Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Առատաձեռնորեն տվողները երջանիկ են

Առատաձեռնորեն տվողները երջանիկ են

«Ավելի շատ երջանկություն կա տալու.... մեջ» (ԳՈՐԾ. 20։35

ԵՐԳ 76, 110

1. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան առատաձեռն է։

ԵՀՈՎԱՆ միայն իր մասին չէ, որ մտածում է։ Դա այդպես էր նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ չէր սկսել ստեղծագործել ու լիովին մենակ էր։ Նա որոշեց կյանքի պարգևն ուրիշների էլ տալ և ստեղծեց բանական արարածներին՝ հրեշտակներին ու մարդկանց։ Եհովան «երջանիկ Աստված» է. նա սիրում է բարի պարգևներ տալ (1 Տիմոթ. 1։11; Հակ. 1։17)։ Նա ուզում է, որ մենք էլ երջանիկ լինենք, ուստի մեզ սովորեցնում է առատաձեռն լինել (Հռոմ. 1։20

2, 3. ա) Երջանիկ լինելու համար ինչո՞ւ է հարկավոր առատաձեռն լինել։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Աստված մարդկանց իր պատկերով է ստեղծել (Ծննդ. 1։27)։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք արտացոլել մեր Արարչի հատկությունները։ Երջանիկ լինելու համար հարկավոր է հետևել Եհովայի օրինակին, այսինքն՝ հետաքրքրվել մարդկանցով և առատաձեռն լինել (Փիլիպ. 2։3, 4; Հակ. 1։5)։ Մեր անկատարությունը չի կարող խանգարել մեզ ընդօրինակել Աստծուն և լինել առատաձեռն։ Չէ՞ որ Եհովան մեր մեջ դրել է այդ հատկությունը։

3 Եկեք քննենք Աստվածաշունչը և տեսնենք, թե ինչպես կարող ենք առատաձեռն լինել։ Կխոսենք այն մասին, թե ինչ է զգում Եհովան՝ տեսնելով մեր առատաձեռնությունը, և թե ինչպես է այս հատկությունը օգնում մեզ կատարել նրա հանձնարարած գործը։ Բացի այդ, կքննարկենք, թե առատաձեռնությունն ինչպես է նպաստում մեր երջանկությանը, և ինչու պետք է շարունակենք զարգացնել այն։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ

4, 5. Եհովան և Հիսուսը առատաձեռնության ի՞նչ օրինակ են թողել։

4 Եհովան ցանկանում է, որ մարդիկ ընդօրինակեն իրեն, ուստի շատ է ուրախանում, երբ մենք առատաձեռնություն ենք դրսևորում (Եփես. 5։1)։ Աստված ուզում է, որ երջանիկ լինենք։ Դա է փաստում մարդկային մարմնի հրաշալի կառուցվածքը, ինչպես նաև բնության գեղեցկությունն ու զանազան բարիքների առատությունը (Սաղ. 104։24; 139։13–16)։ Մենք պատիվ ենք բերում մեր Արարչին, երբ ջանում ենք երջանկացնել ուրիշներին։

5 Ճշմարիտ քրիստոնյաները ընդօրինակում են Հիսուսին, որը առատաձեռնության կատարյալ օրինակ է թողել։ Նա ասել է. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հետևյալ հորդորն է տվել. «Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ.... [Նա] զրկեց իրեն ամեն ինչից, ծառայի կերպարանք ընդունեց» (Փիլիպ. 2։5, 7)։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը ինքն իրեն հարցնի. «Կարո՞ղ եմ ավելի շատ նմանվել Հիսուսին» (կարդա 1 Պետրոս 2։21

6. Հիսուսն ի՞նչ սովորեցրեց՝ պատմելով բարի սամարացու մասին առակը (տես հոդվածի սկզբի նկարը)։

6 Մենք կարժանանանք Եհովայի հավանությանը, եթե հետևենք նրա ու Քրիստոսի կատարյալ օրինակին, մտածենք ուրիշների բարօրության մասին և ջանանք օգնել նրանց։ Ինչպես ցույց է տալիս բարի սամարացու մասին առակը, Հիսուսն ակնկալում է, որ իր հետևորդները իրենց նեղություն կտան և կօգնեն ուրիշներին, ինչ ծագում էլ ունենան այդ մարդիկ (կարդա Ղուկաս 10։29–37)։ Հիշո՞ւմ ես, թե մի հրեա ինչ հարց տվեց, որը Հիսուսին մղեց պատմել բարի սամարացու մասին առակը։ Նա հարցրեց. «Ո՞վ է իմ մերձավորը»։ Հիսուսի պատասխանը ցույց տվեց, որ եթե ուզում ենք արժանանալ Աստծու հավանությանը, պետք է սամարացու պես առատաձեռն լինենք։

