Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վստահիր Քրիստոսին, ով շարունակում է առաջնորդել մեզ

Վստահիր Քրիստոսին, ով շարունակում է առաջնորդել մեզ

«Մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (ՄԱՏԹ. 23։10

ԵՐԳ 16, 14

1, 2. Հեսուն ի՞նչ դժվար առաջադրանք ստացավ Մովսեսի մահից հետո։

ԵՀՈՎԱՅԻ խոսքերը դեռ հնչում էին Հեսուի ականջներում։ Աստված նրան ասել էր. «Իմ ծառա Մովսեսը մահացավ. հիմա վե՛ր կաց և այս ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր այս գետը՝ Հորդանանը, դեպի այն երկիրը, որ տալիս եմ նրանց» (Հեսու 1։1, 2)։ Սա, ինչ խոսք, անսպասելի փոփոխություն էր Հեսուի համար, ով գրեթե 40 տարի Մովսեսի սպասավորն էր եղել։

2 Հնարավոր է՝ Հեսուն մտավախություն ուներ, թե Աստծու ժողովուրդը ինչպես կարձագանքի այս փոփոխությանը։ Չէ՞ որ նրանց առաջնորդը երկար տարիներ Մովսեսն էր եղել (2 Օրենք 34։8, 10–12)։ Աստվածաշնչին նվիրված մի աշխատության մեջ Հեսու 1։1, 2 համարների վերաբերյալ ասվում է. «Ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում պետության անվտանգությունը լրջորեն սասանվում է, երբ դրա առաջնորդը փոխվում է»։

3, 4. Եհովայի հանդեպ Հեսուի ունեցած վստահությունը ինչպե՞ս արդարացվեց, և ի՞նչ հարց գուցե ծագի մեր մտքում։

3 Իհարկե, Հեսուի վախերը անհիմն չէին։ Բայց նա վստահեց Աստծուն և վճռական քայլերի դիմեց (Հեսու 1։9–11)։ Նրա վստահությունը արդարացվեց։ Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, Եհովան հրեշտակի միջոցով առաջնորդեց Հեսուին և ժողովրդին։ Այդ հրեշտակը, ամենայն հավանականությամբ, Աստծու անդրանիկ Որդին էր՝ Խոսքը (Ելք 23։20–23; Հովհ. 1։1

4 Եհովայի օգնությամբ իսրայելացիները Հեսուին ընդունեցին որպես առաջնորդ և հարմարվեցին փոփոխություններին։ Մենք նույնպես ապրում ենք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Այսօր Եհովայի կազմակերպությունը սրընթաց առաջ է շարժվում։ Աստված Հիսուս Քրիստոսին նշանակել է որպես մեր Առաջնորդ։ Սակայն հնարավոր է՝ հարցնենք. «Ինչո՞ւ պետք է վստահենք Հիսուսի առաջնորդությանը» (կարդա Մատթեոս 23։10)։ Այս հարցին պատասխանելու համար եկեք քննենք, թե Եհովան ինչպես է փոփոխությունների ժամանակ առաջնորդել իր ժողովրդին։

ԱՍՏՎԱԾ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ՔԱՆԱՆԻ ԵՐԿԻՐ

5. Երբ Հեսուն Երիքովի մոտ էր, ի՞նչ արտասովոր բան տեղի ունեցավ (տես հոդվածի սկզբի նկարը)։

5 Երբ Հեսուն և իսրայելացիներն անցան Հորդանան գետը, կարճ ժամանակ անց մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Երիքովի մոտ Հեսուի առջև մի մարդ կանգնեց՝ ձեռքին մերկ սուր։ Չիմանալով, թե ով է այդ մարդը՝ Հեսուն հարցրեց. «Դու մե՞ր կողմից ես, թե՞ մեր թշնամիների»։ Եվ շատ զարմացավ, երբ այդ ռազմիկն ասաց, որ ինքը «Եհովայի զորքերի իշխանն» է և պատրաստ է պաշտպանել Աստծու ժողովրդին (կարդա Հեսու 5։13–15)։ Թեև Աստվածաշնչի այլ հատվածներից իմանում ենք, որ Եհովան էր խոսում Հեսուի հետ, սակայն կասկած չկա, որ Աստված իր հրեշտակի միջոցով էր դա անում։ Նա անցյալում էլ էր հաճախ այդպես արել (Ելք 3։2–4; Հեսու 4։1, 15; 5։2, 9; Գործ. 7։38; Գաղ. 3։19

