում է թաքցնել Եհովայի անունը և արատավորել նրա հեղինակությունը։ Դա տեսնելով՝ ավելի ենք մղվում Աստծու մասին ճշմարտությունը պատմելու մարդկանց։ Մենք հպարտությամբ ենք կրում և օգտագործում Աստծու անունը։ Նրա հանդեպ սերը մեզ այնպիսի երջանկություն է պարգևում, որ փողասիրությունն ու նյութապաշտությունը երբեք չեն կարող տալ (Ես. 43։10; 1 Տիմոթ. 6։6–10

ՍԱՏԱՆԱՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ՓՈՐՁՈՒՄ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

10–12. ա) Սատանան ինչպե՞ս կարող էր հրապուրել մյուս հրեշտակներին։ բ) Ի՞նչ ենք սովորում անհնազանդ հրեշտակների օրինակից։

10 Սատանան արդյունավետ միջոցներ է օգտագործում ուրիշների վրա ազդեցություն բանեցնելու համար։ Օրինակ՝ նա գործածում է տարբեր տեսակի խայծեր, որ նրանց գայթակղի և դրդի իր ուզած ձևով վարվելու։ Բացի այդ, փորձում է վախեցնելով ստիպել նրանց հնազանդվել իրեն։

11 Սատանան խայծի միջոցով բազմաթիվ հրեշտակների ծուղակը գցեց։ Հնարավոր է՝ մինչ այդ նա երկար ժամանակ ուսումնասիրել էր իր ոգեղեն եղբայրներին, ինչից հետո գայթակղեց նրանց ու դրդեց իր կողմը բռնելու։ Երբ որոշ հրեշտակներ կուլ տվեցին այդ խայծը և անբարո հարաբերություններ ունեցան կանանց հետ, նրանցից առաջ եկավ մի խառնածին սերունդ, որը դաժան էր և ճնշում էր մյուս մարդկանց (Ծննդ. 6։1–4)։ Հրեշտակներին հրապուրելու համար Սատանան ոչ միայն օգտագործեց անբարո հարաբերությունների խայծը, այլև հավանաբար խոստացավ, որ նրանք իշխանություն կունենան մարդկության վրա։ Այսպես նա թերևս փորձում էր խափանել կնոջ սերնդի գալը (Ծննդ. 3։15)։ Որն էլ լիներ Սատանայի նպատակը, Եհովան թույլ չտվեց, որ այն իրագործվի։ Նա Ջրհեղեղ բերեց և դրանով քանդեց Սատանայի ու դևերի ծրագրերը։

Սատանան փորձում է գայթակղել մեզ անբարոյության, հպարտության և ոգեհարցության միջոցով (տես պարբերություն 12, 13)

12 Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Անբարոյությունն ու սնապարծությունը արդյունավետ միջոցներ են Սատանայի ձեռքում։ Նրա կողմն անցած հրեշտակները միլիոնավոր տարիներ ծառայել էին Աստծու առաջ։ Սակայն նույնիսկ այդպիսի առողջ միջավայրում նրանք թույլ էին տվել, որ սխալ ցանկությունները արմատ գցեին իրենց սրտում և աճեին։ Հնարավոր է՝ մենք էլ տասնյակ տարիներ է՝ ծառայում ենք Աստծու կազմակերպության երկրային մասում։ Սակայն նույնիսկ հոգևորապես մաքուր այս մթնոլորտում մեր մեջ կարող են անմաքուր ցանկություններ առաջանալ (1 Կորնթ. 10։12)։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ շարունակ քննենք մեր սիրտը, մերժենք անբարո մտքերը և մեր մեջ ճնշենք անառողջ հպարտությունը (Գաղ. 5։26; կարդա Կողոսացիներ 3։5