7. Եդեմի պարտեզում Սատանայի բարձրացրած հարցը ի՞նչ կապ ունի անեսասեր ու առատաձեռն լինելու հետ։

7 Քրիստոնյաները առատաձեռն լինելու ևս մեկ պատճառ ունեն։ Օրինակ, երբ մտածում ենք Եդեմի պարտեզում Սատանայի բարձրացրած հարցի շուրջ, հասկանում ենք, թե որքան կարևոր է անեսասեր ու առատաձեռն լինել։ Սատանան պնդեց, թե Ադամն ու Եվան, իսկ ավելի լայն իմաստով՝ բոլոր մարդիկ ավելի երջանիկ կլինեն, եթե միայն իրենց մասին մտածեն և Աստծուն հնազանդվելու փոխարեն՝ իրենց շահերն առաջ տանեն։ Եվայի մեջ եսասիրական ցանկություն առաջացավ լինելու Աստծու պես, իսկ Ադամը, եսասիրությունից դրդված, ցանկացավ իր կնոջը հաճեցնել (Ծննդ. 3։4–6)։ Բոլորս էլ տեսնում ենք նրանց որոշումների հետևանքները։ Եսասիրությունը երջանկություն չի բերում, այլ ճիշտ հակառակը։ Սակայն առատաձեռն լինելով՝ մենք ցույց ենք տալիս մեր համոզվածությունը, որ Աստծու ասած ձևով ապրելը կյանքի լավագույն ուղին է։

ԱՐԱ ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ԳՈՐԾԸ

8. Առաջին մարդկային զույգն ինչո՞ւ պետք է հետաքրքրված լիներ ուրիշների բարօրությամբ։

8 Թեև Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում մենակ էին, Աստված նրանց այնպիսի ցուցումներ տվեց, որոնք պետք է մղեին նրանց մտածելու գալիք սերունդների բարօրության մասին։ Եհովան օրհնեց Ադամին ու Եվային և ասաց, որ նրանք երեխաներ ունենան, լցնեն երկիրը և տիրեն դրան (Ծննդ. 1։28)։ Ինչպես որ մեր Ստեղծիչն էր անկեղծորեն հետաքրքրված իր ստեղծագործությունների բարօրությամբ, այնպես էլ մեր նախածնողները պետք է մտածեին այն մասին, թե ինչպես նպաստեին իրենց ապագա երեխաների երջանկությանը։ Հարկավոր էր ամբողջ երկրագունդը դրախտ դարձնել, որը վայելելու էին Ադամի սերունդները։ Այդ հսկայածավալ գործն անելու համար նրա՝ աստիճանաբար մեծացող ընտանիքի անդամները պետք է համագործակցեին իրար հետ։

9. Դրախտն ընդարձակելու գործը ինչո՞ւ էր երջանկացնելու մարդկանց։

9 Դրախտի սահմաններն ընդլայնելով՝ կատարյալ տղամարդիկ ու կանայք սերտորեն համագործակցելու էին Եհովայի հետ և նպաստելու էին նրա նպատակների իրականացմանը։ Այդպես նրանք մտնելու էին Աստծու հանգստի մեջ (Եբր. 4։11)։ Պատկերացրու, թե ինչ մեծ ուրախություն էր բերելու այդ գործը։ Ուրիշների բարօրությանը նպաստելով՝ նրանք Եհովայից առատ օրհնություններ էին ստանալու և բավարարվածության խոր զգացում էին ունենալու։

10, 11. Ի՞նչ է հարկավոր քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը կատարելու համար։

10 Եհովան իր ժողովրդին վստահել է քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը։ Այդ առաջադրանքը կատարելու համար պետք է անկեղծորեն հետաքրքրվենք մարդկանց բարօրությամբ։ Մենք կկարողանանք շարունակել այս գործը, եթե ճիշտ մղումներ ունենանք՝ սիրենք Աստծուն և մեր մերձավորին։

11 Պողոս առաքյալը գրեց, որ ինքն ու իր ծառայակիցները, Թագավորության մասին ճշմարտության սերմերը ցանելով ու ջրելով, դարձել էին «Աստծու համագործակիցները» (1 Կորնթ. 3։6, 9)։ Մենք նույնպես կարող ենք լինել «Աստծու համագործակիցները», եթե մեր ժամանակը, միջոցներն ու ուժերը առատորեն տրամադրենք քարոզչական գործունեությանը։ Աստծուց ստացած այս հանձնարարությունը կատարելը, ինչ խոսք, մեծ պատիվ է մեզ համար։