6–8. ա) Եհովայի տված որոշ ցուցումներ ինչո՞ւ կարող էին մարդկային տեսանկյունից խելամիտ չթվալ։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այդ ցուցումները և՛ խելամիտ էին, և՛ ժամանակահարմար (տես նաև ծանոթագրությունը)։

6 Իսրայելացիներին առաջնորդող հրեշտակը հստակ ցուցումներ տվեց Հեսուին, թե ինչպես գրավեն Երիքով քաղաքը։ Առաջին հայացքից գուցե թվար, թե այդ ցուցումներից մի քանիսը այնքան էլ խելամիտ չեն։ Օրինակ՝ Եհովան նախ պատվիրեց, որ բոլոր տղամարդիկ թլփատվեն։ Բայց այդ դեպքում նրանք մի քանի օր ի վիճակի չէին լինի կռվելու։ Արդյո՞ք թլփատվելու համար ճիշտ ժամանակ էր ընտրվել (Ծննդ. 34։24, 25; Հեսու 5։2, 8

7 Խոցելի դարձած իսրայելացի տղամարդիկ հավանաբար անհանգստանում էին, թե ինչպես են պաշտպանելու իրենց ընտանիքները, եթե թշնամիները հարձակվեն իրենց ճամբարի վրա։ Սակայն հանկարծ լուր տարածվեց, որ «Երիքովը Իսրայելի որդիների պատճառով ամուր փակված է» (Հեսու 6։1)։ Դեպքերի այսպիսի զարգացումը, ըստ ամենայնի, ամրացրեց իսրայելացիների վստահությունը Աստծու առաջնորդության հանդեպ։

8 Իսրայելացիներին նաև հրահանգ էր տրվել չհարձակվել Երիքովի վրա, այլ քայլելով պտտվել քաղաքի շուրջը։ Վեց օր նրանք պետք է պտտվեին օրը մեկ անգամ, իսկ յոթերորդ օրը՝ յոթ անգամ։ Որոշ զինվորներ գուցե մտածեին, որ դա ժամանակի և ուժերի վատնում է։ Բայց Իսրայելի անտեսանելի Առաջնորդը շատ լավ գիտեր, թե ինչ է անում։ Արդյունքում իսրայելացիների հավատը զորացավ։ Նույնիսկ կարիք չեղավ, որ նրանք կռվեն Երիքովի զորեղ ռազմիկների դեմ (Հեսու 6։2–5; Եբր. 11։30 *

9. Ինչո՞ւ պետք է հետևենք Աստծու կազմակերպության տված ցուցումներին։ Բեր օրինակ։

9 Ի՞նչ ենք սովորում այս արձանագրությունից։ Հնարավոր է՝ երբեմն լիովին չհասկանանք, թե կազմակերպությունն ինչու է այս կամ այն նորամուծությունն անում։ Օրինակ՝ գուցե սկզբում կասկածում էինք, թե արդյոք նպատակահարմար է էլեկտրոնային սարքեր օգտագործել անձնական ուսումնասիրության, քարոզչական ծառայության կամ ժողովի հանդիպումների ժամանակ։ Սակայն այժմ հավանաբար տեսնում ենք, թե ինչ մեծ օգուտ է դա բերում, եթե, իհարկե, այդպիսի սարքերից օգտվելու հնարավորություն ունենք։ Երբ տեսնում ենք, թե նման փոփոխությունները ինչ դրական արդյունքներ են բերում, մեր հավատը ամրանում է, և ավելի միասնական ենք դառնում։

ՀԻՍՈՒՍԸ ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎԸ

10. Ո՞ւմ առաջնորդությամբ Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմինը լուծում տվեց ծագած խնդրին։

