Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ»

«Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ»

«Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո ճանապարհը։ Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ» (ՍԱՂ. 86։11

ԵՐԳ 31, 72

1–3. ա) Ճշմարտությունը որքա՞ն թանկ պետք է լինի մեզ համար։ Բեր օրինակ (տես հոդվածի սկզբի նկարները)։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

ԳՆՎԱԾ ապրանքը հետ վերադարձնելը սովորական բան է դարձել։ Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, որոշ երկրներում խանութից գնված ապրանքների մոտ 9 տոկոսը հետ է վերադարձվում։ Իսկ ինտերնետով պատվիրված ապրանքների դեպքում այս ցուցանիշը կազմում է ավելի քան 30 տոկոս։ Պատճառը կարող է լինել այն, որ ապրանքը չի արդարացրել գնորդի ակնկալիքները, ինչ-որ թերություն է ունեցել կամ էլ պարզապես դուր չի եկել նրան։ Ուստի գնորդը որոշել է փոխել այն կամ հետ ստանալ գումարը։

2 Թեև հնարավոր է՝ ցանկանանք մեր գնած ապրանքը հետ վերադարձնել ու ստանալ գումարը, սակայն, անշուշտ, երբեք չենք ցանկանա հետ վերադարձնել կամ «վաճառել» աստվածաշնչյան «ճշգրիտ գիտելիքները», որ «գնել» ենք (կարդա Առակներ 23։23; 1 Տիմոթ. 2։4)։ Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, ճշմարտությունն իմանալու համար շատ ժամանակ ենք ծախսել, թերևս հրաժարվել ենք եկամտաբեր աշխատանքից, զոհել ենք մարդկանց հետ մեր ունեցած փոխհարաբերությունները, փոխել ենք մեր մտածելակերպն ու վարքը և դադարել ենք հետևել Աստծուն տհաճ սովորույթներին։ Սակայն մեր արած զոհողությունները չեն կարող համեմատվել այն օրհնությունների հետ, որ ստացել ենք։

3 Մենք ունենք նույն զգացումները, ինչ Հիսուսի առակներից մեկում նկարագրված «ճամփորդող վաճառականը»։ Ցանկանալով ցույց տալ, թե Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը որքան թանկ է այն գտնողների համար՝ Հիսուսը առակ պատմեց մի վաճառականի մասին, ով գեղեցիկ մարգարիտներ էր փնտրում։ Նա այնքան թանկ մարգարիտ գտավ, որ «իսկույն վաճառեց իր ողջ ունեցվածքը» և գնեց այն (Մատթ. 13։45, 46)։ Մենք նույնպես այնքան թանկ գնահատեցինք Աստծու Թագավորության մասին ճշմարտությունն ու Սուրբ Գրքում պահված մյուս թանկարժեք գոհարները, որ դրանք ձեռք բերելու համար առանց հետաձգելու արեցինք բոլոր անհրաժեշտ զոհողությունները։ Քանի դեռ գնահատում ենք ճշմարտությունը, այն չենք վաճառի։ Բայց, ցավոք, Աստծու ծառաներից ոմանք դադարել են գնահատել իրենց գտած ճշմարտությունը և անգամ վաճառել են այն։ Թող որ մեզ այդպիսի բան չպատահի։ Որպեսզի միշտ խորապես գնահատենք ճշմարտությունը և երբեք չվաճառենք այն, պետք է, ինչպես գրված է Աստվածաշնչում, «շարունակենք ճշմարտության մեջ քայլել» (կարդա 3 Հովհաննես 2–4)։ Դրա համար պետք է ճշմարտության համաձայն ապրենք և այն մեր կյանքի ամենակարևոր բանը համարենք։ Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս են ոմանք վաճառում ճշմարտությունը։ Ի՞նչ պետք է անենք, որ երբեք նման սխալ չգործենք։ Եվ ինչպե՞ս կարող ենք ամրապնդել ճշմարտության մեջ մշտապես քայլելու մեր վճռականությունը։

ԻՆՉՈ՞Ւ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՈՄԱՆՔ ՎԱՃԱՌՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

