Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչու ԻՍԿԱՊԵՍ արժե ապրել

Ինչու ԻՍԿԱՊԵՍ արժե ապրել

Ֆայզլը իր կնոջը կորցնելուց ընդամենը մեկ տարի անց իմացավ, որ սրտի բարդ վիրահատություն պետք է տանի։ Նա ասում է. ««Հոբ» գիրքը կարդալով՝ հասկանում եմ, որ Եհովան հատուկ նպատակով է այն ընդգրկել իր Խոսքի մեջ։ Երբ Աստվածաշնչում կարդում ենք այնպիսի մարդկանց մասին, ում ապրումները մեզ հոգեհարազատ են, դա թեթևացնում է մեր սրտի ցավը»։ Եվ ապա Ֆայզլն ավելացնում է. «Իսկապես, արժե ապրել»։

Թարշան, ով երիտասարդ տարիքում էր կորցրել մորը, ասում է. «Արարչին ճանաչելն է, որ մեր կյանքը իմաստով է լցնում, հույս ներշնչում և ուրախություն տալիս՝ չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց բախվում ենք։ Եհովան միանգամայն ի զորու է հոգ տանելու մեր մասին և օգնելու մեզ ամեն օր դիմագրավել մեր դժվարությունները»։

ՆԱԽՈՐԴ հոդվածներում քննարկվեց, որ կյանքի ցավալի իրողությունների պատճառով գուցե մտածենք, որ այլևս ուժ չունենք ապրելու։ Անկասկած դուք էլ ունեք ձեր դժվարությունները, ու թերևս դուք էլ եք մտածում, թե արդյոք ապրելն իմաստ ունի՞ կամ որևէ մեկը հետաքրքրվա՞ծ է ձեզանով։ Համոզված եղեք, որ Աստված անտարբեր չէ ձեր ցավի նկատմամբ։ Դուք շատ թանկ եք նրա համար։

86-րդ սաղմոսը գրողը, Աստծու հանդեպ վստահությամբ լի, այսպիսի խոսքեր է ասում. «Իմ նեղության օրը ես քեզ կկանչեմ, որովհետև դու կպատասխանես ինձ» (Սաղմոս 86։7)։ Բայց գուցե հարցնեք. «Իսկ «իմ նեղության օրը» Աստված ինչպե՞ս կպատասխանի ինձ»։

Թեև Աստված գուցե անմիջապես չվերացնի ձեր խնդիրները, բայց իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով նա հավաստիացնում է, որ կտա ներքին խաղաղություն, որպեսզի կարողանաք դիմանալ։ Այնտեղ կարդում ենք. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Աստվածաշնչյան հետևյալ խոսքերը ձեզ ավելի շատ կվստահեցնեն Աստծու ջերմ հոգատարության մեջ։

Դուք թանկ եք Աստծու համար

«Նրանցից [ճնճղուկներից] և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ.... դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք» (Ղուկաս 12։6, 7

ՄՏԱԾԵՔ։ Անգամ աննշան թվացող թռչունները անկարևոր չեն Աստծու աչքին. յուրաքանչյուրն էլ նրա համար թանկ կենդանի էակ է։ Նույնիսկ մեկ փոքրիկ ճնճղուկը չի վրիպում նրա աչքից։ Մինչդեռ մարդիկ շատ ավելի թանկ են Աստծու համար, քան ճնճղուկները։ Մարդ արարածը, լինելով երկրի վրա Աստծու արարչագործության գլուխգործոցը, ստեղծված է Աստծու «պատկերով» և կարող է իր մեջ զարգացնել ու դրսևորել նրա վեհ հատկությունները (Ծննդոց 1։26, 27

«Ո՛վ Եհովա, դու քննեցիր ինձ և ճանաչում ես ինձ։ Դու գիտես.... իմ մտքերը.... Քննի՛ր ինձ.... և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը» (Սաղմոս 139։1, 2, 23

ՄՏԱԾԵՔ։ Աստված ճանաչում է ձեզ անհատապես։ Նա գիտի ձեր ամենախորունկ զգացումներն ու մտահոգությունները։ Անգամ եթե ուրիշները չեն հասկանում ձեր դժվարություններն ու մտատանջությունները, Աստված հասկանում է ձեզ և ցանկանում է օգնել։ Այս միտքը կարող է ձեզ ապրելու ուժ տալ։

Ձեր կյանքը իմաստ ունի

«Ո՛վ Եհովա, լսի՛ր իմ աղոթքը, և օգնության իմ աղաչանքը թող քեզ մոտ գա.... Ականջդ դեպի ինձ խոնարհեցրու.... երբ կանչեմ քեզ, շտապի՛ր, պատասխանի՛ր ինձ... [Աստված] ուշ կդարձնի ընչազուրկ մարդկանց աղոթքին» (Սաղմոս 102։1, 2, 17

ՄՏԱԾԵՔ։ Այն օրվանից, երբ մարդիկ սկսել են տառապանքներ կրել, Եհովայի աչքից աննկատ չի մնացել նրանց աչքերից թափված և ոչ մի արցունք, այդ թվում՝ ձեր արցունքները (Սաղմոս 56։8)։ Աստված իր մտքում է պահում ձեր կրած բոլոր դժվարությունները ու ձեր թափած արցունքները, քանի որ դուք շատ թանկ եք նրա համար։

«Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ.... Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը.... ասում [եմ]. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։10, 13

ՄՏԱԾԵՔ։ Աստված պատրաստ է օգնել ձեզ, և եթե անգամ ընկնեք, նա կօգնի, որ ոտքի կանգնեք։

Լավ ապագայի հույս կա

«Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

ՄՏԱԾԵՔ։ Դուք այնքան թանկ եք Աստծու համար, որ նա հանուն ձեզ զոհել է իր Որդուն՝ Հիսուսին։ Այդ զոհի շնորհիվ ձեր առջև բացվել է երջանիկ ու իմաստալից կյանքով հավիտյան ապրելու հեռանկար։ *

Այսօր գուցե նեղությունների միջով եք անցնում և մտածում եք, որ այլևս չեք կարող ապրել, բայց Աստծու Խոսքը ուսումնասիրելով՝ հավատ ձեռք կբերեք նրա տված խոստումների հանդեպ։ Ձեր կյանքը ուրախությամբ կլցվի ու վստահ կլինեք, որ իսկապես արժե ապրել։

^ Ավելի շատ տեղեկություն այն մասին, թե ինչ օգուտ կարող է բերել ձեզ Հիսուսի զոհաբերությունը, կարող եք ստանալ՝ www.pr418.com կայքում դիտելով «Հիշիր Հիսուսի մահը» տեսանյութը (ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈ)։