Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համբերատարություն. երբ տոկում ես՝ աչքի առաջ ունենալով նպատակ

Համբերատարություն. երբ տոկում ես՝ աչքի առաջ ունենալով նպատակ

ԱՅՍ «վերջին օրերում» խնդիրները գնալով շատանում են։ Ուստի այժմ առավել, քան երբևէ, Աստծու ժողովուրդը համբերատարության կարիք ունի (2 Տիմոթ. 3։1–5)։ Մենք շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր անձնասեր են, համաձայնության չեկող, ինքնատիրապետում չունեցող։ Ինչ խոսք, այսպիսի մարդկանց բնորոշ չէ նաև համբերատարությունը։ Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մտածի. «Մյուս մարդկանց պես անհամբեր չե՞մ դարձել։ Ի՞նչ է իրականում նշանակում համբերատար լինել։ Ինչպե՞ս այս կարևոր քրիստոնեական հատկությունը դարձնեմ իմ էության անբաժան մասը»։

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ

Աստվածաշնչային իմաստով՝ համբերատարությունը ավելին է, քան պարզապես դժվար իրավիճակին հարմարվելը։ Համբերատար մարդը տոկում է՝ աչքի առաջ ունենալով նպատակ։ Նա մտածում է ոչ միայն իր, այլև ուրիշների բարօրության մասին, նույնիսկ նրանց, ովքեր վիրավորում են իրեն։ Երբ իր հետ վատ են վերաբերվում, նա չի դադարում հուսալ, որ խաթարված հարաբերությունները կբարելավվեն։ Ուստի զարմանալի չէ, որ Աստծու Խոսքում համբերատարությունը առաջինն է հիշատակվում այն լավ հատկությունների թվում, որոնք սիրուց * են բխում (1 Կորնթ. 13։4)։ Սուրբ Գրքում համբերատարությունը թվարկվում է նաև «ոգու պտղի» հատկությունների շարքում (Գաղ. 5։22, 23)։ Իսկ ի՞նչ է հարկավոր այս աստվածահաճո հատկությունը զարգացնելու համար։

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Համբերատարություն զարգացնելու համար պետք է խնդրենք Եհովային, որ իր սուրբ ոգով օգնի մեզ։ Նա իր ոգին տալիս է բոլոր նրանց, ովքեր վստահում են իրեն (Ղուկ. 11։13)։ Սակայն որքան էլ որ Աստծու ոգին զորեղ լինի, մենք պետք է մեր բաժինն անենք՝ գործենք մեր աղոթքների համաձայն (Սաղ. 86։10, 11)։ Դա նշանակում է, որ պետք է ձգտենք ամեն օր համբերատարություն դրսևորել։ Այդպես այս հատկությունը արմատներ կգցի մեր սրտում և կդառնա մեր էությանը բնորոշ հատկություն։ Սակայն հնարավոր է՝ երբեմն չկարողանանք համբերել։ Ի՞նչը կօգնի մեզ այդ դեպքում։

Մենք կարող ենք համբերատարություն զարգացնել՝ քննելով Հիսուսի կատարյալ օրինակը և ձգտելով նմանվել նրան։ Երբ Պողոս առաքյալը, սուրբ ոգուց ներշնչված, խոսում էր «նոր անձնավորության» մասին, որին հատուկ է համբերատարությունը, հորդորեց, որ թույլ տանք՝ «Քրիստոսի խաղաղությունը տիրի [մեր] սրտերում» (Կող. 3։10, 12, 15)։ Դա կարող ենք անել, եթե ընդօրինակենք Հիսուսին և հաստատ համոզված լինենք, որ ճիշտ ժամանակին Աստված ամեն բան կշտկի։ Եթե հետևենք Հիսուսի օրինակին, մեր համբերությունը չենք կորցնի, ինչ էլ որ մեր շուրջը կատարվի (Հովհ. 14։27; 16։33

Անշուշտ, բոլորս էլ ուզում ենք հնարավորինս շուտ տեսնել Աստծու խոստացած նոր աշխարհը։ Սակայն խորհելով այն մասին, թե Եհովան որքան համբերատար է մեր հանդեպ, սովորում ենք համբերությամբ սպասել։ Սուրբ Գիրքը վստահեցնում է մեզ. «Եհովան չի ուշացնում կատարել իր խոստումը, ինչպես որոշ մարդիկ են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Մի՞թե սա մեզ չի մղում համբերատար լինել ուրիշների հանդեպ (Հռոմ. 2։4)։ Իսկ հատկապես ո՞ր իրավիճակներում գուցե համբերության կարիք լինի։