4. Առաջին դարում ոմանք ինչո՞ւ վաճառեցին ճշմարտությունը։

4 Առաջին դարում ոմանք, ովքեր սկզբում ուրախությամբ ընդունել էին Հիսուսի սովորեցրած բաները, դադարեցին ճշմարտության մեջ քայլել։ Հիշենք մի դեպք։ Մի անգամ, երբ Հիսուսը հրաշքով մի մեծ բազմության կերակրեց, մարդիկ գնացին նրա հետևից մինչև Գալիլեայի ծովի մյուս ափը։ Այնտեղ Հիսուսն ասաց մի բան, ինչը ցնցեց նրանց։ Նա ասաց. «Մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ունենա ձեզանում»։ Փոխանակ խնդրելու, որ Հիսուսը բացատրի իր խոսքերը՝ նրանք գայթակղվեցին և ասացին. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք»։ Եվ այդ օրվանից «նրա աշակերտներից շատերը հետ դարձան իրենց նախկին գործերին և այլևս չէին շրջում նրա հետ» (Հովհ. 6։53–66

5, 6. ա) Մեր օրերում ոմանք ինչո՞ւ են հեռացել ճշմարտությունից։ բ) Մարդն ինչպե՞ս է աստիճանաբար թողնում ճշմարտությունը։

5 Ցավոք, մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր թողել են ճշմարտությունը։ Նրանցից ոմանք գայթակղվել են, երբ աստվածաշնչյան որևէ համարի բացատրությունը ճշգրտվել է, կամ երբ ճանաչված եղբայրներից մեկը ասել կամ արել է մի բան, ինչը իրենց դուր չի եկել։ Ուրիշները վիրավորվել են, երբ Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ են ստացել։ Կան մարդիկ էլ, ովքեր ճշմարտությունը թողել են, քանի որ հավատակցի հետ տարաձայնություն են ունեցել։ Ոմանք էլ, ականջ դնելով հավատուրացներին կամ ուրիշ հակառակորդների, ովքեր աղավաղել են մեր հավատալիքները, իրենց կամքով հեռացել են Եհովայից ու ժողովից (Եբր. 3։12–14)։ Որքա՜ն ավելի լավ կլիներ, եթե այդ քրիստոնյաները պահպանեին իրենց հավատը և Պետրոս առաքյալի պես վստահեին Հիսուսին։ Երբ վերջինս առաքյալներին հարցրեց, թե արդյոք նրանք էլ են ուզում գնալ, Պետրոսն անմիջապես պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես» (Հովհ. 6։67–69

6 Ոմանք ճշմարտությունը աստիճանաբար են թողել, թերևս չեն էլ նկատել, թե դա ինչպես է պատահել։ Այն քրիստոնյան, ով աստիճանաբար է թողնում ճշմարտությունը, նման է նավակի, որը դանդաղ հեռանում է ափից։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ «երբեք ճանապարհից չշեղվենք» (Եբր. 2։1)։ Ի տարբերություն նրա, ով գիտակցաբար է հեռանում ճշմարտությունից՝ այն մարդը, ով շեղվում է, անմտածված է դա անում։ Սակայն նա վտանգի տակ է դնում Եհովայի հետ փոխհարաբերությունները և կարող է կորցնել դրանք։ Ուստի ի՞նչ պետք է անենք, որ մեզ այդպիսի բան չպատահի։

Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՉՎԱՃԱՌԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

7. Ի՞նչը կօգնի, որ ճշմարտությունը երբեք չվաճառենք։

7 Ճշմարտության մեջ քայլելու համար պետք է ընդունենք ու պահենք Եհովայի բոլոր խոսքերը։ Ճշմարտությունը պետք է մեր կյանքում ամենակարևոր բանը դարձնենք և աստվածաշնչյան սկզբունքներով ապրենք։ Եհովային աղոթելիս Դավիթ թագավորն ասաց. «Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ» (Սաղ. 86։11)։ Նա վճռականությամբ էր լցված մշտապես ճշմարտության մեջ քայլելու։ Մենք էլ պետք է այդպիսի տրամադրվածություն ունենանք։ Հակառակ դեպքում գուցե սկսենք մտածել այն մասին, թե ինչ գին ենք վճարել ճշմարտության դիմաց, և ցանկանանք հետ վերադարձնել դրա մի մասը։ Սակայն մենք չենք ուզում կորցնել ճշմարտության գեթ մեկ մարգարիտ։ Պետք է գիտակցենք, որ չենք կարող միայն որոշ ճշմարտություններ ընդունել, իսկ մյուսները՝ ոչ։ Մենք պետք է «ողջ ճշմարտության մեջ» քայլենք (Հովհ. 16։13)։ Այժմ եկեք անդրադառնանք այն հինգ բաներին, որ տվել ենք ճշմարտության դիմաց։ Դա կօգնի, որ երբեք չցանկանանք վերադարձնել մեր վճարած գնի թեկուզև մի մասը (Մատթ. 6։19