13. Ո՞րն է Սատանայի օգտագործած մյուս խայծը, և ինչպե՞ս կարող ենք մերժել այն։

13 Մյուս խայծը, որը Սատանան օգտագործում է իր զոհին թակարդը գցելու համար, գերբնական երևույթների հանդեպ հետաքրքրասիրությունն է։ Այսօր նա մարդկանց մեջ դևերի նկատմամբ հետաքրքրություն է արթնացնում ոչ միայն կեղծ կրոնի, այլև զվարճությունների միջոցով։ Ֆիլմերում, էլեկտրոնային խաղերում և զվարճանքի այլ ձևերում ոգեհարցությունը ներկայացվում է որպես գրավիչ մի բան։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այս ծուղակն ընկնելուց։ Մենք չպետք է ակնկալենք, որ Եհովայի կազմակերպությունը թույլատրելի և անթույլատրելի զվարճությունների ցուցակ կտրամադրի մեզ։ Յուրաքանչյուրս պետք է Աստծու չափանիշների համաձայն մարզի իր խիղճը (Եբր. 5։14)։ Եթե հետևենք Պողոս առաքյալի խորհրդին և այնպես անենք, որ Աստծու հանդեպ մեր սերը «առանց կեղծավորության լինի», իմաստուն որոշումներ կկայացնենք (Հռոմ. 12։9)։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Զվարճությունների իմ ընտրությամբ կեղծավոր մարդու տպավորություն չե՞մ թողնի։ Եթե իմ ընտրության մասին իմանան այն մարդիկ, ում հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում կամ որոնց այցելում եմ, չե՞ն մտածի, թե ես իմ քարոզածը չեմ կիրառում»։ Եթե մեր գործերը համապատասխանեն մեր խոսքերին, ավելի հեշտ կլինի մերժել Սատանայի գայթակղությունները (1 Հովհ. 3։18

Սատանան փորձում է վախեցնել մեզ իշխանությունների դրած արգելքների, հասակակիցների ճնշման և ընտանիքի կողմից եկող հակառակության միջոցով (տես պարբերություն 14)

14. Սատանան ինչպե՞ս կարող է մեզ վախեցնել, սակայն ի՞նչը կօգնի դիմադրել նրան։

14 Սատանան ոչ միայն տարբեր խայծեր է օգտագործում, այլև փորձում է վախեցնել մեզ, որ դադարենք հավատարմորեն ծառայել Աստծուն։ Օրինակ՝ նա կարող է կառավարությունների վրա այնպես ազդել, որ նրանք արգելեն մեր քարոզչական գործունեությունը։ Կամ կարող է այնպես անել, որ մեր աշխատակիցները կամ համադասարանցիները ծաղրեն մեզ Աստվածաշնչի բարոյական չափանիշներին հետևելու համար (1 Պետ. 4։4)։ Հնարավոր է՝ նաև օգտագործի մեր ընտանիքի անդամներին, որոնք գուցե լավ մղումներով փորձեն մեզ խանգարել ժողովի հանդիպումներին հաճախել (Մատթ. 10։36)։ Ինչպե՞ս կարող ենք պահել մեր հավատարմությունը։ Նախ՝ չպետք է զարմանանք, երբ Սատանան ճակատային հարձակում է գործում մեզ վրա, չէ՞ որ նա պատերազմ է մղում մեր դեմ (Հայտն. 2։10; 12։17)։ Նաև պետք է հիշենք, թե մեր վերաբերյալ ինչ հարց բարձրացրեց այդ թշնամին։ Սատանան պնդեց, որ մարդը Աստծուն ծառայում է միայն այն ժամանակ, երբ իրեն հարմար է, և որ ճնշման տակ նա երես կթեքի Աստծուց (Հոբ 1։9–11; 2։4, 5)։ Մեր հավատարմությունը պահելու համար պետք է միշտ Եհովային ապավինենք ու նրանից զորություն խնդրենք։ Նա երբեք չի լքի մեզ (Եբր. 13։5

Ի՞ՆՉ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՏԱՆԱՅԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