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ԵՐԲ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ

Առօրյայում հաճախ են այնպիսի իրավիճակներ ստեղծվում, երբ համբերատարություն դրսևորելու կարիք է առաջանում։ Օրինակ, երբ կարևոր բան ունես ասելու, պետք է համբերությամբ սպասես, որ չընդհատես դիմացինին (Հակ. 1։19)։ Նաև համբերատարությունդ գուցե փորձվի, երբ հավատակիցներիդ սովորությունները նյարդայնացնեն քեզ։ Այդպիսի իրավիճակներում իմաստուն կվարվես, եթե ափերից դուրս գալու փոխարեն՝ մտածես, թե Եհովան և Հիսուսը ինչպես են արձագանքում քո սխալներին։ Նրանք չեն կենտրոնանում մեր չնչին թերությունների վրա։ Հակառակը՝ ուշադրություն են դարձնում մեր լավ հատկություններին և համբերությամբ հետևում են, թե ինչպես ենք ջանքեր թափում, որ ավելի լավ մարդ դառնանք (1 Տիմոթ. 1։16; 1 Պետ. 3։12

Մեր համբերատարությունը կարող է փորձվել նաև այն ժամանակ, երբ մեզ մեղադրում են այն բանում, թե սխալ բան ենք ասել կամ արել։ Նման դեպքերում բոլորս էլ, հնարավոր է, արագ վիրավորվենք և սկսենք արդարացնել մեզ։ Սակայն Աստծու Խոսքը խորհուրդ է տալիս այլ կերպ արձագանքել։ Այնտեղ կարդում ենք. «Համբերատար մարդը ոգով ամբարտավան մարդուց լավ է։ Մի՛ շտապիր ոգով վիրավորվել, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում» (Ժող. 7։8, 9)։ Ուստի նույնիսկ եթե մեղադրանքը լիովին անհիմն է, պետք է համբերատար լինենք և անմտածված չարձագանքենք։ Հիսուսը այս սկզբունքին էր հետևում, երբ մարդիկ անարդարացիորեն մեղադրում էին իրեն (Մատթ. 11։19

Հատկապես ծնողները համբերատարության կարիք ունեն, երբ հարկ է լինում ուղղելու իրենց երեխաների սխալ մտածելակերպը և նրանց միջից արմատախիլ անելու սխալ ցանկություններն ու հակումները։ Նկատի առնենք Մաթիասի օրինակը, ով ծառայում է Սկանդինավիայի Բեթելում։ Պատանի հասակում Մաթիասը իր հավատալիքների համար շարունակ ծաղրուծանակի էր ենթարկվում համադասարանցիների կողմից։ Սկզբում նրա ծնողները չգիտեին այդ մասին։ Սակայն նրանք տեսնում էին դրա հետևանքները. նրանց որդին սկսել էր կասկածել, թե արդյոք իր իմացածը ճշմարտությունն է։ Մաթիասի հայրը՝ Յիլիսը, ասում է. «Մեզանից մեծ համբերություն պահանջվեց»։ Մաթիասը հարցնում էր. «Ո՞վ է Աստված։ Հաստա՞տ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ հենց Աստված է մեզանից պահանջում այս կամ այն բանը»։ Մաթիասը նաև ասում էր. «Ես ինչո՞ւ պետք է դատապարտության արժանանամ այն բանի համար, որ ձեզ պես չեմ մտածում ու հավատում»։

Յիլիսը պատմում է. «Երբեմն մեր որդին բարկացած էր տալիս այդ հարցերը։ Բայց այդ բարկությունը ուղղված էր ոչ թե իմ կամ մոր դեմ, այլ ճշմարտության, որը, նրա կարծիքով, բարդացրել էր իր կյանքը»։ Յիլիսն ինչպե՞ս վարվեց այս իրավիճակում։ «Ես ու Մաթիասը երբեմն ժամերով զրուցում էինք։ Ես հիմնականում լսողի դերում էի։ Ժամանակ առ ժամանակ հարցեր էի տալիս, որպեսզի խորությամբ հասկանայի, թե նա ինչ է զգում և ինչ է մտածում։ Երբեմն նրան մի միտք էի ասում և թողնում էի, որ մեկ կամ մի քանի օր մտածի այդ մասին։ Հետո կրկին անդրադառնում էինք այդ թեմային։ Երբեմն էլ ես էի նրանից մի քանի օր խնդրում, որ մտածեի նրա ասածների շուրջ։ Այս կանոնավոր զրույցների շնորհիվ Մաթիասը աստիճանաբար սկսեց ավելի լավ ըմբռնել և ընդունել այնպիսի ճշմարտություններ, ինչպիսիք են փրկանքը, Եհովայի գերիշխանությունը և նրա սերը։ Դրա համար բավական ժամանակ և ջանքեր պահանջվեցին։ Բայց ի վերջո նրա սրտում Եհովայի հանդեպ սերը աճեց։ Ես ու կինս երջանիկ ենք, որ մեր համբերատարությունն ու ջանքերը վարձատրվեցին. մեր տղան հաղթահարեց պատանեկան տարիքի դժվարությունները, և ճշմարտությունը հասավ նրա սրտին»։