8. Քրիստոնյան ինչպե՞ս կարող է շեղվել ճշմարտությունից, եթե իր ժամանակը իմաստությամբ չօգտագործի։ Բեր օրինակ։

8 Ժամանակ։ Ճշմարտությունից չշեղվելու համար պետք է իմաստությամբ օգտագործենք մեր ժամանակը։ Եթե զգույշ չլինենք, գուցե սկսենք չափից շատ ժամանակ տրամադրել հանգստին, սիրած զբաղմունքին, ինտերնետում փնտրտուքներ անելուն կամ հեռուստացույց դիտելուն։ Թեև այս բաները սխալ չեն, դրանք կարող են գողանալ այն ժամանակը, որ նախկինում տրամադրում էինք անձնական ուսումնասիրությանը և մյուս հոգևոր գործերին։ Տեսնենք, թե ինչ եղավ Էմմա * անունով մի քրոջ կյանքում։ Մանկուց Էմման սիրահարված էր ձիերին։ Երբ հնարավորություն էր լինում, նա գնում էր ձի քշելու։ Սակայն որոշ ժամանակ հետո նա խղճի խայթ զգաց, որ չափից շատ ժամանակ է տրամադրում իր սիրած զբաղմունքին։ Էմման իր կյանքում փոփոխություններ արեց և սկսեց հետևել, որ հանգիստը չափից շատ ժամանակ չխլի։ Նրան քաջալերեց նաև Քորի Ուելսի օրինակը, ով նախկինում ձիավարությամբ էր զբաղվել։ * Այժմ Էմման ավելի շատ ժամանակ է տրամադրում հոգևոր գործերին, ինչպես նաև իր քրիստոնյա ընտանիքին ու ընկերներին։ Նա ավելի է մտերմացել Եհովայի հետ և ներքին խաղաղություն է զգում՝ իմանալով, որ իր ժամանակը իմաստությամբ է ծախսում։

9. Ինչպե՞ս կարող է պատահել, որ քրիստոնյան, ձգտելով նյութական հարստության, թողնի հոգևոր գործերը։

9 Նյութական հարստություն։ Եթե ուզում ենք շարունակել ճշմարտության մեջ քայլել, պետք է նյութականը իր տեղում պահենք։ Երբ իմացանք ճշմարտությունը, հոգևորը նյութականից ավելի կարևոր դարձավ մեզ համար, և մենք ուրախությամբ որոշ նյութական բաներ զոհեցինք։ Սակայն կարող է պատահել, որ տեսնելով, թե ուրիշներն ինչպես են վերջին մոդելի էլեկտրոնային սարքեր գնում և այլ բաներ ձեռք բերում՝ սկսենք մտածել, թե ինչ-որ բան կորցնում ենք։ Չբավարարվելով անհրաժեշտ բաներով՝ գուցե հոգևոր գործերը մի կողմ դնենք ու սկսենք հարստություն կուտակել։ Հիշենք Դեմասին։ Նա «սիրեց այս աշխարհը» և դադարեց Պողոս առաքյալի հետ ծառայել (2 Տիմոթ. 4։10)։ Ինչո՞ւ։ Նյութականը հոգևորից ավելի շա՞տ սիրեց, թե՞ այլևս չցանկացավ զոհողություններ անել Պողոսի հետ ծառայելու համար։ Աստվածաշունչը կոնկրետ պատճառը չի նշում։ Մենք անշուշտ չենք ցանկանա մեր մեջ նորից սեր արթնացնել նյութականի հանդեպ, որը կարող է մեր սրտից դուրս մղել ճշմարտության հանդեպ սերը։

10. Ճշմարտության մեջ քայլելու համար ի՞նչ չպետք է անենք։

10 Փոխհարաբերություններ։ Եթե ուզում ենք շարունակել ճշմարտության մեջ քայլել, չպետք է զիջումների գնանք, երբ ուրիշները ճնշում են բանեցնում մեզ վրա։ Երբ սկսեցինք ճշմարտության ճանապարհով քայլել, մեր համոզմունքները չկիսող հարազատների և ընկերների հետ հարաբերությունները փոխվեցին։ Նրանցից ոմանք հանդուրժողականությամբ են վերաբերվում մեր հավատին, մյուսներն էլ խիստ հակառակվում են (1 Պետ. 4։4)։ Թեև մենք ջանում ենք լավ փոխհարաբերություններ պահպանել մեր ընտանիքի անդամների հետ և նրանց բարությամբ ենք վերաբերվում, պետք է զգույշ լինենք, որ ճշմարտությունը չվաճառենք նրանց հաճեցնելու համար։ Մենք այսուհետ էլ կշարունակենք լեզու գտնել մեր ընտանիքի անդամների հետ։ Իսկ ինչ վերաբերում է ընկերներին, հաշվի առնելով 1 Կորնթացիներ 15։33-ում գրված հստակ նախազգուշացումը՝ մտերիմ կլինենք միայն նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային։