10 Կոռնելիոսի դավանափոխությունից մոտ 13 տարի անց որոշ հրեա հավատացյալներ դեռևս սովորեցնում էին, որ թլփատությունը անհրաժեշտ է փրկվելու համար (Գործ. 15։1, 2)։ Երբ Անտիոքում այս հարցի շուրջ տարաձայնություն եղավ, որոշում կայացվեց, որ Պողոսը այդ հարցը ներկայացնի Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնին։ Բայց ո՞վ էր կանգնած այդ որոշման հետևում։ Պողոսը նշում է. «Գնացի, քանի որ ինձ հայտնություն էր տրվել»։ Ըստ ամենայնի, Քրիստոսը դեպքերին այնպիսի ընթացք տվեց, որ կառավարիչ մարմինը լուծի այդ խնդիրը (Գաղ. 2։1–3

Քրիստոսի առաջնորդությունը ակնհայտ էր առաջին դարում (տես պարբերություն 10, 11)

11. ա) Հրեա հավատացյալները թլփատության վերաբերյալ ի՞նչ տեսակետի էին կառչած մնում։ բ) Երուսաղեմում ինչպե՞ս փորձվեց երեցներին թիկունք կանգնելու Պողոսի պատրաստակամությունը (տես նաև ծանոթագրությունը)։

11 Քրիստոսի առաջնորդությամբ կառավարիչ մարմինը պարզաբանեց, որ հարկ չկա՝ այլազգի քրիստոնյաները թլփատվեն (Գործ. 15։19, 20)։ Սակայն այս որոշումից տարիներ անց բազմաթիվ հրեա հավատացյալներ շարունակում էին թլփատել իրենց երեխաներին։ Երբ Երուսաղեմում ծառայող երեցները լսեցին, որ Պողոսի մասին լուրեր են պտտվում, թե նա չի պահում Մովսեսի օրենքը, նրան անսպասելի հրահանգներ տվեցին (Գործ. 21։20–26 * Ասացին, որ իրենց նշած չորս մարդկանց հետ գնա տաճար, որպեսզի ժողովուրդը եզրակացնի, թե նա «պահում է Օրենքը»։ Պողոսը կարող էր այդ առաջնորդությունը իմաստուն չհամարել՝ առարկելով, որ իրականում խնդրի արմատը հրեա քրիստոնյաների մեջ էր, ովքեր ճիշտ չէին հասկանում թլփատության հարցը։ Բայց նա թիկունք կանգնեց երեցների որոշմանը, որոնք ցանկանում էին հավատացյալների միջև միասնություն պահպանել, ուստի խոնարհաբար ենթարկվեց իրեն տրված հրահանգներին։ Սակայն գուցե մտածենք, թե Հիսուսն ինչու թույլ տվեց, որ այդ հարցը այդքան երկար ժամանակ չլուծված մնա, չէ՞ որ իր մահով վերջ էր դրվել Մովսիսական օրենքին (Կող. 2։13, 14

12. Ի՞նչը կարող էր լինել պատճառը, թե քրիստոնյաներին ինչու որոշ ժամանակ տրվեց, մինչև թլփատության հարցը լուծվեր։

12 Երբեմն ժամանակ է հարկավոր ընդունելու ճշմարտության հասկացողության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ Հրեա քրիստոնյաներին բավական ժամանակ էր պետք, որ փոխեին իրենց տեսակետը (Հովհ. 16։12)։ Նրանցից ոմանց համար շատ դժվար էր ընդունել, որ թլփատությունն այլևս Աստծու հետ ունեցած հատուկ փոխհարաբերությունների նշան չէ (Ծննդ. 17։9–12)։ Կային մարդիկ էլ, ովքեր, վախենալով հալածանքից, չէին ուզում տարբերվել հրեա համայնքի անդամներից (Գաղ. 6։12)։ Ուստի հետագայում Պողոս առաքյալի նամակների միջոցով Հիսուսը քրիստոնյաներին հավելյալ պարզաբանումներ տվեց (Հռոմ. 2։28, 29; Գաղ. 3։23–25

ՔՐԻՍՏՈՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԻՐ ԺՈՂՈՎԸ

13. Ի՞նչը կարող է օգնել, որ գնահատանքով ընդունենք Քրիստոսի առաջնորդությունը։

13 Երբ լիարժեքորեն չենք հասկանում, թե ինչու է արվել կազմակերպչական այս կամ այն փոփոխությունը, լավ կլինի՝ մտածենք, թե անցյալում Քրիստոսն ինչպես է առաջնորդել Աստծու ժողովրդին, օրինակ՝ Հեսուի օրերում կամ առաջին դարում։ Նա միշտ էլ իմաստուն ցուցումներ է տվել, որ պաշտպանի Աստծու ժողովրդին՝ որպես ամբողջություն, զորացնի նրա ծառաների հավատը և պահպանի նրանց միասնությունը (Եբր. 13։8

14–16. «Հավատարիմ և իմաստուն ծառայի» տված ցուցումներն ու խորհուրդները ինչպե՞ս են փաստում, որ Քրիստոսը մտածում է մեր հոգևոր բարօրության մասին։

14 Հիսուսը սիրում է մեզ ու մտածում է մեր հոգևոր բարօրության մասին։ Դա են փաստում այն ժամանակահարմար ցուցումներն ու խորհուրդները, որ տալիս է «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթ. 24։45)։ Մարկը, ով չորս երեխայի հայր է, ասում է. «Սատանան փորձում է թուլացնել ժողովները՝ հարձակումներ գործելով ընտանիքների վրա։ Ուստի ամեն շաբաթ ընտանեկան երկրպագություն անելու հորդորի նպատակը շատ պարզ է. ընտանիքների՛ գլուխներ, պաշտպանե՛ք ձեր ընտանիքները»։

15 Երբ տեսնում ենք, թե Քրիստոսն ինչպես է մեզ առաջնորդում, հասկանում ենք, որ նա ուզում է օգնել մեզ հոգևորապես աճել։ Պատրիկ անունով մի երեց նշում է. «Սկզբում, երբ ժողովը բաժանվեց քարոզչական ծառայության փոքր խմբերի, ոմանք տխրեցին։ Սակայն այս որոշումը ակնհայտ դարձրեց Քրիստոսի գլխավոր հատկություններից մեկը՝ այն, որ նա ուշադրություն է դարձնում խեղճին։ Օրինակ՝ ամաչկոտ եղբայրներն ու քույրերը կամ նրանք, ովքեր շատ ակտիվ չէին, այս փոփոխության արդյունքում իրենց ավելի արժեքավոր ու օգտակար զգացին և հոգևորապես աճեցին»։

16 Մեր հոգևոր կարիքները հոգալուց բացի՝ Քրիստոսը օգնում է մեզ կենտրոնացած մնալ աշխարհով մեկ իրականացվող ամենակարևոր գործի վրա (կարդա Մարկոս 13։10)։ Անդրեն, որը նորանշանակ երեց է, միշտ ուշադրությամբ հետևում է Աստծու կազմակերպության մեջ տեղի ունեցող փոփոխություններին։ Նա ասում է. «Մասնաճյուղերի անձնակազմի կրճատումը հիշեցնում է մեզ, թե ինչ վճռորոշ ժամանակներում ենք ապրում, և թե որքան կարևոր է կենտրոնանալ քարոզչական գործի վրա»։

ՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ՀԵՏԵՎԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

17, 18. Ինչո՞ւ է կարևոր մտածել, թե վերջին փոփոխությունները մեզ ինչ օգուտ են բերել։

17 Մեր Թագավոր Հիսուս Քրիստոսի առաջնորդությունը ցույց է տալիս, որ նա առաջ է նայում։ Ուստի մտածիր, թե վերջին փոփոխությունները քեզ ինչ օգուտ են տվել, և դրա վրա կենտրոնացիր։ Օրինակ՝ դու և քո ընտանիքը շատ կքաջալերվեք, եթե ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկեք, թե մեր հանդիպումների ծրագրում կամ ծառայության գործում տեղի ունեցած փոփոխությունները ձեզ ինչ օգուտ են բերել։

