Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արտաքինով մի՛ դատեք

Արտաքինով մի՛ դատեք

«Արտաքինով մի՛ դատեք, այլ արդարությամբ դատեք» (ՀՈՎՀ. 7։24

ԵՐԳ 142, 123

1. Եսայիան ի՞նչ է մարգարեացել Հիսուսի մասին, և ինչո՞ւ ենք քաջալերվում՝ կարդալով այդ մարգարեությունը։

ԵՍԱՅԻԱ մարգարեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ուրախալի մարգարեություն է գրի առել, որը հույսով է լցնում մեր սիրտը։ Նա հայտնել է, որ Հիսուսը «չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով»։ Մեր Տերը «խեղճերին արդարությամբ կդատի» (Ես. 11։3, 4)։ Քանի որ ապրում ենք նախապաշարմունքներով լի աշխարհում, այս մարգարեությունը մեզ շատ է քաջալերում։ Բոլորս էլ ցանկանում ենք կատարյալ Դատավոր ունենալ, որը, ինչպես նկարագրեց Եսայիան, մեզ երբեք արտաքինով չի դատի։

2. Հիսուսն ի՞նչ է մեզ պատվիրել, և ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Մենք ամեն օր դատողություններ ենք անում մարդկանց մասին։ Բայց քանի որ անկատար ենք, մեր դատողությունները չեն կարող կատարելապես ճիշտ լինել, ինչպես որ Հիսուսինը։ Մենք հակված ենք մեր աչքի տեսածով դատելու։ Ուստի երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը պատվիրեց. «Արտաքինով մի՛ դատեք, այլ արդարությամբ դատեք» (Հովհ. 7։24)։ Մեր Տերն ուզում է, որ իր նման լինենք և ուրիշներին արտաքինով չդատենք։ Այս հոդվածում կքննարկենք երեք գործոն, որոնց պատճառով մարդիկ հաճախ իրենց աչքի տեսածով են դատում։ Խոսքը ռասայական կամ էթնիկական պատկանելության, ունեցվածքի և տարիքի մասին է։ Կտեսնենք, թե ինչպես կարող ենք գործնականում կատարել Հիսուսի պատվերը։

ՄԻ՛ ԴԱՏԻՐ ԸՍՏ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ

3, 4. ա) Ի՞նչը Պետրոսին ստիպեց վերանայել այլազգիների մասին իր կարծիքը (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Եհովայի օգնությամբ Պետրոսը ի՞նչ նոր ճշմարտություն հասկացավ։

3 Պատկերացրու, թե Պետրոս առաքյալի մտքով ինչեր անցան, երբ իրեն կանչեցին Կեսարիա՝ օտարազգի Կոռնելիոսի տուն (Գործ. 10։17–29)։ Մյուս հրեաների պես՝ Պետրոսը փոքր տարիքից կարծում էր, թե այլազգիներն անմաքուր են։ Բայց որոշ դեպքեր նրան ստիպեցին վերանայել իր կարծիքը։ Կեսարիա կանչվելուց անմիջապես առաջ առաքյալը մի տեսիլք տեսավ (Գործ. 10։9–16)։ Նրա առաջ կտավի մեծ կտորի պես մի աման իջավ, որի մեջ անմաքուր կենդանիներ կային։ Ապա երկնքից մի ձայն լսվեց. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»։ Առաքյալը երեք անգամ կտրականապես հրաժարվեց դա անել։ Սակայն երկնքից լսվող ձայնը ասաց. «Ինչ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր»։ Տեսիլքը Պետրոսին շփոթության մեջ գցեց։ Նա սկսեց մտածել, թե այդ տեսիլքի միջոցով Եհովան ինչ է ուզում ասել իրեն։ Այդ ժամանակ եկան Կոռնելիոսի ուղարկած մարդիկ։ Սուրբ ոգու միջոցով առաջնորդություն ստանալով՝ Պետրոսը նրանց հետ գնաց Կոռնելիոսի տուն։