Երախտագետ մարդկանց հոգևոր ճշմարտություններ սովորեցնելը մեծ բավականություն է պատճառում (տես պարբերություն 12)

12, 13. Ինչպե՞ս են վարձատրվում աշակերտ պատրաստողի ջանքերը։

12 Երբ մեր ժամանակն ու ուժերը առատորեն տրամադրում ենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին, դա մեծ ուրախություն է բերում։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնող շատ քարոզիչներ կարող են հաստատել այս իրողությունը։ Մի՞թե չենք ուրախանում, երբ տեսնում ենք, թե ինչպես են փայլում մարդու աչքերը, երբ նա հասկանում է աստվածաշնչյան ճշմարտությունները, հոգևորապես հասունանում է, փոփոխություններ է անում իր կյանքում և սկսում է ուրիշներին էլ հայտնել իր սովորածը։ Հիսուսի սիրտը նույնպես ցնծաց, երբ իր 70 աշակերտները, որոնց նա ուղարկել էր քարոզելու, լավ արդյունքների հասնելով, «ուրախությամբ վերադարձան» (Ղուկ. 10։17–21

13 Աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր քույրերն ու եղբայրները ուրախանում են՝ տեսնելով, թե բարի լուրը ինչ դրական ազդեցություն է թողնում մարդկանց կյանքերի վրա։ Նկատի առնենք մի երիտասարդ ամուրի քրոջ՝ Աննայի օրինակը։ * Նա իր ծառայությունն ընդլայնելու համար տեղափոխվեց Արևելյան Եվրոպայի մի տարածք, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Աննան գրում է. «Այստեղ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, և դա ինձ շատ է դուր գալիս։ Ծառայությունից մեծ ուրախություն եմ ստանում։ Երբ տուն եմ վերադառնում, ժամանակ չեմ ունենում կենտրոնանալու իմ խնդիրների վրա։ Մտածում եմ այն մարդկանց խնդիրների ու մտահոգությունների մասին, ում հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում։ Մտածում եմ, թե ինչպես քաջալերեմ ու օգնեմ նրանց։ Իմ փորձով եմ համոզվել, որ «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»» (Գործ. 20։35

Մեր տարածքի յուրաքանչյուր դուռ թակելով՝ մարդկանց հնարավորություն ենք տալիս արձագանքելու Թագավորության լուրին (տես պարբերություն 14)

14. Նույնիսկ եթե քչերն են ընդունում բարի լուրը, ինչպե՞ս կարող ենք հաճույք ստանալ ծառայությունից։

14 Նույնիսկ եթե մարդիկ որոշում են չլսել մեզ, մենք կարող ենք ուրախանալ այն բանից, որ նրանց հնարավորություն ենք տալիս արձագանքելու բարի լուրին։ Մեզ տրված առաջադրանքը նման է այն հանձնարարությանը, որ ստացավ Եզեկիել մարգարեն։ Եհովան նրան պատվիրեց. «Իմ խոսքերն ասա նրանց, անկախ նրանից՝ կլսեն թե կմերժեն» (Եզեկ. 2։7; Ես. 43։10)։ Անգամ եթե ոմանք չեն ընդունում մեր քարոզած լուրը, պետք է միշտ հիշենք, որ Եհովան թանկ է գնահատում մեր ջանքերը (կարդա Եբրայեցիներ 6։10)։ Մի եղբայր, ով ճիշտ մոտեցում ունի այս հարցում, իր ծառայության մասին գրեց. «Մենք ցանել ենք, ջրել և աղոթել՝ հուսալով, որ Եհովան մարդկանց սրտերում կաճեցնի ճշմարտության սերմերը» (1 Կորնթ. 3։6

ԻՆՉՊԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

15. Շատերն ինչպե՞ս են արձագանքում մեր առատաձեռնությանը, և արդյո՞ք նրանց արձագանքը պետք է ազդի մեզ վրա։

15 Հիսուսն ուզում է, որ առատաձեռն լինելով՝ երջանիկ լինենք։ Շատերը լավ են արձագանքում առատաձեռնությանը։ Ուստի նա իր աշակերտներին հորդորեց. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ-լեցուն. ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն» (Ղուկ. 6։38)։ Իհարկե, ոչ բոլորն են գնահատում մեր առատաձեռնությունը։ Բայց ով գնահատում է, ինքն էլ գուցե մղվի առատաձեռնություն դրսևորելու։ Ուստի շարունակիր տալ՝ անկախ այն բանից՝ մարդիկ կգնահատեն դա, թե ոչ։ Երբեք չգիտես, թե առատաձեռնության նույնիսկ մեկ դրսևորումը ինչ լավ արդյունք կարող է բերել։