Ընտանիքիդ անդամներին և ուրիշներին օգնո՞ւմ ես Եհովայի կազմակերպության հետ համաքայլ ընթանալ (տես պարբերություն 17, 18)

18 Եթե հասկանանք, թե Եհովայի կազմակերպությունը ինչու է տվել այս կամ այն ցուցումը, և տեսնենք դրա օգուտը, ապա, ամենայն հավանականությամբ, ուրախությամբ կհետևենք դրան։ Օրինակ՝ մենք հասկանում ենք, որ գրականության տպաքանակի կրճատման շնորհիվ բավականաչափ դրամական միջոցներ են խնայվում, իսկ նոր տեխնոլոգիաները օգնում են աշխարհով մեկ առաջ տանել Թագավորության գործը։ Ուստի լավ կլինի, որ հնարավորության դեպքում էլեկտրոնային հրատարակություններից և նյութերից օգտվենք։ Այդպես կաջակցենք Քրիստոսին, ով ուզում է, որ Աստծու կազմակերպության միջոցները իմաստնորեն ծախսվեն։

19. Ինչո՞ւ պետք է հետևենք Քրիստոսի առաջնորդությանը։

19 Երբ պատրաստակամորեն հետևում ենք Քրիստոսի առաջնորդությանը, այդպես զորացնում ենք մեր եղբայրների ու քույրերի հավատը և նպաստում ենք մեր միասնությանը։ Անդրեն, ով խորհել է ամբողջ աշխարհում բեթելցիների քանակը կրճատելու որոշման շուրջ, ասում է. «Տեսնելով նախկին բեթելցիների ոգին, ովքեր հարմարվել են այս փոփոխություններին՝ վստահությամբ ու հարգանքով եմ լցվում։ Նրանք ուրախություն են գտնում իրենց ներկա ծառայության մեջ ու դրանով ցույց են տալիս, որ համաքայլ են ընթանում Եհովայի կառքի հետ»։

ՎՍՏԱՀԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

20, 21. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահել Քրիստոսին՝ մեր Առաջնորդին։ բ) Ի՞նչ հարց ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

20 Շուտով մեր Առաջնորդ Հիսուս Քրիստոսը ավարտին կհասցնի իր հաղթարշավը և ահազդու բաներ կանի (Հայտն. 6։2; Սաղ. 45։4)։ Իսկ մինչ այդ նա Աստծու ժողովրդին պատրաստում է նոր աշխարհում ապրելու համար, որտեղ մեզնից յուրաքանչյուրը կրթելու է հարություն առնող մարդկանց և մասնակցելու է շինարարության հսկայածավալ գործին։

21 Եթե չնայած փոփոխություններին՝ վստահենք մեր Թագավորին, նա մեզ կառաջնորդի նոր աշխարհ (կարդա Սաղմոս 46։1–3)։ Սակայն այժմ մեզ համար գուցե դժվար է հարմարվել փոփոխություններին, հատկապես եթե դրանք անսպասելիորեն են տեղի ունենում։ Նման դեպքերում ի՞նչ կարող ենք անել, որ ներքին խաղաղություն պահպանենք և շարունակենք լիովին վստահել Եհովային։ Այս հարցին կպատասխանենք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 8 Հնագետները Երիքովի ավերակներում մեծ քանակությամբ հացահատիկ են գտել, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքը երկարատև պաշարման չի ենթարկվել, ուստի մթերքի պաշարները չեն սպառվել։ Իսրայելացիներին թույլ չտրվեց Երիքովից ավար վերցնել։ Սակայն նրանք հարմար ժամանակ գրավեցին երկիրը. հացահատիկը հասել էր, և արտերը լի էին բերք ու բարիքով (Հեսու 5։10–12

^ պարբ. 11 Տես «Դիտարանի» 2003 թ. մարտի 15-ի համարում «Պողոսը խոնարհաբար ընդունում է փորձությունը» շրջանակը (էջ 24)։