4 Եթե Պետրոսը միայն արտաքինով դատեր, երբեք չէր մտնի Կոռնելիոսի տուն։ Հրեաները ոտք չէին դնում օտարազգիների տուն։ Սակայն Պետրոսը մի կողմ դրեց խորապես արմատավորված նախապաշարմունքները և այլ կերպ վարվեց։ Առաքյալի վրա մեծ ազդեցություն էր թողել իր ստացած տեսիլքը և սուրբ ոգու միջոցով տրված առաջնորդությունը։ Երբ նա լսեց Կոռնելիոսի պատմածը, անկասկած, շատ տպավորվեց և Աստծու ներշնչմամբ ասաց. «Ես իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35)։ Պետրոսի համար նոր բան բացահայտվեց, որը Հիսուսի հետևորդների համար մեծ նշանակություն էր ունենալու։ Եվ ի՞նչ ազդեցություն էր թողնելու այս ճշմարտությունը բոլոր քրիստոնյաների վրա։

5. ա) Եհովան ուզում է, որ բոլոր քրիստոնյաները ի՞նչ հասկանան։ բ) Ի՞նչ կարող է թաքնված լինել մեր սրտի խորքում։

5 Պետրոսի միջոցով Եհովան բոլոր քրիստոնյաներին օգնեց հասկանալ, որ ինքն անկողմնակալ է։ Նրա համար ոչ մի նշանակություն չունի մարդկանց ռասայական, էթնիկական, ազգային, ցեղային կամ լեզվական պատկանելությունը։ Աստծուց վախեցող և արդարություն գործող ցանկացած տղամարդ կամ կին ընդունելի է նրան (Գաղ. 3։26–28; Հայտն. 7։9, 10)։ Անկասկած ընդունում ես այս ճշմարտությունը։ Սակայն ի՞նչ կարող է լինել, եթե մեծացել ես նախապաշարմունքներով լի երկրում կամ ընտանիքում։ Թեև հնարավոր է՝ քեզ անկողմնակալ մարդ ես համարում, սրտիդ խորքում կարող են որոշ նախապաշարմունքներ թաքնված լինել։ Նույնիսկ Պետրոսը, ով պատիվ ունեցավ բացահայտելու Եհովայի անկողմնակալությունը, հետագայում կողմնակալությամբ վարվեց (Գաղ. 2։11–14)։ Ինչպե՞ս կարող ենք հնազանդվել Հիսուսին և դադարել արտաքինով դատելուց։

6. ա) Ի՞նչը կօգնի մեր սրտից արմատախիլ անել նախապաշարմունքները։ բ) Ի՞նչ են ցույց տալիս մի պատասխանատու եղբոր խոսքերը։

6 Մենք պետք է Աստվածաշնչի լույսի ներքո լավ քննենք մեր մտքերն ու զգացմունքները և տեսնենք, թե չունենք արդյոք նախապաշարմունքներ (Սաղ. 119։105)։ Նաև պետք է ուշադրություն դարձնենք ուրիշների խոսքերին, ովքեր ասում են, որ մեր մեջ նախապաշարմունքներ են նկատում (Գաղ. 2։11, 14)։ Նախապաշարմունքները կարող են այնքան արմատացած լինել մեր մեջ, որ նույնիսկ չգիտակցենք, թե դրանք որքան են ազդում մեր մտածելակերպի վրա։ Օրինակ՝ նկատի առնենք, թե մի պատասխանատու եղբայր իր հաշվետվության մեջ ինչ գրեց լիաժամ ծառայող մի զույգի մասին։ Ամուսինը պատկանում է փոքրամասնություն կազմող մի էթնիկական խմբի, որին շատերը վերևից են նայում։ Եղբայրը հավանաբար չէր էլ գիտակցում, որ այդ ազգի մասին կանխակալ կարծիք ունի։ Հաշվետվության մեջ նա ամուսնու մասին լավ բաներ գրեց, բայց վերջում նշեց. «Չնայած որ նա տվյալ ազգին է պատկանում, նրա վարվելաձևն ու ապրելակերպը ուրիշներին օգնում են հասկանալ, որ այդ ազգին պատկանելը միշտ չէ, որ նշանակում է կեղտոտ լինել և ոչ արժանավայել կենսակերպ ունենալ, ինչը բնորոշ է նման ծագում ունեցող մարդկանց»։ Այո՛, ինչ պատասխանատվություններ էլ ունենանք, պետք է ինքներս մեզ լավ քննենք և պատրաստ լինենք ընդունելու ուրիշների օգնությունը, որպեսզի տեսնենք, թե արդյոք մեր սրտում նախապաշարմունքների հետքեր չեն մնացել։ Է՞լ ինչ կարող ենք անել։