16. Ի՞նչը պետք է մղի մեզ առատաձեռնություն դրսևորելու։

16 Իսկապես առատաձեռն մարդիկ լավություն անելիս չեն ակնկալում դրա դիմաց որևէ բան ստանալ։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց. «Երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին, և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն» (Ղուկ. 14։13, 14)։ Աստծու ծառաներից մեկը սուրբ ոգու ներշնչմամբ գրեց. «Բարի մարդը կօրհնվի»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճի մասին» (Առակ. 22։9; Սաղ. 41։1)։ Եթե ուզում ենք զգալ այդ երջանկությունը, պետք է սովորենք տալ։

17. Բացի նյութական բաներից՝ ուրիշ ի՞նչ կարող ենք տալ մարդկանց։

17 Մեջբերելով Հիսուսի խոսքերը, թե՝ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ», Պողոսը նկատի չուներ միայն նյութական բաներ տալը։ Մենք տվողի դերում ենք հանդես գալիս նաև այն ժամանակ, երբ քաջալերում ենք մարդկանց, խորհուրդներ ենք տալիս Աստվածաշնչից և գործնական օգնություն ենք ցուցաբերում (Գործ. 20։31–35)։ Պողոս առաքյալը խոսքով և իր օրինակով սովորեցրեց առատաձեռնորեն տալ՝ մարդկանց տրամադրել մեր ժամանակը, ուժերը, ուշադիր լինել նրանց նկատմամբ ու սիրել նրանց։

18. Աշխարհիկ մասնագետները ի՞նչ են ասում տալու վերաբերյալ։

18 Հասարակական գիտությունների ոլորտի մասնագետները նույնպես եկել են այն եզրակացության, որ տալը երջանկացնում է մարդուն։ Մի գիտական հոդվածում գրվել է, որ «ուրիշների համար բարի գործեր անելուց հետո մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում»։ Մասնագետներն այն կարծիքին են, որ երբ մարդն օգնում է ուրիշներին, իր կյանքը «իմաստով է լցվում», քանի որ այդպիսով «բավարարվում են իր հիմնական կարիքները»։ Այդ պատճառով մասնագետները հաճախ մարդկանց խորհուրդ են տալիս իրենց իսկ առողջության ու երջանկության համար կամավորության սկզբունքով հանրօգուտ գործեր անել։ Սա մեզ չի զարմացնում, քանի որ մեր սիրառատ Ստեղծիչը՝ Եհովա Աստված, իր Խոսքում դեռ վաղուց ասել է, որ տալը երջանկացնում է, իսկ նրա Խոսքը մեզ համար ճշմարտություն է (2 Տիմոթ. 3։16, 17

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՌԱՏԱՁԵՌՆ ԼԻՆԵԼ

19, 20. Ինչո՞ւ ես ուզում առատաձեռն լինել։

19 Առատաձեռնության ոգի պահպանելը կարող է դժվար լինել, եթե շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր իրենց շահերը ավելի կարևոր են համարում։ Սակայն Հիսուսն ասել է, որ երկու մեծագույն պատվիրանները պահանջում են սիրել Եհովային ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով, ինչպես նաև սիրել մերձավորին մեր անձի պես (Մարկ. 12։28–31)։ Այս հոդվածից իմացանք, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են Եհովային, ձգտում են ընդօրինակել նրան։ Ինչպես Եհովան, այնպես էլ Հիսուսը տալու հարցում կատարյալ օրինակ են մեզ համար։ Նրանք մեզ հորդորում են նույնն անել, քանի որ այդպես վարվելով՝ իսկապես երջանիկ կլինենք։ Աստծու և մեր մերձավորների հանդեպ առատաձեռնություն ցուցաբերելով՝ կպատվենք Եհովային և օգուտ կբերենք թե՛ մեզ, թե՛ ուրիշներին։

20 Անկասկած, ձեռքիցդ եկածն անում ես, որ օգնես մարդկանց, հատկապես հավատակիցներիդ (Գաղ. 6։10)։ Եթե շարունակես այդպես վարվել, քեզ սիրված և գնահատված կզգաս, ինչն էլ երջանկություն կպարգևի քեզ։ Առակներ 11։25-ում ասվում է. «Առատաձեռն հոգին կպարարտանա, և ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի»։ Մեր կյանքում և ծառայության ժամանակ մենք շատ առիթներ ենք ունենում անշահախնդրորեն տալու, առատաձեռնություն ու բարություն ցուցաբերելու, ինչը հրաշալի արդյունքներ է բերում։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ուրիշ ինչպես կարող է դրսևորվել մեր առատաձեռնությունը։

^ պարբ. 13 Անունը փոխված է։