11. Ի՞նչ կարող ենք անել, որ սխալ մտածելակերպ ու վարք չունենանք։

11 Սխալ մտածելակերպ և վարք։ Ճշմարտության մեջ քայլող բոլոր մարդիկ պետք է սուրբ լինեն (Ես. 35։8; կարդա 1 Պետրոս 1։14–16)։ Ճշմարտությունն ընդունելով՝ բոլորս էլ մեր կյանքում ինչ-որ բան փոխել ենք Աստվածաշնչի արդար չափանիշներին համապատասխանելու համար։ Ոմանք մեծ փոփոխություններ են արել։ Ամեն դեպքում մենք երբեք մեր մաքրությունն ու սրբությունը չենք փոխի այս աշխարհի կեղտի հետ։ Ի՞նչ կարող ենք անել, որ անբարոյություն գործելու գայթակղությանը չտրվենք։ Պետք է մտածենք այն մասին, թե Եհովան ինչ մեծ գին է վճարել, որ մենք սուրբ լինենք։ Նա մեզ գնել է իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի թանկ արյամբ (1 Պետ. 1։18, 19)։ Եհովայի առաջ մաքուր մնալու համար պետք է միշտ հիշենք, թե ինչ մեծ փրկագին է տրվել մեզ համար։

12, 13. ա) Ինչո՞ւ է կարևոր միշտ Եհովայի տեսանկյունից նայել տոներին։ բ) Ի՞նչ պետք է քննենք։

12 Աստծուն տհաճ սովորույթներ և արարողություններ։ Մեր ընտանիքի անդամները, աշխատակիցները կամ համադասարանցիները, հնարավոր է, ստիպեն մեզ իրենց հետ զանազան տոներ նշել։ Ինչպե՞ս կարող ենք դիմադրել այս ճնշմանը։ Պետք է միշտ հիշենք, թե Եհովան ինչպես է վերաբերվում այն տոներին կամ սովորույթներին, որոնք իրեն պատիվ չեն բերում։ Մեզ կարող են օգնել մեր հրատարակություններում տպագրված նյութերը, որոնցում խոսվում է աշխարհում տարածված տոների ծագման մասին։ Երբ խորհում ենք դրանց չմասնակցելու սուրբգրային պատճառների շուրջ, համոզվում ենք, որ վարվում ենք այնպես, ինչպես «ընդունելի է Տիրոջը» (Եփես. 5։10)։ Եհովային ու նրա ճշմարիտ Խոսքին վստահելով՝ երբեք մարդկանցից չենք վախենա (Առակ. 29։25

13 Ճշմարտության ճանապարհը մի ուղի է, որը վերջ չունի։ Բոլորս էլ, ինչ խոսք, ցանկանում ենք հավիտյան քայլել այդ ճանապարհով։ Ինչպե՞ս կարող ենք ամրապնդել դա անելու մեր վճռականությունը։ Կա երեք բան, որոնք կօգնեն մեզ։ Եկեք քննենք դրանք։

ԱՄՐԱՊՆԴԻՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՔԱՅԼԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴ

14. ա) Աստծու Խոսքով կանոնավորաբար սնվելը ինչպե՞ս է ամրապնդում ճշմարտության մեջ քայլելու մեր վճռականությունը։ բ) Իմաստությունը, խրատն ու հասկացողությունը ինչո՞ւ են շատ կարևոր։