7. Ինչպե՞ս կարող ենք մեր սրտերը լայն բացել։

7 Եթե մեր սրտերը լայն բացենք մարդկանց առաջ, թույլ կտանք, որ սերը զբաղեցնի նախապաշարմունքների տեղը (2 Կորնթ. 6։11–13)։ Սովորաբար ո՞ւմ հետ ես սերտորեն շփվում։ Արդյո՞ք միայն նրանց հետ, ովքեր քո ռասային, ազգին, ցեղին կամ լեզվական խմբին են պատկանում։ Եթե այո, սիրտդ լայն բացիր։ Օրինակ՝ կարող ես ծառայել այլ ծագում ունեցող մարդկանց հետ կամ նրանց հրավիրել քո տուն (Գործ. 16։14, 15)։ Եթե այդպես անես, սերը քո սրտում այնքան կշատանա, որ դուրս կմղի նախապաշարմունքները։ Սակայն այլ գործոններ էլ կան, որոնց պատճառով հակված ենք լինում ուրիշներին մեր աչքի տեսածով դատելու։ Այժմ խոսենք ունեցվածքի մասին։

ՄԻ՛ ԴԱՏԻՐ ԸՍՏ ՔՍԱԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ

8. Ղևտական 19։15-ի համաձայն՝ ինչպե՞ս կարող է պատահել, որ մարդկանց դատենք ըստ ունեցվածքի։

8 Հնարավոր է՝ մարդկանց մասին դատողություններ անենք՝ նայելով նրանց ունեցվածքին։ Ղևտական 19։15-ում ասվում է. «Խեղճի հետ կողմնապահությամբ չվարվես և նախապատվությունը մեծավորին չտաս։ Դրացուդ արդարությամբ դատիր»։ Բայց ինչպե՞ս կարող է մարդկանց նյութական վիճակը ազդել մեր կարծիքի վրա։

9. Սողոմոնը ի՞նչ դառը ճշմարտություն գրի առավ, և ի՞նչ ենք սովորում դրանից։

9 Սողոմոնը, սուրբ ոգուց մղված, մի դառը ճշմարտություն գրի առավ անկատար մարդկանց մասին։ Առակներ 14։20-ում կարդում ենք. «Աղքատը նույնիսկ իր մերձավորի կողմից է ատված, բայց հարուստի ընկերները շատ են»։ Ի՞նչ ենք սովորում այս առակից։ Եթե զգույշ չլինենք, գուցե ցանկանանք ընկերություն անել միայն հարուստ եղբայրների ու քույրերի հետ և խուսափենք աղքատ հավատակիցներից։ Ինչո՞ւ է վտանգավոր մարդկանց արժեքը չափել ըստ քսակի պարունակության։

10. Ի՞նչ խնդրի մասին գրեց Հակոբոսը։

10 Եթե մարդկանց դատենք ըստ ունեցվածքի, հնարավոր է՝ ժողովում դասակարգային տարբերություններ դնենք։ Հակոբոս աշակերտը գրեց, որ այդ սխալ մտածելակերպի պատճառով առաջին դարի որոշ ժողովներում բաժանումներ էին առաջանում (կարդա Հակոբոս 2։1–4)։ Մենք պետք է աչալուրջ լինենք և թույլ չտանք, որ այսպիսի մտածելակերպը ազդի մեր ժողովների վրա։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել դրա դեմ։

11. Եհովայի հետ փոխհարաբերությունները կախվա՞ծ են մարդու ունեցվածքից։ Բացատրիր։

11 Մենք պետք է մեր հավատակիցներին Եհովայի աչքերով նայենք։ Աստված մարդուն թանկ է համարում ոչ այն պատճառով, որ նա հարուստ է կամ աղքատ։ Եհովայի հետ փոխհարաբերությունները կախված չեն մեր ունեցվածքից։ Ճիշտ է, Հիսուսը նշեց, որ «հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել երկնքի թագավորություն», սակայն չասաց, թե դա անհնար կլինի (Մատթ. 19։23)։ Մյուս կողմից՝ նա նաև ասաց. «Երջանիկ եք դուք՝ աղքատներդ, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը» (Ղուկ. 6։20)։ Բայց դա չէր նշանակում, թե բոլոր աղքատ մարդիկ ընդունելու էին Հիսուսի սովորեցրած բաները և հատուկ օրհնություններ էին ստանալու։ Շատ աղքատներ չընդունեցին նրա քարոզած լուրը։ Ուստի մարդու ունեցվածքից չենք կարող եզրակացնել, թե նա ինչ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ։