Յիլիսն ու նրա կինը, ապավինելով Եհովային, նրանից օգնություն էին խնդրում և համբերությամբ կրթում էին իրենց որդուն։ Վերհիշելով այդ ժամանակները՝ Յիլիսն ասում է. «Մաթիասին հաճախ էի ասում, որ ես ու իր մայրը շատ ենք սիրում իրեն և ջերմեռանդորեն աղոթում ենք Եհովային, որ օգնի իրեն հասկանալ ճշմարտությունը»։ Որքա՜ն ուրախ են Մաթիասի ծնողները, որ կարողացել են համբերատարություն դրսևորել։

Այս հատկությունը ցուցաբերելը կարևոր է ոչ միայն այն ժամանակ, երբ հոգևորապես օգնում ենք ինչ-որ մեկին, այլև երբ հոգ ենք տանում մեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ մասին, որը տառապում է քրոնիկ հիվանդությամբ։ Նկատի առնենք Էլենի * օրինակը, որը նույնպես ապրում է Սկանդինավիայում։

Մոտ ութ տարի առաջ Էլենի ամուսինը երկու կաթված ստացավ, ինչի հետևանքով նրա ուղեղը վնասվեց։ Դրա պատճառով նա այլևս չի կարողանում կարեկցանք, ուրախություն կամ խղճահարություն զգալ։ Այս իրավիճակը շատ ծանր է Էլենի համար։ Նա պատմում է. «Ինձանից ծով համբերություն է պահանջվում։ Ես օր ու գիշեր աղոթում եմ»։ Քույրն ավելացնում է. «Աստվածաշնչյան իմ ամենասիրած համարը, որը մխիթարում է ինձ, Փիլիպպեցիներ 4։13-ն է։ Այնտեղ ասվում է. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»»։ Աստծու զորությամբ Էլենը կարողանում է համբերել ու տոկալ։ Նա լիովին համոզված է, որ Եհովան է օգնում իրեն (Սաղ. 62։5, 6

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համբերատարություն դրսևորելու հարցում Եհովան լավագույն օրինակն է (2 Պետ. 3։15)։ Աստվածաշնչում բազմաթիվ դեպքեր են նշված, երբ Եհովան մեծ համբերություն է դրսևորել (Նեեմ. 9։30; Ես. 30։18)։ Օրինակ՝ հիշենք, թե նա ինչպես արձագանքեց, երբ Աբրահամը հարցականի տակ դրեց Սոդոմը ոչնչացնելու Իր որոշումը։ Նախ՝ Եհովան չընդհատեց Աբրահամին, այլ թույլ տվեց, որ նա արտահայտի իր մտահոգությունները, և համբերությամբ լսեց նրա յուրաքանչյուր հարցը։ Ապա՝ Աստված կրկնեց Աբրահամի խոսքերը՝ ցույց տալով, որ ուշադիր լսել է նրան, և հավաստիացրեց, որ չի ոչնչացնի Սոդոմը, եթե այդ քաղաքում գոնե տասը արդար մարդ գտնվի (Ծննդ. 18։22–33)։ Այո՛, Եհովան միշտ համբերությամբ լսում է և երբեք բուռն չի արձագանքում։ Ի՜նչ հիանալի օրինակ։

Բոլոր քրիստոնյաները պետք է հագնեն նոր անձնավորությունը, որի կարևորագույն հատկություններից է համբերատարությունը։ Եթե ջանքեր թափենք և այս արժեքավոր հատկությունը դարձնենք մեր էության անբաժան մասը, պատիվ կբերենք մեր սիրառատ ու համբերատար երկնային Հորը և կլինենք նրանց թվում, «ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (Եբր. 6։10–12

^ պարբ. 4 Սիրո մասին խոսվել է «ոգու պտղին» նվիրված շարքի հոդվածներից առաջինում։

^ պարբ. 15 Անունը փոխված է։