15. Կարո՞ղ է Սատանան ստիպել մեզ մեր կամքին հակառակ գործել։ Բացատրիր։

15 Սատանան չի կարող ստիպել մարդկանց, որ իրենց կամքին հակառակ գործեն (Հակ. 1։14)։ Շատերը չեն էլ գիտակցում, որ Սատանայի ուզածն են անում։ Բայց երբ մարդն իմանում է ճշմարտությունը, որոշում է, թե ում ծառայի՝ Սատանային, թե Եհովային (Գործ. 3։17; 17։30)։ Եթե վճռել ենք Աստծու կամքը կատարել, Սատանան ոչինչ չի կարող անել, որ «թողնենք մեր անարատությունը» (Հոբ 2։3; 27։5

16, 17. ա) Ուրիշ ի՞նչ չեն կարող անել Սատանան ու դևերը։ բ) Ինչո՞ւ չպետք է վախենանք Եհովային բարձրաձայն աղոթելուց։

16 Այլ բաներ էլ կան, որ Սատանան ու դևերը չեն կարող անել։ Օրինակ՝ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, թե նրանք կարող են կարդալ որևէ մեկի միտքը կամ սիրտը։ Միայն Եհովայի ու Հիսուսի մասին է ասվում, որ ունեն այդ կարողությունը (1 Սամ. 16։7; Մարկ. 2։8)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել բարձրաձայն աղոթելու մասին։ Պե՞տք է արդյոք վախենանք, որ Սատանան կամ դևերը կլսեն մեր աղոթքները և կվնասեն մեզ։ Ո՛չ։ Ինչո՞ւ։ Մենք չենք վախենում Եհովային բացեիբաց ծառայելուց ու բարի գործեր անելուց զուտ այն պատճառով, որ Սատանան կարող է տեսնել մեզ։ Նույն ձևով էլ չպետք է բարձրաձայն աղոթելուց վախենանք լոկ այն պատճառով, որ Սատանան կարող է լսել մեզ։ Աստվածաշնչում կան Եհովայի ծառաների բազմաթիվ օրինակներ, ովքեր բարձրաձայն են աղոթել։ Եվ չկա որևէ ակնարկ, թե նրանք վախեցել են, որ Սատանան կլսի իրենց (1 Թագ. 8։22, 23; Հովհ. 11։41, 42; Գործ. 4։23, 24)։ Եթե ջանանք մեր խոսքերն ու գործերը համապատասխանեցնել Աստծու կամքին, կարող ենք համոզված լինել, որ Եհովան Սատանային թույլ չի տա անդառնալի վնաս պատճառել մեզ (կարդա Սաղմոս 34։7

17 Մենք պետք է ճանաչենք մեր թշնամուն, բայց չպետք է սարսափենք նրանից։ Եհովայի աջակցությամբ նույնիսկ անկատար մարդիկ կարող են հաղթել Սատանային (1 Հովհ. 2։14)։ Եթե հակառակվենք նրան, նա կփախչի մեզանից (Հակ. 4։7; 1 Պետ. 5։9)։ Հարկ է նշել, որ Սատանայի թիրախում հատկապես երիտասարդներն են։ Ինչպե՞ս նրանք կարող են դիմադրել Սատանային։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 2 Աստվածաշնչում նշված են միայն որոշ հրեշտակների անունները (Դատ. 13։18; Դան. 8։16; Ղուկ. 1։19; Հայտն. 12։7)։ Քանի որ Եհովան անուն է տվել յուրաքանչյուր աստղի (Սաղ. 147։4), տրամաբանական է եզրակացնել, որ նրա բոլոր ոգեղեն որդիները, այդ թվում՝ Սատանա դարձած հրեշտակը նույնպես անուններ ունեն։

^ պարբ. 3 Սատանա անունը Եբրայերեն Գրություններում հանդիպում է ընդամենը 18 անգամ, իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում՝ ավելի քան 30 անգամ։