12. Աստվածաշունչն ի՞նչ է պատվիրում հարուստներին ու աղքատներին։

12 Մենք ունենք թե՛ հարուստ, թե՛ աղքատ եղբայրներ ու քույրեր, ովքեր սիրում են Եհովային և լիակատար սրտով ծառայում են նրան։ Աստվածաշունչը հարուստներին պատվիրում է «իրենց հույսը դնել ոչ թե անկայուն հարստության վրա, այլ Աստծու» (կարդա 1 Տիմոթեոս 6։17–19)։ Միևնույն ժամանակ Սուրբ Գիրքը Աստծու բոլոր ծառաներին՝ ինչպես հարուստներին, այնպես էլ աղքատներին, հորդորում է զգուշանալ փողասիրությունից (1 Տիմոթ. 6։9, 10)։ Եթե մեր հավատակիցներին Եհովայի աչքերով նայենք, նրանց չենք դատի ըստ ունեցվածքի։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել տարիքի մասին։ Ճի՞շտ է արդյոք դրա հիման վրա դատել մարդկանց։ Տեսնենք։

ՄԻ՛ ԴԱՏԻՐ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ

13. Աստվածաշնչից ի՞նչ ենք սովորում տարեցներին հարգելու մասին։

13 Աստվածաշունչը պատվիրում է խորապես հարգել տարեցներին։ Ղևտական 19։32-ում ասվում է. «Ալեհեր մարդու առաջ վեր կաց և տարեցին հարգիր. վախեցիր քո Աստծուց»։ Առակներ 16։31-ում էլ կարդում ենք, որ «ալևորությունը գեղեցկության պսակ է, եթե գտնվում է արդարության ճանապարհին»։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց խստորեն չքննադատել մեծահասակ տղամարդուն, այլ նրան վերաբերվել որպես հոր (1 Տիմոթ. 5։1, 2)։ Թեև Տիմոթեոսը որոշակի իշխանություն ուներ այդ տարեց եղբայրների վրա, սակայն պետք է նրանց կարեկցանքով ու հարգանքով վերաբերվեր։

14. Ո՞ր դեպքում տեղին կլինի խորհուրդ կամ խրատ տալ տարիքով ավելի մեծ մարդուն։

14 Արդյո՞ք այս սկզբունքը նշանակում է, որ եթե տարեցը գիտակցաբար մեղք է գործում կամ Աստծուն տհաճ գաղափարներ է տարածում, չի կարելի հանդիմանել նրան։ Ո՛չ։ Եհովան արտաքինով չի դատում և գիտակցաբար մեղք գործող մարդուն չի ներում զուտ այն պատճառով, որ նա տարեց է։ Ուշադրություն դարձրու Եսայիա 65։20-ում գրված սկզբունքին. «Մեղավորը նույնիսկ հարյուր տարեկանում կանիծվի»։ Նման սկզբունք գտնում ենք նաև Եզեկիելի տեսիլքում (Եզեկ. 9։5–7)։ Ուստի միշտ պետք է մտածենք այն մասին, թե ինչպես հարգանք ցույց տանք Հինավուրցին՝ Եհովա Աստծուն (Դան. 7։9, 10, 13, 14)։ Այդ դեպքում չենք վախենա ուղղել խորհրդի կարիք ունեցող մարդուն, ինչ տարիքի էլ նա լինի (Գաղ. 6։1

Հարգանքո՞վ ես վերաբերվում երիտասարդ եղբայրներին (տես պարբերություն 15)