14 Առաջին՝ շարունակիր ուսումնասիրել Աստվածաշունչը և խորհրդածել դրանում գրված թանկագին ճշմարտությունների շուրջ։ Այո՛, գնիր ճշմարտությունը՝ կանոնավորաբար ժամանակ հատկացնելով Աստծու Խոսքի ուսումնասիրությանը։ Այդպես ավելի շատ կգնահատես ճշմարտությունը և երբեք չես ցանկանա վաճառել այն։ Առակներ 23։23-ը հորդորում է, որ ճշմարտությունից բացի՝ գնենք նաև «իմաստություն, խրատ և հասկացողություն»։ Գիտելիքներ ձեռք բերելը ինքնին բավական չէ։ Մենք պետք է ապրենք Աստծու Խոսքի համաձայն։ Հասկացողությունը օգնում է մեր սովորածը կապել այն ամենի հետ, ինչ արդեն գիտենք։ Իսկ իմաստության շնորհիվ կարողանում ենք ճիշտ ձևով կիրառել մեր իմացածը։ Երբեմն Աստվածաշունչը խրատում է մեզ՝ օգնելով տեսնել, թե ինչ փոփոխություններ անելու կարիք ունենք։ Եկեք միշտ ընդունենք այդ խրատները, որոնք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, շատ ավելի թանկ են, քան արծաթը (Առակ. 8։10

15. Ճշմարտության գոտին ինչպե՞ս է մեզ պաշտպանում։

15 Երկրորդ՝ վճռիր ամեն օր ապրել ճշմարտության համաձայն։ Մեջքդ «ճշմարտությամբ գոտևորիր» (Եփես. 6։14)։ Աստվածաշնչյան ժամանակներում զինվորի գոտին ամուր պահում էր նրա գոտկատեղը և պաշտպանում էր ներքին օրգանները։ Սակայն դրա համար այն պետք է ձիգ կապված լիներ։ Թուլացած գոտին դժվար թե կարողանար ծառայել իր նպատակին։ Իսկ ճշմարտությա՞ն գոտին ինչպես է պաշտպանում մեզ։ Եթե այն ձիգ կապված լինի, կպաշտպանի մեզ սխալ մտածելակերպից և կօգնի իմաստուն որոշումներ կայացնել։ Եթե փորձության կամ գայթակղության առաջ կանգնենք, այն կամրապնդի ճիշտն անելու մեր վճռականությունը։ Ինչպես որ զինվորը, առանց գոտին կապելու, չէր գնա կռվելու, այնպես էլ մենք երբեք չպետք է թուլացնենք կամ մեր վրայից հանենք ճշմարտության գոտին։ Ընդհակառակը՝ այն պետք է ձիգ կապենք՝ ճշմարտության համաձայն ապրելով։ Զինվորի գոտին նախատեսված էր նաև սուրը կախելու համար։ Այժմ եկեք տեսնենք, թե սրի գործածությունը ինչպես կարող է ամրապնդել ճշմարտության մեջ մշտապես քայլելու մեր վճռականությունը։

16. Աստծու Խոսքն ուրիշներին հայտնելը ինչպե՞ս կամրապնդի ճշմարտության մեջ մշտապես քայլելու մեր վճռականությունը։

16 Երրորդ՝ հնարավորինս ակտիվորեն մասնակցիր աստվածաշնչյան ճշմարտությունն ուսուցանելու գործին։ Այդպես կկարողանաս ամուր բռնել «ոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը» (Եփես. 6։17)։ Բոլորս էլ պետք է ձգտենք բարելավել ուսուցանելու մեր ունակությունները, որ «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցենք» (2 Տիմոթ. 2։15)։ Երբ Աստվածաշնչի միջոցով ուրիշներին օգնում ենք իմանալ ճշմարտությունը և մերժել սուտ ուսմունքները, Աստծու խոսքերը փորագրվում են մեր մտքում ու սրտում։ Դա էլ ամրապնդում է ճշմարտության մեջ մնալու մեր վճռականությունը։

17. Ճշմարտությունն ինչո՞ւ է թանկ քեզ համար։

17 Ճշմարտությունը անգին պարգև է Եհովայից։ Դրա միջոցով մենք դառնում ենք մեր երկնային Հոր ընկերը, ինչը մեր ունեցած ամենաթանկ բանն է։ Եհովան արդեն շատ ճշմարտություններ է մեզ սովորեցրել, բայց դա միայն սկիզբն է։ Նա խոստացել է հավիտյան հարստացնել գիտելիքների մեր շտեմարանը։ Ուստի ճշմարտությունը թանկարժեք մարգարիտ համարիր։ Շարունակիր «ճշմարտությունը գնել և մի՛ վաճառիր»։ Այդպես անելով՝ դու էլ կկարողանաս Դավթի նման ասել Եհովային. «Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ» (Սաղ. 86։11

^ պարբ. 8 Անունը փոխված է։

^ պարբ. 8 Քորի Ուելսի պատմությունը կարող ես գտնել «JW Broadcasting» հեռուստաալիքի կայքում (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ > ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ)։