15. Երիտասարդ եղբայրներին հարգելու մասին ի՞նչ ենք սովորում Պողոսի խոսքերից։

15 Իսկ ի՞նչ կարող ենք ասել ժողովում ծառայող երիտասարդ եղբայրների մասին։ Ինչպե՞ս ես նրանց վերաբերվում։ Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին գրեց. «Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը։ Բայց դու օրինակ եղիր հավատարիմների համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի և մաքրության մեջ» (1 Տիմոթ. 4։12)։ Երբ Պողոսը գրեց այս խոսքերը, Տիմոթեոսը հավանաբար 30-ն անց էր։ Սակայն Պողոսը նրա ուսերին լուրջ պարտականություններ էր դրել։ Ինչ պատճառով էլ առաքյալն ասած լիներ այս խոսքերը, դրանցից կարևոր բան ենք սովորում։ Մենք չպետք է եղբայրներին ըստ տարիքի դատենք։ Չմոռանանք նաև, որ մեր Տեր Հիսուսը իր երկրային ծառայությունը կատարեց 30–33 տարեկան հասակում։

16, 17. ա) Երեցներն ինչպե՞ս պետք է որոշեն, թե արդյոք տվյալ եղբայրը կարող է երաշխավորվել որպես ծառայող օգնական կամ երեց։ բ) Ինչպե՞ս կարող է պատահել, որ մշակութային առանձնահատկությունների հիման վրա ձևավորված կարծիքը կամ անձնական տեսակետը հակասի Աստվածաշնչին։

16 Որոշ մշակույթներում ընդունված է լուրջ չվերաբերվել երիտասարդներին։ Նման դեպքում ժողովի երեցները գուցե համապատասխան որակներ ունեցող երիտասարդ եղբայրներին չերաշխավորեն որպես ծառայող օգնական կամ երեց։ Բոլոր երեցները պետք է հիշեն, որ Աստվածաշունչը նվազագույն տարիք չի սահմանում ծառայող օգնական կամ երեց նշանակվելու համար (1 Տիմոթ. 3։1–10, 12, 13; Տիտոս 1։5–9)։ Եթե երեցը, իր մշակույթից ելնելով, նման կանոն է սահմանում, նա Սուրբ Գրքի համաձայն չի գործում։ Երիտասարդ տղամարդկանց գնահատելիս հարկավոր է հիմնվել ոչ թե մշակութային առանձնահատկությունների կամ ինչ-որ մեկի անձնական տեսակետի վրա, այլ Աստծու Խոսքի (2 Տիմոթ. 3։16, 17

17 Մտածիր, թե Աստվածաշնչով չհիմնավորված տեսակետները ինչ հետևանքների կարող են հանգեցնել։ Մի երկրում հոգևորապես հասուն մի ծառայող օգնականի ուսերին լուրջ պարտականություններ էին դրվել։ Թեև ժողովի երեցները համաձայն էին, որ այդ երիտասարդ եղբայրը ողջամիտ չափով համապատասխանում է երեց նշանակվելու սուրբգրային պահանջներին, սակայն նրան չէին երաշխավորում։ Մի քանի տարեց երեցներ ասում էին, թե եղբայրը երեց լինելու համար չափազանց երիտասարդ տեսք ունի։ Ցավալի է, որ եղբայրը զուտ իր տեսքի պատճառով նշանակում չէր ստանում։ Հաշվետվությունները ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր մասերում նման մտածելակերպ է տարածված։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ առաջնորդվենք ոչ թե մեր անձնական տեսակետներով կամ մշակութային առանձնահատկությունների հիման վրա ձևավորված կարծիքներով, այլ Աստվածաշնչով։ Միայն այդպես անելով է, որ կհնազանդվենք Հիսուսին և արտաքինով չենք դատի։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԵՔ

18, 19. Ի՞նչ պետք է անենք, որ Եհովայի աչքերով նայենք մարդկանց։

18 Չնայած մեր անկատարությանը՝ մենք կարո՛ղ ենք սովորել մարդկանց նայել Եհովայի՝ մեր անկողմնակալ Աստծու աչքերով (Գործ. 10։34, 35)։ Սակայն դրա համար պետք է շարունակ ջանքեր թափենք և միշտ ականջ դնենք Աստծու Խոսքում գրված հիշեցումներին։ Դրանց համաձայն վարվելով՝ կկատարենք Հիսուսի պատվերը և կդադարենք արտաքինով դատելուց (Հովհ. 7։24

19 Շուտով մեր Թագավոր Հիսուս Քրիստոսը կդատի ողջ մարդկությանը։ Նա կդատի ոչ թե իր աչքի տեսածով կամ ականջի լսածով, այլ արդարությամբ (Ես. 11։3, 4)։ Ի՜նչ հրաշալի ժամանակներ են մեզ սպասում։